ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՀՈԳԵԶՐԿՎԱԾ ԿՅԱՆՔՈՒՄ ԴՈՒ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ԱՄԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

«ՀՈԳԵԶՐԿՎԱԾ ԿՅԱՆՔՈՒՄ ԴՈՒ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ԱՄԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
11.06.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ
-Ձեր կարդացած վերջին գիրքը:
-Վահագն Գրիգորյանի «Ոստանի վերջին ճամփորդությունը», Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները: Զբաղված եմ եղել գիտական աշխատանքով, նոր հատոր է կազմվել` Նարեկյան դպրոցը և 10-րդ դարի հայ մատենագրությունը, մեծ մասամբ անտիպ բնագրեր, նոր ուսումնասիրություններ: Նարեկյան դպրոցը նոր կողմերով է բացվում` ամբողջ դարի շրջանակով, ոչ միայն գեղարվեստական գրականությամբ: Դպրոցը հակաքաղկեդոնական ու հակաաղանդավորական դավանաբանական պայքարի հիմքում էր: Պայքարի գաղափարական կենտրոնն այդ դպրոցի ներկայացուցիչներն էին` Անանիա Մոկացի, Խաչիկ Արշարունի կաթողիկոսների շուրջ համախմբված: 10-րդ և հաջորդ դարերի փիլիսոփայական, մեկնողական և գեղարվեստական գրականության տեսական բոլոր նախահիմքերը նախապատրաստվել են Նարեկյան դպրոցում, ապա փոխանցվել Անիի, Կիլիկիայի դպրոցներին: Գրական զորեղ մի ընթացք սկսվեց, որը հեղաշրջեց հայ մշակույթը:
-Այսօրվա չափանիշներով` Նարեկյան դպրոցի ներկայացուցիչներին կարո՞ղ ենք մտավորական համարել:
-Իրենց ժամանակի համար նրանք ունիվերսալ գիտելիքների տեր, հանրագիտակ մտածողներ էին, տիրապետում էին անտիկ գիտության ու արվեստների համակարգին, օգտվում էին հունարեն բնագրերից: Դպրոցը, ըստ Ասողիկ և ՈՒխտանես պատմիչների, ուներ հարյուրավոր երաժիշտ-տեսաբաններ, գրականագետներ: Պարադոքս է թվում` Նարեկյան դպրոցի ներկայացուցիչները` Անանիա Նարեկացին, Խոսրով Անձևացին, Գրիգոր Նարեկացին մեղադրվում էին աղանդավորության մեջ` պայքարելով աղանդավորության դեմ, կենտրոնաձիգ պետականության կենտրոնում լինելով:
-Մարգարեն հայրենիքում տեղ չունի՞, թե՞ այլ պատճառներ կային:
-Պատճառը նրանց բարենորոգչական գործունեությունն էր: Գրիգոր Նարեկացու «Մատյանը», տաղերը, գանձերը վկայում են, որ նա ստեղծում էր ծիսական նոր ձեռնարկներ, բարեփոխում էր եկեղեցու ներքին ծիսակատարությունը: Սուրբ Հոգուն նվիրված նրա աղոթքը հենց իր կյանքի օրոք ներմուծվել էր պատարագի ծեսի մեջ, այնուհետև ամրակայվել Կիլիկիայի դպրոցում` Ներսես Լամբրոնացու շնորհիվ, որն առաջին մեծագույն նարեկացիագետն էր:
-Այն ժամանակվա մտավորականի և այսօրվա մտավորականի միջև տարբերություններ ու ընդհանրություններ կա՞ն:
-Տարբերություններն այնքան ակնհայտ են, որ իմաստ ունի խոսել միայն ընդհանրությունների մասին:
-Այն ժամանակվա և այսօրվա մտավորականի խնդիրը նո՞ւյնն էր, թե՞ շատ տարբեր:
-Մենք շատ ենք հեռացել ակունքներից, որ այդ հարցը ստույգ պատասխան ունենա: Այն ժամանակ արվեստների համակարգը, անգամ գիտելիքն ուներ որոշակի նպատակաուղղվածություն` մարդու մաքրագործության խորհուրդը, աստվածային ոլորտների հետ հաղորդության խնդիր կար` ներքին աղոթքի, մաքրագործության ճանապարհով: Այդ խնդիրը դրվում էր անգամ իմաստասիրական երկերում:
-Այսօր այդ խնդիրը չկա՞:
-Այսօր ճշմարիտ արվեստագետների առաջ, իհարկե, կա այդ խնդիրը, թեպետ հաճախ չի էլ գիտակցվում: Քչերն են նպատակաուղղված աշխատում, նրանց համար ստեղծագործությունը հենց շփում է անիմանալի ոլորտների հետ: Նրանք աշխատում են գնալ հոգևոր ճանապարհով, հայտնաբերել այսկողմնային ու այնկողմնային ոլորտների խորհրդավոր կապը, կյանքի առեղծվածները, խորքային առնչակցությունները: Այդ ամենը կա մեր կյանքում, բայց շատ ավելի է խորանում ստեղծագործության ընթացքում, փոխում է մեր ներքին կենսագրությունը, որին միախառնվում է ստեղծագործությունը և դառնում միաշավիղ ընթացք` կարծես զուգադիր ոլորտները միանում են իրար, քո գրածն ու քո կյանքն ընթանում են համընթաց:
-Դուք բառը գիտեք ներսից ու դրսից` իբրև բանաստեղծ ու իբրև բանասեր (եթե բանասեր հասկացության սահմաններում ընդգրկում ենք տեսությունը, գրականագիտությունը, քննադատությունը), Ձեր մի «ես»-ը մյուս «ես»-ին չի՞ խանգարում:
-Ինձ համար դա միեղեն գործընթաց է, ես ինձ քննադատ չեմ համարում: Բանաստեղծական ինտուիցիան շատ է օգնում գիտությամբ զբաղվելուն, տեքստաբանները, որ չեն առնչվել բանաստեղծության հետ, շատ բաներ չեն նկատում:
-Երբ գիտնականը բանաստեղծություն է գրում, բառի կոկորդը չի՞ կտրում:
-Բանաստեղծությունը կոչում է, բանաստեղծության իմացական դաշտն աստիճանաբար պետք է ընդլայնվի:
-Իսկ զգացակա՞ն դաշտը, որով անմիջաբար ներազդում է:
-Իհարկե, բանաստեղծությունը խոհագրություն չպիտի դառնա և կոչված է մարդու մեջ ի հայտ բերելու զգայական խոր շերտերը: Հաճախ այդ ոլորտները միանում են, ու մեծանում է բանաստեղծական դաշտը: 20-րդ դարասկզբի բանաստեղծության մեջ կենսական դաշտը շատ է մեծացել: Բանաստեղծությունը հավերժորեն հոսող բնագիրն է: Անվերջ հոսող լինելիության գետ` անսկիզբ, անվախճան բնագիր: Դա չի նշանակում, որ բանաստեղծությունը նոսրանում է, աստղը դառնում է միգամածություն:
-Գուցե խտանո՞ւմ է, իսկ խտացումին հաջորդում է պայթյունը:
-Բանաստեղծությունն անպայման պայթյունների հետ գործ ունի, բռնկումների, որ թեկուզ վայրկենական, բայց լուսավորում են կյանքը կայծակող հայացքի նման: Ակնթարթն անցնում է, լուսավորության տպավորությունը հարատևում է: Դա արթնացնում է ճանապարհի զգացողություն, բանաստեղծի հոգևոր անվախճան ճանապարհի զգացողությունը:
-Բանաստեղծը գրելիս մտածո՞ւմ է ընթերցողի մասին` ոչ կոնկրետ, գուցե ապրիորի:
-Իհարկե, մտածում է, դա ավելի շատ նման է ընթերցողի` զրուցակցի ներկայության զգացողության:
-Զրուցակիցն ընդդիմախոս չի՞ դառնում, գոնե երբեմն:
-Զրուցակիցը կամ կա, կամ անհետանում է, հաճախ հուշարարի կամ թելադրողի տպավորություն է թողնում:
-Դա ներշնչանքը չէ՞:
-Վերջին հաշվով` ի՞նչ է մարդկային հոգին: Միջնադարում շատ ռեալ հասկացություն կար: Նարեկյան դպրոցում շատ է օգտագործվել ներքին մարդու հասկացությունը: Միջնադարյան միստիկների համար դա մեծագույն գաղափար է, իդեալ: Ներքին մարդը կարծես քո հավիտենական ուղեկիցն է` դո՞ւ ես, թե՞ դու չես, աստվածային ներկայությո՞ւնն է քո հոգում, թե՞ ինքը հոգին է: Քեզնից դո՞ւրս է, թե՞ քո մեջ է ներքին մարդը, հեռանո՞ւմ է, թե՞ վերադառնում: Սա տևական ընթացք է: Մարդն անընդհատ երկխոսության մեջ է իր ներքին էության հետ, բայց հաճախ նրա ներկայությունն ավելի շոշափելի է: Երբ ներքին մարդն ու արտաքին մարդը ներդաշնակում են իրար, ուրեմն մարդը հասել է հոգևոր կատարելության բարձրագույն աստիճանի` այդպես էին համարում հնում ստեղծագործող մեծ անհատները: Ընթերցողի հասկացությունը, հատկապես ապագա ընթերցողի, ես կապում եմ այդ գաղափարի հետ, դա այն ճանապարհն է, որ գուցե տանում է դեպի ապագա ընթերցողը: Հաճախ հոգեզրկված կյանքում դու հայտնվում ես ամայության մեջ: Ինչո՞ւ ես բանաստեղծություն գրում: Գրում ես պարզ, հստակ գիտակցումով, որ եթե որևէ մեկը չլսեր, չէիր գրի: Ընկալվում է քո ասածը, ոչինչ չի կորչում:
-Միշտ չէ, որ ընկալվում է: Եկեք հասկանանք Չարենցի ներքին մարդուն...
-Դու գրում ես, քո գրածն օտարվում է քեզնից ու հեռանում, դառնում է ուրիշինը կարծես, ցանուցիր է լինում, հետո կարծես հավաքվում է ու սկսում վերադառնալ քեզ` նոր երանգներ ձեռք բերած, հարստացած, այսինքն` քո գրածը քեզնից դուրս ապրող էություն է դառնում: Կենդանի մարմին:
-Հաճախ գրողը գրում է` մտքում չունենալով այն, ինչ տեսնում է ընթերցողը: Առաջին պահին կարող է թվալ` ընթերցողը վերագրում է, գուցե գրածն այնքան նշանակալից է, որ ժամանակի մեջ նոր իմաստ է ձեռք բերում և մեկ դար, երկու դար հետո բացահայտվում է այն, ինչ գրողն ընդհանրապես նկատի չի ունեցել:
-Նույն բանաստեղծությունը երկու տարբեր օրեր տարբեր է ընթերցվում: Բանաստեղծությունը կարծես ապրում է քեզնից դուրս, նոր գոյաշխարհ է, գուցե միջնաշխարհ` քո և անիմանալիի միջև: Մեր կյանքը բաղկացած է պատրանքներից, ամբողջ զգայական, բանական, առարկայական աշխարհը:
-Մենք մեզ խաբո՞ւմ ենք:
-Պատրանք բառին բացասական իմաստ ենք տվել չգիտես ինչու, բայց պատրանք չի նշանակում խաբեություն, բոլորովին, պատրանքը պատիր չէ, մեր կյանքը սնուցող աշխարհն է: Երբ ասում ենք պատրանք, կարծես ցնդաբանության մասին է խոսքը:
-Գուցե` թվացյալությա՞ն, անիրականանալի իրականությա՞ն:
-Ի՞նչ է իրապաշտությունը, ի՞նչ է զգայապաշտությունը, ո՞րն է բանաստեղծության բնորդը: Պաստեռնակը Շոպենին համարում էր մեծագույն ռեալիստ: Շոպենը գործ ուներ երաժշտական, երևակայական աշխարհի հետ: Խնդիրը` քո ինտուիցիան ի՞նչ ճշգրտությամբ է աշխատում, երևակայությո՞ւնն է, երազների՞ աշխարհն է քո բնորդը, անուրջնե՞րը, ի՞նչ է իրենից ներկայացնում կանխատեսումների աշխարհը, ի՞նչ` փոխակերպումների աշխարհը, որ ռեալ գոյություններ են, մարմնավորվող իդեալների աշխարհ: Տիեզերքում աընդհատ շրջապտույտ է` նյութ-նոսրացող նյութ-հոգի, ինչպե՞ս որսալ, ինչպե՞ս նկարագրել այդ ամենը, մենք խուսափում ենք ու անվանում պատրանք: Եթե պատրանքը հանում ենք, ի՞նչ է մնում` կոշտ իր, առարկա, կեղև, ճարճատող, լերկ, ճաք տվող իրականությո՞ւն: Մակերե՞ս: Կյանքը դառնում է ոչնչություն, կյանքն ակնթարթորեն փոշիանում է` կյանքի արտերևույթը և ներերևույթը կապված են իրար, չկա պատրանք, ամեն ինչ գոյեղեն է: Երազները հաճախ ավելի իրական են, քան ամբողջ իրականությունը համատեղ:
-Ձեր կարծիքով` բանաստեղծությունը քաղաքականությո՞ւն է:
-Բանաստեղծությունը, ինչպես արվեստի մյուս տեսակները, քաղաքականություն չէ, բնականաբար, բայց հոսում է քաղաքական կյանքից ոչ թե դուրս, այլ ինքնին:
-Համաձայն չեմ` դու ընտրում ես ինչ գրես ու ինչ չգրես, որևէ ընտրություն արդեն քաղաքականություն է:
-Ինքնարարման գործընթացը դուրս է գալիս ափերից և ներազդում է: Արվեստագետը ոչ թե կանխորոշում, այլ սաղմնավորում է գալիքը, նրա գործունեության ոլորտում հոգևոր գերիմաստներ կան: Մեծ գրողները սաղմնավորում են գաղափարներ, հերոսներ, որ սերունդների վրա ներազդում են: Լավագույն օրինակը Նարեկացին է տվել: Իր իսկ խոսքերով` իր գրքի հարակայությամբ նա կմնա անմահ: Շատ կենդանի է նրա կապը սերունդների հետ: Եթե ասեմ, որ Նարեկացին խոշորագույն քաղաքական գործիչ էր, չեմ սխալվի: Նրա հեղաշրջող, հանճարեղ խոսքը ներխուժել էր կյանքի բոլոր ոլորտները, ճշմարիտ արվեստի գործը մասնակցում է կյանքի բոլոր շերտերի վերափոխմանը, կյանքի զարկերակի հետ գործ ունի: Հոգեզրկված ժամանակներում հաճախ թվում է` ամայության մեջ ես, այդ ժամանակ խզում է առաջանում ստեղծագործող անհատի ու հասարակության միջև, բայց դա չի նշանակում, թե ներազդեցությունը դադարում է: Կամ` կապը իսպառ խզվում է:
-Ես վստահ եմ, որ Միքելանջելոն հեղափոխական է եղել, թեպետ ոչ մի հեղափոխություն չի արել, նրանից հետո քանդակագործությունն ու ճարտարապետությունը, նաև նկարչությունը բոլորովին այլ էին, այլ հարթության մեջ, այլ հեռանկարով, այլ խնդիր էին լուծում, դա հեղափոխությո՞ւն չէր մտածողության մեջ, դա նրա քաղաքականությունը չէ՞ր:
-Կյանքին արվեստագետն անընդհատ ներարկումներ է անում, հեղափոխություն, հեղաշրջում, բարեշրջում` տարբեր անվանումներ կան, վերածնունդ, և իրոք այդպես է` կյանքը վերածնվում է արարող անհատների միջոցով: Նարեկացուց հետո հայ կյանքի ընթացքը փոխվել է: Մտածողության ընթացքն է փոխվել, աշխարհատեսության ու աշխարհաշինության: Գրքի, գրքարվեստի սեր է սերմանվել մեր ժողովրդի մեջ, որ հաճախ է խամրում, եղել են նաև անհիշողության դարեր, բայց եթե մարդը ստեղծագործում է, ուրեմն ինչ-որ մեկը լսում է նրան:
-Նարեկացուց հետո մեզ հասանելի, հայտնի ժամանակի մեջ ո՞ւմ կդնեիք նրա կողքին:
-Նարեկացուց հետո փայլատակումներ շատ են եղել` Հովհաննես Սարկավագ, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տղա, նրանք, իհարկե, Նարեկացի չեն, բայց ամեն մի ժողովուրդ կհպարտանար նրանցով, Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Սայաթ Նովա, պատահական չէ, որ նա արտագրել է ամբողջ «Մատյանը», ձեռագիրը պահվում է Մատենադարանում: 20-րդ դարասկզբի բանաստեղծության մեջ ուղղակի բռնկումներ կան` Մեծարենց, Ինտրա, Տերյան, Սիամանթո, Վարուժան, Չարենց, Սևակ...
-Իսկ ավելի ո՞ւշ` մեր ժամանակներում:
-Իմ նախասիրությունների շրջանակում են Հրաչ Սարուխանը, Արմեն Մարտիրոսյանը, Աշոտ Ավդալյանը, Հակոբ Մովսեսը:
-Այսօրվա գրականության, մշակույթի, մտածողության, հոգեկերտվածքի վրա այդ ազդեցությունը կա՞, եղել է ազդեցություն անհատների՞ վրա, թե՞ ազգի մտածողության:
-Ազգի մտածողության վրա, անպայման, մեծագույն ներգործություն է եղել: Հոգեզրկման ժամանակների համախտանիշը խարազանում է բոլոր ազգերին, այդ վիճակից դուրս գալու համար պետք է նորից անդրադառնալ հոգևոր սկիզբներին, հոգևոր ակունքներին, փորձել քայլել ներքին մարդուն համընթաց, հոգևոր սկիզբ սերմանել ամլացած կյանքում: ՈՒրիշ ճանապարհ առայժմ մարդկությունը չի հայտնաբերել: Մարդիկ գնում են եկեղեցի, պաշտամունքի վերարթնացումն ակնհայտ է, բայց ներքին ծեսը, ներքին պաշտամունքը բացակայում են: Նարեկացին դա սերմանեց, որով ամեն մի ազատախոհ անհատ ազատվում էր կապանքներից` մտիր քո ներսը, փակիր պատուհանը և աղոթիր քո հոգու խորքում: Անհիշողության, խավարումի ժամանակներ են եղել, և մի լուսավոր անհատը փրկել է մի ամբողջ սերունդ: ՈՒ այդպես է միշտ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ