Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Երկու ամիս բոլշևիկյան բանտում

Երկու ամիս բոլշևիկյան բանտում
21.06.2013 | 11:52

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ

1921 թ. օգոստոսի 26-ին Բոմբեյից Պորտ Սուդան նավահանգիստ հասավ Anchor Line շոգենավը: Մի քանի հայերի բուռն բողոքներից հետո, ի վերջո, պատգարակով, կիսամեռ վիճակում դուրս բերեցին մի մարդու, որը նավի վրա վարակվել էր տենդով ու 10 օր անխնամ վիճակում ջերմել: Նրան, թողնելով իր հիվանդ ծնողներին, ուղեկցում էր թավրիզցի Օննիկ Տեյիրմենճյանը: Հիվանդին հասցրին բուժարան, մերկացրին, ոտքից գլուխ պատեցին սառույցներով, բայց ոչինչ չօգնեց: Աչքերը փակելուց առաջ մահամերձը Օ. Տեյիրմենճյանին մի կերպ հասկացրեց, որ պահի-պահպանի երկու կապոց ձեռագրերը, փաստաթղթերն ու նամակները:
Այդպես իր երկրային ուղին ավարտեց հայ հասարակական-քաղաքական մտքի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ ԲԱԽՇԻ ԶԱՔԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՅԱՆԸ:
Նա ծնվել է 1879 թ., Ղարաբաղի Խաչեն գավառի Խանձք գյուղում (այժմ` ԼՂՀ Ասկերանի շրջանում): Ավարտել է ծննդավայրի եռադաս և Շուշվա թեմական դպրոցները, 1899-ին ընդունվել է Գևորգյան ճեմարան, իսկ 1901 թ. մեկնել Գերմանիա և ընդունվել Լայպցիգի առևտրային ինստիտուտ: Այստեղից եռանդորեն թղթակցել է Թիֆլիսի «Մշակին», «Արշալոյսին», «Լոյս» օրացույցին, «Մուրճին»: Գերմանիայում Բ. Իշխանյանն ուսումնասիրել է մարքսիզմ, հարել սոցիալ-դեմոկրատական շարժմանը, 1903-ին Ժնևում մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության (սպեցիֆիկների) հիմնադրմանը, ապա ուսումնառությունն ավարտելուց և վիճակագիր-տնտեսագետի բարձրագույն կրթություն ստանալուց հետո` 1905 թ., վերադարձել Թիֆլիս ու դարձել Սոցիալ-դեմոկրատական հայկական բանվորական կազմակերպության (հետագայում` ՍԴՀԲ կուսակցություն) «Կեանք» պաշտոնական երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 1908-ին հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ազատվելով 1911-ին` կրկին մեկնել է Գերմանիա և 1913 թ. վերադարձել:
Բ. Իշխանյանը ոչ միայն բացառիկ բեղուն գրիչ ուներ, այլև իր ժամանակի ամենաակնառու հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչներից էր, մտավորական ու գիտնական: Նա հեղինակ է բազմաթիվ գրքերի, որոնց մեջ աչքի են ընկնում «Կարլ Մարքսը և մարքսիզմը», «Տնտեսական զարգացման ֆազերը», «Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան», «Թյուրքիայի ապագան», «Հայ-վրացական յարաբերութիւնների պրօբլեմը», «Գերմանիայի և Թյուրքիայի տնտեսա-քաղաքական փոխյարաբերութիւնները», «Դիմակները պատռուած. ովքե՞ր են բօլշևիկները», «Հակայեղափոխական շարժումը Անդրկովկասում», «Ազգային պրօգրեսը և դասակարգային շահերը», «Միլիտարիզմի և իմպերիալիզմի զարգացումը Գերմանիոյ մէջ» և այլն, և այլն: Աշխատություններ, որոնց մեծ մասը լույս է տեսել նաև ռուսերեն ու գերմաներեն: Սակայն Բ. Իշխանյանի գրքերի մեջ խիստ այժմեական է «Բագուի մեծ սարսափները», որը 1918 թ. թուրքական կանոնավոր բանակի և ադրբեջանական խուժանի իրականացրած բաքվահայոց ցեղասպանության անբեկանելի փաստական ապացույց է:
1918-1920 թթ. նա ղեկավարել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական բաժինը և ձերբակալվել բոլշևիկների կողմից՝ դառնալով Խորհրդային Հայաստանի առաջին քաղբանտարկյալը։ 1921 թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ ազատվել է, անցել Իրան: 1924 թ., Եվրոպա մեկնելու ճանապարհին՝ Պորտ-Սուդանում էլ նա կնքեց իր մահկանացուն:
Օ. Տեյիրմենճյանի մոտ մնացած կապոցների մեջ հայտնաբերվեց մի ձեռագիր՝ «Երկու ամիս բոլշևիկյան բանտում» վերնագրով: Այդ վավերական հուշագրությունը նույն 1924 թ. Կահիրեում հրատարակեց դաշնակցական հայտնի գործիչ Վ. Նավասարդյանը:
Մենք ցանկանում ենք այն հրապարակել, և կարող է հարց ծագել՝ ինչո՞ւ հիմա: Իսկ՝ ե՞րբ: Մենք ամենևին նպատակ չունենք այս քայլով մեր հասարակության մեջ անհարկի պառակտում մտցնելու, ի մասնավորի՝ քար նետելով բոլշևիկների հետնորդ հայ կոմունիստների բախչան: Պարզապես «Իրատես de facto»-ն ունի մի հրաշալի խորագիր՝ «Մենք սա ապրել ենք»: Մենք սա էլ ենք ապրել, մեր ժողովուրդն է սա ապրել:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Առանց մի խոսքով անգամ անդրադառնալու բոլշևիկների մուտքի կամ Հայաստանը խորհրդային դառնալու նախօրյակին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին (դրանց կնվիրվի մի հատուկ գրվածք), ես ցանկանում եմ ստորև գրի առնել հիշողությունները մի բանտարկյալի, որ դժբախտություն է ունեցել բոլշևիկների տիրապետության մղձավանջի օրերին երկու ամիս բանտ նստելու՝ չորս պատերի արանքում կաշկանդված: Ես պիտի աշխատեմ լուսանկարչական ճշտությամբ պատկերել ընթերցողներին այն բոլորը, ինչ զգացել ու ապրել եմ, ինչ տեսել ու դիտել եմ՝ առանց մազաչափ ավելացնելու կամ չափազանցելու, առանց միտումնավոր կերպով գույները խտացնելու:
Ընդհակառակը, ես վախենում եմ, որ չկարողանամ հարազատ մնալ իրականությանը: Վախենում եմ, որ անկարող լինեմ իրականությունն իր ամբողջ բովանդակությամբ ու եզրերով պատկերելու: Վաղուց այն կարծիքին եմ, որ բոլշևիկյան իրականությունը գերազանցում է ամեն մի նկարագրական ուժին ու տաղանդին, թեկուզ վերջինս հասնի կիկերոնյան պերճախոսության և Զոլայի գրչի կատարելատիպ աստիճանին:
Եթե իմ բանտարկությունը և բանտային խոհերն ու հիշողությունները զուտ անձնական բնույթ կրեին, ես կհրաժարվեի ընթերցողներին հրամցնելուց այսպիսի մի գրվածք, չանսալով ընկերներիս ու ծանոթներիս բուռն թախանձանքին՝ օր առաջ հրապարակի վրա տեսնել գրվածքս:
Բանտը իր սեփական ինքնապարփակ կյանքն ունեցող մի անձուկ աշխարհ է, որի առանձնահատկությունների մեջ արտացոլվում են տվյալ երկրի պետական կառուցվածքը և կառավարող վարչակազմի էությունը:
Այն երկրներում, ուր վաղուց իրականացել են ժամանակակից ռամկավարության պահանջած բոլոր քաղաքացիական ազատությունների սկզբունքները և ուր ազատ մտքի ու խոսքի, գրավոր ու բանավոր քարոզչության իրավունքները տարրական բարիքներ են դարձել հանրության համար, այդպիսի երկրներում բանտերը մոռացված հաստատություններ են միայն, ուր խմբված քրեական հանցապարտները՝ որպես այդպիսիք, որպես հանրավնաս տարրեր, ոչ ոքի չեն հետաքրքրում, և նրանք բանտարկված ու դատապարտված են ոչ միայն պետական օրենքներով, այլև հասարակական մտքի ու խղճի արդար թելադրանքներով:
Իսկ այն երկրներում, ուր իշխում է տակավին բռնակալությունը իր վատթարագույն ձևերով, հալածվում ու խեղդվում են քաղաքացիական բոլոր կարգի ազատությունները, տիրող չնչին փոքրամասնությունը ուժով բռնանում է բացարձակ մեծամասնության մտքի, խղճի, կամքի ու կարծիքի վրա, ահա այդպիսի երկրներում բանտերը բռնակալության հենարանները կազմող կարևորագույն ինստիտուտներ կամ հաստատություններ են կառավարող քաղաքականության տեսակետից, և հավիտենական անեծքի ու նախատինքի դատապարտված դժոխավայրեր՝ ճնշված հանրության ազատատենչ ձգտումների տեսակետից: Եվ այդ դժոխավայրերը, ուր հազարներով տառապում ու փտում են ըմբոստ քաղաքացիության, ապստամբ ռամկավարության լավագույն գաղափարախոսներն ու մարտիկները, իրենց մեջ մարմնացնում են տիրող բռնակալ վարչակազմի բոլոր հոռի հատկանիշները:
Ռուսական միապետության օրոք բանտը և բանտային կյանքի նկարագիրը լավագույն չափանիշն ու բնորոշիչն էին ցարական բյուրոկրատիայի գործելակերպի էության: Ռուսական նորագույն կոմիսարապետության օրոք բանտը և բանտային անցուդարձերի վարքագիրը լավագույն փաստաթուղթն են բոլշևիկյան ժանդարմերիայի սխրագործություների մասին: Նախկինում ռուս հասարակական մտքի ու շարժման պատմագիրները խորին ուշադրությամբ թերթում և ուսումնասիրում էին այն հիշատակարանները, նամակները, հոդվածներն ու ինքնակենսագրականները, որ թողել են հին վարչակազմի օրոք Պետերբուրգի Շլիսելբուրգ և Պետրոպավլովսկի կոչված մարդակուլ բանտերում հյուծվող, ողջակիզվող զոհերը: Այժմ Ռուսաստանի ամեն մի ծայրերկիր, ամեն մի քաղաք ու գավառ ունի իր բազմաթիվ շլիսելբուրգերն ու պետրոպավլովսկիները, բոլշևիկյան ամեն մի բանտ վաղուց վաստակել է ցարական տխրանուն բերդերի պատմական հռչակը և շաբաթների ու ամիսների ընթացքում պատճառել ավելի շատ զոհեր, քան ցարական բանտը՝ տարիների և տասնյակ տարիների ընթացքում: Եվ բոլշևիկյան բանտից հրաշքով ազատված ամեն մի մարտիկի կամ գաղափարախոս-բանտարկյալի հիշողությունները թանկագին նյութեր պիտի մատակարարեն այն հասարակագետին ու պատմագրին, որոնք շնորհակալության կոչում պիտի ստանձնեն՝ ավերումների տխուր փորձության ծանր խաչը կրող դժբախտ երկրի ու ժողովրդի վիճակը ուսումնասիրելու:
Ահա ինչ նկատառումներով եմ իմ բանտային խոհերի ու հուշերի վերաբերյալ այս գրվածքը հրապարակ բերում:
1. 1920 թվականի դեկտեմբերի 2-ն էր, օրը՝ հինգշաբթի: Առավոտյան ժամը 9-ին սովորականի պես ուղևորվում եմ դեպի պաշտոնատեղիս՝ պետական ընդհանուր վիճակագրության գլխավոր բաժանմունք: Ճանապարհին տեսնում եմ այսուայնտեղ խմբված մարդկանց, որոնք ուսերը թոթվելով միմյանց հաղորդում են պատմական տխուր վայրկյանի չարագույժ նորությունները: Դեկտեմբերի 1-ի գիշերը դաշնակցության խորհրդարանական խմբակցության նիստում քննվել և ընդունվել էր Խորհրդային Ռուսաստանի առաքելության ղեկավար Լեգրանի մեկ օր առաջ (նոյեմբերի 30-ին) ներկայացրած վերջնագիրը՝ Հայաստանը խորհրդային դարձնելու, այլ խոսքով՝ իշխանությունը բոլշևիկներին հանձնելու հարցի վերաբերյալ: Ես գիտեի արդեն անխուսափելիորեն տեղի ունեցած այդ տխուր փաստի մասին, բայց մի քանի մանրամասներ ինձ հաղորդեց Վարդգես Ահարոնյանը, որն առաջինը ինձ հանդիպեց փողոցում:
Մի քանի րոպե անց հանդիպում եմ ֆինանսների նախարար, Ս. Վրացյանի կառավարության անդամ Համբարձում Տերտերյանին:
-Ես զարմանում եմ, որ դու դեռ այստեղ ես և հանգիստ քայլում ես փողոցով, աշխատիր այժմևեթ հեռանալ Երևանից,- եղան նրա՝ ինձ ուղղած առաջին խոսքերը:
Ես արդեն հասկացա բանն ինչ էր: Նույն դեկտեմբերի 1-ի գիշերը կամ 2-ին, շատ վաղ առավոտյան, Երևանից դեպի Վրաստանի սահման զանազան խմբերով հեռացել էին բազմաթիվ կուսակցական պատասխանատու գործիչներ, ոմանք էլ պատրաստվում էին նույն օրը թողնելու քաղաքը: Ես շատ լավ գիտեի, որ բոլշևիկների կողմից ամենախիստ վտանգվածներից մեկը ես էի, որովհետև ոչ ոք այդքան վաղուց` Փետրվարյան հեղափոխության սկզբի օրերից, գրավոր ու բանավոր այնպիսի բուռն ու պարբերական պայքար չէր մղել նրանց դեմ, ինչպես ես 1917-ից ի վեր Պետերբուրգում, Բաքվում, Թիֆլիսում, Երևանում և հայկական այլ գավառներում: Ես խորապես գիտակցում էի, որ գաղափարապես սնանկ ու տկարամիտ իմ հակառակորդները, բանտարկությունից ու մահապատժից, միմիայն բռնությունից, բիրտ ուժի գործադրումից զատ, ուրիշ միջոց չեն կարող գործադրել իրենց գաղափարային-քաղաքական ախոյանին լռեցնելու համար: Եվ եթե ես, այնուամենայնիվ, դեռ չէի հեռացել Երևանից, դա եղել էր ոչ թե անմիտ համառության կամ արյունռուշտ թշնամու ձեռքն ընկնելու դոնքիշոտական հերոսության հետևանքով, այլ ուրիշ հանգամանքի պատճառով:
Նախ, բացեիբաց պիտի ասեմ, որ հեռացող խմբերից և ոչ մեկը որևէ ձևով ինձ չհայտնեց գնալու մասին (հանդիպման տեղը, ժամը և այլ պարագաները): Նույնիսկ Տերտերյանի նախազգուշացումից հետո, երբ նրա ցուցումով դիմեցի մեկին ու մյուսին, օրինակ, լուսավորության նախարար Գևորգ Ղազարյանին և ներքին գործերի նախարար Սարգիս Արարատյանին, որոնք պատրաստվում էին նույն օրը խմբերով հեռանալու և իսկապես էլ հեռացան քաղաքից, նույնիսկ այդ օրը ապարդյուն անցան իմ դիմումները, լսեցի միայն զանազան շինծու առարկություններ: Ես, անշուշտ, չէի վշտանում և չէի մեղադրում որևէ մեկին: Ես տեսականորեն գիտեի, որ վտանգի վայրկյանին փախչող մարդը օժտվում է կենդանական եսականության բոլոր հակումներով, հետևելով «փրկել միայն իր գլուխը» հրամայականին: Ինքս մի այլ խմբի նախաձեռնող լինել կամ առհասարակ կազմակերպել փախուստ պարզապես անկարող էի. ես գործնական մարդու այդ շնորհքը չունեմ, մանավանդ որ անծանոթ էի տեղին, ճանապարհներին և այլն:
Բայց կար մի այլ հանգամանք ևս: Ես շարունակ տատանվում էի երկընտրանքի առաջ՝ փախչե՞լ արդյոք, թե՞ թաքնվել Երևանի մի գողտուկ անկյունում, ինչպես արել էին ոմանք սկզբում, և հնարավորություն ունենալ մոտիկից դիտելու բոլշևիկների արարքները դժբախտ Հայաստանում: Այդպիսի գողտուկ անկյուն արդեն գտել էր իմ քարտուղարը քաղաքի հեռավոր խուլ թաղամասում՝ Կոնդ անունով: Եվ ես վերջնականապես որոշեցի քաղաքում մնալ, առավել ևս, որ հեռանալու բարեհաջող պայմաններ չկային: Այդ որոշման մեջ ես մնացի անդրդվելի նույնիսկ այն ժամանակ, երբ նույն օրը, ժամը 12-ին, կառավարության շենքի մոտ, արտաքին գործերի նախարարի օգնական Մովսես Պետրոսյանի ներկայությամբ սպա Դևոյանը ինձ հայտնեց հետևյալ սպառնալի լուրը.
-Ինչո՞ւ եք Դուք դեռ այստեղ,- դիմեց նա ինձ ահաբեկ շեշտերով:- Երեկ գիշեր ինձ մոտ էր խորհրդային առաքելության ծառայողներից մեկը, որը որպես գաղտնիք հաղորդեց, որ առաքելությունը որոշել է առաջին հերթին ձերբակալել Արտաշես Չիլինգարյանին (Ռուբեն Դարբինյանին) ու Բախշի Իշխանյանին և անմիջապես գնդակահարել սրանց: Չիլինգարյանն արդեն հեռացել է, ի սեր Աստծո, շտապեցեք Դուք ևս թողնել քաղաքը:
Այդ խոսքերը, խոստովանում եմ, վերահաս երկյուղի մի սառը դողով ցնցեցին իմ ջղերը: Բայց, չգիտես ինչու, իմ թաքնվելու վայրը ինձ թվում էր նույնքան ապահով, որքան, օրինակ, Թիֆլիսում ապաստանելը, առանց մի րոպե հաշիվ տալու, թե մինչև երբ և ինչպես է հնարավոր տևապես թաքնվել:
Տերտերյանը ևս, ավելի մեղմ ու անորոշ ձևով, ինձ ակնարկել էր նույն միտքը: Նա ասաց, որ Լեգրանի առաքելությունը տրամադրված է առանձնապես խիստ լինելու Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և հատկապես իմ նկատմամբ: Նա ասաց նաև, որ, Լեգրանի հավաստիացումով, Հայաստանի խորհրդային իշխանությունը միայն սկզբում խիստ կլինի առանձնապես վտանգավոր իր քաղաքական հակառակորդների հանդեպ: Հետո արդեն, շուրջ երեք շաբաթ անց, երբ հետզհետե կամրապնդվի նոր իշխանությունը, համաներում կշնորհվի բոլորին, այնպես որ Հայաստանից հեռացածներն իսկ կկարողանան վերադառնալ:
Հ. Տերտերյանը նույն թվականին Մոսկվա առաքված Շանթի պատվիրակության անդամներից էր, որը Հայաստանում ևս կառավարության կողմից շարունակում էր բանակցություններ վարել Լեգրանի առաքելության հետ: Այդ իմաստով հավատում էի նրա ասածներին, որպես սկզբնաղբյուրից ծագած տեղեկությունների: Բայց չէի հավատում այդ նույն սկզբնաղբյուրի անկեղծությանը: Նույն կարգի խաբուսիկ հավաստիացումներ նրանք անում էին ամեն մի նոր նվաճած վայրում. նրանք նույն կերպ վարվեցին Բաքվում և առհասարակ Ադրբեջանում, Մոսկվայում թխած մի հեռագրով հայտարարելով, որ դեռ մայիսին (1920 թ. ապրիլի 27-ին Բաքուն ընկել էր նրանց ձեռքը) կլինի բոլոր բանտարկյալների համաներում: Փաստորեն, ամիսներ շարունակ և մասամբ մինչ օրս նստած մնացին հին բանտարկյալները, տեղի ունեցան նորանոր ձերբակալություններ, և տասնյակներով գնդակահարեցին անմեղ զոհերի:
Վա՜յ նրանց, ովքեր չեն հասկանում բոլշևիզմը և չեն ճանաչում բոլշևիկներին:


(շարունակելի)

Դիտվել է՝ 4654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ