ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժողովող (երջանկությունն արեգակի ներքո)

Ժողովող (երջանկությունն արեգակի ներքո)
29.09.2009 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Հեղինակը երրորդ մասը (Է 1-ԺԲ 8) բացում է բաղդատական աստիճանի մեջ կազմված յոթ գաղափարներից բաղկացած մի շղթայով, ինչպես երկրորդ մասի պարագայում էր, ուր (... ժամանակը և ... ժամանակը) արտահայտությունը կրկնվում է 14 անգամ: Այնուհետև հեղինակն արծարծում է իմաստության հարցը, վերհանում նրա հարաբերությունն արդարության, կնոջ, իշխանության գործադրման, ճակատագրի խորհրդի, գաղտնիքով ծածկված արդարադատության, ընկերային հարաբերությունների և արատավոր ու դաժան աշխարհում ի հայտ եկող նրա բացառությունների հետ: Նա նման է «Հոբի» գրքի հեղինակին (Հոբ Թ 22, ԻԱ 7 և այլն, Սաղմ. ԼԶ, ԽԸ, ՀԲ, Երեմ. ԺԲ 1, Մաղ. Գ 14-15) իր՝ իմաստունների ավանդապաշտության և նրանց անօգուտ պերճախոսության դիմադրությամբ, որպեսզի մարդուն մղի ընդունելու գոյությունը: Խոսքերը շատացնողները հիմարներ են. նրանք չգիտեն ամենապարզ բաները. «Իմաստունի բերանում խոսքերը շնորհ են, իսկ հիմարի շրթները կործանում են իրեն։ Նրա խոսքերի սկիզբը հիմարություն է, և նրա խոսքի վախճանը` կատարյալ խենթություն։ Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ինչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ինչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կարող է պատմել նրան։ Հիմարի աշխատանքը տանջում է իրեն, ինչպես քաղաքի ճամփան` չիմացողին։ Վա՜յ քեզ, քաղա՛ք, որ թագավորդ մանուկ է, և իշխաններդ կերուխում են անում մինչև առավոտ» (Ժ 12-16): «Ժողովողի» գիրքն առհասարակ պախարակում է ծայրահեղ դիրքորոշումները: Նա հոռետես չէ, ոչ էլ լավատես ու հարմարվողական, այլ իրատես ու խորաթափանց` սիրահարված ազնվությանն ու անսասանությանը: Կյանքը, ըստ նրա, բարիք է ու աստվածային պարգև, որը պետք է ուրախությամբ ընդունել՝ առանց փորձելու նմանվել հրեշտակի կամ անասունի (տե՛ս Գ 13, Ե 17, Ը 15 և Թ 9):
«Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև արեգակի ներքո մարդու համար, ուտելուց, խմելուց և ուրախ լինելուց բացի, ուրիշ ավելի լավ բան չկա, քանի որ նրա ողջ կյանքում, որ Աստված տվել է նրան արեգակի ներքո, դա է մնալու միայն նրա վաստակից» (Ը 15)։
«Ժողովողի» գրքի ողջ բովանդակությունն ասես փորձում է պատասխանել մի հարցի. ինչո՞ւմ է կայանում երջանկությունն աշխարհում, հնարավո՞ր է արդյոք մարդու համար ամբողջական ու կատարյալ երջանկություն (Ա 3, Գ 9, Ե 15, Զ 2): Այս հարցին Ժողովողն ամենավճռական ձևով բացասական պատասխան է տալիս: Ithron-ը, ինչպես նա կոչում է կատարյալ երջանկությունը, ի տարբերություն ժամանակավոր ու վաղանցիկ ուրախությունների, անհնար է մարդու համար: Ոչ մի բան աշխարհում և մարդու կյանքում չի կարող այդպիսի երջանկություն շնորհել: Հետևաբար, ամեն ինչ ունայն է, ամեն ինչ՝ չնչին, ամեն ինչ՝ անօգուտ: ՈՒնայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է: Ահա այն եզրակացությունը, որին հանգում է Ժողովողը՝ երկար ու դժվարին փնտրտուքների ճանապարհով, և որը նա հավասարապես վճռականորեն արտահայտում է ինչպես գրքի սկզբում, այնպես էլ վերջում (Ա 2 և ԺԲ 8): Սակայն ինչո՞ւ է բացարձակ երջանկությունն անհասանելի, ինչո՞ւ ամեն ինչ այս իմաստով անօգուտ է և ունայն: Պատճառն այն է, որ աշխարհում ամեն բան ենթարկվում է անփոփոխ և միևնույն ժամանակ միօրինակ օրենքների, ինչը հանգեցնում է մշտական շրջապտույտի, որը ոչ մի նոր բան չի տալիս, մի այնպիսի բան, որը կարող է գեթ ապագայում ապահովել Ithron-ի ձեռքբերումը (Ա 4-11): Շարժումն ընթանում է ոչ թե առաջ, այլ շուրջ, անառաջընթաց շրջապտույտը դիտարկվում է ոչ միայն արտաքին բնության մեջ, այլև մարդկային կյանքում, ուր հոգեկան երևույթները հերթագայում են բնության երևույթների նույն հաջորդականությամբ, նույնքան քիչ են կախված մարդու կամքից, և ուր նույնպես ամեն բան ունի իր ժամանակը (Գ 1-8): «Ամեն բանի ժամանակը կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը» (Գ 1-8)։ Իրերի բնական ընթացքի այս անկասելիությունը, նրա ուղղությունը փոխելու մարդկային կամքի և դրանք սեփական անձին ենթարկելու անկարողությունը մարդուն մատչելի երջանկությունը դարձնում են դյուրաբեկ, փոփոխական, պատահական ու վաղանցիկ: Մարդը ոչ մի պահ չի կարող վստահ լինել, որ երջանկությունն իրեն չի դավաճանի: Իհարկե, այսպիսի երջանկությունը Ithron չէ: Այնուհետև, հետազոտելով իր և մարդկանց կյանքի մասնավոր դեպքերը, Ժողովողն ավելի է համոզվում, որ ոչինչ չի կարող մարդուն ճշմարիտ երջանկություն շնորհել: Իմաստությո՞ւն: Սակայն այն մարդկանց տառապանք է բերում, քանզի բացահայտում է աշխարհի և մարդու՝ երևութական գեղեցկությամբ ու նպատակահարմարությամբ քողարկված այլանդակությունն ու ոչնչությունը` մարդու մեջ ծնելով սեփական մտքի սահմանափակության ու գոյության անըմբռնելիության ճնշող գիտակցություն. «Եվ հասկացա, սակայն, որ դա ևս հոգու տանջանք է, քանզի շատ իմաստության մեջ շատ գիտություն կա, և իր գիտությունն ավելացնողն իր ցավն է ավելացնում» (Ա 18)։ Անհոգ ուրախությո՞ւն, թե՞ հաճույքների ու զվարճությունների վայելում: Սակայն սա մարդու հոգում առաջացնում է դատարկության ու անբովանդակության տառապալից զգացողություն (Բ 1-2): Չարչարանքի, տարբեր գործունեությունների առթած ուրախությո՞ւն: Սակայն այն ևս նսեմանում է չարչարանքի արդյունքի ոչնչությունն ու պատահականությունը գիտակցելուց (Բ 3-11): Վերջինս կախված է ոչ այնքան մարդուց ու նրա տաղանդից և կորովից, որքան ժամանակից ու դիպվածից. «Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը` քաջերինը, ոչ էլ հացը` իմաստուններինը, ոչ էլ հարստությունը` հանճարներինը և ոչ էլ շնորհը` գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը» (Թ 11): Մարդուց չի կախված նաև ուտելու և խմելու պարգևը. «Մարդուս համար չկա ուրիշ լավ բան, բացի ուտելուց, խմելուց և իր վաստակով իր հոգուն հաճույք պատճառելուց։ Բայց ես տեսա, որ այդ ևս լինում է Աստծուց, քանզի ո՞վ կարող է ուտել և խմել առանց Նրա» (Բ 24): Հարստությո՞ւն: Սակայն այն, ըստ էության, մարդունը չէ, այլ կյանքինը: Նրա տիրոջ մահից հետո անցնում է ժառանգին, որը կարող է հիմար լինել ու վատնել ժառանգությունը (Բ 18-19): Նույնիսկ կենդանության ժամանակ հարուստները հաճախ են իրենց միայնակ զգում, տառապում նախանձից, գժտություններից, ագահությունից (Դ 4-8, Զ 1-6) կամ հանկարծ կորցնում հարստությունը (Ե 10-16): Այս բոլոր մարդկային վշտերի ու անորոշության, փոփոխականության վրա իշխում է մեծագույն չարիքը՝ մահը, որ վիճակված է թե՛ իմաստունի ու թե՛ հիմարի (Բ 14-16), թե՛ արդարի ու թե՛ ամբարիշտի (Թ 1-3) համար, որն այսպիսով ոչնչացնում է մարդկանց միջև առկա յուրաքանչյուր տարբերություն ու նրանց երջանկությունը դարձնում խաբուսիկ: Իսկ մահին հաջորդող շեոլի (հինկտակարանյան վաղնջական ժամանակներում իսրայելացիները հավատում էին, որ մահից հետո մարդը հայտնվում է «շեոլ» կոչվող ստորգետնյա ստվերների երկրում) վիճակը կյանք է առանց գիտելիքի, խորհրդածության, սիրո, հույսի և ատելության. կյանք, որի համեմատությամբ տրտում երկրային գոյությունն անգամ բարիք է, քանզի նույնիսկ կենդանի շունն ավելի լավ է, քան սատկած առյուծը (Թ 4-6, 10): Այնտեղ, ուր իշխում է մահը, կայուն երջանկություն չի կարող լինել: Ի՞նչ է այստեղից հետևում: Մի՞թե մարդ մռայլ վհատության մեջ պիտի ընկնի, գիտակցաբար գարշի կյանքից, որն անողոքաբար փշրում է երջանկության երազանքները: Ո՛չ: Այնտեղ, ուր, ըստ երևույթին, թանձր մառախուղի նման ծայրահեղ հոռետեսությունը պիտի պարուրեր, Ժողովողի համար որոշ երջանկության հնարավորության կենդանի հույս ու կյանքի որոշ արժեվորման հավատ է առկայծում: Ithron-ը՝ կատարյալ երջանկությունը, Ժողովողի համար առաջվա նման անհասանելի է, սակայն նա կյանքում որոշակի բարիք՝ հարաբերական երջանկություն է գտնում. այն, ինչի մասին վստահաբար կարելի է ասել, որ դա ինչ-որ լավ բան է: Անհասանելի Ithron-ին փոխարինելու է գալիս մարդու համար մատչելի Tob-ը: Ի՞նչ է այդ Tob-ը: Tob-ը հասկանալու և ըմբռնելու համար անհրաժեշտ է աշխարհին ու մարդու կյանքին նայել բացարձակապես նոր՝ կրոնական տեսակետից, պետք է աշխարհային գիտակցությունը փոխարինել աստվածային գիտակցությամբ, այսինքն՝ աշխարհում գործող աստվածային զորության կենդանի գիտակցությամբ: Աշխարհում ամեն ինչ ենթարկվում է հայտնի անփոփոխ օրենքներին, սակայն սրանք ոչ այլ ինչ են, քան աստվածային կամքի արտահայտություն: Մարդը կախված է ոչ թե կույր պատահականությունից, այլ աստվածային նախախնամությունից: Ամեն ինչ կատարվում է Աստծու ձեռքով: Առանց դրա մարդը չի կարող նույնիսկ ուտել և խմել (Բ 24-26): Մարդն ի զորու չէ վիճաբանելու Աստծու հետ (Զ 10), փոխելու այն, ինչ անում է Նա. «Ես իմացա, որ այն ամենը, ինչ Աստված է արել, պիտի մնա հավիտյան, որ ոչինչ չի կարելի ավելացնել դրանց վրա և ոչինչ չի կարելի պակասեցնել դրանցից։ Եվ Աստված այդպես է արել, որ Իրենից երկյուղ ունենան» (Գ 14, հմմտ. Է 14): Նա չգիտի Աստծու ճանապարհները. «Արեգակի ներքո ես տեսա դարձյալ, որ ուր դատ ու դատաստան կար, ամբարիշտն այնտեղ էր, և ուր արդարություն կար, այնտեղ էր բարեպաշտը։ Եվ սրտիս մեջ ասացի, թե` «Աստված պիտի դատի արդարին և ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակը կա» (Գ 16-17)։ Չի իմանում ո՛չ ապագան, ո՛չ էլ ներկայի նպատակները (Գ 11, ԺԱ 5, Է 14): Եթե նույնիսկ Աստծու ճանապարհներն անճանաչելի են, ապա ամեն դեպքում դրանք չեն կարող անարդար լինել: Աստված ըստ արժանվույն կհատուցի յուրաքանչյուրին, բարիքների կարժանացնի Իրենից երկյուղածներին և կպատժի ամբարիշտներին. «Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց սրիդների սրտերը համարձակվում են չարիք գործել։ Մեղավորը չարիք է գործում` լինի այժմ, ավելի առաջ թե հետո. իսկ ես գիտեմ, որ բարիքը հասնում է միայն նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց և երկնչում են Նրա առջև։ Բայց ամբարիշտի համար բարություն չպետք է լինի» (Ը 12-13): Այն պահից, երբ մարդը սկսի աշխարհին նայել կրոնական տեսակետից, արմատապես կփոխվի նրա մտայնությունը: Համոզվելով, որ մարդու ճակատագիրը Աստծու ձեռքում է (Թ 11), նա մի կողմ է թողնում անհանգստացնող հոգսերը և ապագայի տագնապալից սպասումները, ամեն մի դժգոհություն, վրդովմունք և սրտնեղություն (Ե 16), որոնք, ոչ մի բան չտալով, խաթարում են ներկան, թունավորում ամեն ուրախություն: Իսկ ապագան ապահովելու ամենահուսալի միջոցը սրտագին աղոթքով, երկյուղածությամբ, ծիսակատարությամբ, պատվիրանների և ուխտերի պահումով (Դ 17-Ե 4) Աստծու ողորմությունը շահելու մեջ է: Այլևս չանհանգստանալով ապագայի համար՝ նա անխռով վայելում է Աստծու շնորհած բարիքները. «Քո լավ օրը բարիքների մե՛ջ ապրիր, բայց հիշի՛ր, որ վատ օր էլ կա։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, որպեսզի մարդ այնուհետև խոսելու բան չունենա» (Է 15): Այդժամ մարդն ուրախությամբ ուտում է իր հացը և զվարթ սրտով խմում իր գինին՝ թե՛ մեկը և թե՛ մյուսը համարելով Աստծու պարգև (Թ 7, Գ 13): Նա կյանքը վայելում է կնոջ հետ, որին Աստված տվել է՝ արեգակի ներքո կյանքի բոլոր ունայն օրերի համար. «Կյանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի և քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքո (Թ 9): Նրա հագուստները միշտ սպիտակ են, իսկ օծման յուղը չի պակասի նրա գլխից (Թ 8): Քաղցր է լույսը, և հաճելի՝ արեգակը» (ԺԱ 7): Եթե Աստված դժբախտություն է ուղարկում նրան, նա խորհրդածում է և հաշտվում դրա հետ և լիովին համոզված է աստվածային նախախնամության արդարացիության ու նպատակահարմարության, տառապանքի դաստիարակող ու մաքրագործող զորության մեջ: Իմանալով, որ դեմքի վշտալի տեսքից զվարթանում է սիրտը (Է 3), նա միտումնավոր կերպով տխրություն է փնտրում: Նրա համար մահվան օրն ավելի լավ է, քան ծննդյան օրը, սգո տունը՝ խնջույքի տնից, տխրությունը՝ ծիծաղից, իմաստունի հանդիմանությունը՝ հիմարի երգից. «Ավելի լավ է մարդ լսի իմաստունի հանդիմանությունը, քան թե հիմարի երգը։ Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին» (Է 1-6): Նա մարդկանց հանդեպ համակվում է անչարությամբ, ներողամտությամբ ու բարյացակամությամբ: Գիտակցելով, որ երկուսով ավելի լավ է, քան միայնակ, նա մարդկանց հետ բարոյական միասնություն է փնտրում. «Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, նրա ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, և ուրիշ մեկը չկա, որ բարձրացնի նրան» (Դ 9-10): Վստահ լինելով, որ իր ճակատագիրը կախված է նաև մյուսների ճակատագրից, նա ամեն կերպ նպաստում է նրանց բարօրությանն ու առատորեն բաժանում իր ունեցվածքը. «Հացդ ջրի՛ն տուր` թող տանի, շատ օրեր անց պիտի գտնես այն։ Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա» (ԺԱ 1-2): Հոգու այսպիսի վիճակն էլ, երբ մարդը, ամբողջովին անձնատուր լինելով աստվածային նախախնամությանը, անխռով կերպով վայելում է կյանքը, հանգիստ ու բարեհաջող կերպով տանում իրեն բաժին հասած փորձությունները, նրա համար միակ հնարավոր երջանկությունն է՝ Tobը: Այս երջանկությունը, սակայն, լիարժեք չէ. նա չի կարող լիովին բավարարել մարդու մեջ դրված ձգտումն առ հավիտենական երջանկություն (Գ 10, 11): Ithron-ն անհասանելի է: Ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք: Սա է Ժողովողի եզրակացությունը: Ժողովողն իր շեոլի մասին ուսմունքով, Աստծու դատաստանի վերաբերյալ անորոշ պատկերացմամբ ու մեռյալների հարության մասին բացարձակ անտեղյակությամբ այլ եզրակացության հանգել չէր էլ կարող: Նա «արեգակի ներքո» կատարյալ երջանկություն էր փնտրում, այսինքն՝ երկրային կացության սահմաններում, սակայն այն չէր կարող այդտեղ լինել:
Մեծ վարպետությամբ է պատկերված ծերությունը, որի նկարագրությունը համարվում է Սուրբ Գրքի բանաստեղծական գոհարներից մեկը (ԺԲ 1-8):
«Հիշի՛ր քո Արարչին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել դառնության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում», քանի դեռ քեզ համար չեն խավարել արեգակն ու լույսը, և լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևից հետո, որովհետև քեզ համար էլ է գալու այն օրը, երբ քո տան պահապանները պետք է երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկ մնան աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները, ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնես աքլորականչից առաջ, և պիտի նկուն լինեն երգող աղջիկները, պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, և մորեխը պիտի բազմանա, կապարը պիտի տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորվեն նրա շուրջը լացուկոծ անողները։ Եվ մինչ արծաթի լարը կկտրվի, ու կքանդվի ոսկե մանյակը, մինչ սափորը կփշրվի աղբյուրի ճանապարհին, և կկոտրվի ջրհորի անիվը, նրա աճյունն, ինչպես որ հող էր, հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, պիտի վերստին Նրա մոտ գնա։ ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է»։
«Ժողովողի» գիրքը հիմնված չէ ՈՒխտի և մեսիական հեռանկարների վրա, սակայն, այնուամենայնիվ, ընդհանուր եզրեր ունի իր ժողովրդի հավատքի հետ: Իսրայելի Աստվածը, նրա կարծիքով ևս, ամեն ինչ անողն է (ԺԱ 5, տե՛ս Ը 17), Արարիչ է (ԺԲ 1), ամեն ինչ լավ է ստեղծել (Գ 11), իսկ մարդուն՝ ուղղամիտ (Է 29): Մարդը պետք է երկնչի Նրանից (Գ 14, Ե 6, Է 19, տե՛ս Ը 12), հոգևոր պաշտամունք մատուցի Նրան (Դ 17-18): Աստված յուրաքանչյուրին դատում է իր գործերի համեմատ (Գ 17, ԺԱ 9, տե՛ս Թ 7, ԺԲ 14): Սակայն մինչև վերջին դատաստանն Աստված մարդկությանը իրական երջանկություն է շնորհում, թեև` սահմանափակ (Ը 15, Թ 7, ԺԱ 9): Եվ մարդիկ պետք է օգտվեն երջանկությունից՝ առանց դրանից կառչելու: Իմաստունների անհաջողության, գոյության հիասթափությունների ու ամեն բարիքի անկայունության պատճառով մարդը միշտ դժգոհ է, բայց նա կարոտագին տենչում է բացարձակին և ձգտում իմանալ իր տեղը տիեզերքում ու հասկանալ իր ճակատագրի իմաստը:
«Ժողովողի» գիրքը չի վախենում մեզ դույզն-ինչ «գիտական» ձևով ապացուցել, որ այն ամենը, ինչ ձեռնարկվում է հավատքի կապակցությամբ, բաց անդունդ է թողնում մեր ոտքերի առաջ: Այս անդունդը միայն Մեսիայի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյամբ պիտի լցվեր:
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2893

Մեկնաբանություններ