Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»

«Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»
26.10.2013 | 18:10

Կոմպոզիտորների և երաժշտագետների միության համագումարը, որի հրավիրման անհրաժեշտության մասին պնդում էին կազմկերպության անդամներից շատերը, վերջապես, մեկնարկել է:

Համագումարը համարվում է արտահերթ, քանի որ հրավիրվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին, ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին, ինչը նշանակում է, որ 2 տարի և 5 ամիս է կոմպոզիտորների միութունը չունի լեգիտիմ նախագահ:
Միության անդամների իրավունքը խախտվում է նաև համագումարն հրավիրելու ընթացքում: Կազմակերպության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով, կանոնդարութամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:
«Գոնե մեկ շաբաթ առաջ տեղեկացնեին: Օրակարգ էլ չկա, նոր պետք է առաջադրվի,- ասաց կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ:- Դեռ երեկ մենք գիտեինք, որ միության անդամները 126-ին էին, որոնցից բացակայում էին 5-ը: Այսօր նորից 126 մարդ է ցուցակում, այն 5-ը, որ մահացել են, չգիտեմ ինչպես են վերականգնվել: Ճիշտ է Օրբելյանի անունը չկա ցուցակում, հանված ու հանված է, բայց խախտում է արվել»:
Կոմպոզիտորը լրագրողներին ասաց, որ միության նախագահը պետք է բացատրության տա խախտումների համար, որ իրավունք չունի իրենց անվանել մոլորյալներ, դա անհարգալի վերաբերմունք է երիտասարդների, իր կոլեգաների նկատմամաբ: Ամիրխանյանի ամենաառաջին մեղքն, ըստ նրա, այն է, որ պառակտում է գցում միության մեջ: Կապ չունի, թե ով ում է ձայն տալու, պետք է նորմալ հարաբերություններ լինեն միության անդամների միջև:
Լրատվամիջոցները եկել էին ընտրության մասնակցելու, բայց Արամ Սաթյանն իրազեկեց, որ լինելու է համերգ, նախագահի զեկուցում, ելույթներ և այլն: «Ընտրությունները վաղն են լինելու` ըստ Ամրիխանյանի,-ասաց նա:- Ես ասում եմ այն, ինչ լրագրողների նման լսեմ եմ կողքից: Պաշտոնական հրավեր ոչ մի լրատվամիջոց չի ստացել, սա խեղաթյուրում է, շեղում բուն հարցերից»:
Անդրադառնալով «Հնարավո՞ր է այս համագումարը նման լինի գրողների միության համագումարին» հարցին` պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև մեր մասան ավելի խեղճ ու կիրթ է»:
Նախագահի թեկնածուները երկուսն են` Արամ Սաթյանն ու միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Համագումարի ընթացքում կարող են առաջադրվել նոր թեկնածուներ:
Ինչպիսի՞ն պետք է լինի կոմպոզիտորների միության նախագահը: «Նախագահը մեզանից մեկն է, եթե հակադրում է իրեն, ուրեմն, մեզ հետ չէ»,- ասաց Արամ Սաթյանը:
Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:
Նախ խոսեց կյանքում առկա տարբերությունների մասին, նշեց, որ ամեն ցերեկ ունի իր գիշերը, ամեն առողջություն ունի իր հիվանդությունը, վատաբանելը հեշտ է, բայց անհեռանկար: Աշխարհի ամենամեծ ուժն, ըստ նրա, բարությունն է, որով ուզածդ դուռը կարող ես բացել: Սակայն ապրում ենք մեծամասամբ զգացումներով, կարծես բացակայում է մտքի գործոնը, զգացումներն էլ հիմնականում նեգատիվ են: Համագումարն այս հարցերի սպառիչ պատասխանը չի կարող տալ, բայց պետք է ձգտենք:
Հարց հնչեց` ինչպե՞ս եք ղեկավարել միությունը: Մեծ պատասխանատվությամբ` եղավ պատասխանը: Իր աշխատանքը Ռոբերտ Ամիրխանյանը համարում է թերի, որովհետև միշտ կարելի է ամեն ինչ ավելի լավ անել, ինչպես որ, երգը գրվում է, բայց այդ երգը միշտ կարելի է ավելի լավ գրել:
Կկրկնվի՞ գրողների միության համագումարի սցենարը. փոխադարձ վիրավորանք և այլն: «Մեր կյանքում ինչ տեղի է ունենում, մի հենարան ունի, որ կոչվում է զայրույթը: Մենք չար չենք, բայց չարացած ենք, չգիտեմ` ինչու,-ասաց միության նախագահը, նշեց, որ ուզում է հասկանալ, ե՞րբ է մարդը խաբում մեկ ուրիշին: Նրա կարծիքով` իր ընդդիմադիրները երկու ամիս է հենց դրանով են զբաղված` խաբելով: Կոլեգաների հասցեին հնչեցրած արտահայտություններից էլ խոսեց, ասաց, որ թշվառ չի ասել ոչ մեկին, ասել է` թշվառական գործողություններ, ասել է` մոլորյալ, իսկ մոլորյալն այն մարդն է, որ շուտով պետք է գտնի իր ճանապարահը: «Ես նաև ասել եմ` ապուշացած, ինչո՞ւ ոչ ոք չի ասում դրա մասին: Եթե կուզեք, դա կոմպլիմենտ է, որովհետև ապուշանալ կարող է միայն խելացի մարդը»,-ասաց նա:
Միության անդամների «կեղծված» ցուցակից էլ հարցրին: «Ես հոգնել եմ ստերին պատասխանելուց: Անմիտ խոսակցություն է: Կեղծիքի ճանապարհով չեմ անցել մինչև հիմա, դուք իմ երաժշտության մեջ չե՞ք զգացել դա»,- զարմացավ միության նախագահը:
Սույն համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` առաջարկելով չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին: Երիտասարդների նամակի մասին ասաց, որ չգիտի, ինքը կարող է կարդալ կոմպոզիտորների միության անդամների նամակները: Իսկ այն հիշեցումը, որ այդ ցուցակում կան միության անդամների ստորագրություններ, համարեց դետեկտիվ ժանրից: Ռոբերտ Ամիրխանյանն ասաց նաև, որ նպատակ չունի նախագահ լինելու, ուզում է միությունը բարգավաճի, ինքն ունի իր երաժտությունը, որի մասին բոլորը գիտեն: Անդրադառնալով «Չի՞ հոգնել այդքան տարի պաշտոնավարելուց» հարցին` պատասխանեց, որ դա ինքը չի որոշում, մեղավոր չի, որ միության անդամներն իրեն են ընտրում:
Irates.am-ը պարոն Ամիրխանյանից փորձեց ճշտել ընտրության օրը, ժամը:
«Ընտրությունը կլինի այն ժամանակ, երբ բոլորն իրենց կարծիքները կհայտնեն, կբավարարվեն, ապացուցելի ծրագրեր կլինեն,-ասաց նա:- Ես հանգիստ եմ նայում ամեն ինչին, հանգիստ եղեք դուք նաև»:
Հավելենք, որ կոմպոզիտորների միության համագումարը հրավիրվել է ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, ինչը նույնպես տարաբնույթ խոսակցությունների առիթ է տալիս:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ