ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ջութակի հոգին

Ջութակի հոգին
16.11.2012 | 11:52

ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժան Տեր-Մերկերյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հաճելի անակնկալ էր «Ջութակի հոգին, Ժան Տեր-Մերկերյան» գիրքը, որը պատմում է մեծ ջութակահարի կյանքի և կատարողական արվեստի, նրա նվաճումների, ժամանակակիցների հիացական գնահատականների մասին։

Տեղ են գտել նաև Երևանում, Մոսկվայում և աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված բազմաթիվ հոդվածներ` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, համերգային հայտագրեր, բացառիկ լուսանկարներ, արվեստի մասին Ժանի խոհերը։ Գիրքը զարդարում են Ժանի ընկերների` Մինասի, Ռուդոլֆ Խաչատրյանի վրձնած` ջութակահարի դիմանկարները, ինչպես նաև Ժանի արարած բնապատկերը և, անշուշտ, ձայնասկավառակը։ Վերջինիս վրա ձայնագրված են Բրամսի, Սիբելիուսի, Արամ Խաչատրյանի կոնցերտների մասերը, Սարասատեի, Պրոկոֆևի, Սիրիլ Սքոտի երկերը, Կոմիտասի «Քելեր, ցոլեր» և «Ախ, մարալ ջան» երգերի մշակումները ջութակի և դաշնամուրի համար։ Սա առավել ևս արժեքավոր է, քանզի Ժանը կենդանի, անմիջական նվագի, հավերժ պրպտումների և ձեռք բերածի վրա չհանգրվանելու ջատագով է, ուստի չի ձգտում ձայնագրությամբ արձանագրել, «քարացնել» նվագը։ Եվ ինչ էլ պահպանվել է, մեզ է հասել շնորհիվ ջութակահարի բարեկամների, հատկապես արվեստաբան Շահեն Խաչատրյանի ջանքերի։ Եվ նրանց խնդրանքով է արվեստագետ Էմանուել Մանուկյանը հավաքել, խմբագրել և մեկ գրքով ներկայացրել հիշյալ պահպանված նյութերը։
Գիրքը հիմնված է ջութակահար Գուրգեն Գևորգյանի ծավալուն հոդվածի վրա։
Այժմ այդ մենագրություններից ներկայացնենք մի քանի մեջբերում, որոնք փոքր-ինչ պատկերացում կտան Ժան Տեր-Մերկերյանի ստեղծագործական կերպարի և գործունեության մասին։ «Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի Մերկեր գյուղի վանքում ծառայել է նվիրյալ մի կրոնական` ճանաչված իբրև Տեր-Մերկեր։ Նրա թոռը` Գրիգորը, ապրել է Պիլեճիկում և ունեցել է չորս որդի, անվանելով Մերկեր, Թորոս, Հովհաննես և Երվանդ։ Տեր-Մերկերյան ազգանվամբ եղբայրներին իրենց հայրը և մայրը` Հյուսնիկը, տանում են Բուլղարիա, որտեղից մեկնել ու հաստատվել են Մարսելում։ 1944-ին Հովհաննեսի զավակը` Մորիսը, հերոսաբար զոհվում է Ֆրանսիայի ազատագրման պայքարում, և ներկայումս մարսելյան մի փողոց կրում է նրա անունը։ Իր փոքր եղբայրը` Ռոբերտը, 1970-ականներին Էքս-Մարսելի համալսարանում ստեղծում է հայոց լեզվի և պատմության մինչ օրս գործող ամբիոն։ Հայրենասիրական մղումներով ապրող Տեր-Մերկերյան ընտանիքները 1947-ին ներգաղթում են Խորհրդային Հայաստան։ Կրտսերը` Երվանդը, ջութակահար և մանկավարժ, Երևանում աշխատել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում, որտեղ մտերմացել է նույն նվագախմբի առաջատար ջութակահար, երաժշտագետ Գուրգեն Գևորգյանի հետ։
Երվանդի որդու` պատանի ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի երևանյան ելույթները, ինչպես և միջազգային մրցույթներում նվաճած բարձր մրցանակները ոգևորում են Գ. Գևորգյանին, և նա 1975-ին գրում է ներկա աշխատությունը, որն ահա տպագրվում է առաջին անգամ» («Ժան Տեր-Մերկերյան», կազմ.` Է. Մանուկյան, Շ. Խաչատրյան, Եր., 2012, էջ 5)։
«Երկու տարի հորն աշակերտելուց հետո Ժանն ընդունվում է Մարսելի կոնսերվատորիա, Գաբրիել Ռեյի ջութակի դասարանը։ Պրոֆեսորը բարձր է գնահատել Տեր-Մերկերյանի շնորհքը և կանխագուշակել փայլուն ապագա (էջ 6)։ …Փոքրիկ Ժան Տեր-Մերկերյանը` հազիվ տասը տարեկան (Գաբրիել Ռեյի աշակերտը), շահեց առաջին մրցանակը։ Պագանինիի կոնցերտի առաջին իսկ տակտից սքանչելիորեն օժտված այս երեխան ունկնդիրներին համոզեց, որ իր տաղանդը շատ ավելի բարձր է, քան իր հասակը։ Արդարև, երիտասարդ վիրտուոզի զորեղ և ճշգրիտ շտրիխներն ապացույց են այնպիսի վաղահաս զարգացման, որը կարելի է հրաշք անվանել (էջ 10)։ …Փայլուն ավարտելով երաժշտական դպրոցը, Ժանն ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, շարունակելով ուսումնառությունը Կ. Ս. Դոմբաևի դասարանում (էջ 17)։ …Չորսամյա համառ, մանրակրկիտ մշակումներից հետո Դոմբաևը Տեր-Մերկերյանին ներկայացրեց Դավիթ Օյստրախին... Ժանը միութենական հանձնաժողովի կողմից առաջադրվեց մասնակցելու 1956 թ. Պրահայում կայանալիք միջազգային մրցույթին... Պրահայի մրցույթը նրան բերեց համընդհանուր ճանաչում (էջ 17, 19)։ …1958 թ. Տեր-Մերկերյանը մասնակցեց Չայկովսկու անվան միջազգային առաջին մրցույթին... Առաջին և երկրորդ աստիճանի պատվավոր դիպլոմներով հանձնաժողովը նշեց մի շարք շնորհալի երաժիշտների։ Նրանց մեջ Ժան Տեր-Մերկերյանն էր... Կարելի է ուրախանալ, որ Հայաստանը տվել է այդքան շնորհալի կատարողի» (էջ 20, 22, Դ. Օյստրախ)։
«1961 թ. Տեր-Մերկերյանին սպասում էր լուրջ փորձություն։ Դա Մ. Լոնգի և Ժ. Տիբոյի անվան միջազգային մրցույթն էր Փարիզում... Հանձնաժողովը միաձայն որոշեց Տեր-Մերկերյանին շնորհել առաջին մեծ մրցանակը... Լեոնիդ Կոգանը, շնորհավորելով Ժանին, ասել է. «Դուք միանգամայն արժանի էիք Ձեր հաղթանակին» (էջ 28, 35)։
Ահա թե ինչ է ասել Ջինո Ֆրանչեսկատտին. «Ես հիացած եմ հիանալի ջութակահար Ժան Տեր-Մերկերյանով։ Նրա մեղեդայնությունը և երաժշտականությունը կատարյալ են։ Նա մեծ արտիստ է» (էջ 162)։ «Ժանի փարիզյան մրցույթի «Գրան պրիի» առիթով Դ. Օյստրախը Դոմբաևին գրել է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ժանի հաղթանակի առթիվ։ Շատ ուրախալի է, որ Ձեր մեծ աշխատանքն իզուր չանցավ, իսկ ինձ հաճելի է, որ գնահատելով նրա օժտվածությունը, չսխալվեցի, և որ Մոսկվայում անցկացրած նրա տարիները անհետ չանցան» (էջ 138)։
«1975 թ. «The Boston globs» թերթը հունիսի 13-ի համարում գրել է. «Երեկ Պոպսում տեղի ունեցավ հայկական կուլտուրայի բարեկամների ընկերության երեկոն։ Գլխավոր իրադարձությունը խորհրդային ջութակահար Ժ. Տեր-Մերկերյանի ելույթն էր։ Այս տաղանդը բարձր է սովորականից, ինչը և հաստատվեց» (էջ 65)։
«Երևանի կոնսերվատորիայի սան (պրոֆ. Դոմբաևի դասարան), Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ (պրոֆ. Դ. Օյստրախի դասարան) Տեր-Մերկերյանը, բացի տեխնիկական կատարելությունից, ժառանգել է հատուկ ինտելիգենտություն, որը բնորոշ էր հին դպրոցի վարպետներին» (Ս. Սարգսյան, արվեստագիտության դոկտոր, էջ 112)։
«Նրա արվեստն անցյալի և ներկայիս մշակույթի յուրովի մի փոխկանչ է։ Նրա քնարի բազմերանգ լարերն արձագանքում են Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Կոմիտասին, Խաչատրյանին։ Հնչում է մի ամբողջ քաղաքակրթություն։ Ջութակահարի իր հաղթարշավը Ժանն սկսել է որպես հրաշամանուկ և ամբողջ կյանքում պահպանել հանճարին բնորոշ մանկական անմիջականությունն ու հրաշագործելու շնորհը... Միջազգային մրցույթների մեր առաջին դափնեկիրը վերջինն է «մոհիկաններից», քանզի արվեստագետի այս տեսակը մեր աչքերի առջև դառնում է պատմություն, լեգենդ» (էջ 103-104, Դանիել Երաժիշտ)։
«Ժան-մանկավարժը հավասարազոր է Ժան-ջութակահարին... Նրա սանուհի Սաթենիկ Կուրդոյանը հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի անվան երևանյան միջազգային մրցույթում։ Բրյուսելում Ելիզավետա թագուհու անվան մրցույթում փայլուն ելույթ ունեցած Սերգեյ Խաչատրյանը նույնպես դասեր է վերցրել Ժանից» (էջ 162)։
«Պատահական չէ, որ իր յոթանասնամյա հոբելյանը Ժանը դիմավորել է հենց Հայաստանում։ Վիթխարի հաջողությամբ անցած համերգը ոչ միայն ունկնդրի երախտագիտությունն առաջացրեց, այլև տառացիորեն հարուցեց մամուլի արձագանքների փոթորիկ։ Թվում է, թե չկար մի թերթ, որ այդ օրերին չգրեր Ժանի մասին։ Կցանկանայի մեջբերել Դանիել Երաժշտի խոսքերը. «Մոսկովյան ջութակի դպրոցի ամուր վեմի վրա խարսխված միջերկրածովածին արվեստի նրբագեղությունը և արարատյան աշխարհի մեծափառությունը` ահա սա է Ժան Տեր-Մերկերյանի արվեստի անկրկնելիությունը» (էջ 164, Շահեն Խաչատրյան)։ «Այսօր էլ, իր 75-ամյակի օրերին, Ժանը հաստատում է երաժշտության և գեղեցիկի, զգացմունքի կուլտուրան և նրբագեղ ճաշակի գերակայությունը հանդեպ գորշության և ունայն առօրեականության» (էջ 140, պրոֆ. Արմեն Բուդաղյան)։
Ժան Տեր-Մերկերյանին նվիրված «Ջութակի հոգին» գիրքն ավարտվում է Շահեն Խաչատրյանի բովանդակալից հոդվածով, որի վերջաբանով ավարտենք և մեր այս գրախոսականը.
«Մեր կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Շամշյանն օրվա ավարտին հաճախ լսում էր իր` ջութակի փոխադրած Կոմիտասի «Ախ, մարալ ջան» երգը Ժանի կատարմամբ։ Նրա նվագով միշտ սքանչացող պրոֆեսորը մի առիթով ասաց. «Ինձ համար «Մարալ ջանը» հենց ինքը Ժանն է, իր ջութակի հոգին»։


Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ