«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Սայաթ-Նովա են կատարում նոր գործիքավորումով, ժողովուրդն ուզած-չուզած երգին է ծափ տալիս»

«Սայաթ-Նովա են կատարում նոր գործիքավորումով, ժողովուրդն  ուզած-չուզած երգին է ծափ տալիս»
30.04.2013 | 11:50

«ՈՒռի», «Գետակի վրա», «Ախ, ինչ լավ է սարի վրա», «Աշուն», «Ես կգամ»…
Սիրված երգչուհի ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ մեղմ ու ռոմանսային երգերը ոչ վաղ անցյալում գրավել են շատերի սրտերը: Այսօր էլ քիչ չեն ռոմանսի սիրահարները, այլ հարց է, թե ինչպես են դրանք հասնում երաժշտասեր հանրությանը:
Երգչուհին համերգներ է ունեցել տարբեր երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկա, Ռուսաստան և այլուր): Խորհրդային տարիներին Ռուսաստանում թողարկվել է նրա երգերի ալբոմը, իսկ բոլորովին վերջերս` վերահրատարակվել: ԱՄՆ-ում նույնպես մոտ 15 տարի առաջ ալբոմ են թողարկել` առանց իր գիտության, և առայսօր վաճառվում են այդ երգերի սկավառակները: Հայաստանում պատկերն այլ է, թողարկվել են միայն կեղծ սկավառակներ: Երգչուհուն տեղեկացրել են, որ սրճարաններում, տոնավաճառներում հնչում են իր երգերը: Արգելել է: Ասում է, որ դրանք այն վայրերը չեն, որտեղ պետք է իր երգերը լսեն:
Շուտով տեղի կունենա սիրված երգչուհու, նրա դստեր` Էլիզա Դարյանի ու Ալին Գոյանի համերգը, որը, հավանաբար, կանվանվի «Երկու սերունդ»:
Մարիետա Բադալյանը կներկայացնի իր հին ու նոր երգերը, Էլիզա Դարյանը և Ալին Գոյանը` դասական ստեղծագործություններ, հիմնականում` «Ավե Մարիա»-ներ:
Հավելենք, որ շուտով թողարկվելու է Մարիետա Բադալյանի երգերի ալբոմը, ինչպես նաև հեղինակային երգերի գիրքը` նոտաներով և ձայնասկավառակով:
Մարիետա Բադալյանը միջազգային փառատոնի դափնեկիր է: Չնայած ունեցած վաստակին, չունի որևէ կոչում:
Բոլորովին վերջերս ռուս արվեստաբան, պրոֆեսոր Ելենա Էստրելիտան «Իմ բացահայտած Հայաստանը» վերնագրով հոդվածում անդրադարձել է հայազգի մեծությունների, երգչուհիներից առանձնացրել է Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին և Մարիետա Բադալյանին: Հոդվածագիրը նշում է, որ վերջինիս ռոմանսների կատարումն ունի դասական որակ, հավելում է նաև, որ դա իր ամենաանսպասելի ու ամենամեծ բացահայտումն է: «Նրա ձայնը հիասքանչ է, այնքան ջերմ է, հոգեթով, մեղմ ու լուսավոր, որ վերապրում ես երգը` ոչ մի բառ չհասկանալով տեքստից: Նա ոչ միայն երգում է, այլև հորինում է երգեր: Ամենազվարճալին այն է, որ համարվում է «ոչ պրոֆեսիոնալ» երգչուհի»,- գրում է Ելենա Էստրելիտան:
Ի դեպ, նա հայերեն է սովորում, որ կարողանա երգել Մարիետա Բադալյանի ռոմանսները, և երգչուհուն տեղեկացրել է, որ արդեն իսկ անգիր է արել ու երգում է նրա «Գարունն» ու «ՈՒռին»:


-Տիկին Մարիետա, երբ Արմինե Հայրապետյանին հարցրի կին բարդերի մասին, հիշատակեց նաև Ձեր անունը, ասաց, որ հեղինակային երգի վաղ ակունքներում եք կանգնած, և նվագող կնոջ կերպարը շատերի մեջ անմիջապես Ձեզ է առնչվում: Բայց, կարծում եմ,` Ձեզ ավելի շատ ռոմանսներով են ճանաչում, անգամ անվանում են «ռոմանսի թագուհի»:
-Ես ինձ «ռոմանսի թագուհի» չեմ համարում: Ինչ վերաբերում է Արմինե Հայրապետյանի դիտարկմանը, առաջին երգը, որ ներկայացրել եմ կիթառով, իմ երգն է եղել և ոչ միայն առաջին: Ես հեռուստատեսությամբ անգլերեն դասեր էի վարում, ենթադրենք, աշնան մասին էի բացատրում երեխաներին, այդ թեմայով երգ չկար, ինքս էի գրում անգլերեն տեքստն ու մեղեդին:
-Ինքներդ հեղինակ-կատարողներին լսո՞ւմ եք, ո՞ւմ եք հավանում:
-Իհարկե, հեղինակային երգի երեկոներին հաճախ եմ եղել, նաև ելույթներ եմ ունեցել: Շատ եմ հավանում Արմինե Հայրապետյանին, Վախթանգ Հարությունյանին, Շաբոյան եղբայրներին, Կարեն Մամիկոնյանին, այլոց:
Մի քանի տարի առաջ հեղինակային երգի փառատոն եղավ, ես էլ էի մասնակցում: Ժողովուրդն այնքան ջերմությամբ է ընդունում բարդերին, այնպես անկեղծորեն է ծափահարում: Բարդերը պատահական տեքստեր չեն գրում, մեզ հուզող թեմաները ներկայացնում են փիլիսոփայորեն: Այն, ինչ մենք գուցե չկարողանանք նկատել, իրենք նկատում են: Ժողովուրդը այնքան կեղծ բաներ է լսում, որ կարոտ է անկեղծ, ճշմարիտ խոսքի:
-Ձեզ գրեթե չենք տեսնում բեմահարթակներում, եթերում: Ինչո՞վ է պայմանավորված այս «դադարը»:
-Ես ո՛չ բարդ եմ, ո՛չ էլ վաստակավոր արտիստուհի, որ ինձ հրավիրեն ինչ-որ պաշտոնական համերգների: Ես հովանավորներ չեմ փնտրում, համերգներս իմ ուժով եմ կազմակերպում, հիմնականում փոքր դահլիճներում, կամերային երաժշտության տանը, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում: Ինչ վերաբերում է եթերին, ես ռաբիս չեմ, որ պահանջարկ ունենամ, գիտեք, թե հիմա ում են եթեր տրամադրում:
-Հետաքրքիր է Ձեր կարծիքը «Երգ երգոց» հաղորդման մասին, որտեղ սիրված երգերը ներկայացվում են նորովի և ոչ միշտ են հաջողված: Ի դեպ, Ձեր երգերը հիշատակության արժանացե՞լ են այդ հաղորդաշարի շրջանակում:
-Վերջերս ինձ ասացին, որ «Գարուն» ռոմանսն են «Երգ երգոցով» կատարել և բավական վատ: Իսկ երբ հաղորդման կազմակերպիչներին զանգել են և ասել, որ Մարիետա Բադալյանը ժամանակի ամենասիրված երգչուհիներից էր, իր երգերով, զրույցներով կարող է մի ամբողջ երեկո լցնել, կսովորեցնի նաև երիտասարդներին, պատասխանել էին` նրան ո՞վ է ճանաչում: Ի դեպ, այդ բնորոշման հեղինակը ամուսնուս խմբագիրն էր, ասեմ, որ ամուսինս Հ1-ի երաժշտական հաղորդումների գլխավոր ռեժիսորն էր:
-Բոլոր դեպքերում նման հաղորդումները միտում ունեն նորովի ներկայացնելու, այսպես ասած` փրկելու հին, մոռացված երգերը: Արդյո՞ք մեր սիրված երգերը նման «փրկության» կարիք ունեն:
-Գիտե՞ք երգը երբ է ապրում: Երբ սիրվում է ժողովրդի կողմից: Այ, տեսեք, մեր հրաշք երգիչ-երգչուհիների կատարումներով սիրվել են Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Ռոբերտ Ամիրխանյանի երգերը: Այդ երգերն իրենց մեջ սիմֆոնիզմ ունեն, դրանք չեն մեռնի, ապրում են, բայց եթե վատ մատուցվեին, չէին սիրվի, կմնային մի անկյունում:
Հիմա այսօրվա երգիչ-երգչուհիները կատարում են ինչ-որ երգահանի երգեր ու չեն կարողանում ծափեր կորզել դահլիճից: Ասում են` հանճարն ապահովություն է: Ասենք, Սայաթ-Նովա են կատարում նոր գործիքավորումով, ժողովուրդն ուզած-չուզած երգին է ծափ տալիս, կատարումը մի քիչ թերանա էլ, նրանք ծափ են տալիս այն երգչին, ով հասցրել է իրենց այդ երգը: Ժողովրդի ենթագիտակցության մեջ այդ երգերը մնացել են որպես գանձեր:
-Խորհրդային տարիներին սոցիոլոգիական հարցումներից մեկի ժամանակ ճանաչվել եք ժողովրդի կողմից սիրված երգչուհի: Մեր օրերում հազար ու մի անվանակարգում մրցանակներ են տրվում երգիչ-երգչուհիներին: Իրականում ունե՞նք սիրված արտիստ, երգիչ, թե՞ սա նման է ինքդ քեզ մրցանակ տալուն:
-Հիմա ամեն բան «սարքվում» է: Իմ հնչյունային ռեժիսորի խոսքերը մեջբերեմ` հայրիկները վճարում են, ասում են` իմ երեխայի երգը պետք է սարքես, հիմա մենք «գրդոն» ենք անում: Պրոֆեսիոնալ հնչյունային ռեժիսորի խոսք եմ ասում:
-Այսօր երաժշտական տարատեսակ նախագծերը բացահայտում են տաղանդներին, ինչը չի նշանակում, որ նրանց համար ճանապարհ է հարթվելու այդուհետ: Ի՞նչ ճանապարհ էին անցնում երգարվեստի ներկայացուցիչները խորհրդային տարիներին: «Ծանոթ, բարեկամ» ասածը մե՞ր, թե՞ բոլոր ժամանակների շարժիչ ուժն է:
-Ոչ, այն ժամանակ այդպես չէր: Մի քանի գաղտնիք պիտի ասեմ: Ես ֆիլհարմոնիա ընդունվելու համար մասնակցեցի մրցույթի: Ժյուրիի կազմում էին Ալեքսանդր Հարությունյանը, Էդուարդ Միրզոյանը, Հովհաննես Բադալյանը, Թամար Դեմուրյանը, Կարո Տոնիկյանը, Էդուարդ Մանուկյանը: Նայում էին արտիստիզմը, շարժուձևը, կատարման մաներան և այլն: Ինձ միանգամից «ՈՒռի» երգով ընդունեցին ֆիլհարմոնիա: Փառատոներ էին լինում, ընտրում էին լավերին, որովհետև ժողովուրդն ականջ ուներ: Այն ժամանակ հեռուստադիտողը նամակներով, զանգերով կարծիք էր հայտնում: Եթերից երբեք ռաբիս չէր հնչում, անգամ կլառնետը, որով այլ երկրներում դասական երգեր են նվագում, մեզ մոտ արգելված էր: Շատ մաքուր էր եթերը: Կար գեղխորհուրդ, որը բաղկացած էր ամենաորակյալ մասնագետներից: Նրանք էին որոշում, թե որ երգը պետք է ռադիոյի ֆոնդ գնար:
-Այդ տարիներին հատուկենտ էին երգաշխարհի ներկայացուցիչները: Խիստ մաղով էին անցնում, բայց գուցե ստվերո՞ւմ էին մնում տաղանդները: Հաճախ է կարծիք հնչում, որ վաստակ ունեցողները ճանապարհ չէին տալիս երիտասարդներին:
-Եղել են այդպիսի բաներ, բայց հիմնականում ազատ ընտրություներ էին անցկացվում: Ես էլի մի բան ասեմ. պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու համար պետք է շատ ճանապարհ անցնեիր, բայց կային ինքնագործ խմբեր, և շատերն էին ինքնագործունեությունից պրոֆեսիոնալ հարթակ տեղափոխվում: Օրինակ, ես երգում էի Արամ Սաթյանի «Մարաշ» վոկալ-գործիքային ինքնագործ անսամբլում, ինձ անմիջապես նկատեցին ու ընդունեցին «Սերպանտին», որն արդեն ցատկահարթակ էր դեպի Օրբելյանի նվագախումբ և Մելիք Մավիսակալյանի ղեկավարած հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ:
-Մեր բազմաժանր, բազմաձայն երգաշխարհում, ըստ Ձեզ, ի՞նչն է, որ պետք է, բայց պակասում է:
-Դասականը: Առհասարակ, մարդկանց միջից վերացել է դասական մտածողությունը, ընչաքաղցությունն է հիմա տիրում:
Ես տեսա, թե ինչպես է տոնավաճառում մի շատ անվանի ճարտարապետ քարեր վաճառում: Այսինքն, մտավորականին ուզում են դարձնել չարչի: Դա արվեստ չէ, բիզնես էլ չէ, դա սպեկուլյացիա է: Նախկինում դա համարվում էր թերություն, հանցագործություն, հիմա` բիզնես:
Մեր ժողովուրդը շատ տաղանդավոր է, ստեղծվել է իր ներկայությամբ աշխարհը զարդարելու (դրանից է երևի, որ ցրված ենք աշխարհում), բոլորին սովորեցնում է աշխատել, կերտել, բայց այստեղ հիմա ավելի շատ իշխում է դրամը: Մարդիկ դարձել են նյութապաշտ, դա ամենավատ հատկանիշն է, որ չէի ուզի լիներ:
-Տիկին Մարիետա, Ձեր երգերը ուրիշները գրեթե չեն կատարում, կամ չեն կարողանում կատարել, ի՞նչն է, որ այդպես առանձնացնում ու ինքնատիպ է դարձնում Ձեր արվեստը:
-Չգիտեմ, բոլորն են այդպես ասում, կարող եմ կրկնել իրենց ասածը` ձայնը, ազնվությունը, զուլալությունը, մեղմությունը, անկեղծությունը:
-Ի՞նչ կանեք, եթե լսեք Ձեր երգերից մեկի անհաջող կատարումը:
-Ոչինչ չեմ կարող անել, պարզապես կվիրավորվեմ:
-Իսկ եթե լա՞վ կատարեն:
-Կուրախանամ: Ես երեխաների խումբ էի հավաքել մրցութային կարգով: Հիմնականում անվճարունակ ընտանիքների երեխաներ էին: 55 երեխայից ընտրել էի 15-ին: Նրանց հետ աշխատեցի: Մրցույթի առաջին փուլն անցկացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ժյուրիի կազմում անվանի մասնագետներ էին` Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Սահակյանը, Օլգա Զախարյանը: Նրանք ասացին, որ ընտրել եմ ապագա պավարոտիների: Բայց ամուսինս մահացավ այդ տարի, ու ես չկարողացա շարունակել սկսածս գործը:
-Խոսենք Ձեր արվեստից, կարծում եմ ռոմանսի սիրահարներին կհետաքրքրի` ունե՞ք նոր, երբևէ չհնչած երգ:
-Այո, մի քանի նոր երգ ունեմ, որոնցից երկուսը ընթացքի մեջ են:
Ծագումով գյումրեցի, ամերիկաբնակ բանաստեղծ Գարուշ Հարյանցի «Ես քո կոկոնն եմ» բանաստեղծության հիման վրա ստեղծվել է մեղեդային հրաշալի մի երգ, որը, կարծում եմ կհասցնեմ ընդգրկել իմ ալբոմում: ՈՒզում եմ, նշել, որ Հարյանցը մեր ժամանակակից պոեզիայի ամենահզոր ներկայացուցիչներից է:
Մյուս երգս ծնվել է ավստրալացի պոետ Ռիչարդ Մորիսի «Ինչքան ժամանակ» բանաստեղծության տողերով: Այդ գործը «Գաֆէսճեանում» կատարել եմ, ալբոմում էլ կզետեղվի: Իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը` Նադյան, բանաստեղծուհի է, անձնապես չեմ ճանաչում: ՈՒղարկեց կիթառի մասին գրված իր բանաստեղծությունը: Երբ նրան ասացի, որ կարծես թե երգ է դառնալու, խոստովանեց, որ դրա համար է ուղարկել, բայց չի համարձակվել ասել այդ մասին:
Այ, այսպիսի պատմություններ: Ես կարդում եմ տեքստը, մեղեդին բառերի հետ ծնվում է: Բառն է հուշում, հետաքրքիր է: Իսկ երգն անընդհատ չի ծնվում:
-Ռուբեն Հախվերդյանն ասում էր, որ իր երգերը շատ դանդաղ են գրվում, անգամ երգեր կան, որ գրել է 10-11 տարում:
-Շատ հնարավոր է, «Ռեքվիեմի» վրա 20 տարի եմ աշխատել: Չի հնչել դեռ: Դաշնամուրային գործ է լինելու, ներառվելու է նաև իմ ալբոմում, կկատարի հավանաբար Արտակ Հակոբյանը: 3-րդ մասը վերջերս եմ գրել:
-Երբեմն ասում են` երգը սիրում ենք, հեղինակին` ոչ: Խոսքը հեղինակ- կատարողների մասին է: Ինձ թվում է, չեն կարող առանձնանալ երգն ու հեղինակը:
-Իհարկե, երբ երգը սիրում ես, կատարողին էլ ես սիրում: Ամեն դեպքում, հանդիսատեսը սիրում է, երբ անկեղծ ես, երբ չես խաբում, չես վիրավորում իրեն:
-Համացանցում տեղադրված Ձեր երգերը դիտումների մեծ քանակ են ապահովում: Չե՞ք կարծում, որ դիտորդների շրջանում մեծ թիվ են կազմում նաև երիտասարդները:
-Կարծում եմ, հիմնականում ավագ սերունդն է ինձ լսում: Երիտասարդները «խուճուճ» երգեր են լսում, ինչո՞ւ պիտի Մարիետա Բադալյան փնտրեն, լսեն:
-Կարո՞ղ եք հիշել մի հետաքրքիր դեպք Ձեզ սիրող հանդիսատեսի մասին` որպես մեր զրույցի ամփոփում:
-Շատ դեպքեր են եղել, ես համերգներիս ընթացքում հաճախ պատմում եմ երգերի հետ կապված պատմությունները: Գրողների տանը միջոցառում էր: Ներկա էին Վահագն Դավթյանը, Վարդգես Պետրոսյանը, Սիլվա Կապուտիկյանը և այլք:
«Գարուն» երգը կատարելու ժամանակ Վարդգես Պետրոսյանն ասաց. «Ախր շատ լավ ա երգում…»: Իրենք բեմի վրա էին: Շրջվեցի, նայեցի իրեն ու երգի բառերը մոռացա: Դահլիճը սպասում է, ես էլ նայում եմ դահլիճին, միտքս չէին գալիս տողերը, որ երգս շարունակեմ: ՈՒ ինչ եղավ, Տերյանի անվան դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհին` Նինան, առաջին շարքում նստած էր, նա հուշեց` «Մի նոր հուզում է սիրտս մրրկում»: Նման ծափողջույններ որևէ համերգի ընթացքում չէի ստացել, ինչպես այդ օրը:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ