ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ արժե մեկ հայը...

Ի՞նչ արժե մեկ հայը...
28.07.2009 | 00:00

«ՈՐՔԱՆ ԻՐԵՐԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ, ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է», ԿԱՄ...
Չարաբաստիկ տնտեսական ճգնաժամի «մետաստազները» տարածվել են հասարակության կյանքի ամենատարբեր ոլորտներում, ներխուժել են նույնիսկ երազների մեջ։ Վերջերս երազում տեսա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ասացի. «Պարոն նախագահ, նախքան ընտրությունները Դուք խոստացել էիք գործածել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, սակայն չկատարեցիք Ձեր խոստումը։ Եթե այդպես վարվեր Եգիպտոսի ղեկավար Մուբարաքը, թերևս, կարելի էր հասկանալ, բայց չէ՞ որ Դուք գերտերության ղեկավար եք, չէ՞ որ աշխարհը Ձեզ է նայում»։ Բարաքն ուշադիր լսեց, մտածեց ու պատասխանեց. «Եղբայր, գնա՜, երբ որ Հայաստանի ղեկավարները ժողովրդին տված իրենց խոստումները կկատարեն, կգաս, կխոսենք»։ Կարծես գլխիս սառը ջուր լցրին։ Ամոթից արթնացա։ ՈՒրախացա, որ երազ էր, բայց ջուրն իսկական էր։ Պարզվեց, որ մեր վերևի հարևանի փտած խողովակներից ջուրը թափվել էր և թրջել ամբողջ անկողինս։ Եվ ջրում են հարգելի պատճառով։ Բանն այն է, հարևանս աշխատանք փնտրելու նպատակով մեկնել էր խոպան։ Աշխատավարձի հարցում խաբել էին, տարել-բերել, և նա ինֆարկտից վախճանվել էր։ Մեծ դժվարությամբ դիակը տեղափոխեցին և մայր հողին հանձնեցին։ Ընտանիքն էլ լքեց Հայաստանը, և հիմա նրանց բնակարանում վարձով են ապրում։ Սրանք էլ հակառակն են։ Տանտերը խոպանում շինարար էր, պատից ընկել ու ողնաշարն էր ջարդել։ Եվ որպեսզի բուժման ծախսերը փակի, իր սեփական տունն էր վաճառել ու հիմա վարձով է ապրում։ Հաշմանդամ` սայլակով, բայց երեխաներն ուրախացել են, քանի որ «հայրիկն այլևս խոպան չի գնա»։
Այսպես, այդ տնվորները փող չունեն վարձը, սնունդը հոգալու, ուր մնաց «ուրիշի» խողովակները նորոգելու։ Այսպիսի խնամքով եթե ջրեին մեր գյուղերի պապակ հողերը, կարգին բերք կունենայինք։
Տեսնո՞ւմ եք ճգնաժամի ճիրաններն ուր են հասել։ Բայց հայերս «իմունիտետ» ունենք, քանզի մեր պատմությունը ոտից գլուխ ճգնաժամ է։ Ժամանակին մի դեպք էին պատմում։ Լենինգրադում մսի մեծ հերթ էր, մի տարեց կին վրդովվում էր։ Մի երիտասարդ որոշեց մխիթարել. «Տատիկ ջան, շուտով կոմունիզմ կլինի, ամեն ինչ առատ կլինի»։ Տատիկը զայրացավ. «Դու քո կոմունիզմով ինձ մի վախեցրու, ես շրջափակման դժոխքը վերապրած մարդ եմ»... Այո, հայերիս էլ չես վախեցնի։
Այսօր մեր ներքին, տեղական արտադրության այնպիսի ճգնաժամ ունենք, որ դրսից բեմադրած ճգնաժամը չնչին բան է։ Մի դեպք ևս։ Երկու մարդ ծովում լողում են, հանկարծ անձրև է սկսվում, և որպեսզի չթրջվեն, մեկը սուզվում է ջրի տակ։ Ահա ներքին և արտաքին ճգնաժամերի պատկերը։
Մեծն Նժդեհի «իրարակերություն» խոսքը լավագույնս բնորոշում է մեր ներկայիս կացությունը` սկսած ստեղծագործական միություններից մինչև կուսակցությունների հակամարտությունը։ Դերասան Պետրոս Ադամյանն ասում էր, թե «ամեն Աբել իր Կայենն ունի միշտ»։ Հիրավի, ամեն Մոցարտ իրեն թունավորող Սալիերին ունի։ Սայաթ-Նովան էլ ողբում էր. «Զորն անզորին կիրիլ է»։ Նույն բևեռացումն է և մշակույթում, արվեստում։ Մի կողմում կենդանի դասականներն են, մյուսում` դասական կենդանիները, որոնք «ուտում» են կենդանի դասականներին։ Մեր հասարակությունը շարունակում է նմանվել լարից ընկած դաշնամուրի, որտեղ ամեն ինչ քաղաքականացված և առևտրականացված է, նույնիսկ երաժշտությունը։ Շոու-բիզնեսում, և առհասարակ, եթերայինը վերածեցին մթերայինի, երաժշտությունը դարձրին ապրանք։ Ինչո՞ւ են կեղծում, շատացնում սնունդը, դեղերը. որպեսզի առավել շահույթ ստանան։ Նույնը և հոգևոր սնունդը` երաժշտությունը։ Այսօր եկամտաբեր են արագ թխված, ամբոխի ախորժակով` «բիստրո» ուտելիքների պես ներկրվող, մեխանիկորեն կիրառվող մարմնապաշտպանական, հայհոյախառն երգերը։ Դրանք ներխուժում են մատաղ սերնդի հոգին, այսպես ասած, գաղտնի դռնով, այն է` սեռական բնազդի միջոցով։ Ժամանակին մեծն Հենդելն ասել է. «Եթե ես իմանամ, որ իմ երաժշտությունը միայն հաճույք է պատճառում, ես կդադարեմ ստեղծագործելուց։ Իմ նպատակն է կատարելագործել մարդուն»։ Իսկ այսօր միայն կասկածելի շուրջօրյա հաճույքների հետևից են ընկել։ Հատկապես հարգի է խղճի ձայնը խլացնող «պոռնոերաժշտությունը»: Գոնե ներմուծեին որակյալը` չարիքի փոքրագույնը, այլ ոչ թափոնները (հակամշակույթը, չարվեստը)։ Աշխարհում չկա մի ժողովուրդ, որը, ունենալով մերի պես փառահեղ մշակույթ, որից մեծապես օգտվել են այլ ազգերը, բավարարվեր ուրիշի մնացորդներով։ Այսպիսով, հայ լինելու ախորժակը վերացնում են։ Այդպես էլ չտեսած ազգայինի քաղցրությունը, մատաղ սերնդի «ենիչերիներին» պատվաստում են խորթը, որն էլ դառնում է նրանց ապրելակերպը։ Ասում են` չեն թողնում, որ գործարարների միջին խավ ձևավորվի։ Բայց վաղուց ձևավորվել է մի «ուրախ խավ»։ Ովքե՞ր են։ Կրկին դիմենք հումորին։ Հայրը վրդովվում է. «Ա՛յ տղա, էս ո՞նց ես սովորում։ Թվաբանությունից անբավարար գնահատական ունես, հայոց լեզվից, ֆիզիկայից..., միայն երգեցողությունդ է գերազանց։ Էսքանից հետո բերանդ բացում ես ու երգո՞ւմ»։ Այսօր ով ասես, որ չի երգում, ինչ ասես, որ չեն երգում։ Թվում է, թե ոչ մի ճգնաժամ էլ չկա։ Ըստ Կոմիտասի` «Երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին»։ ՈՒստի պետությունն այն պետք է դիտի որպես ազգային անվտանգության խնդիր, և չպետք է թույլ տա, որ ծռեն, կեղտոտեն այդ «հայելին»։ Մինչդեռ վերջերս լծակավոր պաշտոնյաներից մեկը կշտամբում էր ազգային, հոգևոր երգերը, ասելով. «Մեզ պետք չեն ձեր հոգնած երգերը»։ ՈՒմի՞ց են հոգնել, իրենց պապերի՞ց, թե՞ հայ լինելուց (որպիսին երբեք չեն եղել)։ Իսկ մեկ այլ երևելի լծակավոր, բաժակը ձեռքին, հպարտանում էր. «Ես, որ կյանքում ոչ մի գիրք չեմ կարդացել, պակա՞ս տղա եմ»... Այլևս զարմանալի չէ մեկ այլ դեպք։ Մի գյուղում համերգի ժամանակ դիրիժորը խնդրեց գյուղապետին, որ չաղմկեն. «Չէ՞ որ մեր պապերի երգերն են կատարում»։ Գյուղապետը կարգի հրավիրեց. «Ա՛յ ժողովուրդ, սո՛ւս կացեք, տեսնենք էս զուլումը երբ ա պրծնում»...
Ինչ տխուր է, երբ Թուրքիայի ղեկավարն աշխարհին ազգային արժանապատվության դասեր է տալիս։ Վերջերս Չինաստանում ույղուրների անկարգությունները, անջատողական կրքերը պաշտպանելով` նա անթաքույց հայտարարեց, թե ույղուրների շրջանն իրենց նախահայրենիքն է, իսկ մերոնք «ամաչում» են խոսել մեր իսկական հայրենիքի մասին, եղածն էլ թույլ են տալիս խարխլել։ Եվ տարբեր «ճգնաժամեր» մեր «տրոյական ձիերին» բարձած` ներկրում են Հայաստան։ Չարը չունի ո՛չ սահման, ո՛չ էլ ազգություն։ Եթե պետությունն այս ամենը տեսնում է, ուզում է կանխել, բայց չի կարող, ուրեմն թույլ է, իսկ եթե կարող է, բայց չի ուզում, ուրեմն բարի չէ, իսկ եթե չի տեսնում, չի կարող և չի ուզում, ուրեմն... Ափսոս... Օրինակ, Իսրայելում տարիներ շարունակ արգելված էր նույնիսկ հանճարեղ Վագների երաժշտությունը։ Այն պատճառով, որ նրա երաժշտությունը Հիտլերը պաշտում էր։ Իսկ մեզանում գրկաբաց են ընդունում և տարածում թուրքերի և այլ հակաերաժշտություն։ Պատահել է նույնիսկ, որ ապրիլի 24-ին դեպի Ցեղասպանության հուշարձանը տանող միկրոավտոբուսի վարորդը բարձրագոչ լսում էր Տարկանի երգը։ Սա նման է դահճի աջը համբուրելուն։ Ահա սրա և նման այլ արատների պատճառով է, որ որքան էլ մեր երեխաները մանկապարտեզում ազգային տարազով երգեն, պարեն, ազգային խաղեր խաղան, լավաշ թխեն, հենց մեծանում են, միևնույն է, գերադասում են պիցան և պորտերը բաց ման գալ (մեր փոշոտ քաղաքում), աղավաղել մայրենի լեզուն։
Որքան էլ հաճախ են լինում ժողովրդական, դասական արվեստի փառատոներ, միևնույն է, դրանք նմանվում են տոնական տորթի, այլ ոչ հանապազորդ հացի, չեն դառնում ապրելակերպ։ Գերիշխողը մնում է չարվեստը։ Նժդեհն ասում էր. «Մեռցրէք մուզիկան ու պօէզիան, եւ մեր աշխարհը կդառնայ խոզանոց» (Գարեգին Նժդեհ, Ասույթներ, Եր., 2002, էջ 14)։ Ով կսպասեր, որ երաժշտությունը, որ կոչված է ազնվացնելու, ազատագրելու, սրբացնելու մարդուն, այսօր կվերածեն մարդուն իշխելու, ստրկացնելու, այլասերելու, բռնության գործիքի:
Մեզանում շատ են խոսում կյանքի որակի մասին, մինչդեռ կյանքի տևողությունն էլ է կարևոր։ Ինչպես փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնն էր ասում. «Կյանքի տևողությունը մի առավելություն ունի, որ հասցնում ես գիտակցել սխալներդ ու ժամանակ ես ունենում զղջալու և ուղղելու»։ Կյանքի որակը հորջորջողները նկատի ունեն «Ջիպ»-երի քանակը Երևանում, մեծահարուստներին նույնացնում են ժողովրդի հետ։ Տեղին է հիշել վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինին, որն աղքատության մեջ հայտնված ժողովրդին մխիթարում էր. «Մեր ժողովուրդը կապրի վատ, բայց կարճ»։ Թարգմանենք. «Առաջիկա դժվարություններից մի հուսահատվեք, մի քիչ վատ կապրենք, բայց դա կարճ կտևի, հետո կքաղենք համբերության պտուղները»։ Իսկ Ժվանեցկին ավելի դիպուկ էր ասում. «Թունելի վերջում լույս է երևում, բայց էդ անտեր թունելը երբեք չի վերջանում»: Եվ այդ խավարից էլ են արծաթասերները շահույթ ստանում։ Առիթից օգտվելով` գները բարձրացնում են, քաջ գիտակցելով, «որ որքան իրերը թանկանում են, այնքան մարդն էժանանում է» (Լ. Անդրեև)։ Իսկ Էժան մարդկանցով հայրենիք, պետություն չես պահի։ Հայաստանի ի՞նչը պիտի պաշտպանեն: Նախանձախնդիր մուսուլմանները հայտարարում են. «Մեկ մուսուլմանն աշխարհ արժե»։ Իսկ ի՞նչ կարժենա մեկ հայը... Մի ընտրատարածքում բնակիչները խնդրել էին պատգամավորին միջոցներ ձեռք առնել վտանգազերծելու թափառող շներին։ Ժողովրդի ընտրյալը կատակել էր. «Յուրաքանչյուր շան համար ապահովել 25 ձայն»: Պատերազմի մասին Սպրինգֆիլդն ասում էր, թե այն մի վարագույր է, որը քողարկում է այնպիսի հանցանքներ, որ այլ պայմաններում դրանք անհնարին կլիներ գործել։ Այսօր էլ պատերազմը շարունակվում է` տնտեսական, բարոյական և այլ դրսևորումներով։ Թվում է` ճգնաժամը կսթափեցներ այս աշխարհի զորեղներին։ Սակայն դրանք վարվում են այն մուսուլման կնոջ պես, որի նորածին երեխան գրկից ընկել էր ցեխի մեջ, իսկ նա թողել գնացել էր, ասելով. «Ոչինչ, նորը կծնեմ»։ Այսօր լծակավորներն էլ ասում են. «Ոչինչ, նորից կթալանենք»։
Այնպես որ, «քեֆ անողին քեֆ չի պակսի»։ Սակայն եթե մեր «քեֆչիները» դրսևորեն քաղաքական, խոհարարական, հոգևոր կամք և գեթ մեկ անգամ Մեծ պահք պահեն, և՛ իրենք կառողջանան, և՛ Հայաստանում աղքատությունը կվերանար:
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 4099

Մեկնաբանություններ