Երբ 2007 թվականին դառնալով ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գավաթակիր` ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ ձեռք բերեց Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, ըստ էության, նորելուկ չէր ծանրամարտի միջազգային մրցահարթակներում: Շնորհալի մարզիկի նորամուտը դեռևս 2004-ին էր (արդեն այդ ժամանակ հանրաճանաչ մարզիչ Ֆելիքս Ալիևի սանը նախընտրած մարզաձևում ուներ տասնմեկ տարվա մարզումային ստաժ), որ նրան բերել-հասցրել էր հանրապետության երիտասարդների չեմպիոնի հանգրվանին, այնտեղից` Եվրոպայի առաջնություն` Բուլղարիա, որտեղից վերադարձել էր որպես առաջնության երրորդ մրցանակակիր (պոկում վարժության երկամարտում` 4-րդ արդյունք):
2005-2007թթ. բանակում ծառայության տարիներ էին: Զինվորական ղեկավարությունը երիտասարդի համար հնարավոր ամեն բան արել էր` ծառայությունն ու պարապմունքները համատեղելու համար, և արդյունքն էլ եղավ վերևում հիշատակված բրոնզե մեդալը:
2009-ը լայն հնարավորությունների տարի էր բոլոր նրանց համար, ովքեր պատվախնդիր էին, իրենց ծրագրերում` հետևողական ու նպատակասլաց: Պեկինի օլիմպիական խաղերից հետո ժամանակավոր դադար էին վերցրել հավաքականի առաջին համարները, և ռեզերվը փայլուն հնարավորություն էր ստացել իրեն ցույց տալու, ինքնահաստատվելու: Այսպիսի իրավիճակ էր նաև մինչև 85 կգ քաշային կարգում: Նոր սկսվող օլիմպիական շրջափուլի համար Եվրոպայի առաջնություն մեկնած երկրի հավաքականը, ըստ էության, էքսպերիմենտալ էր։ Ինչ-որ առումով մեր ընտրանու նոր դեմքերից էր Գևորգ Պողոսյանը, որը 20-ամյա Արամ Անդրիկյանի հետ Բուխարեստում ներկայացրեց հավաքականում Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի մենաշնորհը համարվող քաշային կարգը: Ինչ խոսք, հանրապետութան ընտրանիում ոչ մի մարզիկ հենց այնպես չի հայտնվում, և Գևորգն այդ իրավունքը ձեռք էր բերել հանրապետության մեծահասակների առաջնությունում, որտեղ դարձել էր երրորդ մրցանակակիր: Բուխարեստում թե՛ Գևորգը , թե՛ Արամը համեստ ելույթ ունեցան: Մասնավորապես Գևորգը գրավեց 7-րդ տեղը, սակայն հավաքականի մարզիչների համար շատ ավելի կարևորն այն էր, որ մարզիկները կամային բարձր հատկանիշներ դրսևորեցին, չերկնչեցին մրցակիցներից ու չխուսափեցին պայքարից:
Նույն տարում աշխարհի առաջնությունը (Կորեա) առարկայորեն ցույց տվեց, թե որքան հեռատես էր հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը` հույսեր կապելով օր օրի հասակ առնող և ուժ կուտակող ծաղկալանջցի հսկայի հետ, նրա մեջ տեսնելով կամային բարձր որակներ ունեցող մարզիկի հաղթող տեսակը:
Գոյանգում կայացած առաջնությունը չափազանց դրամատիկ ստացվեց, ինչ-որ առումով մեզ համար` տհաճ, անցանկալի զարգացումներով: Համաձայն նախամրցումային տրամաբանության, տոն տվողը պիտի լիներ փորձառու Տիգրան Մարտիրոսյան ավագը, իսկ Գևորգ Պողոսյանն ապահովելու էր արժանավայել մասնակցություն: Ձախողելով երրորդ մոտեցումը (168 կգ)` Գևորգը պոկում վարժությունում, ի վերջո, հանգրվանեց աղյուսակի 7-րդ հորիզոնականում: Այստեղ միջանկյալ նշենք, որ հրումում Տիգրան ավագը հավաքականի համար կարողացավ ապահովել արծաթե մեդալ առաջին իսկ մոտեցման ժամանակ, սակայն մրցահարթակից հեռացավ մեջքը բռնած, թեպետ ոսկե մեդալ ապահովող 176 կգ կշռող ծանրաձողին մոտենալու երկու փորձ, այնուամենայնիվ, արեց:
Հրում վարժության մեկնարկը մեզ համար սկսվեց անախորժ լուրի ազդարարումով. պարզվեց, որ վնասվածքը, այնուամենայնիվ, արել է իր չար գործը, և աշխարհի այս առաջնությունում մեզ համար այնքան ռեալ ոսկե մեդալից մնում ենք անմասն: Ամբողջ հույսը Գևորգ Պողոսյանն էր, ում երկրորդ վարժությունում նախնական պատվերը` 201 կիլոգրամ, գրեթե ոչինչ չասող բան էր առաջին մոտեցմամբ մրցակիցների բարձրացրած 200 կիլոգրամի դիմաց, և եթե լեհ ու ադրբեջանցի մրցակիցներից լուրջ կիլոգրամներ սպասելի չէին, նույնը չէր կարելի ասել Լահունի ու Կուզնեցովի մասին, չհաշված չին մարզիկին, որը մրցակցությունից դուրս էր: Սակայն շնորհիվ մարզիկի ահռելի ֆիզիկական ուժի, և, ինչ խոսք, հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի փայլուն մարտավարության, այդ օրը Գևորգն արեց անհնարինը: Երկրորդ մոտեցման ժամանակ նրա սանձահարած 208 կիլոգրամը բրոնզաձույլ եղավ` երկամարտում ապահովելով 4-րդ հորիզոնականը: Իհարկե, որակապես շատ բան կփոխվեր, եթե երրորդ մոտեցման ժամանակ մարզիկը կարողանար գլխավերևում պահել 211 կգ կշռող ծանրաձողը, որը փոքր ոսկե մեդալ կբերեր վարժությունում և մեծ բրոնզ` երկամարտում, սակայն 211-ից այդ օրը շատ ավելի ռեալ էր պոկում վարժությունում սանձահարելիք 168-ը, որը նույնպես կապահովեր մեծ բրոնզե մեդալը: Ինչևէ, եղածը եղած էր, սակայն բուխարեստյան մրցահարթակը փաստեց այն իրողությունը, որ Գևորգը պայքարեց իր ու վնասվածք ստացած ընկերոջ փոխարեն, դրսևորեց կամային բարձր հատկանիշներ, ապացուցեց, որ իր հետ կարելի է վստահաբար ճանապարհ գնալ:
Ընթացիկ տարվա Եվրոպայի առաջնությունը եկավ հաստատելու վերը ասվածը: Մինսկում Գևորգն ընդամենը մեկ մրցակից ունեցավ, այն էլ` ի դեմս իր թիմակից, պեկինյան օլիմպիադայում ստացած վնասվածքի պատճառով տևական դադարից հետո առաջին անգամ մրցաբեմ ելած, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանի: Դա արժանավոր մրցակցություն էր, և թեպետ Գևորգը ցանկալի ելույթ չունեցավ առաջին վարժությունում, սակայն կարողացավ կորցրածը հետ բերել հրումում` վարժության փոքր ոսկե մեդալին գումարելով երկամարտի մեծ ոսկին:
2010 թվի Եվրոպայի առաջնությունում նվաճած չեմպիոնի կոչումն առայսօր կա և մնում է մեր շնորհաշատ մարզիկի ամենամեծ ձեռքբերումը: Սակայն, ինչպես հայտնի է, ախորժակը ուտելիս է բացվում, իսկ որ բնատուր ֆիզիկական հրաշալի հնարավորությունների տեր այս մարզիկը շատ ավելի հեռահար նպատակներ ունի, անհերքելի է: Դիմացը Անթալիան է` աշխարհի հերթական առաջնությունը, որտեղ ապացուցելու շատ բան կա, և որին մեր մարզիկը պատրաստվում է նոր քաշային կարգ տեղափոխված: Սովորաբար քաշ փոխելն այնքան էլ հեշտ բան չէ, սակայն Գևորգ Պողոսյանի համար այն անհրաժեշտություն է նաև օլիմպիական հեռանկարով: Իսկ որ պետք է խիզախել նաև մինչև 94 կգ քաշային կարգում, խնդիր է ոչ միայն մարզիկի, այլև հավաքականի համար: Հավատանք այս բավականին ուշ «բացված» մարզիկի աստղին: Հայաստանի անունը միջազգային բարձր մրցասպարեզներում մեկ անգամ ավելի հնչեցնելը ոչ միայն ցանկալի է, այլև սպասելի: Փառք ու պատիվ այս գիտակցությունն ունեցող ու դրա համար ջանացող ամեն մի հայորդու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ