«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նկարիչ-լրագրողի ցուցահանդեսը

Նկարիչ-լրագրողի ցուցահանդեսը
22.02.2013 | 17:07

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ նկարիչ-լրագրող ՑՈԼԱԿ ԿԱՆԹԵՂԻ (Ղանդիլյան) նկարազարդած գրքերի ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի 70-ամյակին:

Ցոլակ Կանթեղը նկարազարդել է 500-ից ավելի գրքեր՝ բանաստեղծական, արձակ, մանկական, երգիծական:
Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան», «Ոզնի», «Կանչ» (նախկինում` «Պիոներ կանչ») և այլ պարբերականներին:
«Հիմա գրքերը վայրկյանական են տպագրում, ձևավորում են համակարգչով, շաբլոն ձևերով, բայց շունչը, հոգին, համուհոտը կորել են: Ժամանակին մենք անգամ տառերն էինք գրում ձեռքով»,-մեզ հետ զրույցում ասաց հոբելյարը, նշելով, որ այսօր արդեն նկարազարդված գրքեր հազվադեպ են հրատարակվում:
ՈՒշագրավ են Ցոլակ Կանթեղի խաղ-գրքերը, որտեղ մեր անվանի գրողները (Իսահակյանը, Շիրազը, Սևակը, Չարենցը և այլք) ներկայացվում են խաղերի միջոցով՝: Այդ ժողովածուներն ընդգրկում են խաչբառեր, բառաշղթաներ, գաղտնագրեր, գաղտնանկարներ, գլուխկոտրուկներ, թվաբանական խնդիրներ:
Բանաստեղծ, մանկագիր ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ կարծիքով` խաղերի միջոցով պետք է ներկայացնել նաև Ղազարոս Աղայանին. դա բացթողում է, որ պետք է լրացվի: «Աղայանը հեքիաթների, բանաստեղծությունների, պատմվածքների հեղինակ է, ուշագրավ թարգմանություններ ունի՝ «Ոսկե ձկնիկը», «Գառն ու Գայլը», «Էշն ու սոխակը» և այլն,- ասաց նա:- Խաղ-գրքերը մեծ պահանջարկ ունեն գրադարաններում: Թումանյանն ասում է՝ «Խաղը երեխայի էությունն է», ինչը տեսնում ենք Ցոլակի ձևավորումների մեջ»:
Ի դեպ, Ցոլակ Կանթեղի թոռնիկը նույնպես նկարում է, և ինչպես վկայեց պապիկը, նվերներից նախընտրում է վրձինը, մատիտը, ջրաներկը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ