ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ի՞ՆՉ ԵՄ ԵՍ ՄՏԱԾՈՒՄ...

Ի՞ՆՉ ԵՄ ԵՍ ՄՏԱԾՈՒՄ...
23.04.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Ի՞նչ եմ ես «մտածում». դա բավականին աննշան է, քանզի ես «պարզապես մտածում եմ»։ Ո՞Ւմ են վերաբերում իմ «կարծիքները»։ Ոչ մեկին։ ՈՒ դա ինձ թվում է ճիշտ։ Չէ՞ որ դրանք միայն «կարծիքներ» են։ Ի՞նչ կարելի է կառուցել «կարծիքների» վրա։ Ոչինչ։ «Կարծիքները» ավելին չեն, քան ավազը կամ ճահճուտը։ Բավական է միայն մտածել այն մասին, որ մեզնից ամեն մեկը կարող է քմահաճորեն փոփոխել իր «կարծիքը», հենց այնպես, առանց պատճառի, առանց դժվարության։ Ինչքա՞ն հաճախ։ Այնքան, ինչքան իրեն դուր է գալիս։ «Ես համարում եմ», «ինձ թվում էր», «ըստ իս», «ես կարծում էի», և հանկարծ կրկին` բոլորովին այլ կերպ։ «Կարծիքը» թեթևաքաշ թիթեռնիկ է. նա թռչելով գալիս է օտար վայրերից, ճախրելով, թևիկները թափահարելով, ու կանհետանա այնտեղ, որտեղից եկել է։ «Կարծիքը» ոչ մի բան չի պարտավորեցնում և չի երաշխավորում։ Նա անպատասխանատու արտահայտումն է իրերի և հարցերի մասին, որոնք «դեռ» սպրդում են մեր գնահատանքից կամ «արդեն» պլստացել են։ Սեփական բանականության սահմաններից դուրս գալը լավ է ժամանցի, ազնվակիրթ դատարկախոսության, կատակի, բամբասանքների համար։ Եվ եթե այն, որպես այդպիսին, միամտորեն լուրջ ընդունենք, կառաջանան սուտ տեղեկություններ, մոլորություններ, պատրանքներ, տառապալից սխալմունքներ, անհաջողություններ, հայհոյանք ու երկպառակություններ։ Հատկապես այն դեպքերում, երբ մարդիկ չեն հասկանում, որ իրենց «կարծիքները» «ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես կարծիք»։ Յուրաքանչյուր լուրջ դեպքում «կարծիքը» ուղղակի վտանգավոր է և կարող է դառնալ ճակատագրական։ «Ես կարծում էի», որ գնացքը մեկնելու է քառորդ ժամ ուշ, և ահա բաց թողեցի լուրջ գործը։ «Ես համարում էի», որ աջից ոչ մի մեքենա չի լինի, և անհոգ քայլեցի իմ ճամփով, ու հիմա պառկած եմ տանը վնասվածքներով։ «Ես մտածում էի», որ նման բան կարելի է պատմել, իսկ հիմա գիտեմ, որ դա կոչվում է զրպարտություն, ինչը պատժվում է։ Հիմա հասկանում եմ, որ հայրս իր` «Դու պարտավոր ես քննել, ոչ թե ենթադրել» հավերժ խրատով կատարելապես ճշմարիտ էր։ Այս ճշմարտությունը ոչ միայն արտաքին փորձառության համար է, այլև ներքին։ Ո՞վ է գիտական աշխարհում լուրջ ընդունում անձեռնհաս, անառարկայական «կարծիքը»։ Հետազոտության համար անհրաժեշտ է առարկա, ոչ թե սուբյեկտիվ «կարծիք»։ Իսկ բարոյականության ոլորտում իսկապե՞ս լավ է այն, ինչը «լավ» են կոչում թեթևամիտ մարդիկ։ Ի՞նչ կտա արվեստագետը, որը խրված է սեփական սուբյեկտիվ «զգացումների», «տպավորությունների» և «տրամադրությունների» մեջ, չշոշափելով գործի էությունը։ Ի՞նչ անել «կարծիքների» հետ կրոնում, որտեղ նույնպես խոսքն այն բանի մասին է, ինչը պետք է համարել «օբյեկտիվ գոյություն ունեցող»։ ՈՒ եթե քաղաքականության մեջ ամեն մեկը բավարարվում է սեփական «կարծիքով» ու անցնում-գնում է վսեմ գործի կողքով, որը վերաբերում է բոլորին ու յուրաքանչյուրին, ու հատկապես` համամարդկային արժեքներին, ուրեմն էլ ի՞նչ կմնա արդյունքում, եթե ոչ կործանում։ Ոչ մի լավ գիրք, ոչ մի լուրջ լրագրային հոդված չի տպագրում «պարզապես կարծիքներ», չեն անում դա նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք, սիրալիրությունից ելնելով, մատուցվում են որպես «անշառ կարծիք»։ Դրանով հենց մարդկության ընդհանուր մշակույթը ցանկանում է, որ կարծիքը չմնա «լոկ կարծիք», որպեսզի փորձառության համաձայն այն խորացվի, ակներև ներկայացվի, ազնվացվի։ Կյանքի բոլոր ոլորտներում «լոկ կարծիքին» հակադրվում է իրերի առարկայական, օբյեկտիվ դրությունը, որին պետք է հետևենք մեր սեփական կարծիքներում։ Իհարկե, մարդը չի կարող ապրել առանց կարծիքի. նա պետք է ենթադրի, պարզ է։ Բայց «կարծիքը» միայն սկիզբն է, ոչ ավելի, քան «իմ անակնկալ միտքը», որն առայժմ բավարարում է իմ անձնական պահանջը կյանքի բովանդակությունների գնահատանքներում, և անպայման չէ, որ լինի «ոչ ճիշտ»։ Իսկ եթե միտքը ցանկանում է լինել ոչ միայն ձևական, այլև հարգանքի արժանի, նա պետք է մոտենա ինքն իրեն լրջորեն ու պատասխանատվությամբ. պետք է լինի հասուն, ստուգված, «հիմնավորված». պետք է ինքը դիմի առարկային, կառչի նրանից, ծառայի նրան, արտահայտի նրա բովանդակությունը և լույսի ճառագայթները նրա մեջ։ Քանի որ կարծիքը որոշակիորեն նկատի ունի առարկան, նրա արժեքն ու արժանիքը, այն դառնում է «տեսակետ», «տեսակետը» խորանում է մինչև «ըմբռնում», իսկ վերջում մեզ լույս է տալիս «ակներևությունը»։ Այդ պահին ճշմարտությունը գիտակցված է, և «կարծիքի» մասին խոսք լինել այլևս չի կարող։ Իսկ եթե հիմա էլ են խոսում կարծիքի մասին, ապա միայն ելնելով գործարարական համեստությունից և բարյացակամ հանդուրժողականությունից։ Այսպիսով, այն, ինչը կապում է մարդկանց «լոկ կարծիքին», համեստություն չէ, այլ ավելի շուտ միամտություն է կամ անպատասխանատվություն։ Իսկական համեստությունը, ընդհակառակը, սովորեցնում է մարդուն համարել ինքն իրեն ու սեփական «լոկ կարծիքը» անկարևոր, այլ ավելի շուտ` փնտրել առարկան, խոսել նրա էության լեզվով, և հետո բարեհաճորեն ու հանգիստ նշանակել կիսաբաց արած ճշմարտությունն իր մասին կարծիքով։ Այդ առթիվ Ֆիխտեն մի օր բուռն անեծք տեղաց այն մարդկանց հասցեին, ովքեր խորանում-մնում են իրենց «կարծիքներում». ահա հենց դա է «իր նմանը չունեցող մեծամտությունը»...
Հետևաբար, բավականին աննշան է և այն, ինչ ես «մտածում եմ»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ