ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՂՆ ԱՆԹԱԼԻԱՅԻ ԼՈՂԱՓԵՐԸ ՉԵՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՂՆ ԱՆԹԱԼԻԱՅԻ ԼՈՂԱՓԵՐԸ ՉԵՆ
14.05.2010 | 00:00

«Ես խոր հարգանք եմ տածում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձի նկատմամբ` ականավոր բարենորոգչի, ում ներդրումը նոր Թուրքիայի ստեղծման գործում դժվար է գերագնահատել»,- Անկարայում ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և հիշեցրել, որ «Ռուսաստանն առաջինն է ճանաչել երիտասարդ Թուրքական Հանրապետության կառավարությանը, ռազմատեխնիկական և ֆինանսական մեծ աջակցություն է ցույց տվել թուրք ժողովրդին անկախության համար ծանր պայքարում»: 2010-ի հունիսի 3-ին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90 տարին է լրանում: Սա` իբրև նախաբան:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով Թուրքիայում էր: Այցից դեռ շատ առաջ թուրքական լրատվամիջոցները շեշտում էին, ռուսականներն էլ չէին հերքում, որ քննարկումների առանցքում լինելու են հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հարցը: Իհարկե, լրատվամիջոցներին հավատալ պետք է այնքանով, որքանով, և ոչ ավելի: Համենայն դեպս, երկու երկրներն էլ ավելի շատ սեփական շահեր ունեն, քան իրենց հարևանների ու ոչ հարևանների շահերի պաշտպանությունն է, և այս դեպքում սեփական շահերի շրջանակում ուղղակի չեն տեղավորվում այլ երկրները, որքան էլ եղբայրական կամ ռազմավարական հարաբերություններով շաղկապված լինեն: Սա ի գիտություն:
Ի՞նչն է մերձեցնում Ռուսաստանին ու Թուրքիային: Որքան էլ զարմանալի է` ամբողջ աշխարհը, միջազգային կառույցների ու մեծ պետությունների վերաբերմունքը: Չմոռանանք, որ Ռուսաստանի թիկունքում Ռոմանովյան 300-ամյա դինաստիան է, Թուրքիայի թիկունքում` Օսմանյան կայսրությունը: Ճիշտ է, պատմությունն ընդամենը պատմություն է, բայց պատմությունն էլ նման է լավ երգի, որից ոչ մի բառ դեն չես նետի: Կվերադառնա ու իր տեղը կգրավի: Եվրամիության խիստ եվրոպականացված, բյուրոկրատական վերաբերմունքը, իրենից բացի, բոլորին ու ամեն ինչին, ԱՄՆ-ի հավերժական ժողովրդավարական արժեքների հաստատման քաղաքականությունը, որ մշտապես ուղեկցվում է սեփական շահերի հաստատմամբ, հեռավոր ու մերձավոր հարևանների հետ հավերժական խնդիրները, միմյանց մեջ ոչ թե թշնամի ու հակառակորդ, այլ աջակից ու գործակից տեսնելու առավել շահավետությունը. ահա ինչն է մերձեցնում երկու նախկին կայսրություններին, որոնք, որքան էլ դա չասվի, շրջանցվի կամ անտեսվի, բոլորովին դեմ չեն անցյալի փառք ու փայլի վերականգնմանը: Փոփոխվող ու փոփոխված աշխարհում իրենց տեղն արևի տակ որոնում են բոլոր երկրները, ի վերջո, բոլորն էլ համոզված են` խնդիրը ժամանակի մեջ է, ակնհայտորեն հիմա Ռուսաստանի ու Թուրքիայի ժամանակն է: Նրանք համատեղ կառուցում են վերջապահների իրենց առանցքը` գործում են ոչ մեկի դեմ, բայց հանուն իրենց շահի, և դա այն առանցքն է, որի դեմ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ քչից-շատից շահագրգիռ այլ երկրներ ոչինչ անել չեն կարող: Այդ առանցքի հիմքում աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերն են: Աշխարհաքաղաքական տեսակետից Մոսկվան ու Անկարան ուզում են Հարավային Կովկասում վիճակի կայունացում, խաղաղության հաստատում ու տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորություն ստանալ, որովհետև ավարտվել է այն ժամանակը, երբ Ռուսաստանը հանուն իր ռազմական շահերի «ո՛չ պատերազմ», ո՛չ խաղաղություն» վիճակն էր գերադասում, Անկարան էլ առանձնապես դեմ չէր անորոշությանը, միայն թե դա պատերազմի չվերածվեր, բայց երբ մեծն դոլարն է ժամանում «խրամատներ», հրանոթներն արագ հանում են ու զինվորներին վերամասնագիտացնում:
ՈՒ նույնիսկ կարևոր չէ, որ խրամատի տարբեր կողմերում ՆԱՏՕ-ի անդամ ու չանդամ երկրներ են: Այդ երկրները շատ խոր շահեր ունեն և՛ Իրանում, և՛ Աֆղանստանում: 2008-ի ռուս-վրացական բախումից հետո հենց Թուրքիան Կովկասի կայունության ու անվտանգության պլատֆորմ ներկայացրեց, որն ուղղված էր տարածաշրջանի բոլոր երկրներին և Ռուսաստանին հատուկ կարգավիճակ էր երաշխավորում: Գործնականում դա կայսերական մեծահոգի վերաբերմունք էր` խաղաղություն խոստանալ պուճուր-մուճուրներին, որոնք ինքնուրույն չեն հասնի դրան: Հիշենք, թե ինչպես է Ռուսաստանը տասնամյակներ շարունակ վերաբերվել Իսրայելին, և ինչպիսին են հիմա թուրք-իսրայելյան հարաբերությունները: Ակնհայտ է, որ Ռուսաստանին ու Թուրքիային միավորողը Անթալիայի լողափերը չեն, էժանագին սպառման ապրանքները կամ էլ նույնիսկ «Հարավային հոսքը»: Գոռոզ Եվրոպայի ու մեծամիտ ԱՄՆ-ի առաջ երկու նախկին ու մի քիչ էլ ներկա իզգոյների աներեր համերաշխություն է ձևավորվել նախ Էրդողան-Պուտին, ապա Գյուլ-Մեդվեդև հարաբերություններով: Ինչ-որ Ադրբեջան, ինչ-որ Հայաստան, անգամ ինչ-որ ԱՄՆ ու Եվրամիություն այս դեպքում միայն կարող են անանձնական ուրախությամբ ուրախանալ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր խաղն է թելադրում քաղաքականությանը` աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կենտրոնները տեղաշարժվում են զարգացած Արևմուտքից զարգացող շուկաներ` Պարսից ծոց, Արևելյան Ասիա, հարավային կիսագունդ: Մերձավոր Արևելքն ու Կենտրոնական Ասիան դանդաղ վերածվում են համաշխարհային քաղաքականության թատերաբեմի, ուր ամեն օր ներկայացում կա, ոչ թե տարին մեկ, ինչպես նախկինում: Սա` իբրև տեղեկություն:
Եվ, այնուամենայնիվ, Անկարայում փոխադարձ սիրո ու բարեկամության հավաստիացումների համապատկերում չեն մոռացվել Հայաստանն ու Ադրբեջանը: Հավուր պատշաճի: Շեշտելով, որ Անկարան ու Մոսկվան տնտեսության, էներգետիկայի, անվտանգության բոլոր բնագավառներում աստիճանաբար անցնում են ռազմավարական համագործակցության, նշվում է նաև, որ Անկարան ու Մոսկվան կարող են շատ լուրջ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, քանի որ այսօր Թուրքիայի ու Ռուսաստանի դիրքորոշումները բավականաչափ մոտ են միմյանց: Երկու կողմերն էլ շահագրգիռ են փակ շրջանակից հակամարտությունը դուրս գալու հարցում, որը բացահայտորեն արգելակում է Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի զարգացումը: Փորձագետներն արդեն արտոնություն են ստացել հավաստելու, որ հնարավոր են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց արդյունքում երկու երկրները կակտիվացնեն միջնորդների իրենց դերը բանակցային գործընթացում: Հիշենք, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, ի տարբերություն Ռուսաստանի, և այս դեպքում Ռուսաստանի հետ հավասար հարթության մեջ հայտնվելը հավանական անհավանականություն է: Մայիսի 12-ին Անկարայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ վերջին ժամանակներս բավականին հուսադրող քայլեր են արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Կողմերը հանդիպում են, շփվում են, առաջընթաց կա մի շարք հարցերում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում համաձայնություն է ձեռք բերվել: Ես ինքս բազմիցս երկու երկրների նախագահներին առաջարկել եմ միջնորդական ծառայություններ: Հուսով եմ, որ դա հետագայում էլ տեղի կունենա: Բնականաբար, իրենց ավանդը պետք է ունենան նա և Մինսկի խմբի մյուս մասնակիցները, բայց նախապես բոլոր հարցերը պետք է քննարկեն հակամարտության բուն մասնակիցները` Հայաստանը և Ադրբեջանը»: Նա հրաժարվել է առանձին վիճելի հարցերի անդրադառնալ` դա հիմնավորելով նման խնդրի շուրջ առանձնակի նրբանկատություն դրսևորելու անհրաժեշտությամբ: Մեդվեդևը կարծում է, որ Մոսկվան և Անկարան մտադիր են նպաստել Կովկասյան տարածաշրջանում կայունության հաստատմանը և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Այսինքն` ի՞նչ: Մի կողմից` Մեդվեդևն ասել է այն, ինչ միշտ ասում է Ռուսաստանը` կողմերը փոխադարձ ընդունելի լուծումներով պիտի հաղթահարեն հակամարտությունը, Ռուսաստանը մշտապես պատրաստ է միայն աջակցելու, մյուս կողմից` ՌԴ նախագահը պատրաստ է տեղի տալու Թուրքայի միջնորդական ջանքերին, թեև վաղուց հայտնի է, թե ում շահերն է պաշտպանում Անկարան` ինչպես և ինչու: Սա` ի դեպ, որի հաստատումը կամ հերքումը կտա ժամանակը:
Բայց աշխարհը, գոնե մեծ աշխարհը, չի սկսվում ու ավարտվում Ղարաբաղով, և Անկարայում երկու նախագահները քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Մեդվեդևը հույս է հայտնել, որ Թուրքիան ու Հայաստանը հարաբերությունները կարող են վերականգնել ամբողջ ծավալով: «Բնականաբար, այդ գործընթացները դյուրին չեն, շատ կտրուկ արձագանք են ունենում և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում, քանի որ, հայտնի պատճառներով, այդ խնդիրը երկար ժամանակ չէր լուծվում, այնուհանդերձ, հույս ունեմ, որ ի վերջո կողմերը հանգելու են բոլոր անհրաժեշտ վճիռներին ու վերականգնելու են հարաբերություններն ամբողջ ծավալով»: Սա` ի հավելումն:
Հետո՞: Հետո ոչինչ: Չինացիները ճիշտ են, որ անգամ ամենաերկար ճանապարհն սկսվում է առաջին քայլից: Նրանք ճիշտ կլինեին, եթե ասեին, որ անգամ ամենաերկար ճանապարհը նաև ավարտվում է: Բայց այդ դեպքում չինացի չէին լինի, որովհետև դարավոր իմաստությունը նրանց սովորեցրել է սեփական ոտքերի վրա կանգնելու արվեստը, նույնիսկ եթե դա պահանջում էր Չինական պարիսպ կառուցել: Դարերի մեջ եղել ենք մենք էլ: Մեր ներկայությունը հաստատող հուշարձաններ կան, որ քանդվում ու ավերվում են սահմանի բոլոր կողմերում: Բայց մենք, ի տարբերություն և ի երջանկություն այլոց ու ի դժբախտություն մեզ, ամեն նոր օրն սկսել ենք զրո կետից` իսպառ ջնջելով անցած ճանապարհը, կուտակած գիտելիքը, փորձը, տառապանքը: Գուցե այդպես ապրելը հեշտ է եղել: Գուցե` ձեռնտու. երբ լավը չես կարող հիշել ու հիշողություն չունես, վատն էլ չես հիշում: Գուցե այլընտրանք չենք ունեցել: Դարերի մասին չդատենք: Համենայն դեպս հիշենք, որ, ինչպես ասում է Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանն առաջինն է ճանաչել Թուրքիայի Հանրապետությունը 90 տարի առաջ` 1920 թվականին: Հընթացս հիշենք նաև Կարսի անկումն ու Վանի կորուստը, ոչ փաստը, այլ հանգամանքները: Հետո հիշենք, թե ինչպե՞ս ու ինչո՞ւ ռուսական ռազմաբազան հայտնվեց Հայաստանում, ինչքա՞ն է մնալու և ո՞ւմ դեմ ու ինչո՞ւ, մի քիչ էլ հիշենք, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, չմոռանանք ազգային արժանապատվության ու ազգային սնապարծության տարբերությունը: ՈՒ համենայն դեպս մի փաստ էլ` ԵԽԽՎ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն ի պաշտոնե եկավ Հայաստան: Պաշտոնական անձ էր ու ի պաշտոնե էր եկել, այցը պաշտոնական պիտի լիներ, բայց այցը դարձավ աշխատանքային` իջեցվեց աստիճանակարգը, որովհետև ԵԽԽՎ թուրք նախագահը հրաժարվեց Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց զոհերի հիշատակին: Չասենք թուրքը մնում է թուրք. թուրք է նաև Օրհան Փամուկը: Սա` ի միջի այլոց:
Եվ հավարտ` Թուրքիայի բնակչությունը 72 միլիոն է, Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին գտնվող երկրի տնտեսությունը` 615 միլիարդ դոլար ծավալով, արագ վերականգնվում է 2009-ի գլոբալ ճգնաժամի շոկից հետո: Վերլուծաբանների գնահատմամբ` 2010-ին Թուրքիայում սպասվում է 5 տոկոս տնտեսական աճ: Երկիրը գործնականում չունի ժողովրդագրական խնդիր, ի տարբերություն ծերացող Եվրոպայի, նաև արտաքին պարտքն է զգալիորեն քիչ եվրոպական զարգացած երկրներից, ուրեմն, բերեք նվազագույնը երեք պատճառ, որ պիտի կասեցնեն Թուրքիայի տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական ու կայսերական նկրտումները եթե ոչ աշխարհում, տարածաշրջանում առավել ու առավել կարևոր դեր կատարելու ուղղությամբ:
Իսկ Հայաստա՞նը: Իսկ Հայաստանը շինարարական բումից, երկնիշ տնտեսական աճից հետո ապրում է միջազգային կառույցների հաշվին, չունի և չի ուզում ունենալ մեծ արդյունաբերություն, բնակչության հոգսերը հոգում է աշխատուժ արտահանելով, ուղեղների հոսքով և փնտրում է իր տեղը ոչ թե արևի տակ, այլ ստվերում. այնտեղ հարկեր չկան, իսկ եթե կան, կոչվում են եկամուտ ու ապահովում են միանշանակ բարգավաճման անխուսափելի տեսլական և կոչում են առաջ: Սա` ընդհանրապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ