Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Վարուժան Ոսկանյանը ներկայանում է նոր գրքով

Վարուժան Ոսկանյանը ներկայանում է նոր գրքով
24.10.2013 | 16:18

Լույս է տեսել ռումինահայ գրող, պետական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Հարյուր տերև և այլ պատմվածքներ» ժողովածուն: Այս մասին մեզ տեղեկացրեց գրող, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը: 440-էջանոց գիրքը գրված է ռումիներեն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գիրքը Իսրայելի, ռումինահայ գրողների և Հայաստանի գրողների միությունները ներկայացրել էին Նոբելյան մրցանակի: Գիրքը հրատարակվել է 2009-ին, համարվել է Ռումինիայի տարվա լավագույն ստեղծագործությունը: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, եբրայերեն և այլ լեզուներով: 2012-ին հրատարակվել է նաև հայերեն` Երևանում և Բուխարեստում: «Շշուկների մատյանի» հայերեն հրատարակության խմբագիր Վառլեն Ալեքսանյանը նշեց, որ հեղինակը գրքի հայերեն տարբերակը համարում է երկրորդ բնագիր և արտոնում է հայերենից թարգմանել ցանկացած լեզվով:
Արգենտինական մամուլը գրում է, որ «Շշուկների մատյանը» հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է: Իսրայելական «Haaretz»-ն այն համարում է հազվադեպ գլուխգործոց` վերջին տարիների համաշխարհային գրականության ամենացայտուն և արժեքավոր ստեղծագործություններից մեկը:
Հատկանշական է, որ գիրքը գերմաներեն լույս է ընծայել ավստրիական հեղինակավոր «Պաուլ Ժոլնայ» հրատարակչատունը, որը ժամանակին հրատարակել էր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»: Վարուժան Ոսկանյանն այս առիթով ասում է, որ իր վեպը հայ ժողովրդի ողբերգությունը պատմում է այլ կերպ, քան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», նշելով. «Ես այդ պատմությունը դիտել եմ բանտախցի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը` դրսից»:
Հարկ է նկատել, որ մեզանում գիրքն ըստ արժանվույն չի ներկայացվել: Որոշ խոսակցություններ, հրապարակումներ եղան վերջին շրջանում Վարուժան Ոսկանյանի դեմ հրահրված քաղաքական դավերի և «Շշուկների մատյանը» Նոբելյան մրցանակի ներկայացնելու առիթով:
Վարուժանը Ոսկանյանը ևս 4 գրքի հեղինակ է` բանաստեղծական և արձակ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Զրույցը Վառլեն Ալեքսանյանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ