ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՈՍ

ԱՄՈՍ
20.11.2009 | 00:00

Դրա համար աղքատներին նեղելով
և նրանցից ընտրությամբ կաշառք առնելով`
շքեղազարդ ապարանքներ պիտի շինեք,
բայց չեք բնակվի նրանց մեջ,
գեղեցիկ այգիներ պիտի տնկեք,
սակայն նրանց գինին չեք խմի,
քանի որ Ես իմացա ձեր բազում ամբարշտությունները,
և սարսափելի են ձեր մեղքերը։
Բարի՛ն փնտրեցեք և ոչ թե չարը,
որպեսզի ապրեք,
և ձեզ հետ կլինի Ամենակալ Տեր Աստվածը (Ամոս 5.11,12,14)։

ՄԱՐԳԱՐԵՆ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ
Ամոսը հնագույն մարգարեն է, որի գործերն ու խոսքերը առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Նրանից առաջ Իսրայելում ասպարեզ էին իջել ուրիշ մարգարեներ, որոնց անունները հիշատակված են «Թագավորությունների» չորս գրքերում: Սակայն Ամոսը նոր՝ մարգարեների այն սերնդի առաջին ներկայացուցիչն է, որոնց սովորաբար անվանում են «մատենագիր՝ հեղինակ մարգարեներ», քանզի Սուրբ Գիրքը նրանց անունները կրող գրվածքներում պահպանեց նրանց միջամտությունների անմիջական արձագանքը:
Նա ասպարեզ է եկել ութերորդ դարի երկրորդ քառորդում, երբ Իսրայելում Հերոբովամ Երկրորդի թագավորությունը մեծ հռչակ էր վայելում (ն. Ք. 787-747 թթ.), և Հուդայի՝ Հրեաստանի Օզիա թագավորի օրոք (781-740 թթ.), ինչպես գրված է գրքի մակագրի մեջ (Ա 1): Ամոսն Օսեեին նախորդում է մոտավորապես տասը տարով:
Հյուսիսի տասը ցեղերի թագավորությունը քաղաքական բնագավառում խաղաղ օրեր էր վայելում, որը հետևանք էր նախ և առաջ արևելքից ասորեստանյան զավթողական ընդարձակմանը զոհ գնացած հարևան Ասորիքի կործանման: Հերոբովամը վերադարձնում է այն հողերը, որտեղ բնակվում էին Իսրայելի ցեղերը (Դ Թագ. ԺԴ 25). այս հաղթանակները նպաստում են մեծ երազանքների երկունքին (տե՛ս Ամոս Զ 14-15): Թվում էր` հավիտենական անդորր է հաստատվել, չնայած իրականում Իսրայելի վրա ամպեր էին կուտակվում. Ասորեստանի զորքերն անշեղորեն մոտենում էին Պաղեստինին:
Տնտեսական ոլորտում, արտաքին աշխարհի հետ իրականացրած փոխանակային առևտրի շնորհիվ, երկիրը փոքր-ինչ բարգավաճեց, սակայն մեծացավ հարուստների ու աղքատների միջև ընկերային անհավասարությունը: Աչքի էր ընկնում հատկապես Սամարիան, որի կենցաղում սկսեց գերակշռել շռայլությունը, և ծաղկեց, այսպես ասած, նորահարուստների մեծամտությունը (Զ 4-5, Գ 12): ՈՒխտի ժողովրդի անդամներին իրար կապող հին համագործակցությունը փոխարինվում է հզորների կողմից կարիքավորների շահագործմամբ, որն արտոնվում էր դատարանների ապօրինի վճիռներով (Բ 6-8, Դ 1, Ե 7):
Ես պիտի պատժեմ նրանց,
քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով
և տնանկին` մի զույգ կոշիկի դիմաց (Բ 6)։
Կրոնական անդաստանում պաշտամունքը սկսում է դրսևորվել հիասքանչ արարողություններում, որոնցով ժողովուրդը պարծենում էր, բայց Ամոսը խստագույնս ձաղկում էր դրանք (Դ 4-5, Ե 4-5 և 21-27):
Ատեցի, մերժեցի ձեր տոները
և ձեր տարեկան հավաքների հոտը չեմ շնչի,
և եթե ձեր ողջակեզներն ու զոհերը մատուցեք,
չեմ ընդունի դրանք և չեմ նայի ձեր փրկության նշաններին։
Հեռացրո՛ւ Ինձնից քո երգերի ձայնը.
քո սրինգների նվագը ես չեմ լսի։
Թող հորդի իրավունքն ինչպես ջուր,
և արդարությունը` ինչպես անհուն հեղեղ (Ամոս 5. 21-24)։
Ամոսի առաքելությունն առանձնանում է «տիեզերական» բնույթով. Հուդայի թագավորության այդ հպատակը մարգարեանում է Իսրայելի համար (Է 15, Ա 1): Նրա ժամանումը հյուսիսային թագավորություն միասնության նշան է. Իսրայելը, թեպետ և քաղաքական, ինչպես նաև կրոնական առումներով պառակտված, այնուամենայնիվ, մեկ ժողովուրդ է Աստծու համար, որին Նա ընտրել է և որից պահանջելու է: Ըստ երևույթին, Ամոսը մարգարեացել է Բեթելում՝ հյուսիսային թագավորության ամենամեծ տաճարում, որը կառուցվեց երկպառակության ժամանակ՝ ի հակակշիռ Երուսաղեմի Տաճարի: Նրա միջամտությունը կատարվեց տարեկան մեծ տոներից մեկի տոնախմբման առիթով: Թվում է` վերջինիս ծիսական արարողությունների նկարագրությունը զետեղված է Դ 4-5-ում: Սակայն նրա որոշ խոսքեր վերաբերում են նաև Սամարիային. հավանաբար, դրանք նա արտասանել է այդ նույն մայրաքաղաքում (օրինակ՝ Գ 9-12 կամ Զ 1-7): Ինչևէ, Ամոսի առաքելությունը, ի տարբերություն նրան հաջորդած մեծ մարգարեների առաքելության, մի քանի ամիս տևեց: Հավանաբար այն դադարեց, երբ Բեթելի քահանան Ամոսի մասին իրազեկ դարձրեց թագավորին: Թագավորը վռնդեց մարգարեին՝ խռովություններ հուզելու համար (Է 10-17):

ՄԱՐԳԱՐԵԻ ՈՃԸ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ամոսը գյուղական ծագում ունի: Նա մտահայում է իր երկրի ու դրացի ժողովուրդների կյանքի վրա ներգործած իրադարձությունները և վաղօրոք զգում հյուսիսի հզոր պետության՝ Ասորեստանի մոտենալը, որը պիտի կործանի Սամարիան 721 կամ 722 թ.: Նա շոշափում է երկրից ու երկնքից եկող սպառնալիքները, որոնք դիտարկում է իբրև Աստծու գործ: Սխալ է կարծել, թե Ամոսը խոսքի գեղեցկությանն ուշադրություն չդարձնող քարոզիչ է. նա վարպետորեն է կիրառում իմաստախոսության նրբությունները (տե՛ս Գ 3-8, Ե 19, Զ 12), ծեսի վեհությունը (տե՛ս Ա 3-Բ 16, Դ 6-13, Ե 4-6 և 14-15), ինչպես նաև՝ փայլուն կերպով հաղորդում քնարական արվեստի բույրը (Դ 1-2, Թ 1-4), օգտագործում համահնչունությունն ու ծաղրունակ արտահայտչաձևերը (տե՛ս Գ 12, Ե 5, Ը 1): Նրա լեզուն ուշադրություն է գրավում նաև հակիրճությամբ. իր մարգարեության մասին խոսելիս նա բավարարվում է մի քանի կենդանի բառերով, ինչպես՝ որոտ, պատրանքների կործանիչ, երկրաշարժ (նրա առաքելական ծառայությունը դեռ կապված է իրադարձությունների հետ (Ա 1): Ամոսի գրական տաղանդը երևաց իր ամբողջ փայլով, որովհետև հենվում էր դրամատիկ իրավիճակի, այն է՝ Իսրայելի չապաշխարելու և Աստծու կոչերից ու հավատարմությունից խուսափելու վրա:
Աստված երևաց Ամոսին հինգ տեսիլքների միջոցով, որոնք գրքի վերջին երեք գլուխների հիմնական թեման են: Ըստ Ամոսի, որն ավանդապահ էր և անցուդարձի նկատմամբ զգոն, այս տեսիլքներն իր քարոզխոսության աստվածային թելադրանքն էին: Երբ նա բարեխոսեց իր ժողովրդի համար և երկու անգամ ներում ստացավ, Աստծուց իմացավ, որ այլևս ներում չի լինելու (Է 8), և Հակոբի տունը կործանվելու է, բայց ոչ ամբողջովին (Թ 8):
Ամոսի առաքելության թեման է Աստծու մեծությունը, իշխանությունն ու արդարությունը, սրանք տարածվում են բոլոր ազգերի վրա, որոնց գումարվում է Տիրոջ անանց բարեհաճությունը` մասնավորապես Իսրայելի ժողովրդի հանդեպ: Ամոսը հիշեցնում է օրենքի, հատկապես պաշտամունքի և աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները: Նա բարձր ու խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին և հայտարարում այն, ինչը պիտի հնչի Ավետարանում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ինձ համար արեցիք» (Մատթ. ԻԵ 40): Ամոսը նաև հիշեցնում է, որ Աստծու մոտ ընդունելի է այն պաշտամունքը, որն արտահայտվում է Աստծու սիրուն ուղղված Իսրայելի՝ խոնարհությամբ ու արդարությամբ լիալիր պատասխանով: Այս հարցում ևս Նոր Կտակարանը համահունչ է Ամոսին. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես» (Ա Կորնթ. Դ 7):
Ամոսի Աստված նախանձախնդիր Աստված է ու աննկուն սիրո տեր. հավանաբար, կարելի է խոստովանել, որ չար աշխարհի ծանրությունը մարդկանց կհեռացնի Նրանից (սա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում նրանց հետ), բայց, հավանաբար, նրանք նաև կընկրկեն մեղքի ծանրության ու մեղավորների պահանջների խենթության առջև, ովքեր ապրում են առանց Աստծու ու Նրա պատվիրաններից մեկուսի: Սա այն է, ինչ տեղի է ունենում Իսրայելի ու բոլոր նրանց հետ, ովքեր հոգով հարում են Իսրայելին: Մեղքն ու հպարտությունը մեղավորի գլխին պատիժներ են բերում, իսկ ուր շատանում են մեղքն ու անամոթությունը, հորդում են քավությունն ու շնորհը: Ամոսը մեզ նաև սովորեցնում է, որ մարդու աղոթքի արդյունավետությունը մեծ է, քանզի ներգործում է Աստծու զգացմունքների վրա և կարող է Նրան Իր որոշումներից հետ կանգնեցնել:
Ամոսի՝ Աստծու նկարագիրը երկակի չէ՝ պատժող Աստված և փրկող Աստված: Աստված՝ Տերը, որ պատժում է և կամենում է փրկել, միևնույն Աստված՝ Տերն է: Ինքը՝ պատիժը, գերիվերո է, քան քավությունից զուրկ արդարադատության դաժան ու սառը կարգը, որովհետև իրենից վիրավորված կամ հիասթափված սեր է ներկայացնում, որը շարունակ ապաշխարության է կանչում և իր վերջին ճիչով հաղթահարում պատիժը: Ամոսից մի քանի տարի հետո Օսեեն մարգարեանալու և նոր եղանակով է բնութագրելու աստվածային սիրո այս դրաման:
Ամոսի առաքելությունը, հետևաբար, պարունակում է.
նախազգուշացումներով ծանրաբեռնված հայտնություն. ոմանք մահանալու են սովից ու ծարավից (Ը 11), որովհետև փնտրելու են Աստծու խոսքը և չեն գտնելու:
Հուսադրող հայտնություն (Ե 15, Թ 8). այս թեման հետագայում արծարծելու են ուրիշ մարգարեներ. եթե հուսադրող ոչինչ չկա, ապա Աստված ի զորու է նաև ներելու:

ԱՄՈՍԻ Ը 11 ՀԱՄԱՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Ահա օրեր պիտի գան,- ասում է Տեր Աստվածը,- և Ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով։
Մարգարեն նկատի ունի, որ այս սովից սմքում ու ապականվում են այն հոգիները, որոնք չեն լսում Աստծո պատգամները։ Քանզի ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների։ Այս մասին է Մովսեսի խոսքը (Բ Օրենք Ը 3)։ Նույն բանը վկայում է նաև Տերն Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկ. Դ 3)։
Եթե Աստծո պատվիրանները հավիտենական կյանք են, ապա ակնհայտ է, որ դրանցից զրկվածները մեռած են հավիտենական կյանքի համար, ինչպես որ անհրաժեշտ կերակուրից զրկվածներն են մահանում այս կյանքում։
Պողոս առաքյալը նույն բանը նկատի ունի, երբ ասում է` «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ. Գ 16-17), այնինչ նրանք պնդում են, թե Գրքերը պետք չեն։
Արդ, ի՛նքդ որոշիր, թե ով է իրավացի՝ Պողո՞սը, թե՞ Սուրբ Գիրքն արհամարհող վայրենամիտները, որոնց Եսայի մարգարեն վայ է տալիս. «Վա՜յ արհամարհողներին, վա՜յ օրենքն արհամարհանքով արհամարհողներին» (Եսայի ԻԴ 16)... Բայց հարցնեմ նրանց՝ մի՞թե Աստված իզուր հրամայեց Մովսեսին ու մարգարեներին՝ գրել Սուրբ Գիրքը, կամ մի՞թե առաքյալները զուր գրեցին Ավետարանները, իրենց Թղթերը և Գործք առաքելոցը, իսկ վարդապետները՝ իրենց գրվածքները։ Աստծո պատվիրանի նշանախեցն (փոքրիկ տառանշանը) իսկ ավելի պատվական է, քան երկինքն ու երկիրը։ Այդ իսկ պատճառով Աստված Մովսեսի միջոցով պատվիրում է. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ։ Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա» (Բ Օրենք Զ 6-9)։ Սատանայի շուրթերով են խոսում նրանք, ովքեր խափանում են Սուրբ Գիրքը լսելը (Խոսրով Անձևացի)։
1903-ին Ավետիք Իսահակյանը գրում է իր հոգևոր-մարգարեական բնույթի խորիմաստ և ուսանելի ու նաև մեր օրերին վերաբերող բանաստեղծություններից մեկը` Ամոսի մարգարեության հարասացությամբ կամ հանճարեղ բանաստեղծի կանխազգացմամբ արծարծելով նույն թեման.
Ես ասում եմ ձեզ` կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք-միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք։
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ,
Ձեր նյութի հանդեպ կգա Ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով...

ԱՄՈՍԻ ԽՈՍՔԸ ԵՎ ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամոսն իր քարոզներում հանդիմանում էր իր ժողովրդին մեղսագործության, Աստծուն մոռանալու և կուռքեր պաշտելու համար, ինչպես նաև Սամարիայի անիմաստ ճոխությունն ու մեծահարստությունը. «...դուք որ ննջում եք փղոսկրյա գահավորակներում, մեղկանում ձեր անկողիններում, հոտերից ուլեր եք ուտում և նախիրներից` պարարտ հորթեր, դուք, որ պարում եք սրինգների պարի տակ և դրանք մնայուն բան համարեցիք և ոչ` անցավոր, դուք, որ խմում եք անխառը գինի և օծվում անուշ յուղերով և ցավ չէիք զգում Հովսեփի տան կործանման համար» (Ամոս 6. 5,6)։
«Ես պիտի խորտակեմ ձմեռային ապարանքներն ամառայինի հետ, պիտի անհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն» (3.15 ըստ Եբր. բնագրի)։
1931-ին անգլիացի Կրոուֆտի գլխավորած հնագետների խմբի ջանքերով Սամարիայի ամրոցի և միջնաբերդի տարածքում փղոսկրյա գեղազարդային հարդարման բազմաթիվ բեկորներ հայտնաբերվեցին, որոնք հավաստում են մարգարեի փղոսկրե գահավորակների և փղոսկրե պալատների մասին խոսքերը։
Սամարիայի պեղումներն արգասավորվեցին մեծ վարպետությամբ կառուցված ճարտարապետական շինությունների հայտնաբերմամբ։ Այս գտածոները 1908-1910 թթ. պեղումներին մասնակցած Կ. Ֆիշերին թույլ տվեցին հնագետ Ֆրիին ասել, որ Աքաաբի պալատը «փղոսկրյա պալատ» է կոչվում առաջին` շողոշողացող սպիտակ պատերի, երկրորդ` պատերը փղոսկրով երեսպատելու պատճառով։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ