Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ես շատ եմ ուզում, որ Այլիսլիին հետևեն իր գրչընկերները, իսկ Լևոն Ջավախյանին` իր»

«Ես շատ եմ ուզում, որ Այլիսլիին հետևեն իր գրչընկերները, իսկ Լևոն Ջավախյանին` իր»
30.07.2013 | 11:40

Ադրբեջանցի գրող ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի լույսընծայումը ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում դժգոհության ու բողոքի մեծ ալիք բարձրացրեց Ադրբեջանում:
Վեպը մեծ արձագանք գտավ նաև Հայաստանում, թարգմանվեց ու հրապարակվեց մամուլում: Կան նաև երեք առանձին հրատարակություններ` գրքի տեսքով:
Հայ մտավորականները պատրաստակամություն հայտնեցին հարկ եղած դեպքում օգնելու սեփական երկրում հալածանքների ենթարկվող գրողին: Ոմանք էլ կոչ արեցին չափավորել ոգևորությունը, պնդելով, որ հալածանքները Այլիսլիի նկատմամբ արհեստական են:
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆՆ իր հերթին հայտարարեց, որ գրողը վեպում կեղծել է փաստերը` նպատակ ունենալով ազնվացնելու իր երկիրն ու իր ժողովրդին: Նրա խոսքով` աղմկահարույց վեպում առկա պատմա-վավերագրական փաստերի բազմաթիվ խեղաթյուրումները նույնությամբ տեղ են գտել վեպի հայերեն թարգմանված տարբերակներում:
Արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ համոզմամբ` Այլիսլին հումանիստ է, որ, քարոզից զերծ, իր կարծիքն է բարձրաձայնում երկու ժողովուրդների մասին, հատկապես իր ժողովրդի, և ամաչում է, ուզում է խայտառակությունից փրկել իր ազգը: «Նրա ուզածն ընդամենը մարդասիրության, երկու հարևան ժողովուրդների խախտված բարեկամության վերականգնումն է, ի վերջո, ղարաբաղյան հակամարտության հաղթահարումը»,- ասում է արձակագիրը: Ինչ վերաբերում է փաստերը խեղաթյուրելուն, նրա կարծիքով` գեղարվեստական ստեղծագործությունը երևակայության արդյունք է, կարող է հնարանք էլ լինել:
Այս դիտարկումներն էին պատճառը, որ «Իրատես de facto»-ի էջերում բանավեճ ծավալվեց Արգամ Այվազյանի և Լևոն Ջավախյանի միջև («Երանի այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ», «Պարապ ժամանակի խաղալիքատեր և սովորական մի մարդ պարոն Լևոն Ջավախյանին», «Լինենք աչալուրջ և հեռատես», «Հետաքրքիր է, ի՞նչ կաներ պարոն Արգամ Այվազյանը, եթե նրա քսակից մի կոպեկ պակասեր»):
Բանավեճի վերջին ակորդը հնչեցրեց Արգամ Այվազյանը, իսկ իրեն սովորական մարդ բնորոշող արձակագիրն առաջին պատասխան-նամակից հետո զգուշացրել էր, որ վիճելու մտադրություն չունի և այլևս չի գրելու:
Աղմկահարույց գրքեր դեռ կգրվեն, բանավեճերից նույնպես չենք խուսափի:
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր, գրող ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ խորապես համոզված է, որ Այլիսլիի գիրքը պետք է թարգմանվեր, այսօր էլ որոշակի միտում կա, և թարգմանվում են նաև թուրք գրողների գործերը:
«Գիտեք, սա գործընթաց է, որ կասեցնել հնարավոր չէ,- ասաց նա, հավելելով, որ մեղքի ծանրությունը ժամանակի ընթացքում ոչ թե պակասում է, այլ ավելանում:- Մի բան է մեկ մարդու մեղքը, մեկ այլ բան` մի ամբողջ ժողովրդի մեղքը: Ծանրությունը, բնական է, առաջինը պետք է զգա մտավորականը, գրողը: Ինչո՞ւ: Որովհետև տեղին, ճիշտ ասված խոսքը կարող է դառնալ կամուրջ, իհարկե, կարող է դառնալ նաև այն վառոդը, որ կայրի այդ կամուրջը»:
Կարինե Խոդիկյանը նշեց, որ հարգանքով է վերաբերվում երկու կողմին էլ և բարձր է գնահատում իր գրչընկեր Լևոն Ջավախյանի ոչ միայն գրիչը, այլև համարձակությունը:
«Երբ Այլիսլիի գիրքը եկավ ասպարեզ, անձամբ ինձ` որպես «Գրական թերթի» խմբագրի, լրագրողները զանգում էին, հարցնում` տեսնո՞ւմ եք, ադրբեջանցի գրողը թեկուզ ինչ-ինչ մտքերով, այնուամենայնիվ, քայլ արեց, մենք ի՞նչ ենք արել: Ես շնորհակալ եմ Լևոն Ջավախյանին, որ թեկուզ փոքր պատմվածքով` «Քիրվայով», ինձ իրավունք էր տալիս ասելու, որ մեր գրողները ևս ունեն այդ համարձակությունը` առաջինը ձեռք մեկնելու»,- ասաց Կ. Խոդիկյանը, նկատելով, որ մենք մեր հարևաններից փախչել չենք կարող, ինչպես և իրենք` մեզնից: Նրա խոսքով` սա մեր ճակատագիրն է, մենք հիմա ենք պատերազմի մեջ, մենք տասը տարի կարող ենք պատերազմի մեջ լինել, քսան տարի, բայց հավերժական պատերազմը փակուղի է և՛ մեզ համար, և՛ մեր հարևանների:
Զրուցակիցս համոզված է, որ կգա այն օրը, երբ կլոր սեղանի շուրջ կնստեն Արցախի, Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչները և կկարողանան հասնել ինչ-որ հանգրվանի:
«Այլիսլիի գիրքը հակասական է, որովհետև, մի կողմից, այո, նա բերում է մի մեղայական, որը 20 տարով ուշացած, բայց շատ անհրաժեշտ է, մյուս կողմից, բնականաբար, այնտեղ պետք է լինեն ենթատեքստեր, որովհետև ամեն գրող նախ իր ժողովրդի զավակն է: Մենք պիտի հասկանանք, որ սա մի գործընթաց է, և Այլիսլին առաջինն է, որ այդ ճանապարհն ընտրեց, նրա դիմաց կանգնած է Լևոն Ջավախյանը: Ես շատ եմ ուզում, որ Այլիսլիին հետևեն իր գրչընկերները, իսկ Լևոն Ջավախյանին` իր: Որովհետև պատերազմն ամենասարսափելի բանն է»,- ասաց Կարինե Խոդիկյանը: Նրա կարծիքով` առաջին քայլը պետք է անեն գրողները, և ուրախ է, որ այդ քայլն արված է: Ասում է նաև, որ զգուշավոր է, որովհետև քայլ անելիս պետք է աչալուրջ լինենք, բայց դա չի նշանակում, որ մեզ պարզված ձեռքը պետք է մերժենք ու հետ մղենք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ