Նոյեմբերի 1-ին, 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:
Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյու-յորքաբնակ երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտայագրությամբ:
Իր ժամանակին Կարա-Մուրզայի քառաձայն պատարագը հանդիպել է պահպանողական եկեղեցականների դժգոհությանը և, ի վերջո, Կարա-Մուրզային հեռացրել են իր պաշտոնից:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը նկատեց, որ Կարա- Մուրզան իր ժամանակին կոչվել է Միստր Մաժոր, և կամերային երգչախումբն այդ լուսավոր գույների մեջ է ներկայացնում պատարագը:
Անդրադառնալով irates.am-ի` «Հնարավո՞ր է, որ այսքան տարիներ կորսված պատարագն այսօր արդեն մատուցվի եկեղեցում» հարցին Հարություն Թոփիկյանն ասաց, որ դա Վեհափառը պետք է վճռի, բայց քանի որ Խորենյան պատարագը իրավունք կա կատարելու, շատ կուզենար, որ Կարա-Մուրզայի պատարագը` խմբագրմամբ Գրիքոր Փիթեջյանի, նույնպես արժանանար այդ պատվին:
Գրիքոր Փիթեջյանը հավելեց, որ հարցը միայն կատարել-չկատարելը չէ, այլ այն, որ այս պատարագը միշտ ներկա լինի հայ եկեղեցու, հայ երաժշտության, մշակույթի, գրականության մեջ:
«Ինչո՞ւ մոռանալ դա: Վերին իշխանություններից է կախված` կկատարե՞ն, թե՞ ոչ: Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա: Մանավանդ որ հայերի համար մեծ արժեք ունի,- ասաց նյույորքաբնակ երաժշտագետը:- Երբ կորսված էր, բոլորն ասում էին` ցավոք, չենք կարող ներկայացնել այն: Հիմա ցավ չունենք, ինչո՞ւ ցավենք, ուրախանանք, վայելենք»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում: