Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց»

«Վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց»
21.06.2013 | 11:27

Կրթական խնդիրների շուրջ զրուցում ենք «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի գիտության և կրթության ենթահանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ-ի «Ճարտարագիտական գրաֆիկա» ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ ԿԱՐԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
-Դպրոցը միշտ կատարում է հասարակական պահանջը: Այսօր հասարակությունն ի՞նչ պահանջ է դնում դպրոցի առջև, և դպրոցը ի՞նչ պատվեր է կատարում:
-Պատմության ողջ ընթացքում հայ ժողովրդի ամենամեծ հարստությունը եղել է նրա մտավոր ներուժը, որը և Հայաստանի վերածննդի գրավականն է: Հայ ընտանիքներում միշտ կարևորվել է իրենց զավակների կրթումը, քանի որ միայն կրթությունը կարող է երաշխիք հանդիսանալ մարդու բարեկեցիկ կյանքի համար: Բայց այսօր դժվար թե գտնվի որևէ մեկը, ում կգոհացնի մեր կրթական ոլորտի ներկա վիճակը: Շատերը նույնիսկ հույս էլ չունեն, թե մեզ երբևէ կհաջողվի շտկել իրավիճակը: Խորհրդային կրթական համակարգն արդարացիորեն համարվում է աշխարհում երբևէ եղած ամենաարդյունավետ և հաջողված համակարգերից մեկը, սակայն վերջին 20 տարում արվեց ամեն ինչ, որ այդ համակարգն իսպառ վերանա: Ինչպես գիտենք, այսուհետև Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունը կիրականացվի 12-ամյա տևողությամբ` հետևյալ հաջորդական երեք աստիճաններով` տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ), միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ), ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ): Եվ այստեղից առաջանում են բազմաթիվ հարցեր` ինչո՞ւ 12 տարի, ոչ թե 10 կամ 11: Արդյոք ճի՞շտ է արվել կրթման տարիների բաշխումն ըստ աստիճանների: Չէ՞ որ միջին դպրոցի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկը և առարկայական չափորոշիչներն անհամեմատ ավելի են, քան երեխան կարող է լիարժեք ընկալել:
-Արդեն մի քանի տարի գործում են ավագ դպրոցները: Ըստ Ձեզ` այդ ինստիտուտի ներդրումն արդարացրե՞լ է իրեն:
-Ըստ «Կրթության մասին» օրենքի, «ավագ դպրոցի հիմնական նպատակը սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումն է»: Հանրային խորհրդի կրթության և գիտության ենթահանձնաժողովը, մասնավորապես ես ակտիվ մասնակցություն ունեցանք ավագ դպրոցի կայացման գործընթացներում. հանդես եկանք առաջարկություններով, մասնակցեցինք ԱԺ-ում կազմակերպված լսումներին, տարբեր հարցումների միջոցով մոնիթորինգ կազմակերպեցինք արդեն իսկ գործող ավագ դպրոցներում, այցելեցինք Կրթության ազգային ինստիտուտ, և առաջացան մի շարք հարցեր, որոնք համահունչ էին նաև նամակներով մեզ դիմած քաղաքացիների հարցերին: Այն է` ինչո՞ւ է արգելված նույն դպրոցի տարածքում բացել նաև ավագ դպրոց, արդյոք մշակվա՞ծ են ավագ դպրոցի տարբեր հոսքերի համար նախատեսված ուսումնական պլաններ, կամ մշակվա՞ծ են առարկայական չափորոշիչներ և առարկայական ծրագրեր, արդյոք հրատարակվա՞ծ են առարկայական ծրագրերին համապատասխան դասագրքեր, ավագ դպրոցների համար նախատեսված դպրոցները հագեցա՞ծ են համապատասխան լաբորատորիաներով, 13-14 տարեկան պատանին պատրա՞ստ է կատարելու իր ապագա մասնագիտության ընտրությունը, արդյոք ճի՞շտ է կտրուկ փոխել 13-14 տարեկան երեխայի միջավայրը: Որքան էլ զավեշտալի թվա, այս բոլոր հարցերի պատասխանը բացասական է, և հանուն արդարության պետք է ասել, որ Կրթության ազգային ինստիտուտում «անգործ» չեն մնում և քրտնաջան իրականացնում են բավականին լավ վարձատրվող աշխատանքներ. մշակում են հանրակրթական դասընթացների չափորոշիչներ, «թեթևացնում» հանրակրթական ուսումնական պլանները, մշակում միջին մասնագիտական հաստատությունների ուսումնական պլանները և առարկայական չափորոշիչները: Բայց սա այն դեպքն է, երբ ցանկալի կլիներ, որ այդտեղ երևի թե բոլորը մատնված լինեին «անգործության»: Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ այդ մշակումները ոչ միայն չեն նպաստում, այլև խոչընդոտում են ուսումնական գործընթացները ճիշտ կազմակերպելուն:
-Վերջին տարիներին հստակ տարանջատում կա դպրոցների միջև. կան վարկանիշային և ոչ վարկանիշային դպրոցներ: Հասարակական կյանքի շերտավորումը մտել է նաև հանրակրթական համակարգ: Ըստ Ձեզ` այդ շերտավորումն ի՞նչ ազդեցություն կունենա կրթական ոլորտի վրա: Դպրոցների ֆինանսավորման խնդիրն այսօր բավարար համարո՞ւմ եք:
-Վարկանիշային դպրոցների գաղափարը միշտ եղել է և, երևի թե, միշտ էլ կլինի: Եվ դա վատ չէ, քանի որ կարող է բերել առողջ մրցակցության դպրոցների միջև: Այսպես կոչված, «վարկանիշային» դպրոցում աշակերտների թվաքանակը կտրուկ բարձրանում է, իսկ դա նշանակում է, որ այդ դպրոցը պետության կողմից ավելի լավ է ֆինանսավորվում, քանի որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցին բերում է, եթե չեմ սխալվում, տարեկան 100000 դրամ: Այլ հարց է, թե ինչպես է այսօր որոշվում դպրոցի վարկանիշը, ինչ չափանիշներով: Խորհրդային դպրոցում ամենակարևոր չափանիշն էր կրկնուսույցի օգնությանը չդիմած, տարբեր բուհեր ընդունված աշակերտների քանակը, աշակերտների բազմակողմանի զարգացածության աստիճանը, դասավանդող ուսուցիչների վարկանիշը: Իհարկե, հիմա էլ որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորությունը կարևորվում է, բայց այսօր ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, որ կարելի է առանց կրկնուսույցի, միայն դպրոցում ստացած գիտելիքներով ընդունվել վարկանիշային բուհ: Ինչ վերաբերում է հասարակության շերտավորմանը, ապա այդ հարցն առաջացավ հենց այն պահից, երբ ստեղծվեցին մասնավոր դպրոցներ, որտեղ ուսման վարձը հաճախ ավելի բարձր է, քան բուհերում (օրինակ, «ԱՅԲ» ավագ դպրոցը, որի ուսման վարձը 2500000 դրամ է), իսկ դա նշանակում է, որ այդ դպրոցներն ավելի լավ ուսման պայմաններ ունեն, ավելի լավ կարող են վարձատրել դասավանդող ուսուցիչներին: Դա նշանակում է նաև, որ վաղը-մյուս օրը որակյալ կրթությունը հասու կլինի միայն հարուստ մարդկանց, որովհետև պետական դպրոցն այսօրվա ֆինանսավորման շրջանակներում չի կարող մրցունակ լինել այդ կարգի դպրոցների համեմատությամբ:
-Այսօր դպրոցն ամենաշատն ինչի՞ կարիք ունի:
-Իմ կարծիքով` այսօր Հայաստանում կրթության ոլորտում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ պետք է վերանայել կրթության կազմակերպման ձևերը բոլոր աստիճաններում` նախադպրոցականից մինչև ասպիրանտուրա: Ընդ որում, անհրաժեշտ են ինչպես համակարգային, այնպես էլ բովանդակային փոփոխություններ: Հասկանալով, որ այդ մոնիթորինգը և բարեփոխումները շատ ժամանակ են պահանջում, կարծում եմ` անհրաժեշտ է. ա) վերանայել դպրոցների ուսումնական պլանները` յուրաքանչյուր աստիճանում ուսուցանվող առարկայական ցանկից, բ) իրատեսական դարձնել առարկայական չափորոշիչները, գ) հրատարակել նոր դասագրքեր, որոնք ոչ միայն կհամապատասխանեն նոր ծրագրերին, այլև կլինեն դյուրին ընկալվող և հետաքրքրաշարժ տվյալ տարիքի երեխաների համար:
Վերջում կուզենայի խնդրանքով դիմել ՀՀ նախագահին, որ, համաձայն իր խոստման, առաջիկա ամիսներին կազմակերպի խորհրդակցություն ՀՀ-ում գործող կուսակցությունների ղեկավարների հետ «Կրթության և գիտության հիմնախնդիրները և դրանց լուծման ճանապարհները» խորագրով: Իմ կարծիքով` վիճակը կրթության և գիտության ոլորտում ուղղակի օրհասական է, և այդպիսի խորհրդակցությունն ուղղակի անհրաժեշտություն է:


Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ