ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀՈՐ ՊԵՍ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԷՐ

ՀՈՐ ՊԵՍ ԹԵՎ ՈՒ ԹԻԿՈՒՆՔ ԷՐ
18.06.2010 | 00:00

Մեր հանդիպում-ծանոթությունը ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաղամեռիկ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ Պեկինի օլիմպիական խաղերից հետո էր։ Դա շատ կարճատև հանդիպում էր, սակայն մինչև իր կյանքի ցավալի ավարտը հաստատված մեծ բարեկամությամբ: Հանդիպման ժամանակ ես նրանից մեն-մի բան ունեի ճշտելու` այդ ինչպե՞ս եղավ, որ Տիգրան Մարտիրոսյան ավագը սանձահարեց բրոնզե մեդալ ապահովող 203 կգ կշռող ծանրաձողը, քաշ, որ մեր մարզիկի հնարավորությունների սահմաններից հաստատ վեր էր:
«Երբ ես նրան ասացի, որ պիտի մոտենա 203 կիլոգրամին, արձագանքը զարմանախառն հուսահատությունն էր: Մինչ այդ մենք 200 կիլոգրամ էլ բարձրացրած չկայինք մրցումներում։ Քաշը բարձրացնելուց առաջ լրացուցիչ ազդակ էր պետք, և ես ուրիշ հարմար բան չգտա ասելու»,- պատմեց Աշոտ Մխիթարյանը:
Հեռուստատեսային ժապավենը պատմության համար ֆիքսել է այն կադրերը, երբ Տիգրան Վ. Մարտիրոսյանը քաշը սանձահարելուց հետո, երջանկությունից խենթացած, ձեռքերը հաղթական վեր պարզեց մրցահարթակի վրա, իսկ նրա մարզիչը, ամբողջովին քամված, ուժասպառ խոնարհվել էր մրցահարթակին:
Պեկինի օլիմպիադան խորապես էր ազդել նրա վրա: Մեր հանդիպումների ժամանակ ես հաճախ էի խոսակցությունը թեքում այդ կողմ, որովհետև սկզբունքորեն ուրիշ ոչ մի զրույց այդ զուսպ, համեստ, ավելի շատ ինքն իր մեջ պարփակված մարդու մասին, որպես կազմակերպչի, մարզչի, քաղաքացու, ինձ այնքան ինֆորմացիա չէր տալիս, որքան օլիմպիական թեման: Ես նրա հետ ունեցած զրույցներից կներկայացնեմ երեք գրառում, և դրանց մեջ ինքներդ տեսեք այն, ինչ կկարողանաք տեսնել, ու հենց ինքներդ էլ ձեզ համար ձեր ներսում գծեք նրա կերպարը:
«Ա» ԳՐԱՌՈՒՄ
«Որ Պեկինում մեդալներ ենք ունենալու, վայրկյան իսկ կասկած չունեի, սակայն այն, ինչ տեսա այնտեղ, դրանից հետո տղաներիս արածը որակում եմ որպես մարզական խիզախություն: Ապշել կարելի էր չինացիների ստեղծած մարզումային պայմանների, ունեցած մարզադահլիճների, մարզագույքի, մարզիկների կենցաղի, հանգստի, սննդակարգի պահպանման պայմանների, հոգեբանի ինստիտուտի, բժշկական ծառայության մատուցման վրա: Նրանք ստեղծել են ծանրամարտիկների միկրոքաղաք ու արդյունքները լիուլի վայելում են»։ Անվերջ պատմում էր ու պատմում և ծրագրերի մեջ ոտք էր գցում այդ նույն չինացիների, ծանրամարտում հսկայական ավանդ ունեցող ռուսների հետ։ Ասում էի. «Աշոտ, համեմատվելու համար չափազանց բարձր նիշ չե՞նք վերցնում»: Պատասխանում էր. «Իսկ ո՞ւմ հետ կուզենայիր համեմատեի վերջին երկու տարիներին Եվրոպայի լավագույն, պեկինյան օլիմպիադայի արդյունքով երրորդը ճանաչված թիմին (այս զրույցն օլիմպիական խաղերի ավարտից հետո էր- Մ. Հ.): Եվ հետո, կա մի պարզ ճշմարտություն. որպեսզի լինես ուժեղ, պիտի համեմատվես ուժեղի հետ»:
«Բ» ԳՐԱՌՈՒՄ
«Պեկինի օլիմպիադայում դոպինգ ստուգման անվան տակ մեր տղաներից 4-5 անգամ արյուն վերցրին: Մարդուց արյունը քաշես նույնն է, թե ուժը քաշես: Եթե ավագ Տիգրանը քաշի հետ կապված խնդիր չուներ, նույնը չէի ասի կրտսեր Տիգրանի ու Գևորգ Դավթյանի մասին: Տղաները քաշի մեջ մնալու խնդիր ունեին, և դա շատ լավ գիտեին նրանք, ովքեր, կամ, ավելի ճիշտ, ով ի դեմս մերոնց էր տեսնում իրենց հիմնական մրցակիցներին: Իրենք մեզ հաղթելու ձևը գտան, ընդ որում, գտան օրինականության սահմաններում, գտան հենց այնտեղ ու այն ժամանակ, երբ մենք չէին սպասում: Իհարկե, սա էլ է պայքարի ձև: Մենք մե՛ր ձևը պիտի գտնենք ու այնժամ հաստատ մեզ հաղթելն անհնարին կլինի»:
«Գ» ԳՐԱՌՈՒՄ
«Ես սերմացու տղաներ էի տարել, և բերքս առատ էր: Իմ երկրի դրոշն է բարձրացել Պեկինում: Էդ ուրիշ բան, որ ես կուզեի երկրիս հիմնն էլ հնչեր. այ, դա կլիներ խելահեղ երջանկություն, բայց տղաներս, կրկնում եմ, եղած պայմաններում արել են անհնարինը»:
«Վստա՛հ, տղես». մարզասերը քանի անգամ է լսել մարզիկին մրցահարթակ ուղեկցող Աշոտ Մխիթարյանի այս արտահայտությունը, և այդ ձայնը որոշիչ է եղել ծանրորդի հաջող մոտեցման համար: Մարզչի այդ դիմելաձևի մեջ բովանդակված էր նրա ողջ սերն ու հավատն իր մարզիկի նկատմամբ։ Սակայն մարզիկը միայն այդ պահին չի զգացել, որ ինքն իր մարզչի տղան է: Հոր պես թև ու թիկունք էր։ Ի՜նչ արժեր միայն Տիգրան Գևորգի Մարտիրոսյանի խոսքը` սիրելի մարզչի թաղման արարողության ժամանակ. «Ես երկրորդ անգամ հայր կորցրի»: Ահա այսպես դաժանորեն մանկանում են առնական, որձաքարի պես պինդ տղաները, որոնք էլ իրենց Մարզչի որդիներն էին:
Աշոտ Մխիթարյանը ոչ միայն նուրբ հոգեբան էր, այլև խոշոր ստրատեգ: Իր այս որակները նա մեկ անգամ չէ, որ ապացուցել է խոշոր մրցաշարերում` թիմի համար ապահովելով բաղձալի արդյունք: Հիշենք երկու դեպք Գոյանգի աշխարհի վերջին` 2009 թվականի առաջնությունից, երբ նրա նուրբ մարտավարության արդյունքում չինացիների երկյակը ոչ միայն չկարողացավ աքցանի մեջ առնել մեր Տիգրան Մարտիրոսյան կրտսերին, այլև, ունենալով Լյու Քսյաոյունի պես ապշեցուցիչ հնարավորությունների տեր մարզիկ, ստիպված եղավ հետևել մեր մարզչի թելադրած խաղի կանոններին: Իսկ ինչ արժեր մինչև 85 կգ քաշային կարգում հրում վարժությունում Գևորգ Պողոսյանի հետ կատարվածը, երբ պարզապես մրցակիցների ձեռքից խլեցինք բրոնզե մեդալը` նրանց «քնացնելով» առաջին մոտեցմամբ մեր մարզիկի բարձրացրած 201 կիլոգրամով ու մինչև 208 կիլոգրամի պատվիրումը հետևած ապշեցուցիչ լռությունով, որ հավասարակշռությունից հանեց ու խառնաշփոթի մատնեց բոլոր մրցակիցներին: Այդպես լինում է պոկեր թղթախաղում, երբ ձեռքին ավելի հզոր հաղթաթուղթ ունեցող մրցակցիդ ստիպում ես «փաս» գնալ` պարտադրելով երկյուղած հետ քաշվել։
Աշոտ Մխիթարյանի մարզական կենսագրությունից չէր խանգարի մի դեպք էլ հիշել ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունից, երբ ուժեղագույնների խումբ կազմած մարզիկները ջանում էին այնպես անել, որ գերազանցեին կազմով համեմատաբար թույլ համարվող «Բ» ենթախմբում առաջին արդյունքը գրանցած ու մրցելույթն ավարտած մեր Սմբատ Մարգարյանին, որի ձեռքից, այն էլ մրցավարների, ինչու ճիշտը չասենք, բացահայտ միջամտության շնորհիվ միայն ի զորու եղան խլելու չեմպիոնական մեծ ոսկին: Սա ծանրամարտի պատմության մեջ նմանօրինակը չունեցող դեպք է, երբ, մարզիչը, այսպես ասած, երկրորդ տեմպով գրոհի է տանում մարզիկին ու փաստի առաջ կանգնեցնում բոլորին: Ահա այսպիսին էր Աշոտ Մխիթարյանը որպես մարզիչ, ով գիտեր «կրակել» այնտեղ, որտեղ ոչ մեկը չէր սպասում, արդյունք ապահովել այնտեղ, որտեղ ոչ մեկի մտքով չէր անցնում: Իր օրինակով, ինքն իրենով Աշոտ Մխիթարյանը լռելյայն հաստատում էր մի պարզ, կենսահաստատ ճշմարտություն, որը գալիս էր ասելու` լավ մարզիկ ունենալը քիչ է, լավ հաշվարկ իմացող մարզիչ պիտի ունենալ, թիմի գլխին պրոֆեսիոնալ պիտի ունենալ, պրոֆեսիոնալ, ով մարդկային հոգեբանությանը պարտավոր է բարձրագույն մաթեմատիկային հավասար տիրապետել և, այս ունակություններից զատ, տիրապետել նաև խաղացողի` «ՌչՐՏՍ»-ի հունարին, ինչպես կարճ ու ամփոփ թղթախաղում որակում են բարձրագույն պրոֆեսիոնալին:
Աշոտ Մխիթարյանը մերան էր, միավորիչ ուժ: Իրեն տրված վերին շնորհով նա կարողանում էր հզոր անհատների այս մարզաձևի ներկայացուցիչներին համախմբել ու ապրեցնել թիմի գաղափարով, այնպես անել, որ առաջին մեծության աստղի սիրտը բաբախեր հավաքականի նորելուկի համար, այնպես անել, որ նույն քաշային կարգում մրցակցող թիմակիցն ուրախանար իր ընկերոջ հաջողության համար: Այդ միայն նրա նման մեծ մարզիչը կարող էր խոստանալ առաջադրած քաշը բարձրացնելու դեպքում առավելությունը տալ համեմատաբար թույլ պատրաստվածին` «մոռանալով», որ տուժողը լինելու է իր սանը: Այդ միայն նրա նման հզոր մարդը կարող էր անանձնական լինել հավաքականի ղեկին, որովհետև այստեղ բոլոր մարզիկներն էլ նրա տղերքն էին, նրա բալեքը: Ահա թե ով էր Աշոտ Մխիթարյանը, և ում կորցրեց հայկական ծանրամարտը:
Աշոտ Մխիթարյանը կարող էր տրտնջալ որպես մարդ ու մարզիչ. «Տղաներիս արնաքամ արին», «Դրոշ բարձրացնող, հիմն հնչեցնող մարդն իրավունք չունի խեղճ կամ խեղճացած ապրելու», «Մարզչին այնքան պիտի վճարես, որ մարզիկը մարզիչ աշխատելու ցանկություն ունենա»... Այդպես տղամարդավարի տրտնջալ կարող էր, սակայն լաց լինել` երբեք։ Դա նրա ոճը չէր, և սկզբունքներից դուրս հասկացություն էր։
Աշոտ Մխիթարյանն անվերապահորեն վստահ էր` «Տղաներս սերմացու տղերք են», «սերուցք են, և սրանով ասված է ամեն ինչ»:
Որ Աշոտ Մխիթարյանի տղաները սերուցք ու սերմացու են, օրվա բացվող լույսի պես անառարկելի իրողություն է, ճիշտ այնպես, ինչպես սերմացու ու սերուցք էր ինքը` հայկական ծանրամարտի նորին գերազանցություն ՄԱՐԶԻՉԸ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ