ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ՀԵՏևՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ»

«ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ՀԵՏևՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ»
18.06.2010 | 00:00

«Ես ու իմ համախոհները կողմնակից ենք, որ Հայաստանին առնչվող ցանկացած հարց լուծվի Հայաստանում, սակայն այս իշխանություններն իրենց համարում են օրենքից դուրս»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ «Մեզ համար իշխանության գալը երբևիցե ինքնանպատակ չի եղել,- հավաստեց ակումբի հյուրը։- Իշխանության գալու նպատակը Հայաստանի քաղաքացիների ազատ, մարդավայել ապրելու իրավունքն ապահովելն է, օրենքի գերակայությունը հաստատելը»։ Այս ենթատեքստում անդրադառնալով Հաագայի դատարան ուղարկված Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցին` ՀԱԿ-ի ներկայացուցիչը նախ հիշեցրեց Պինոչետի օրինակը, հետո էլ շեշտեց. «Համբերության խնդիր է։ Չգիտեմ` Հաագայի դատարանում ընթացքն ինչպիսին կլինի, բայց հարցը պիտի քննարկվի, որովհետև այդ մարդն առաջինն էր, որ իրեն օրենքից դուրս համարեց, 98-ին իր թեկնածությունն առաջադրելով նախագահի ընտրություններում։ Երբ փորձում էինք ճշտել նրա հասցեն, պարզվեց` Շահումյանի շրջանում մի քոլիկ էր։ Այսինքն, այդպիսի հասցե գոյություն չունի, որ Քոչարյանին բնակության համար տեղեկանք տրվեր։ Բոլորի աչքի առաջ մեզ խաբեցին»։
ՀՀՇ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները ևս չշրջանցվեցին։ «Ներկուսակցական ու անձնական հարց է, ուստի լավ կլինի, որ Քոքոբելյանն ինքն իր մոտեցումները ներկայացնի։ Որևէ մեկը չի ասել, թե նա դրածո է։ Քոքոբելյանը երբևէ չի հայտարարել, թե ՀԱԿ-ի քայլերը չեն համընկնում իր դիրքորոշումների հետ։ Քաղաքականությամբ զբաղվելը հրապարակային գործունեություն է ենթադրում, կուլիսների հետևում միայն խարդավանքներ են լինում։ Եթե որևէ քաղաքական գործիչ այսպիսի իրավիճակում է հայտնվում, պարտավոր է հայտարարություններ անել, իր տեսակետը հայտնել»,- ընդգծեց ակումբի հյուրը` այս իրավիճակը համարելով կոնգրեսի գործունեության վրա բացասաբար ազդող հանգամանք։ Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե ընդդիմադիր գործիչը չպետք է բիզնեսով զբաղվի, Վահագն Խաչատրյանն այսպես հակադարձեց. «Մեզ համար չքավոր լինելը երբեք արժանիք չի եղել։ «Մատրոս» Ժելեզնյակը չենք` 17-20-ականների»։
Արտահերթ ընտրությունների առնչությամբ էլ Վահագն Խաչատրյանի կարծիքը միանշանակ է` արտահերթ ընտրություններ լինելու են։ «Վաղը կամ 30 օրից։ Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է։ Մի երկրում, որտեղ օրենքը չի գործում, որևէ տրամաբանություն չի կարող լինել, այսինքն, ընտրություն էլ, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ներքին և արտաքին պայմանները կարող են դրան նպաստել։ Այսօր հասարակության մեջ անհանդուրժողականություն կա։ Բոլորը սպասումների մեջ են, կարիք ունեն փոփոխությունների»,- փաստեց ընդդիմադիր գործիչը։ Այժմ, նրա փոխանցմամբ, կոնգրեսն զբաղված է մարդկանց արտահերթ ընտրություններին նախապատրաստելով։ «Մենք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեինք, եթե ՀԱԿ-ը չլիներ, եթե օպերայում նստող, պայքարող երիտասարդները չլինեին»,- ասաց բանախոսը` հավաստիացնելով, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրություններին հարյուր տոկոսով պատրաստ է, իսկ կազմակերպչական առումով` 80։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսեց նաև Հայաստանի տնտեսական վիճակի մասին։ «Ճգնաժամը կշարունակվի։ Հարկեր հավաքելու այս մեխանիզմի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը կվերանա»,- վստահեցրեց ակումբի հյուրը` նկատելով, թե աշխարհում եվրոն անկում է ապրում, մինչդեռ Հայաստանում ապրանքի գները որևէ կերպ չեն արձագանքում դրան։
Օտարալեզու դպրոցների բացման մասին։ «Շատ վտանգավոր է, եթե այս օրենքը նույնիսկ առաջին ընթերցմամբ անցնի։ Այն դարձել է ազգային խնդիր, ու ցանկացած հիմնավորում անընդունելի է։ Եթե նպատակ ունեն կրթության որակը բարձրացնելու, դրա ձևերը կան. դպրոցը հեռու պահել քաղաքականությունից։ Այդ ժամանակ դպրոցն իր գործառույթը կկատարի»։
Եվ վերջում` այս օրերին բոլորին համակած ֆուտբոլային կանխատեսումների մասին։ Վահագն Խաչատրյանն Իսպանիա-Շվեյցարիա խաղում զգացել է շվեյցարական ժամացույցի շունչը, բայց նախընտրում է էմոցիաներով լի Արգենտինայի հավաքականի խաղը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. -Վահագն Խաչատրյանի հետ ծավալուն հարցազրույցը` «Իրավունքը de facto»-ի հաջորդ համարում։

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ

═/other" rel="nofollow">Այլ
14.11.2024