ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԳԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՀՈՒՆ»

«ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԳԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՀՈՒՆ»
11.06.2010 | 00:00

ԳԵՈՐԳԻ ԽՈՄԻԶՈՒՐԻԻ անունը հայ հասարակայնությանը լավ հայտնի էր ղարաբաղյան համաժողովրդական շարժման տարիներին, երբ Հայաստանի ու Արցախի հայերի հետ ազգային ազատագրական պայքարի էին ելել այլ ազգությունների ներկայացուցիչներ, առաջին հերթին` ԽՍՀՄ տարբեր անկյուններում գործող իրավապաշտպաններ ու այլախոհներ, որոնք չէին կարող անտարբեր մնալ հանրապետությունն ընդգրկած ժողովրդավարական փոթորկի հանդեպ։ Այնուհետև կյանքի հորձանուտը շատերին ցաքուցրիվ արեց աշխարհում, նրանցից ոմանք արդեն չկան, բայց պարտավոր ենք հիշել նրանց անուններն ու գործերը։ Եվ հիշում ենք։ Անդրեյ Սախարով, Ելենա Բոներ, Գալինա Ստարովոյտովա և շատ ու շատ ուրիշներ։ Նրանք ոչ միայն խոսքով ու գործով էին աջակցում հայերի ազատության պայքարին, այլև ճշմարտությունն էին հասցնում աշխարհի տարբեր ծագեր։ Նրանց մեջ էր նաև Գեորգի Խոմիզուրին` երկրաբան, պատմաբան, պարզապես բարեկիրթ մարդ, որը կանգնած էր մեր կողքին։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծնվելով Բաքվում` նավթագործի ընտանիքում, Խոմիզուրին գնաց հոր հետքերով։ Սակայն մանկությունից նա հրապուրված էր պատմությամբ, ընդ որում, հետազոտական բնույթի։ Ձեռնամուխ եղավ ԽՄԿԿ-ի ու ԽՍՀՄ-ի ճշմարիտ պատմության ուսումնասիրությանը և իր հետազոտության արդյունքներն սկսեց տարածել անձնական հրատարակությամբ։ Առաջին «հրատարակությունն» էր «ԽՄԿԿ ղեկավարության պատմությունը (փաստեր առանց մեկնաբանության)», որին հետևեցին քաղաքական պատմությանն ու գիտությանը նվիրված այլ աշխատանքներ։ 1979-ին տեղափոխվեց Երևան, իսկ 1982-ին ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության մեղադրանքով և մինչև 1987-ը պահվեց Մորդովիայի քաղբանտարկյալների ճամբարում։ Բայց տուն վերադառնալուց հետո էլ Խոմիզուրին չի դադարեցնում մարդու իրավունքների ակտիվ պաշտպանի գործունեությունը. քաղբանտարկյալների պաշտպանության ազգամիջյան կոմիտեի հայկական ենթակոմիտեի անդամ էր, մարդու իրավունքների հայկական լիգայի, «Հուշամատյան» պատմալուսավորչական ընկերության անդամ։ Համագործակցել է ռուսական «Մեմորիալի» և ուրիշ իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ 2001-ից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վ. Ի. Վերնադսկու անվան պետական երկրաբանական թանգարանի առաջատար գիտաշխատող է։ Պատմության հրապույրը, սակայն, նրան չլքեց։ Գրվեցին և հրատարակվեցին` «Հավասարություն 26 հայտնիներով»` Բաքվի 26 կոմիսարների վախճանի մանրամասներով, «Սոցիալական ցնցումները ժողովուրդների կյանքում (Հայաստանի օրինակով)», «Հայ առաքելական եկեղեցի» բառարանը և այլն։ Այսօր Գեորգի Խոմիզուրին Երևանում է, և «Իրավունքը de facto»-ն նրա հետ զրուցելու հնարավորությունը բաց չթողեց։

-Պարոն Խոմիզուրի, հասկանալի է, որ Ձեր հետազոտական հետաքրքրությունները խորհրդային պատմության «սպիտակ էջերի» նկատմամբ չէին կարող անհետ կորչել։ Ինչի՞ վրա եք հիմա աշխատում։
-Ես չեմ կարող չզբաղվել քաղաքական պատմությամբ, և հիմա աշխատում եմ խոշոր հետազոտության վրա` «Ահաբեկչություն ընդդեմ ԽՍՀՄ երկրաբանների»։ Տեղի ունեցածը ես շարադրում եմ ժամանակագրական կարգով, և մի ահավոր պատկեր է ստացվում։
-Ստալինյան բռնությունների զոհե՞րը։
-Ես դեմ եմ նման ձևակերպմանը, ես էլ եմ «ստալինյան բռնությունների» զոհ, թեև դա տեղի է ունեցել նրա մահից շատ տարիներ անց։ Ավելի ճիշտ կլինի ասել` «կոմունիստական բռնությունների զոհ», առավել ևս, որ համաշխարհային մակարդակի ռուս խոշորագույն լեռնային ինժեներ Պոչինսկին ձերբակալվել էր 1917-ի նոյեմբերի 8-ին։ Ահաբեկչությունը շարունակվել է մշտապես, բոլոր ժամանակներում։ 1988-ին ինձ խուզարկեցին ու հարցաքննեցին ՊԱԿ-ում` Պարույր Հայրիկյանի գործով։ Եվ այն ժամանակ էլ «կոմունիստական ահաբեկչություն» էր։
-Իսկ պահպանվե՞լ է, արդյոք, Ձեր հետաքրքրությունն այսօրվա հասարակական գործընթացների նկատմամբ, մասնավորապես, շարունակո՞ւմ եք զբաղվել մարդու իրավունքներով։
-Ես, իհարկե, շարունակում եմ կապ պահպանել ռուսական «Մեմորիալի» հետ, առավել ևս, որ նրանք շատ են աշխատում Կատինի գործի վրա, բայց ավելի շատ իմ գործով եմ զբաղվում։
-Ձեզ, ինչպես ինձ է թվում, չեն կարող չհուզել ժողովրդավարական զարգացման հարցերը, մասնավորապես, Ռուսաստանում։
-Ցավոք, հիմա ակնհայտ միտում է նկատվում վերադառնալու այն մեթոդներին, որոնք վաղուց ու լավ մշակված են, ունեցել են հաջողություն։ Ընտրություններ, փաստորեն, չկան, իշխանությունը տեղերում նշանակվում է, ամբողջ հեռուստատեսությունը հսկողության տակ է, և իրադարձությունները մաուցվում են այնպես, ինչպես պետք է իշխանություններին։ Ժողովուրդը հոգնել է, ընդդիմադիր շարժումն անչափ թույլ է, իշխանություններն էլ շարունակ արգելում են հանրահավաքները, «անհամաձայնության երթերը», ձերբակալում դրանց մասնակիցներին։ Այսինքն, կանխիչ հարվածներ են հասցնում, որոնք նույնպես վկայում են, որ ռուսական իշխանությունները շատ կցանկանային վերադառնալ «գետի նախկին հուն»։ Ընդ որում, վնասակար է այն, որ այդ տրամադրությունները նախկին մայր երկրից հոսում-գնում են նախկին կայսրության բոլոր ծայրամասերը։ Մի տեղ գործերը լավ են, մեկ այլ տեղ` ոչ այնքան, թեև որոշակի ընդհանուր միտումներ կան, բայց ես համոզված եմ` անցյալին վերադարձն անհնար է` աշխարհը փոխվել է, դարձել է ավելի բաց ու ավելի փոխկապակցված։ Ինձ ոչ պակաս հուզում է ռուսական հանրության կերպարանափոխությունը` կայուն ցանկությունը` իր դժբախտությունների ու խնդիրների համար մեղադրելու բոլորին` սկսած Ամերիկայից, վերջացած իր հարևաններով։ Եվ դա ոչ միայն ռուսների մտածելակերպի համար սովորական «մեծապետականության», այլև երիտասարդության զանգվածային «անգրագիտության» ահավոր ու հարաճուն միտումի համատեքստում, անգամ` Մոսկվայում։ Իսկ իշխանությունները, համապատասխանաբար, «ուղեղները լվանում» են այնպես, ինչպես իրենց պետք է։ Մենք արդեն տեսնում ենք Ռուսաստանի մայրաքաղաքում խմբերով շրջող պատանիների, որոնք վանկարկում են` «И во сне, и наяву, за Россию пасть порву»։ Իսկ հասարակական կարծիք, այնպիսին, ինչպիսին Ռուսաստանում Լև Տոլստոյը բարձրացրեց Սասնա կոտորածի առիթով, չկա անգամ այլատյացության ամենաաղաղակող դեպքերի կապակցությամբ։ Ամենահետաքրքիրն այն է, որ հետխորհրդային ամբողջ տարածքում բոլորին մեղադրելով, թե «ռուսներն են միշտ բոլորին կերակրել», նրանք ափսոսում են Միության փլուզման համար, շատերը կարոտախտով են տառապում Ստալինի հանդեպ, ուզում են նորից ամեն ինչ վերականգնել։ Բայց, այս ամենով հանդերձ, ես համոզված եմ, որ կայսրության վերածնումն անիրատեսական է։
-Վերադառնանք Հայաստան։ Վստահ եմ, որ Դուք Մոսկվայում էլ եք հետևում, թե ինչ է տեղի ունենում մեզ մոտ։
-Ես «Արարատ» մշակութաբանական ընկերության անդամ եմ։ Մեզ մոտ կանոնավորապես անցկացվում են հանդիպումներ, այլ միջոցառումներ։ Ես տեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղի շուրջ։ Թեև նշեմ, որ, ցավոք, հայերը քիչ և ոչ այնքան լավ են աշխատում քարոզչության ոլորտում։ Եթե անցած դարի վերջին ռուսական հասարակական շատ կազմակերպություններ էին զբաղվում Ղարաբաղով, հիմա այդպիսիք եթե կան էլ, ապա հատուկենտ են։ Զբաղվում են իշխանության և իրենց հետաքրքրող այլ հարցերով, իսկ մտավորականությունը, այդ թվում` ժողովրդավարական, մոռացել է այդ խնդիրը։ Ռուսական հանրությունն ընդհանուր առմամբ ծանոթ չէ թեմային, չի էլ մտածում, թե ով է ճիշտ, ով սխալ, ինչը նրան չի էլ հետաքրքրում։
-Թուրքիայի և Ռուսաստանի ներկա մերձեցումն ինչպիսի՞ արձագանք է ունենում ռուսական հանրության շրջանում, թե՞ դա էլ չի հետաքրքրում նրան։
-Դե, մենք հիշում ենք Աթաթուրք-Լենին «բարեկամությունը», հիշում ենք, թե ինչպես Կոսիգինն ապրիլի 24-ին մեկնեց Ստամբուլ (կարող էր, չէ՞, մի քիչ ուշ գնալ, բայց նրա համար միևնույն էր), այսինքն, ամբողջ անցած դարում, նույնիսկ, երբ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր, հարաբերությունները բավականին լոյալ էին։ Այնպես որ, ոչ մի նոր բան չկա։
-Պարոն Խոմիզուրի, Դուք վաղուց զբաղվում եք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերով. ի՞նչ նոր միտումներ կան։
-Ճանաչման գործընթացն առկա է, և ես կարծում եմ` այն ոչ միայն կշարունակվի, այլև կընդլայնվի։ Ինչ վերաբերում է հետագային, ապա այն առանձին և ծայրաստիճան բարդ հարց է, որի վրա պետք է աշխատել։
Զրույցը` Սոնա ՍԻՄՈՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ