Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ
28.01.2014 | 14:01

«Շատ մանրամասներ հիմա չես կարող գրել. Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը շարունակվում է»,- ասաց առաջինը: «Ձեր ներդրումների, Սպարապետին Ձեր աջակցությունների մասին չիմանալով` մենք լրիվ չենք պատկերացնում Վազգենի արած գործերը»,-ասացի ես: «Ձեռք բերած հաղթանակի կողքին մի՞թե դա այդքան էական է»,- միջամտեց երկրորդը: Առաջինը մեծ բարերարն է, հայրենիքին վիթխարի ներդրումների հեղինակ ամերիկահայը: Երկրորդը պետական պաշտոնյա է, Սպարապետի անփոփոխ ընկերը: Երրորդը Վազգեն Սարգսյանն էր` հեռու հեռուներից մեր զրույցին մասնակից: Նա ներկա չէ, բայց այդտեղ է նրա ձայնը, ոգին, շունչը, այդտեղ են նրա ասված ու չասված խոսքերը. «Երբևէ մեր մտավորականությունը փորձե՞ց մտնել այս կռվող տղաների, պաշտպանության նախարարի…մաշկի մեջ` տեսնելու, թե ինչո՞վ է ապրում, ի՞նչ դժվարություններ ունի…»։ «Հիշիր Նարեկացուն. «Վայ, երբ երկնավոր Արքայի վճռով «Քեզ չեմ ճանաչում» խոսքը լսեմ…»։ Ներսի ատելությունը, ներսի թշնամանքը` ահա թե ինչն է երբեմն ինձ հուսահատեցրել»։ Դրա հանգույն, ընկերը բարձարաձայնեց. «Չսովորեցինք կենդանի հերոսներին պահել, գնահատել ու մեծարել»: Հիշեցի Վազգենի գրական հերոս Լևոն աղային. «Քեֆ-ուրախությունով Անդրանիկ զորավարին չես ուրախացնի. Անդրանիկ զորավարին, հայրենիքին զորք է հարկավոր»: Այդ զորքը հավաքողներից էր Վազգենը` Հայոց բանակի հիմնաքարը դնողը: Շատ բաներ, ափսոս, հիմա էլ դեռ չի կարելի հրապարակել` սահմանային կռիվներից սկսած մինչև Ղարաբաղի ազատագրումը, երբ միայն Վազգենին, այս զրուցողներին և մեկ էլ, երևի, Աստծուն էր հայտնի, թե շրջապատման պայմաններում այդ ի՜նչ աներևակայելի ջանքերով հայոց նորաստեղծ բանակը զինվում էր, թե ինչպես էին ինքնաշեն հրացանակիր ֆիդայիները վերափոխվում կանոնավոր բանակի մարտիկների։ Վազգենը զինվորներից յուրաքանչյուրին դեմքով գիտեր, նրանց բոլորի հետ ձեռքսեղմում ուներ՝ մարտից առաջ հաջողության մաղթանքով, մարտից հետո գոհության ժպիտով: …Հիշեցի Վազգենի պատմածը պաշտպանության նախարարության հիմնադրման առաջին օրերի մասին. «Բանակի երկունքը երեխայի ծնունդի պես բան էր: Էստեղ, էս կաբինետում, հավաքված էինք, այսպես ասած, առաջիններս: Էստեղ մի վառարան էր դրված ու մի գրասեղան. վառարանի մոտ տաքանում էինք, գրասեղանի վրա էլ առաջին հրամաններն ու գրությունները գրվեցին»: Զրույցի մասնակիցներից երկրորդը, որ պետական պաշտոնյա էր, այն օրերի մասին շատ բան իմացող ու Վազգենի ջանքերին ականատես, Վազգենի հեռացումի ցսավն ավելի խորն ապրեց: Ու թե պիտի ինչ-որ տեղ դուրս ժայթքեր անմռունչ մորմոքը, գիրքն եղավ Վազգենի մասին: Գիրք, որ երկուսով նախաձեռնեցին: Մեկիկ-մեկիկ հավաքվեցին այլևս մասունք դարձած նյութերը` տեսագրություններ, ձայնագրություններ, տպագրված զրույցներ, հարցազրույցներ ու մարդկանց հետ տարբեր հանդիպումներում ասված մտքեր և, անշուշտ, գրական այն հունձքը, որ դեռ ինչքա՜ն ծլարձակումներ պիտի ունենար, բայց չհասցրեց ունենալ։ Հավաքվեց նորածնին գուրգուրելու զգուշությամբ ու սիրով` առանց հեղինակային հավակնության, առանց աղմուկի, առանց Վազգենի հետ իր մտերմության խորքերի պարզությունը անտեղի ցուցադրելու: Առիթներ են եղել, ունկնդրել եմ Սպարապետի մասին նրա մտորումները, և այն օրերին ու հետայդու էլ համոզված եմ եղել, թե որտեղի՞ց էր գալիս գրքի հրատարակման նրա շտապողականությունը. նա մի ներքին վախ ուներ, թե Սպարապետի հիշատակի առաջին տարում հրապարակ կգան կցկտուր բաներ` բոլորովին անհարիր այդ մեծ նահատակի ապրած կյանքին ու արած գործերին: Եվ այդ գիրքը` «Ոգու փորձությունը», ծնվեց նրանց մտերմության հենքի վրա, ծնվեց, որ պատմությանը մնան Վազգենն ու նրա ժամանակը: Երբ Վազգեն Սարգսյան անհատի, քաղաքացու և զորավարի կերպարը բնակչության լայն խավերի շրջանում բավարար չափով ճշմարիտ ըմբռնում չուներ, երբ հաղթանակած բանակի հերոսների դիմանկարը զարմանալիորեն չէր երևում թե՛ գրականության, և թե՛ լրագրության ու երգարվեստի մեջ, երբ հերոսի կերպարի առանձնացումն ու գոնե ճշմարիտ գնահատականը, դարձյալ տարօրինակ ձևով, հավուր պատշաճի չէր ներկայացվում, այդ երկուսի զրույցներում մտահոգություն ու ափսոսանք կար: Արդեն այդ տարիներին արված գործերը, ճակատներում տարած հաղթանակները, բանակի կայացումն ու պաշտպանության հզոր համակարգերի ստեղծումը նրան այդ զրույցներում բաց ափի պես ներկայանում էր` գնահատանքի էլ, մշակութային գործերի մեջ կերպավորելու էլ արդարացի առիթներ տալով։ Հաղթող զինվորը չունի և չպիտի ունենա գովեստի ակնկալիքը, բայց երբեմն, մարդ ես, էլի, խոր ափսոսանքն էր արթնանում վկայությունների պակասից` ո՛չ իրենց, այլ սերունդների համար: «Ինձ պաշտպանողները քիչ են, ինձ ժողովուրդը չի ճանաչում».-ոչ հաճախ, բայց երբեմն այսպես պոռթկուն «գանգատվում» էր Վազգենը` իր հախուռն բնավորությամբ երբեմն-երբեմն բարձրաձայնելով ներքին խռովքը: Չէր նեղվում և, իր կյանքի գործն արած մարդու հպարտ կեցվածքով, դիմանում էր ու շարունակում գործել։ Ինքը հավատում էր Հայաստանի վաղվա օրվան, որի անցնելիք ճանապարհին իր ներդրումն անպայման նշանակություն ուներ, իսկ իրեն հավատում էին այն քչերը, ովքեր ավելին գիտեին ու այն ժամանակ չէին էլ կարող ասել։ Եվ այդ երկու անհատն այն ժամանակ Վազգեն Սարգսյանի մասին խոսում էին այն ափսոսանքով, թե` «Զարմանալի է, չէ՞, մեր աչքն այսօր հերոսներ տեսնելու աչք չէ»։ Վազգեն Սարգսյանի հանդեպ ունեցած նրանց վսեմ սիրո, մաքուր զգացումների արտահայտությունն էր այդ գիրքն էլ, հետայդու նրա մասին շարունակվող զրույցներն էլ, որոնք շարունակ անավարտ են մնում: Գուցե լա՞վ է, որ անավարտ են մնում. դա ոչ միայն մեկ մարդու մասին տարվող զրույց է, այլև նրա ժամանակի, այն ժամանակի մեջ Հայաստան աշխարհի մասին, որը վեց հարյուր տարիներ ի վեր շարունակ կորուստներ էր կրել ու վերջապես հաղթանակների շքերթի սկիզբն էր դրել: Այդ երեքի մտերմությունը ուրիշ մի մաքրություն, ուրիշ մի երանգ ուներ՝ անկաշառ, փոխադարձ վստահությամբ առլեցուն, մեկ-մեկու հանդեպ խորին ակնածանքով, և ընդհանուրի մեջ՝ գումարյալ հիացմունք ու գումարյալ նպատակ, այն է՝ երկրի պաշտպանության շահերը: Նրանք երբևէ կարիքը չունեցան այդ մտերմության մասին բացեիբաց խոսելու, նաև այդ մտերմության արդյունք շատ ձեռքբերումներ իրենցը համարելու կարիքը չունեցան, որովհետև, իրենց ասելով, նրանք հասկանում էին Հայրենիք, Երկիր, հասկանում էին օրորոցում գուրգուրանքի կարոտ մանուկ, որի անունը Անկախություն էր: Իսկ այդ մանուկը արյան գնով ազատագրած տարածքների պահպանման, դեռ չավարտված պատերազմը հաղթական ավարտին բերելու խնդիրներ ուներ: Ու այսօր էլ ունի, և, ինչպես, մայրական կաթի հանդեպ սիրույն ու վերաբերմունքին, պարտավորված պիտի զգանք մեր հաղթանակների ակունքներում ամուր կանգնած այրերի հանդեպ, որովհետև հայրենիքի զգացողությունը արյան ու ավիշի՛ կապվածություն է պահանջում:

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ