«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»

«Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ»
21.03.2013 | 18:47

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Առաջին անգամ այն նշվել է Փարիզում: Տոնի հիմնական նպատակը պոեզիայի քարոզչությունն է, ինչին արդեն երեք տարի է` մասնակցում է նաև մեր երկիրը:

Հիշեցնենք, որ Երևանում (ապրիլի 15-21-ին) առաջին անգամ կանցկացվի պոեզիայի միջազգային փառատոն, որի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն նշանավոր գրողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` երկու գրող Թուրքիայից` Արթուր Բարամօղլուն և ազգությամբ քուրդ Իրֆան Բաբաօղլուն:
Փառատոնին մասնակցող գրողների շուրջ 100 ստեղծագործություն կամփոփվի անգլերեն և հայերեն զուգադիր թարգմանությամբ գրքում, ուր տեղ կգտնեն նաև Արցախի և սփյուռքի հեղինակների ստեղծագործությունները:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում բացվելու է պոեզիայի պուրակ: Գրական այս նոր հարթակի համար գրողները նախընտրում են Մաշտոցի պողոտային հարող պուրակը:
«Մենք ապրում ենք մի երկրում, ուր պոեզիայի համար պայքարող ճիշտ այնքան մարդ կա, ինչքան բնության համար,- մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԸ:- Բնապահպանների և պոեզիա սիրողների թիվը զարմանալիորեն համընկնում է և` ոչ լավ առումով. մենք քիչ ենք, բայց որակով, ասածս թող մեծամտություն չդիտվի, պոեզիան արձակի պես ամեն քիմքի համար չէ: Պատահական չէ, որ հրատարակիչներն էլ խուսափում են պոեզիա տպագրելուց` համարելով այն ոչ շահավետ, այդպես էլ ծառերի ու անտառների փոխարեն նախընտրությունը տրվում է շահավետ հանքերին և վնասաբեր միջավայրին: Իսկ մարդուն հարկավոր է բնություն ու պոեզիա, ուստի պոեզիայի պուրակի գաղափարը ես համարում եմ փոքրիկ ժեստ, ընդառաջ քայլ դեպի մարդը»:
Հասմիկ Սիմոնյանը հավելեց նաև, որ կուզենար` ծառերը խնամվեն ոչ ավելի վատ, քան բանաստեղծները, որովհետև երկուսն էլ կարող են աճել միայն հոգատար խնամքի դեպքում:
«Զարմանալի չէ, որ տնտեսապես առողջ երկրներում է ստեղծվում լավ պոեզիա, և լավ բանաստեղծությունն է հիմք դառնում ամուր պետության համար,- ասաց նա:- Հեշտ չէ բանաստեղծների հետ, բայց առանց բանաստեղծների էլ այն չէ, ինչպես իմ սիրած բանաստեղծներից մեկն է գրել.
Դժվար է քեզ հետ
և անտանելի առանց քեզ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ