Ամեն անգամ որևէ բարերարի անդրադառնալիս ինքս ինձ հարց եմ տալիս` ո՞րն է «բարեգործություն» երևույթի դրդապատճառը, և հազարերորդական անգամ համոզվում` Քրիստոսապաշտությունը և Ազգասիրությունը: Մարդկային արատներից մեկը ագահությունն է, որը տեսականորեն հատնում չունի, բայց այս դրույթը ճշմարիտ է սովորական մահկանացուների, այլ ոչ բարերարների պարագայում: Խարսխվելով վերոնշյալ երկու արժեքների վրա, բարեգործը միաժամանակ ցույց է տալիս, որ ագահությունն էլ սահման ունի. բարերարությունն ինքնին ագահության ու բազմաթիվ այլ արատների վախճանն է:
Հարկ կա՞ր այսպիսի նախաբանի։ Այո, որովհետև ասվածը լիովին վերաբերում է հայոց փառահեղ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ ԱՎԵՏԻՍ ԲԱԼԱՅԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ (1837-1902):
Նա ավարտել է ծննդավայրի` Շուշվա գավառական դպրոցը, ու եղբայրների հետ Մոսկվայում, Նուխիում, Ղուբայում, Շուշիում զբաղվել տորոնի, հյուսվածքաթելերի և մանուֆակտուրային առևտրով: Ապա մեկնել է Բաքու ու ներգրավվել նավթարդյունաբերության մեջ: Այս ամենը սովորական երևույթ էր, Բաքվի նավթարդյունաբերության տասնյակ հայապատկան ֆիրմաների գոյությունը պայմանավորված էր մանուֆակտուրային առևտրով. ձեռք բերված կապիտալը ներդրվում էր նավթաբիզնեսի մեջ, առևտրային կապիտալը վերածվում էր արդյունաբերականի: Սակայն նավթարդյունաբերության մեջ Ա. Ղուկասյանի դերակատարումն այնքան էլ էական չէր, ստույգ հայտնի է, որ Կասպից ծովում ուներ երկու նավթատար շոգենավ` «Արգո» և «Թամարա»: Բաքվում աներկբա հեղինակություն էին վայելում նրա Հովսեփ եղբոր որդիներ Պողոսը, Արշակը, Աբրահամը և Հակոբը:
1892 թ. Բաքվի 1-ին գիլդիայի վաճառական, միլիոնատեր Ավետիս Ղուկասյանը թողեց բիզնեսը, տեղափոխվեց Թիֆլիս, գնեց Միքայելյան փողոցում գտնվող ճարտարագետ Շտեռնի նորակառույց տունը և մշտական բնակություն հաստատեց: Նա ամուսնացած էր մեկ այլ ղարաբաղցի նշանավոր ընտանիքից Աննա Խունունցի հետ, բայց Աստված ժառանգ չէր պարգևել: Եվ երբ Բարձրյալն անսաց նրա աղոթքներին ու 1895-ին ¥երբ Ղուկասյանը 58 տարեկան էր¤ դուստր պարգևեց, միլիոնատերը, ի նշան երախտագիտության, նվիրաբերվեց բարեգործությանը: Կառուցեց «Բաքվի Հայոց մարդասիրական ընկերության» շենքի վերին մեծածախ հարկը, Սևանա վանքի ուսումնական շենքը: Թիֆլիսի Վանքի ավագ եկեղեցու գավթում 30 հազար ռուբլով կառուցեց Կրոնապատմական թանգարանը, ինչի համար Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի` 1897 թ. հունիսի 23-ի կոնդակով թույլտվություն ստացավ կնոջ հետ թաղվելու եկեղեցու բակում: Թանգարանը բացվեց 1902 թ. փետրվարի 21-ին, Վարդանանց տոնի օրը, կաթողիկոսի ներկայությամբ: Ապա 5000 ռուբլով պոլսեցի Հովհաննես ավագ քահանա Մկրյանից գնեց և Սբ. Էջմիածնին նվիրեց հայ լրագրության հարյուրամյա հավաքածուն: Իսկ 1900 թ. հատկացրեց 10000 ռ. անձեռնմխելի գումար, որի տոկոսներով (500 ռ.) պետք է տրվեր ամենամյա «Ղուկասյան մրցանակ»` լավագույն հայագիտական երկասիրության համար: Նրա կենդանության օրոք տպագրվեց Եղիշեի «Հայոց պատմությունը»:
Ըստ իս, Ա. Ղուկասյանը կանխազգում էր իր մոտալուտ մահը, այդ իսկ պատճառով 1901 թ. դեկտեմբերի 19-ին այցելեց Թիֆլիսի հայտնի նոտար Մղեբրովին ու կազմեց կտակ: Կտակարարներ նշանակեց եղբորորդի, հռչակավոր նավթարդյունաբերող Պ. Ղուկասյանին ¥կՈՉպս ԿրՌտՏՉՌփ թցՍՈրՏՉ), որը 5 տարի անց ընտրվելու էր Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, և աներորդուն` Ներսիսյան ճեմարանի տեսուչ Մնացական Խունունցին` նրանց պատվիրելով կտակը գործադրել իր մահից մեկ տարի անց: Կտակարարներն այդպես էլ վարվեցին, և պարզվեց հետևյալը:
30000 ռուբլի անձեռնմխելի գումար էր հատկացրել Սբ. Էջմիածնին` շահութատոկոսներով հոգևորականներ պատրաստելու, ևս 30000` աշխարհականներին բարձրագույն կրթություն տալու համար: Թիֆլիսի Վանքի եկեղեցուն 10000 ռուբլի` իր սահմանած ամենամյա մրցանակաբաշխությունը շարունակելու և 5000 ռ.` Կրոնապատմական թանգարանի վարչական ծախքերի համար, ևս 6000 ռ.` շահութատոկոսները երեք չքավոր հայ օրիորդներին օժիտ տալու, 4000 ռ.` շահութատոկոսներով իր համար հոգեհանգիստ կատարելուց հետո, մնացյալն աղքատներին բաժանելու նպատակով: 10000 ռ.` Թավրիզի հայկական դպրոցներին, 5000-ական ռուբլի` Ամենայն հայոց կաթողիկոսին ու Երուսաղեմի Սբ. Հակոբա վանքին: Ա. Ղուկասյանն ուներ իր անվան կրթաթոշակավոր ուսանողներ, որոնք պիտի շարունակեին գումար ստանալ: Ի վերջո, իր հոգևոր հովիվ, «Լումայ» ամսագրի խմբագիր-հրատարակիչ Գյուտ ավագ քահանա Աղանյանցին 6000 ռ.` հրատարակությունը շարունակելու համար, իսկ նրա մահից հետո կրթաթոշակավոր որդիներ Վաղարշն ու Վարդգեսը շահութատոկոսներով պիտի հրատարակեին իրենց հոր անտիպ աշխատությունները:
Բայց ամենաուշագրավը կտակի 5-րդ կետն էր. «5. Վերոյիշեալ գումարները բաժանելուց յետոյ, մնացեալ շարժական և անշարժ գոյքից իմ կին Աննա Յ. Ղուկասեանը, ծնեալ Խունունց, ստանում է իր օրինական բաժինը, իսկ մնացած բոլորը կտակում եմ կատարեալ սեպհականութիւն իմ դուստր Թամար Ա. Ղուկասեանցին: Այն դէպքում, եթէ իմ աղջիկ Թամարը կամուսնանայ ոչ Հայ-Լուսաւորչեան դաւանութեան մարդու հետ, կամ թէ, Աստուած մի՛ արասցէ, աղջիկս վախճանուի օրիորդ ժամանակ կամ ամուսնացած, բայց դեռ որդի չծնած, այն ժամանակ առաջին դէպքում նա իսպառ զրկւում է ինչպէս տոկոսների, այնպէս էլ նոյն իսկ դրամագլխին տիրանալու իրաւունքից, իսկ վերջին դէպքերում նրան նշանակած դրամագլխից 50000 ռուբլի տրւում է ի սեպհականութիւն նրա այրիացած Հայ-Լուսաւորչական մարդուն, եթէ սա կենդանի լինի, իսկ մնացեալ դրամագլուխը, ինչպէս և ամբողջ դրամագլուխը դստերս` օրիորդ ժամանակ վախճանուելու դէպքում, յատկացւում է բանալու և պահպանելու մի բարձրագոյն դպրոցական հաստատութիւն «Ղուկասեան հայկական ճեմարան» անունով, Տաճկահայաստանի քաղաքներից մէկում կամ թէ ուր նպատակայարմար կհամարեն Ամենայն Հայոց սրբազնագոյն պատրիարք Կաթողիկոսը և Կոստանդնուպօլսի հայոց պատրիարքը առանձին կանոններով, որոնք այս նպատակով կմշակուին իւր ժամանակին և կհաստատուին Ամենայն Հայոց պատրիարք Կաթողիկոսից»:
Ի կատարումն կտակարարի վերջին կամքի, այրուն հատկացվեց 129964 ռուբլի, միակ դստերը` 397452 ռուբլի:
Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի տարի անց, ճակատագրի դաժան հարված էր: Նախ, 1907 թ. վախճանվեց Աննա Ղուկասյանը, իսկ 1910-ին` 15-ամյա Թամարան. աղջնակի մահը կատարյալ ողբերգություն էր Ղուկասյան գերդաստանի համար: Ինչո՞վ էր Ավետիս Ղուկասյանը` այդ բարեսիրտ, բարեպաշտ մարդը զայրացրել Աստծուն…
Մորից ու դստերից մնացած գումարը` 556 հազար ռուբլին, 1914 թ. կտակակատարները հանձնեցին Ամենայն հայոց կաթողիկոսին` Արևմտյան Հայաստանում «Ղուկասյան ճեմարան» հիմնելու համար: Անշուշտ, հասկանալի պատճառներով չբացվեց:
…Այսօր Ժնևում գործում է «Ավետիս Ղուկասյան» բարեգործական հիմնադրամը, բայց սա արդեն այլ պատմություն է:
ՊՈՂՈՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ (1858-1937, Փարիզ): Նավթարդյունաբերող, Բաքվի «Պ.Հ. Ղուկասյան նավթարդյունաբերական և առևտրային ընկերության» սեփականատեր: Ավարտել է Մոսկվայի ու Դրեզդենի բուհերը: Մի շարք ֆիրմաների վարչության անդամ էր: 1890-1906 թթ. և 1915-1917 թթ.` Ռուսաստանի առաջին կորպորատիվ կազմակերպության` «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարների» նախագահ: 1906-1915 թթ.` Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ: 1916-ից` Ռուսական առևտրաարդյունաբերական բանկի վարչության նախագահ: 1918-ին տարագրվել է Ֆրանսիա ու եղել «Տորգպրոմ» հակաբոլշևիկյան կազմակերպության հիմնադիրներից մեկը:
1905-1909 թթ. կառուցել է Յալթայի Սբ. Խաչ եկեղեցին (ճարտարապետ Գ. Տեր-Միքելյան, եկեղեցու ներքին պատկերազարդումը` Վ. Սուրենյանցի):
ԱՐՇԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, եղբորից հետո ղեկավարել է «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարները»: Տարափոխիկ հիվանդությունից վախճանվել է 1917-ին: Մահվանից առաջ ամբողջ կարողությունը` 8 մլն ռուբլի, կտակել է ազգին:
ՀԱԿՈԲ ՂՈՒԿԱՍՅԱՆ: Վախճանվել է 1919 թ. հունվարի 3-ին: Եղել է Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահը:
ԱԲՐԱՀԱՄ ՂՈՒԿԱՍՅԱՆ (1872-1969, Ժնև): Նավթարդյունաբերող, բնական գիտությունների և փիլիսոփայության դոկտոր, մեկենաս, հրատարակիչ և հասարակական գործիչ: Ավարտել է Լազարյան ճեմարանը, Օդեսայի ու Լայպցիգի համալսարանները: 1899-ից բնակվել է Լոնդոնում ու ներկայացրել եղբայրների նավթարդյունաբերական շահերը: Հիմնել է «Balting Trading Co» ֆիրման, Առաջին աշխարհամարտի ժամանակ գլխավորել է Պետրոգրադի «Պելլա» գործարանը: 1918-ին վտարանդվել է Ֆրանսիա, հիմնել «Les Petroles d’Outre-Mer» նավթատարական-նավաշինական ընկերությունը: Հիմնել և հրատարակել է «Возрождение» թերթը, եղել ռուսական էմիգրացիայի առաջնորդներից մեկը: Ստեղծել է «Ավետիս Ղուկասյան» հիմնադրամը:
Հաճախ նշում էր, որ ինքը «նախ և առաջ իր հարազատ հայ ժողովրդի զավակն է, որը ցավում է նրա բացառիկ ծանր պատմական ճակատագրի համար ու հպարտանում նրա հնամենի ու շարունակական մշակույթով»:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ