Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Մեր սերունդը չի կարող պատմել այն աշխարհի մասին, որը կորցրել ենք, Փելեշյանը կարող էր դա անել»

«Մեր սերունդը չի կարող պատմել այն աշխարհի  մասին, որը կորցրել ենք, Փելեշյանը կարող էր դա անել»
26.07.2013 | 12:29

«…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հյուրերը սեպտեմբերին (օգոստոսի 1-ից թերթը և կայքը մեկնում են արձակուրդ) կլինեն հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցները:
Այսօր իմ հյուրն է իտալացի կինոռեժիսոր ՊԻԵՏՐՈ ՄԱՐՉԵԼԼՈՆ, ով, չնայած երիտասարդ տարիքին (ծնվել է 1976 թվականին), հասցրել է իր ֆիլմերով ներկայանալ տարբեր ազգերի հանդիսատեսներին և կինոմասնագետներին` արժանանալով մի շարք պատկառելի մրցանակների:
«Ոսկե ծիրանի» օրերին ցուցադրվեց նրա` կինոհանդիսատեսին արդեն ծանոթ «Անցնելով սահմանագիծը» ֆիլմը, ինչպես և կայացան երկու ֆիլմերի երևանյան պրեմիերաները` «Գայլի երախը» և «Փելեշյանի լռությունը»:
«Գայլի երախը» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է Պազինետտի մրցանակի, Իտալիայի գլխավոր կինոպարգևներին` «Դոնաթելլոյի Դավթի», Արծաթե ժապավենի, ինչպես և Բեռլինի, Թուրինի, Բուենոս Այրեսի և այլ միջազգային կինոփառատոների տարբեր մրցանակների:
«Փելեշյանի լռությունը» ֆիլմը նվիրված է մեր անվանի հայրենակցին` Արտավազդ Փելեշյանին: Այն նկարահանվել է իտալական հեռուստատեսության պատվերով և 2011-ին ներկայացվել Վենետիկի միջազգային կինոփառատոնում: Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի ամենասիրած ֆիլմերից մեկն է «Փելեշյանի լռությունը», որը ամիսներ առաջ արժանացել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Հայակ» մրցանակին:
«Փելեշյանի լռությունը» ֆիլմը «Ոսկե ծիրանի» հանդիսատեսին ներկայացնելիս կինոգետ, դոցենտ Սիրանույշ Գալստյանը մասնավորապես ասաց. «Ֆիլմը արված է խորին հարգանքով մեծ վարպետի` Փելեշյանի հանդեպ: Մենք գիտենք, որ Փելեշյանի ֆիլմերում խոսք չկա: Կա խոսուն լռություն: Փելեշյանի լռությունը խոսուն է նաև կյանքում: Եվ Պիետրո Մարչելլոն փորձել է այդ երկու լռությունների միջև իր ֆիլմով կամուրջ գցել»:
Պիետրո Մարչելլոն արդեն տասը տարի զբաղվում է կինովավերագրությամբ, սակայն խոստովանում է, որ «Փելեշյանի լռությունը» ֆիլմի վրա աշխատելիս իրեն զգացել է իբրև ուսանող, որը դիպլոմային աշխատանք է կատարում` կինոաշխարհին ներկայանալու համար:
Մեր ընթերցողներին ներկայացնում ենք «Իրատես de facto»-ի զրույցը Պիետրո Մարչելլոյի հետ:


-Պարոն Մարչելլո, «Գայլի երախը» ֆիլմը տխուր, դրամատիկ պատմություն է սիրո և այն կործանող մեծագույն չարիքի` թմրադեղերի մասին: Դուք ունե՞ք այդ չարիքի կանխման «դեղատոմսը», որ կարող եք առաջարկել Ձեր հանդիսատեսին:
-Դեղատոմսը թմրադեղերից ազատագրվելն է:
-Իր արվեստի երկրպագուների հետ հանդիպման ընթացքում Փելեշյանն իրեն բնորոշ մետաֆորիկ մտածողությամբ հայտարարեց, թե երիտասարդ տարիներին ինքն ունեցել է առատ մազեր, բայց սանր չի ունեցել, հիմա սանր ունի, բայց մազեր չունի: Դուք հիմա երիտասարդ եք, ունեք գեղեցիկ մազեր, իսկ «սանր ունե՞ք»:
-Իհարկե, ունեմ: Իմ և Փելեշյանի մեծ տարբերությունն այն է, որ ես ապրում եմ ուրիշ ժամանակներում:
-Այսինքն` ստեղծագործելու համար ավելի ազա՞տ ժամանակներում:
-Կարելի է ասել, որ մեր սերունդը չի կարող պատմել այն աշխարհի մասին, որը կորցրել ենք: Փելեշյանը կարող էր պատմել այդ աշխարհի մասին, ներկայացնել այն: Հիմա ամեն բան շատ ավելի խառնված է: Շատ հանգամանքներում մեզ համար, իմ սերնդի համար ավելի դժվար է ստեղծագործել, պատմել մեր ժամանակի մասին, ինչպես դա կարողացել է անել Փելեշյանն իր ժամանակի մասին: Փելեշյանը մեծ մարդ է: Շատերն ասում են, որ նա փոքր-ինչ տարօրինակ է, բայց դա այդպես չէ: Բոլորն այն կարծիքին են, որ նա շատ բարդ բնավորություն ունի: Ես մտածում եմ, որ նա իր կյանքում բախվել է շատ անօրինությունների: Փելեշյանն ապրել է սովետական ժամանակներում, բայց նա ռուս չէր, այդ ժամանակների որդին չէր: Դա էր պատճառը, որ երբեք նրա առաջ դռներ չէին բացվում: Եվ եթե ժամանակներն այլ լինեին, նա կկարողանար ավելի մեծ գործ անել արվեստում, ավելի շատ ֆիլմեր նկարել: Ամեն մեկն իր պատմության տերն է և իր ժամանակի:

-Փելեշյանն ասում է, որ ինքն իր հայտնի ֆիլմը «Մենք» է վերնագրել` նկատի ունենալով ոչ միայն մեզ` հայերիս, այլև երկրագնդի ամբողջ մարդկությանը, որոնց մի մասնիկն են հայերը: Դուք` իբրև իտալացի, Ձեզ տեսնո՞ւմ եք այդ ֆիլմում:
-Ֆիլմում մի հատված կա, ուր թաղման արարողություն է ներկայացվում: Մարդիկ դագաղ են տանում: Դա ինձ հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին: Հատկապես տպավորիչ է այն հատվածը, երբ բազմությունը բարձրանում է բլուրն ի վեր: Դրանում ես հոգևոր մեծ իմաստ եմ տեսնում: Ֆիլմն ամբողջությամբ, ըստ իս, ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը, ներկայացնում է ազգը, որը մոտենում է Աստծուն:
-Ձեր ծանոթությունը Հայաստանին Փելեշյանո՞վ է սկսվել, թե՞ մինչև «Փելեշյանի լռությունը» նկարելն արդեն ինչ-որ բան գիտեիք Հայաստանի, հայերի մասին:
-Ես առաջին անգամ եմ Հայաստանում: ՈՒ շատ ուրախ եմ այստեղ գտնվելուս համար: Մինչև Փելեշյանը ծանոթ էի Փարաջանովին, բայց բացահայտել եմ Հայաստանը նախ և առաջ Փելեշյանի շնորհիվ:

-Եթե Փելեշյանը համաձայներ խոսել նկարահանումների ժամանակ, ի՞նչ վերնագիր կունենար Ձեր ֆիլմը:
-Նախնական վերնագիրն էր «Փելեշյանն առանց բառերի», որովհետև նրա կինոն է հենց առանց բառերի: Փելեշյանը չի խոսում, որովհետև խոսելիս պետք է իմանաս` ինչ ասել: Նա գերադասում է լռել: Ես ինձ համարում եմ ընդամենը ֆիլմի գործադիր բեմադրիչ: Արտավազդ Փելեշյանը հանճար է, և ես երջանիկ եմ, որ նա իմ ժամանակի կինոգործիչներից մեկն է:
-Ձեր ֆիլմում շատ հուզիչ, ընդգծված հայաշունչ հատված կա, որում Փելեշյանն այցելում է իր ուսուցիչների` Սերգեյ Գերասիմովի, Էլեմ Կլիմովի, Լեոնիդ Կրիստիի գերեզմաններին: Այս հատվածը նրա՞ առաջարկությամբ եք նկարել, թե՞ նախատեսված էր Ձեր սցենարով:
-Ինչպես և ֆիլմում է ասվում, դա եղել է իր ցանկությունը:
-Փելեշյանը Ձեր ֆիլմի մասին այն կարծիքը հայտնեց, թե դա ոչ թե իր` Փելեշյանի լռությունն է, այլ Ձեր` Մարչելլոյի լռությունն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Սա շատ հին պատմություն է իմ ու Փելեշյանի միջև: Երբ մենք առաջին անգամ գնացինք Փելեշյանի մոտ` պայմանավորվելու կինոնկար անելու մասին, նա դրեց իր առաջին պայմանը` ինքը չի խոսելու: Կարծում եմ` սա ռեժիսորի մասին արված միակ ֆիլմ-դիմանկարն է, որում ռեժիսորը չի խոսում: Սրա հետ կապված` գուցե ֆիլմն ունի որոշ սահմանափակումներ: Բայց մեր առաջնահերթ նպատակը Փելեշյանին ֆիլմում նկարահանելն էր: Եվ մենք դա արեցինք: Ֆիլմը, ինչպես ասացի, պիտի կոչվեր «Փելեշյանն առանց բառերի»: Նա լռեց, ու մենք այն կոչեցինք «Փելեշյանի լռությունը»: Փելեշյանն ինչ էլ ասի իմ ու ֆիլմիս մասին, ես կհամաձայնեմ: Ամեն դեպքում ես նրա բոլոր ասածներն ընդունում եմ, դրանց համաձայն եմ: Նա ասում է, որ դա «Մարչելլոյի լռությունն է», որովհետև ես միշտ լուռ էի: Ես համաձայնում էի այն ամենին, ինչ ասում էր, ինչ ցանկանում էր Փելեշյանը: Փելեշյանը կարող է նույնիսկ ասել, որ ֆիլմը լավը չէ: Եվ եթե մի օր էլ ասի, որ ֆիլմը պետք է ոչնչացնել, ես կոչնչացնեմ:
-Բայց մենք չենք ցանկանա, որ նման բան լինի: Հայերս շատ սիրեցինք Ձեզ և Ձեր ֆիլմը:
-Դե՜, ես ասում եմ` եթե…

-Ընդհանրապես արվեստագետների համար շատ դժվար է սեփական ես-ը մղել երկրորդ պլան: Դուք արել եք այդ բանը «Փելեշյանի լռությունը» ֆիլմում: Ինչպե՞ս կարողացաք:
-Ես դա կարողացա, որովհետև մենք ի սկզբանե որոշել էինք, որ ես լինելու եմ ընդամենը ներկայացնող: Ես շատ հստակ ու կոնկրետ բնավորություն ունեմ. եթե ինչ-որ բան ուզում եմ, անպայման անում եմ: Ես առհասարակ չեմ գնում փոխզիջումների: Բայց Փելեշյանի դեպքում ամեն ինչ այլ կերպ եղավ: Կարելի է ասել, որ «Փելեշյանի լռությունը» իմ դիպլոմային աշխատանքն էր: Ես այս ֆիլմն արեցի իբրև մի ուսանող, որն ուզում է ավարտական աշխատանք ներկայացնել կինոյի աշխարհին և դիպլոմ ստանալ: Իմ նպատակն է, որ Փելեշյանի բոլոր ֆիլմերը վերականգնվեն: Կարելի է ասել` մենք այս ֆիլմը նկարել ենք` նպաստելու համար, որ Փելեշյանի ֆիլմերի նկատմամբ մեծանա ուշադրությունը:
-Շատ աշխարհահռչակ կինոգործիչներ մեկ անգամ «Ոսկե ծիրանին» հյուրընկալվելուց հետո այցելում են կրկին: Հնարավո՞ր է, որ Դուք ևս համալրեք նրանց շարքերը:
-Հույս ունեմ` այո: Կարծում եմ կվերադառնամ «Ոսկե ծիրան» կինոփառատոն` նոր ֆիլմով, ի՛մ ֆիլմով:
-«Ոսկեծիրանյան» հյուրասիրություններից մեկի ժամանակ Դուք պարում էիք հայկական երաժշտության տակ:
-Այո՛, մի քիչ պարեցի:
-Հայկական պարի, հայկական երաժշտության հանդեպ հոգեհարազատությո՞ւն եք զգում:
-Ես ռուս չեմ, իտալացի եմ: Իսկ իտալացիները նման են հայերին: Հայ ժողովուրդը հնագույն ժողովուրդներից է: Ես միշտ հիացել եմ հայերով: Եվ ցավում եմ, որ շատ կարճ ժամանակ պիտի լինեմ Հայաստանում: Հայաստանի և հայերի նկատմամբ սերն իմ մեջ ծնվեց Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքն ընթերցելուց հետո:
-Ի՞նչ ունեք ասելու հայ հասարակությանը:
-Կեցցե՛ Հայաստանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Թարգմանիչ` Լուսինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ