ԱՄԱՌԱՅԻՆ ԲԼԻՑՆԵՐ
«ԵՐԲ ԼԱԼՎԱՐԻ ՎՐԱ ՄԱՌԱԽՈՒՂ Է ԻՋՆՈՒՄ, ՀՐԱ՜ՇՔ Է»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն»)
-Պարոն Մարտիրոսյան, ո՞ւր եք գնալու հանգստանալու:
-Երևի մի տասն օրով Ռուսաստան գնանք:
-Դուք ռուսոֆի՞լ եք, պարոն Մարտիրոսյան:
-Ոչ, «հայոֆիլ» եմ:
-Բա ինչո՞ւ եք գնում Ռուսաստանում հանգստանալու. չի կարելի, չէ՞. չի կարելի գնալ ո՛չ Ռուսաստան, ո՛չ Անթալիա, ո՛չ Վրաստան և ո՛չ էլ Ամերիկա։ Չե՞ն ասել Ձեզ:
-Հակառակի պես, Ռուսաստանից հետո էլ Ամերիկա եմ գնալու. Անթալիա չեմ գնացել, դժվար էլ երբևէ գնամ, Ռուսաստանում կնոջս բարեկամը՝ մորաքույրն է ապրում, հրավիրել է, գնում ենք իրենց տեսնելու, իսկ Միացյալ Նահանգներ ծրագրով եմ գնալու:
-Ո՞Ւմ «ծրագրով»:
-Միացյալ Նահանգների:
-Արդե՞ն... Եվ...
-Եվ լա՜վ կլինի:
-Մոտավորապես ո՞ր «վեկտորում» կտեսնենք Ձեր «լավը»:
-Օրենսդրական աշխատանքի. մոտ քսան օր կմնամ Նահանգներում:
-Կարո՞ղ է այդ ընթացքում «վերբովկա» արվեք:
-Չեմ կարծում:
-«Արդե՞ն»:
-Ոնց կհամարեք, Ձեր ստեղծագործական երևակայությանն եմ թողնում, մանավանդ որ այն խիստ անսպառ է, համ էլ, քանի որ նման լուրերը՝ տարբեր կլանների պատկանելություն և այլն, և այլն (որոնցից մեկն էլ Դուք եք տիրաժավորում), շատ են, ևս մեկ անգամ հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ:
-Չեք հիշեցնի՞՝ ես ո՛ր կլանն էի նշում Ձեզ համար:
-Ի՞նչ էական է՝ մի հատ ավել-մի հատ պակաս:
-«Չը՛ խանգարա»:
-Իհարկե:
-Իսկ Ձեր ամենաերազած հանգիստը որտե՞ղ է եղել միշտ:
-Լոռվա՝ մայրական գյուղի Լալվար սարում, այն իսկապես իմ երազանքի հանգստավայրն է:
-«Լինեի՜ չոբան սարերում հեռու, գայիր անցնեիր վրանիս մոտո՞վ»:
-Չէ-չէ-չէ, նախ` վրան չէ այնտեղ, «դափ» է, բայց մեկ է՝ իմ ամենասիրած հանգստի տեղն է, մանավանդ երբ Լալվարի վրա մառախուղ է իջնում, շուրջը տարածվում է սարերի ու ծաղիկների հոտը, հրաշք է…
-Քամին անդալուզիաներից բերում է սիրած աղջկա բույրը... Հետո՞:
-Հետո` ոչ մի բան, Ռուսաստանում կնոջս մորաքույրն է ապրում, արդեն ասացի, գնալու ենք այնտեղ, չնայած չեմ կարծում, որ այնտեղ հանգստանամ, որովհետև երկու փոքրիկ աղջիկներիս հետներս տանում ենք, դժվար թողնեն հանգստանամ:
-Ամերիկա էլ ե՞ք տանելու փոքրիկներին:
-Բնականաբար՝ ոչ, դա բացառապես աշխատանքային այց է՝ օրենսդրական փորձի փոխանակության շրջանակներում, այնպես որ, այնտեղ էլ կարծես թե հանգստանալու ռեժիմ նախատեսված չէ:
-«Անդադար մայրիկն» եք, է՛լի:
-Չէ, հայրիկը: Իսկ եթե կուզեք ասեմ, թե իմ ամենասիրած հանգիստը Հայաստանից դուրս որ երկրում է, ապա դա Ավստրիան է:
-Հա՜, էլի. վերջերս թերթերում գրել էին՝ «Ժառանգությունում» խիստ բազմապրոֆիլ են՝ յոթ-ութ երկրների հետ կապված:
-«Այո-այո»:
-Ոչ մի «այո», կոնկրետ` այդ ի՞նչ սեր է Ավստրիայի հանդեպ և երբվանի՞ց:
-Չգիտեմ: Երևի լուրջ ընդհանրություններ եմ տեսնում նրանց և մեր միջև:
-Արտաքի՞ն:
-Ոչ: Երկու ժողովուրդներս էլ լեռնցի ենք՝ մեծ հարգող-սիրող:
-Ասիք՝ հիշեցի. հիմա Դուք ապարանցիների՞ նկատմամբ սեր ունեք, թե՞ լոռեցիների:
-Ես ընդհանրապես առաջին հերթին հայերի նկատմամբ սեր ունեմ, երկրորդ հերթին, որպես անձ, հարգում եմ բոլոր այն ժողովուրդներին, որոնք ստեղծող ու ստեղծագործ են, ունեն լուրջ մշակույթ և քաղաքակրթությանը տալիս են, ոչ թե վերցնում:
-«Մալադե՛ց»:
«ՀՈԳՆԱԾ ՄԱՐԴԸ ԲԱՆԻ ՊԵՏՔ ՉԻ»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ)
-Գրիգորիչն այս ամառ ո՞ւր է գնալու հանգստանալու:
-Այնտեղ, որտեղ գնում եմ ամեն տարի՝ ոչ մի տեղ. Ազգային ժողով և տուն:
-Բա մեղք չե՞ք, Գրիգորիչ, էդքան աշխատում եք, էդքան խոսում եք, էդքան հարվածվում եք՝ դրսից-ներսից, աջից-ձախից, վերևից-ներքևից:
-Հանգստանալ կարող ես և քո տանը. հարցը ճիշտ տվեք՝ օդափոխության չե՞մ գնալու:
-Բացի օդափոխությունը, միջավայրի փոփոխություն էլ է պետք, Գրիգորիչ, նոր տպավորություններ, նոր մարդիկ, նոր մտքեր, իդեաներ, իդեալներ և, վերջապես, սևաչ պարսկուհինե՜ր:
-Տեսակի խնդիր է, ամեն մարդ կարող է ինքն իր համար որոշել. ես հանգստանում եմ իմ միջավայրում:
-Ո՞րն է Ձեր «միջավայրը»:
-Նրանց միջավայրը, ում ամեն օր տեսնում եմ, ում հետ շփվում եմ, ում հետ աշխատում եմ:
-Բա չեք հոգնե՞լ նրանցից, զահլահան չեք եղե՞լ։ Չէ, գրագետ ձևակերպեմ. Դուք հոգնած չե՞ք բազմաչարչար Ձեր աշխատանքի արդյունքում:
-Հոգնած մարդը բանի պետք չի:
-Բա որ հոգնած չեք, ինչո՞ւ եք ձեր միջավայրում հանգստանում:
-Էդպիսի՜ն եմ ես:
-Իսկ երազած հանգստի ձև ունե՞ք. գնայիք, մեծ աշխարհները տեսնեիք՝ բուրգերը, անապատը, ֆիեստան Պամպլոնայի, վազող ցլերը… էն Մուրացանն էլ էնտեղ` խուրջինը գցել ուսերին, հայ-հայ ֆռֆռում էր եվրոպաներում:
-Անցնող տարիներին ավելի շատ այդ հնարավորությունն եմ ունեցել, բայց շա՜տ քիչ` երբեմն-երբեմն եմ օգտվել դրանից:
-Տվեք Ձեր «հնարավորությունն» այլոց:
-Ի՞նչ «այլոց»:
-Որ «այլք» գնան եվրոպաները տեսնեն, շրջեն՝ խուրջինով կամ առանց, աշխարհ տեսնեն, զարգանան, կրթվեն:
-Ովքեր ցանկանում են, գնում են՝ տեսնում, ես տարված չեմ եվրոպաներով:
-Դե, գոնե գնացեք Ջերմուկ կամ գոնե Տաթև՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին է բացվելու այնտեղ, մի քիչ կհանգստանաք, կմերձենաք մեր հոգևոր արժեքներին:
-Չէ, դրանք անընդհատ պրոցեսներ են, հատկապես Հայաստանում տարբեր տեղերում լինելը:
-Դե որ ասո՜ւմ եք: Հա, ի դեպ, էդ որ ասում եք՝ «իմ միջավայրում հանգստանում եմ», ի՞նչ եք անում՝ նստում եք ու հանգստանո՞ւմ, թե՞ պատուհանից դուրս եք նայում ու հանգստանում։ Այլ կերպ ասած` հանգստի ի՞նչ գործիքներ եք կիրառում:
-Հանգստանում եմ այնպես, ինչպես նորմալ մարդն է հանգստանում, անում եմ այն, ինչ նորմալ մարդն է անում:
-Եվ այդ բոլորն անում եք «հանուն հայրենիքի՞»:
-Բարձր խոսակցություններ են. որևէ հայրենասեր դեռ երբեք իրեն հայրենասեր չի համարել:
-Պարզ է: Իսկ ընթերցո՞ւմ եք հանգստի այդ օրերին:
-Լիքը-լիքը, շատ, ամեն օր՝ առավոտից մինչև իրիկուն, մանավանդ ինչ այսօր հրատարակվում է՝ լավը լինի, վատը, կարդում ու կարդում եմ:
-Ամենից շատ ի՞նչ եք սիրում կարդալ:
-Տերյան՝ աղոթագիրք որպես:
-«Լինեի՜ չոբան սարերում հեռու, գայի՜ր անցնեիր վրանիս մոտով»:
-Ո՜չ, չէ՛. «Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ». էս վերջին տողն է, որ պահում-պահպանում եմ հոգուս մեջ:
-Միայն Տերյա՞ն եք սիրում:
-Չէ, ամեն ինչ, բայց Տերյան՝ հատկապես: Կարդում եմ անվերջ. ովքեր չեն կարդում, նրանք հանգում են, հալվում են:
-Իսկ արձա՞կ:
-Իհարկե, կարդում եմ՝ հիմնականում նոր սերնդի:
-Վախենո՞ւմ եք ծերանալուց:
-Չէ, մասնագիտությունիցս է գալիս. նախ` դպրոցում էի կարդում, համալսարանում, հիմա էլ՝ էս տարիներին։ Այսինքն, որոնում եմ ամենալավ գիրքը ու դեռևս չեմ գտել:
-Եկեք բաշխեմ Ձեզ էդ գրքի անունը:
-Խնդրեմ:
-Կարդացեք Գրքերի գիրքը, Գրիգորիչ, Աստվածաշունչը, իսկ քանի որ հիմա ամառ է, կարդացեք առավել ևս «Երգ երգոց» գլուխը. Սուլամիթան Ձեզ լիքը կմխիթարի:
-Մաքիավելի եմ, ի միջի այլոց, հիմա ուսումնասիրում:
-Մի՜, մի՜ արեք էդ բանը, Գրիգորիչ, մի՛ արեք: Քոչարյանն էլ էր Մաքիավելի կարդում, տեսա՞ք ինչ եղավ:
-Ի՞նչ եղավ:
-«Հասավ» Հաագա:
-Ոչ մի Հաագա էլ չկա: Իմ կարդացած գրքերը բերել են այն համոզման, որ մեր պատմության ամենավատագույն օրինակները նրանք են, երբ մենք անվերջ ձգտել ենք տիրասպանության: Ինձ թվում է՝ մենք պետք է հարգենք մեր ամեն ինչը:
-Գրիգո՜րիչ…
-Այո՞:
-Գրիգորիչ, այն, ինչ մի անգամ արդեն սպանվել է, այլևս չես կարող սպանել:
-Ոչինչ չի սպանվում։ Ամեն ինչ ունի վերջ, և այդ վերջը նաև նոր սկիզբ է:
«ԼՐԻՎ ՀՈՐՆ Է ՔԱՇԵԼ, ՀԵ՛ՆՑ ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՎ ՊԻՏԻ ԱՄՈՒՍՆԱՆԱ»
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՀՅԴ)
-Պարոն Կարապետյան, որտե՞ղ եք հանգստանալու:
-Երևանում:
-Թվաց՝ «գնալու եք Զանգեզուր՝ լեռների գրկում, սիրուն աղջիկների հետ քեֆ եք անելու»: Գնացեք Զանգեզուր, պարոն Կարապետյան, Երևանում շատ շոգ է:
-Չէ, չեմ կարող, գործեր ունեմ:
-Ի՞նչ գործ:
-Դե, կարող է՝ տղայիս ամուսնացնեմ։ Սիրահարված է։
-Սուրբ գործ է: Սիրահարվա՜ծ է. «Լինեի չոբան սարերում հեռու, գայիր անցնեիր վրանիս մոտով»։ Կիսո՞ւմ եք իր զգացմունքները:
-Լրի՜վ։ Լրիվ հորն է քաշել, հե՛նց սիրահարվելով պիտի ամուսնանա:
-Վա՜ու: Ի՞նչ ժամկետներ է նախատեսում այդ պրոցեսը Ձեզանում:
-Մինչև օգոստոս:
-Դե, չէ՛, ես սիրահարվելը նկատի ունեմ:
-Երկա՜ր, շա՜տ, մի՜շտ... Հո՜րն է քաշել:
-Մի խոսքով, «հարսանիք տինք անիլ, պար տինք գալ»:
-Չէ, մտերիմներով-հարազատներով փոքրիկ նշելու ենք:
-Բա դաշնակցական ընկերնե՞րը. մի գա՜ն, մի լավ խմե՜ն, մի քե՜ֆ անեն, օ՜դ կրակեն:
-Ամենամոտ ընկերներս կգան:
-Է՜, պարոն Կարապետյան, Դուք շատ սուրբ գործի եք, ես էլ մի «ուրիշ» հարց էի ուզում տալ Ձեզ։ Տա՞մ, թե՞ չտամ:
-Նայած:
-Չէ՜, հակադաշնակցորեն չար-թունավոր չէ, բայց վախենալու է:
-Տուր:
-Էս վերջերս անընդհատ Ձեզ եմ հիշում:
-Էդ լավ ա:
-Չէ, սիրահարված չե՜մ...
-Երկու դեպքում են մարդուն հիշում. մեկը՝ շատ համակրանք տածելուց, մյուսը՝ հակառակը. հուսով եմ՝ իմն առաջինն է:
-Չէ, «դեպքը» հետևյալն է` էն օձերի հետ կապված, հիշո՞ւմ եք:
-Պարտիզակի՞. բա չե՞մ հիշում: Էն, որ Վազգեն Սարգսյանն էր վարչապետ, որ սելեկտորային խորհրդակցությանը հարցրեց` Հրայր, էդ Պարտիզակի օձե՞րն ինչ եղան, ասի` պարոն վարչապետ, գազանանոցից մասնագետներ ենք բերել, էդ գյուղում ման են եկել, երկու օձ են գտել…
-Ի՜նչ անտաղանդ եք պատմում, Հրա՛յր։ Հիմա լսեք։ Նստած ենք կառավարության մեծ դահլիճում` սելեկտորային խորհրդակցության, երբ Վազգենին, որպես մարզպետ, համեստ ձայնով ասացիք՝ կենդանաբանական այգուց մասնագետներ ենք բերել (հիշո՞ւմ եք՝ խոսվում էր տասնյակներով օձերի, տուն մտնող օձերի, մարդկանց հետ ապրող օձերի մասին), էդ պահին խորհրդակցության մասնակիցների շարքերով ֆսսոց անցավ, շշունջ էլի, բայց որ Դուք չասացի՜ք` «երկու օձ», Վազգենը բազկաթոռի վրա հետ գնաց ու պայթեց. սկսեց քահ-քահ ծիծաղել ու թե` ա՜յ Հրայր, որ հիմա կառավարությունում լավ ման գամ, մի հինգ-վեց օձ մենակ ես կգտնեմ, էդ ո՞նց եք «կարացել երկու օձ բռնել»: Ի՞նչ արիք էդ օձերին:
-Ես չարեցի: Ծառայության ներկայացուցիչները ոչնչացրին:
-Բա ինչո՞ւ հիմա չեն կարողանում ոչնչացնել:
-Ես չգիտեմ: Դե, հիմա օձն էլ կենդանի է, էլի՛, ապրելու իրավունք ունի:
-Հասկացանք, էն ժամանակ Դուք նրանց այդ իրավունքը տվել էիք, որ ընդամենը երկուսն էին բռնվել:
-Ամեն մեկն էլ Աստծու ստեղծածն է:
Համուհոտը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ