Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնը ինձ չի թողել...
Խ. Աբրահամյան
Խորեն Աբրահամյանը բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում և կինոյում: ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր: Միակն էր ԽՍՀՄ դերասաններից, որ համամիութենական կինոփառատոներում երեք անգամ արժանացել է տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակներին:
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ»), Ռոստոմ («Տերը»), Պավլե («Մենք ենք, մեր սարերը»), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա»), Սիսակյան («Ապրեցեք երկար») և այլն։ Նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»։
Հայտնի էր նաև որպես ասմունքող:
Ասում են, որ Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Այն մեծ ընդունելություն է ունեցել, գրեթե բոլորը երգում էին Աբրահամյան-Վարունցի երգերը, որոնց հեղինակը Առնո Բաբաջանյանն է: