Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մարազմի ու խելագարության խաչմերուկում

Մարազմի ու խելագարության խաչմերուկում
25.03.2024 | 21:29

Բառ չի մնացել, որպեսզի նկարագրեմ վարչապետ կոչվածին:

Էմոցիաներս մի կերպ եմ զսպում, որպեսզի ասելիքս չասեմ գյումրեցուն բնորոշ լեքսիկոնով ու բառամթերքով:

Խնդիրն անգամ հավանական ռեպրեսիան կամ վախը չեն, ուղղակի՝ ուժ ու նյարդ չի մնացել:

Հյուծվել, հիվանդացել, ուժասպառ ենք եղել, կես մարդ ենք դարձել այս ազգակործան պատուհասի ձեռքին:

Այս մարդու կերպարը, ասածներն ու արածները բնութագրելու էլ ասելիք չի մնացել:

Մարդու ուղեղը մթագնում է, երբ վերջինս արդեն ուղիղ տեքստով ու անկաշկանդ խոսում է տալու, հանձնելու, հանդուրժելու, հարմարվելու, կզած, նվաստացած ու ստորացված ապրելու մասին:

Հայ ժողովրդն իր բազմադարյա պատմության մեջ նման խայտառակ վիճակում չի հայտնվել:

Տարբեր ժամանակահատվածներում Հայաստանը զավթած օտարներն անգամ մեր ժողովրդին այսքան անդեմ ու ամորալ չեն դարձրել, ազգային դիմագիծն ու ինքնությունն այսպես չեն խեղել, ժողովրդին այս աստիճան չեն բարոյազրկել, որքան ներկայիս իշխանությունները:

Լավ, ինչքա՞ն դեռ պետք է հանդուրժենք:

Էլ ի՞նչ պետք է գա մեր գլխին, էլ ի՞նչ արհավիրքների առաջ պետք է կանգնենք, որ գիտակցության գանք, սթափվենք ու հասկանանք, որ սրանց օր առաջ ճանապարհելու ժամանակն է:

Արդեն իսկ ուշացրել ենք, վաղն էլ՝ ուշ է լինելու:

Մի խումբ մարդիկ կործանում են երկիրը, մարդի՛կ:

Թշնամուն են տալիս մնացած մի բուռ հայրենիքը:

Տավուշյան գյուղերի հանձման ֆոնին, երբ ժողովրդին վախեցնում էր պատերազմով , թշնամու հարձակման օր ու ժամ նախանշում (ի դեպ ասած օրն անցավ, իր ասած պատերազմը չսկսվեց), հիմա էլ մեկ այլ «ֆանտաստիկ» արտահայտությամբ է հանդես գալիս:

Թե բա «խնդիրն այն է, որ պետություն ունենալն իրականում շատ թանկ հաճույք է»:

Չգիտեմ՝ ինչ ասեմ, չգիտեմ ինչպես արձագանքեմ:

Այսքան էլ անկե՞ղծ:

Եկեք «դժգույն ու դժբախտ» պետությունը լուծարենք, կոոպերատիվ սարքենք, ավելի էժան կպահվի:

Մանավանդ, որ մենք պետություն ունենալու արժանի էլ չենք:

Մենք ու՜ր, պետությունն ու պետականությունն ուր:

Այսօր նման բան, ինչպես նաև՝ «Ժամանակակից աշխարհը շուկա է, որտեղ վաճառվում է ամեն ինչ, այդ թվում նաև անվտանգությունը» ասողը, չզարմանաք՝ վաղը տառացի նույն բանն է ասելու:

Ավելին՝ պետության կազմաքանդման «առաքելությունն» էլ է ստանձնելու:

Սկիզբը շատ բարեհաճող դրել է:

Պետության ու պետականության ատրիբուտներն արդեն իսկ կասկածի տակ են դրվել:

Իհարկե չենք զարմանում:

Մանավանդ, որ մենք պայմանավորվել ենք՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու»:

Մի երկրի վարչապետ, որը նստած-ելած, անկիրթ-անդիպլոմ լինի, անգամ մի կոլխոզ ղեկավարած չլինի պետք է պետություն ղեկավարի՞:

Մի երկրի նախագահ, որը բան ու գործ չունի անելու, անելիքն էլ՝ պետության հաշվին երկրներով անկապ ֆռֆռալն է, Հայաստանի մեջ էլ տուրիստի համար տաքսի բռնելն է, հազիվ էլ նման պետություն ունենանք:

ՈՒ նման պետությունն իհարկե այսկերպ երկար գոյություն ունենալ չի կարող, մանավանդ, երբ ներսից այն կործանողների շքերթ է:

Ի դեպ, վարչապետը վերստին հաստատեց, որ Հայաստանը հրաժարվելու է Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային հայցերից ու գանգատներից՝ ասելով, որ նրա այդ քայլը կընկալվի թե՛ միջազգային դատարանի և թե՛ միջազգային հանրության կողմից:

Իսկ այն, որ վարչապետն ասում է՝ «Չնայած որ Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», միևնույն է ես կխոսեմ խաղաղությունից», նույն բանն է, որ մարդուն բռնաբարեն, բայց վերջինս դա չտեսնելու տա կամ ասի՝ միևնույն է, ես բռնաբարողին դատի չեմ տա, ես բողոք չունեմ:

«Խաղաղության դարաշրջան» բացած, Ստոկհոլմյան սինդրոմով տառապող, ալտրուիստ, թշնամու ողորմածությանը հանձնված վարչապետ ունենալն էլ սա է:

Ոնց կլինի մեր «դուխով ու հպարտ» վարչապետն ընդհակառակը, ատամ ցույց տա, ասի՝ դուք ինչքան խոսեք նման կեղծ ձևակերպումներով, այդքան մեր կողմից կհնչեն՝ «Արևելյան Հայաստան» տերմինը, ՈՒտիք, Արցախ, Գարդմանք, Փայտակարան, Գանձակ ու Բակուրակերտ անվանումները:

Չէ, ո՜նց կլինի…

ՈՒմի՞ց ինչ սպասենք, եթե ընդհակառակը՝ պետական ապարատում արգելվել է օգտագործել «Արցախ» անվանումը:

Իսպանական ամոթ եմ ապրում նման «ղեկավարներ» ունենալու, նրանց ապաշնորհ ու ապիկար, դեմագոգ ու դիլետանտ լինելու համար:

Հասկացե՛ք, այս մարդիկ ընդունակ չեն երկիր ղեկավարել:

Նրանք պատահական, փողոցից կառավարական շենքերում հայտնված պորտաբույծ արկածախնդիրներ են:

Այդ ամբարտավան բախտախնդիրների պատճառով անկախություն, երկիր ու պետականություն ենք կորցնում:

Կա մի լուծում. կամ այս անգամ բախտներս չի բերելու ու վերջնականապես ենք ջնջվելու քարտեզի վրայից կամ արժանապատվորեն փակելու ենք այս ամոթալի էջը:

Արդյո՞ք վերածնունդ լինելու է, իհարկե այո՛, եթե վերանա համատարած ապատիան, ներքին թշնամանքը, ատելությունն ու անտագոնիզմը, իսկ քաղաքական գիտակցության շնորհիվ ձևավորվի հանրային կոնսոլիդացիա, ըստ որի իշխանություններին կներկայացվի անցնցում հեռացման պահանջը:

Իսկ «գերագույն հրամանատար վարչապետին» կասեմ ընդամենը մի բան. գիրքդ ոչ թէ «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ պետք է լիներ, այլ «Երկրի հակառակորդի կողմը»…

ՈՒ հենց այդ նկարով, որտեղ դեմքդ չկա ու դու մեջքով շրջված ես սեփական երկրից ու ժողովրդից:

Գիտեմ, շարունակություն լինելու է, եթե…

Գուցե և կարդանք արևմտյան որևէ մայրաքաղաքում քո գրած լուզեր քաղաքականության ու արդարացումներիդ մասին պատմող հուշերը:

ՈՒղղակի ժողովուրդն է մեղք, թեև մեզ հասնում է, որովհետև ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ