Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Սուտի գողականությու՞ն» կամ ինչու՞ է լռում Չիչոյան դատախազը

«Սուտի գողականությու՞ն»  կամ  ինչու՞  է լռում  Չիչոյան դատախազը
18.08.2023 | 21:29

Այն, որ Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ կան քրեական գործեր, որոնք, փաստացի մեռած են՝ տեղից չեն շարժվում 2018-2019 թվականններից, վկայում են այդ դպրոցների տնօրենների շարունակվող պաշտոնավարումները:

Գյումրու և Շիրակի մարզի մի շարք դպրոցներում այնպիսի աղաղակող խախտումներ են հայտնաբերվել, որ այդ քրեական գործերը փակելը մի «փորձանք» է, ընթացքը տալը՝ մեկ այլ:

Խմբակային այնպիսի հանցակազմեր ջրի երես կելնեն, որ բանտերում կարող է տեղը հերիք չանի: Դրանց մասին՝ առանձին:

Իսկ ա՛յ, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը, թեև, սերիական օրինախախտ է, պետությանը անդադար ֆինանսական վնասներ պատճառող չարամիտ իրավական ռեցիդիվիստ ու նաև՝ ոչ արդարացման հիմքով պաշտոնավարող, որ 2019 թվականին իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ըստ օդում ձիգ կախված լուրերի, «ջրեց» կլորիկ ու թոթոլ գումարով՝ 2022 թվականի մայիսի 31-ին:

Այդ ապիկար անձի օրինախախտումներին անդրադարձել ենք բազմիցս, բայց նրա չարաշահումները, պետականքադությունը, կրթական համարգում պատահականորեն հայտնվելն ու դպրոցը խուրդուխաշիլ դարձնելը անընդհատ նոր փաստերով է ոռոգվում:

ՈՒ, չնայած, այդ տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերում նշվում է, որ իր մորաքրոջ աղջիկը՝ Շուշան Դարբինյանը, դպրոց է ընդունվել որպես գրադարանավար՝ 0,5 դրույքով՝ չունենալով գրադարանավարի կրթություն, իսկ հետո աշխատել է ուսումնական հաստատության միջոցառումների կազմակերպիչ` կրկին 0,5 դրույքով, որևէ մեկը դպրոցի ուսուցիչներից՝ բացի տարբեր փաստաթղթերում, այդ դպրոցում երկու անուն-ազգանունով հանդես եկող Նոնա Հովսեփյան-Նաիրա Գևորգյանից` համակարգչային օպերատորից, չի հավաստել, որ տնօրենի մորաքրոջ աղջիկը որևէ միջոցառում երբևէ կազմակերպել է կամ ունեցել է միջոցառումների պլան՝ հատատված ուսմասվարի կողմից: Որևէ իրական փաստ՝ անգամ քրեական գործի նյութերում չկա: Այսինքն, դպրոցի համակարգչային օպերատորը տվել է սուտ, կեղծ ցուցմունք, որի համար՝ քրեական գործը կարճելուց հետո, չորս հաստիք բոնուս է ստացել այդ տնօրենից, փոխանակ պատժվեր սուտ ցուցմունք տալու համար:

Այս խայտառակ, հարմար և կոռուպցիոն սուտը բացահայտելու փոխարեն, վերջերս՝ 04.08.2023 թվականին, Շիրակի մարզի Չիչոյան դատախազը՝ իրավաբանին ոչ բնորոշ և գրագիտությունից կաղող պատասխանով, դարձել է ստի դրոշմ ու կնիք:

Չիչոյանը, ինչպես ասում են, тупо կրկնել է իրեն մատուցված սուտը:

Մինչդեռ Շիրակի մարզի դատախազին դիմում էի հղել ոչ միայն տնօրենի մորաքրոջ աղջկան՝ Շուշան Դարբինյանին, գրադավարի, նաև կազմակերպչի հաստիքների տակ կեղծ հրամանագրմամբ պահ մտցնելու, այլև անգլերեն լեզու առարկայի՝ առանց ուսուցչի թափուր տեղի համար անցկացված մրցույթի, ուսուցիչ դարձնելու վերաբերյալ:

Թե ո՛ր օրենքի ո՛ր հոդվածով է Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չդատված հանցագործ, տնօրենն իր մորաքրոջ աղջկան անգլերենի ուսուցիչ դարձրել չի պատասխանել ո՛չ ՀՀ գլխավոր դատախազը, ո՛չ նրա կողմից Շիրակի մարզ բերված Չիչոյան դատախազը, ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

ՈՒշագրավ է, որ որևէ փաստաթղթում չի ֆիքսված, չի արձանագրված, թե Շուշան Դարբինյանը, որպես անգլերենի ուսուցչուհի ո՛ր թվականից, ո՛ր ամսից, տնօրենի ո՛ր հրամանով է ընդունվել և դարձել անգլերենի ուսուցչուհի:

Սա նոր «Չիչոյանգե՞յթ» է Շիրակի մարզում:

Այո՛, սա հանրային սկանդալ է, որովհետև մարզի դատախազի պաշտոնին բերվածն ակնհայտ, հանցավոր փաստերը փորձում է փաթեթավորել խնդալու ֆանտիկով:

ՌԵՑԻԴԻՎԻՍՏԻ ՁԵՌՔԵՐԸ ՔՈՐ ԵՆ ԳԱԼԻՍ, ԵՐԲ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ուղարկել՝ կապված Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի կողմից դպրոցում անցկացված մի շարք հաստիքային մանիպուլյացիաների, մասնավորապես, աշխարհագրություն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար անցկացված մրցույթի հետ:

Դատելով ինձ ուղարկված պատասխանից, այն վերահասցեավորվել է Շիրակի մարզետարանին: Շիրակի մարզպետարանն էլ, իր հերթին, ինձ է վերահասցեավորել այդ դպրոցի չդատված տնօրենի պատասխանը:

Այս շրջապտույտը ներկայացրի, որպեսզի պարզ դառնա, թե ինչ ամենաթողոթյուն, անիշխանություն և սանձարձակություն է տիրում Շիրակի մարզպետարանում:

Եվ այսպես, սկզբում հաստիքային խաղերի մասին.

ի պատասխան իմ հաղորդման, այդ դպրոցի՝ շարունակական հանցագործ և, ըստ համադրվող փաստերի, Շիրակի մարզի դատախազի հովանավորության տակ գտնվող տնօրենը, պատասխանում է, որ Գյումրու թիվ 32 դպրոցում աշխատող Լաուրա Հովակիմյանն ունի մանկավարժի որակավորում և այդ դպրոցում աշխատում է ինչպես ուսուցչի օգնական ՝ 0,75 դրույքով, հետո ևս՝ 0,5 դրույք, այնպես էլ 0,5 դրույքով՝ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:

Պատասխանի էկրանանկարը՝ կից:

Ինչու՞ է այդ կնոջը հատկացվել է մեկ դրույքից ավելի ծանրաբեռնվածություն, ավելի ստույգ՝ 1,25 դրույք: Օրենքը մեկ անձի համար թույլատրում և սահմանում է մեկ դրույք ծանրաբեռնվածություն նույն հաստիքով՝ նույն աշխատաժամերի ընթացքում, և ոչ ավելին:

Փաստորեն, կոռուպցիայի, նեպոտիզմի, կաշառակերության վառ և ցցուն դրսևորում է նաև այն, որ այդ նույն տիկնոջը, նույն տարում հատկացվել է ևս 0,5 դրույք՝ կազմակերպչի աշխատանքի համար: Այսինքն, մեկ անձին տրվել է մոտ երկու դրույք աշխատանք: Սա օրենքի ցայտուն խախտում է, կոռուպցիայի ակնբախ փաստ:

Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը՝ թքած ունենալով բոլոր օրենքների և իրավապահների վրա, անտեսելով և հաբռգելով փաստից, որ մի քրեական գործը հաջողությամբ կարողացել է «ջրել» ու շարունակել պաշտոնավարել իր հանցակիցների բանդայով նոր հանցագործությունների էջ է բացել:

Որովհետև Շիրակի մարզը չունի մարզպետ:

ՈՒնի չպատժված կրթության վարչություն՝ վերից վար: Եվ, ի վերջո, ունի մարզի դատախազ, որը, ըստ ամենայնի, հանդուրժում է, ջուր է լցնում այս հանցագործների կայուն և անխափան աշխատող ջրաղացին՝ ոչինչ չձեռնարկելով կոռուպցիայի այս պինդ ու պիրկ սարդոստայնը քանդելու համար:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ոչ միայն այն փաստի վրա, որ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենն ինքնախոստովանում է իր հանցագործությունը՝ դա ամրապնդելով իր կողմից կից ներկայացվող փաստաթղթերով՝ տվյալ անձի հետ կնքած հակաօրինական պայմանագրով, հետո՝ հավելվածով, այլև նրա վրա, որ դպրոցից չհասկացող և հանցանքը հանցանքի հետևից շարող տնօրենը խոստովանում է՝ դպրոցում կազմակերպչի աշխատանքը զրո է:

Դա փաստ է, քանի որ, ուսուցչի օգնականը, որն օրենքով ունի զբաղվածության ամրագրված ծավալ, նման ծանրաբեռնվածության պարագայում, ո՞ր ժամին է իրականացնում մյուս՝ կազմակերպչի, հաստիքով իր վրա դրված պարտականությունները:

Այսինքն, մյուս հաստիքի 0,5 դրույքը, ինչպե՞ս է իրացնում:

էլ չասած՝ օրենքով ուսուցչի օգնականի պարտականությունների կատարման որակը: Բավական է ծանոթանալ ուսուցչի օգնականի 14 կետանոց պարտակականություններին և այդ ամենը պարզ կդառնա: Կարդում ենք դրանք. https://iravaban.net/324709.html

«Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատված են ՀՀ հիմնական ծրագրերի իրականացնող հանրակրթության ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարարգրերը։

1. ՈՒսուցչի օգնականի պարտականությունները՝

1) օգնում է ուսուցիչներին հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան սովորողների ուսուցման ու դաստիարակության պլանավորման և իրականացման գործընթացներում,

2) աջակցում է ԱՈՒՊ-ի իրականացմանը՝ համագործակցելով տվյալ սովորողին դասավանդող ուսուցիչների, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրողների և ծնողների հետ,

3) աջակցում է ուսուցիչներին հանրակրթության պետական չափորոշիչով և առարկայական չափորոշիչներով ու ծրագրերով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար՝ ԱՈՒՊ-ով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման գործընթացներում` կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ և տեխնոլոգիաներ,

4) ըստ հաստատության տնօրինության և ուսուցչի կողմից առաջադրված նպատակի, դասարանում իրականացնում է սովորողի ուսումնառության խնդիրների ուղղությամբ դիտարկումներ, դրանց վերաբերյալ կատարում վերլուծություններ,

5) օժանդակում է ուսուցիչներին բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ուսումնական նյութերի պատրաստման գործընթացում,

6) մասնակցում է ուսուցչի կողմից դասերի պլանավորման աշխատանքներին,

7) ուսուցիչների հետ միասին բացահայտում, դիտարկում, հետազոտում է երեխաների ուսումնառության գործընթացում արձանագրված, ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային և հոգեբանամանկավարժական խնդիրները,

8) նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը,

9) հարգում և պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը,

10) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով,

11) մասնակցում է հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին,

12) պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները,

13) սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) հայտի հիման վրա, սոցիալական դեպքի վարման շրջանակներում մասնակցում է համակարգող և խորհրդատվական մարմինների, ինչպես նաև աջակցության խմբի աշխատանքներին,

14) մասնակցում է անչափահաս սովորողի մասնակցությամբ համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններին, եթե օրենքով նախատեսված է մանկավարժի մասնակցության պահանջ:

2. ՈՒսուցչի օգնականի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը,

բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը,

գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

2) աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

3) Որակավորման պահանջները՝

1) ուսուցչի օգնականի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն կամ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,

2) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել սույն պաշտոնի որակավորման պահանջները բավարարող և տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոնում չաշխատող անձը»:

Ամփոփելով`արձանագրենք՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենն իր պատասխանով խոստովանում է՝ կատարել է օրենքի խախտում՝ մեկ անձին տրամադրելով՝ ընդհանուր 1,75 դրույք:

Պարզ է դառնում՝ նման ծանրաբեռնվածության պայմաններում, աշխատողի վրա երկու հաստիքով դրված պարտականությունների իրականացումը, չի իրականացվել ընդհանրապես կամ իրականացվել է խիստ թերի:

Հարց՝ մեկ դրույքից ավելի՝ մեկ անձի զբաղվածության պարագայում, ի՞նչ որակի աշխատանք է կատարվել և ինչպես է լրացվել աշխատանքի ժամաքանակը: Աշխատակիցը, աշխատանքի ո՞ր ժամերին և ինչպե՞ս է՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իրականացրել և տեղավորել երկու տարբեր հաստիքների աշխատանքը:

ՈՒսուցչի օգնականի պարտականությունների կատարումն իրականացվե՞լ է ներկայացվող պահանջներով, այսինքն, տվյալ անձը կատարե՞լ է օրենքի վերոգրյալ դրույթների պահանջները, որոնք մտնում են իր պաշտոնի գործառույթների մեջ: Հավելենք, որ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի՝ վերևում նկարագրված ակնբախ հակաօրինականությունը, պաշտոնեական սանձարձակությունը, դրույքաչափերի անօրինական հատկացումները վերաբերում են, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի հարսին:

ՄՐՑՈՒՅԹՆ Ի՞ՆՉ ՄԵՂՔՍ ԷՐ. ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ ԿԱՆԵՆՔ, ԷԼԻ

ՈՒ թեև, վերևում բերված հաստիքային հատկացումների փաստերը լրիվ բավական են, որպեսզի Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը ոչ միայն ժամ առաջ մաքրվի իր զբաղեցրած պաշտոնից, այլև ենթարկվի քրեական հերթական պատասխանատվության՝ օրենքի աղաղակող խախտումների, պետության հասցված ֆինանսական վնասների համար, նա շարունակում է պաշտոնավարել՝ նախորդ քրեական գործից՝ ոչ արդարացման հիմքով: Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի հաջորդ պատասխանները վերաբերում են աշխարհագրություն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար անցկացված մրցույթին:

Գրում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին կայանալիք մրցույթի անցկացման նպատակով ձևավորված հանձնաժողովում ներառված է 4 անդամ՝ Արմինե Սուքիասյան՝ դպրոցի տնօրեն, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ՝ Ա. Աբրահամյան, համապատսախան մասնաբաժնի ղեկավար՝ Ն. Գևորգյան, մեկ ուսուցիչ՝ տվյալ հաստատությանից՝ Ռ. Մելքոնյան:

Մտապահեք մրցութային հանձնաժողովի ձևավորման կազմը և օրը:

ՈՒշադրություն դարձրեք՝ ինքն իր ձեռքով գրում է՝ հանձնաժողովը կազմված է 4 անդամից:

Կարդում ենք օրենքը, որտեղ ասվում է՝ հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի 5 անդամից: Փաստորեն, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը խախտել է օրենքը և չի ձևավորել 5 անձից բաղկացած հանձնաժողով: Օրենքի պահանջը՝ կից հղումով: https://escs.am/am/news/8042

Գյումրու թիվ 32 դպրոցի չդատված տնօրենը, իր շահադիտական նպատակներից ելնելով, 28.09.2022 թվականի մրցույթի՝ մրցութային հանձնաժողովը չի ձևավորել՝ օրենքի պահանջին համապատասխան:

Այսպիսով, փաստենք՝ հանձնաժողովը օրինական չի եղել՝ ունենալով 4-հոգանոց կազմ:

Կարդացեք այդ տնօրենի կրկնակի օրինախախտման մասին ինքնախոստովանությունը, որտեղ նա իր ձեռքով գրում է՝ ինչպես 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, այնպես էլ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, կայացած՝ նույն առարկայի համար կազմված հանձաժողովը, համալրված չի եղել օրենքի պահանջին համապատասխան:

Փաստորեն, աշխարհագրություն առարկայի համար՝ երկու անգամ, անցկացված մրցույթը, եղել է թերի համալրված հանձնաժողովով ՝ օրենքի խախտումով:

Դատելով այս փաստից, հստակ է՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը՝ գիտակցված, նպատակային և շահադիտական նկրտումներից ելնելով, պլանավորված օրինախախտում է իրականացրել:

Դպրոցի չդատված տնօրենը բավարարվել է հանձնաժողովի իրավազորության կազմը՝ 4 հոգուն ապահովելով՝ անտեսելով համապատասխան մրցութային առարկայի մասնագետի, այն էլ՝ այլ դպրոցից, հանձնաժողովում ներգրավելու օրենքի պահանջը:

Սա նույնն է, ինչ ՀՀ ԱԺ-ում օրենքներ ընդունելու համար բավարար լինի միայն քվորումը, իսկ ԱԺ ձևավորելու համար 130 պատգամավորի առկայությունը՝ ոչ: Այս փաստերը լիարժեք հիմք են՝ նշված մրցույթը չեղյալ համարելու և տնօրենի կոռուպցիոն շահադիտությունը ջրի երես հանելու համար: Այս ցինիկ անօրինականությունը զավեշտ էլ չէ, սա ծաղր է երկրի, օրենքների նկատմամբ և պաշտոնեական լկտիության, անպատժելության և սանձարձակության հերթական դրսևորումն է:

Սուտը ստով ծածկող և իր ստերից հաճույք ստացող այդ տնօրենը, շարունակելով իր ոչբանիմացությունը վկայող գրավոր շքահանդեսը, նշում է, որ «2022 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած մրցույթին այլ ուսումնական հաստատություն ուղարկվել է համապատասխան գրություն, բայց ուսուցիչ այլ ուսումնական հաստատությունից չի մասնակցել/կից ներկայացնում եմ հավաստող փաստաթուղթը»,- գրել է Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը: Էկրանկարը՝ կից:

Այս տիկնոջը թվում է, թե բոլորն ապուշ են և տհաս:

Ստի, կեղծիքի, ամեն ինչի տակից, իր ընկալմամբ, հաջոդությամբ դուրս գալու մոլորությունը նրան այնքան է ներշնչվել որոշ իրավապահների գործունեության արդյունքում, որ այդ տնօրենին թվում է, թե բոլորն են տկարամիտ. Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը ներկայացնում է Գյումրու թիվ 10 դպրոցի տնօրեն Լ. Վարդանյանին ուղղված գրությունը, որում նա խնդրում է Գյումրու թիվ 32 դպրոցում անցկավող մրցույթին ապահովել համապատասխան մասնագետի մասնակցությունը: Գրությունը՝կից:

Ինչպես տեսնում ենք, այս տնօրենը, իր ձեռքով գրած պատասխանում, հավաստիացնում էր, որ Գյումրու թիվ 32 դպրոցում՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, անցկացվելիք մրցույթի հանձնաժողովի կազմում այլ հաստատությունից մասնագետի մասնակցությունն ապահովելու համար այլ հաստատության տնօրենին գրություն է ուղղել: Այժմ նայում ենք իր կողմից ներկայացված փաստաթղթի ամսաթվին՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ը: Այո, հենց այդպես. 2022 թվականի սեպտեմբերի 28-ի մրցույթի համար նա գրություն է ուղարկել նոյմբերի 8-ին:

Սա անեկդոտ չէ, սա մարտչող տգիտության վառ ու բոցավառ վկայություն է: Վերլուծությունն արված է բացառապես իր կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Հաջորդը. Ինչու՞ է Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը աշխարհագրություն առարկայի մրցույթի համար գրություն ուղարկել Գյումրու հենց թիվ 10 դպրոցի տնօրենին, որն էլ իր դպրոցի համապատասպան մասնագետին չի ուղարկել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար:

Որովհետև Գյումրու հենց թիվ 10 դպրոցի աշխարահրագրություն առարկան դասավանդող ուսուցիչն է չակերտավոր հաղթել Գյումրու թիվ 32 դպրոցում անցկացված մրցույթում:

Սա կոռուպցիոն մտածված գործարք է, փաստորեն:

ՂՈՒՐԲԱՆՍ ՝ ՕՐԵՆՔ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՄԻ ԵՐԿՈՒ ՏԵՂ ԿՏԱՄ

Գյումրու թիվ 32 դպրոցի՝ իրավական ռեցիդիվիստ, տնօրենն իր պատասխանում նշում է. «...Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը ներկայացրել է հրապարակման՝ նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի կայքէջերում, «Կրթություն» շաբաթաթերթում և դպրոցի կայքէջում»,- նշել է նա իր գրած փաստաթղթում:

Այստեղ ևս, այս տնօրենը, փաստացի, մանիպուլացրել է դպրոցում մրցույթի անցկացման մասին օրենքի դրույթի կատարումը: https://escs.am/am/news/8042

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150336

Իր պատասխանում նա ներկայացրել է դպրոցի կայքէջում տեղադրված հայտարարության էկրանանկարը և «Կրթություն» շաբաթաթերթի՝ 14.09.2022 թվականի համարում տպագրված հայտարարությունը:

Իսկ երկրորդ անգամ անցկացվելիք մրցույթի հայտարարության տպագրման ամսաթիվն

Անհայտ է՝ ներակայացված պատճենում այն բացակայում է:

Սա նշանակում է, որ մեզ հայտնի չէ, թե երբ է իրականում տպագրվել երկրորդ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը. պահպանվե՞լ է արդյոք օրենքի պահանջը՝ հայտարարության ժամկետների տպագրման հարցում: Ավելին, պատասխանում այդ տնօրենը չի ներկայացրել փաստեր, թե Գյումրու թիվ 32 դպրոցի աշխարհագրություն առարկայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի վերաբերյալ հայտարարությունները՝ տեղադրվե՞լ են Շիրակի մարզպետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջերում:

Կրկնում եմ՝ տնօրենի պատասխանում չորս պարտադիր հրապարակային այն հարթակներից, որտեղ պետք է տպագրված լինեին հայտարարությունները, երկու առանցքային, հանրությանն առավել հայտնի, ակտիվ դիտելի կայքերում թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղադրված հայտարարությունների փաստերը բացակայում են: Արձանագրենք՝ չի ապահովվել օրենքի պահանջը և մասնագետների առավել լայն շրջանակներին՝ թափուր աշխատատեղի մասին հասանելի տեղեկատվությունը:

Դառնալով մրցույթի երկու փուլերի մասին Գյումրու թիվ 32 դպրոցի չդատված տնօրենի պատասխանին և չծանրացնելով ընթերցողների ուշադրությունը համադրումներով և վերլուծությամբ, հակիրճ նշենք (փաստաթղթերը՝ կից), որ մրցույթի մասնակից-թեկնածուների երկրորդ՝ հարցազրույցի փուլի, տոկոսային հարաբերությունը՝ ի համեմատումն առաջին փուլի, ապշեցնող է. չէին կարող մրցույթի առաջին փուլում 92 % և 94 % հավաքած թեկնածուները լինել այնքան տգետ, որ հարցազրուցի փուլում գրանցեին 6 % ու 10 % արդյունք:

Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցից գործուղված «կադրը»՝ 100 %:

Ընդ որում, դպրոցի տնօրենն իր պատասխանում չի ներկայացրել մրցութային հանձնաժողովի արձանագրությունները նշված երեք թեկնածուների՝ առաջին և երկրորդ փուլերի հավաքած տոկոսների վերաբերյալ:

Եվ ամենավերջինը, Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չդատված և ցայսօր պաշտոնավարող տնօրենը, փորձել է իր ստեղծած ծիծաղի սենյակում ծաղրածու խաղալ, գրելով՝ «...համաձայն մրցույթի օրինակելի կարգի, իրականացվել է ձայնագրություն: Ձայնագրման փաստը կարող են հավաստել հանձնաժողովի անդամները և հավակնորդները: Տեխնիկական խնդիրների պատճառով, ձայնագրությունը չի պահպանվել»:

Այդ ինչ «հաջող» տեխնիկական խնդիր էր, որ միաժամանակ վերացրեց բոլոր երեք մասնակիցների ձայնագրությունը:

Ե՞րբ վերացրեց, մրցույթից քանի՞ րոպե հետո, ինչու՞ առաջ եկավ այդ տեխնիկական խնդիրը, ո՞վ էր պատասխանատու ձայնագրություններն անելու և պահպանելու համար:

Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը, որն արդեն ինն ամիս է զբաղեցնում է այդ պաշտոնը, այդքան ամիս էլ ինձանից ստանում է բազմաթիվ դիմումներ, բողոքներ ոչ միայն Գյումրու թիվ 32 դպրոցի, այլև Գյումրու և Շիրակի մարզի մի շարք դպրոցների տնօրենների՝ ակնհայտորեն, հանցակազմից պայթող գործունեության վերաբերյալ:

Սակայն, բացի այլ կառույցներին այդ դիմումները վերահասցեավորելուց, որպես մարզի առաջին իրավապահ, որևէ մեկի՝ նախկինում հարուցված քրեական գործին ընթացք չի տվել, նորերն էլ չի հարուցել: Փոխարենն իմ այս բացահայտումներն ուղղում է մեռած կամ կիսամեռ կառույցներին՝ կիսագողականի վարքագծին ՝ ապեր, մենք ընթացք տվող չենք, մենք «բազառը փակող ենք» մոտեցումով:

Պետությանն հասցված վնասները, պաշտոնեական խարդախությունների սխեմաների բացահայտումները, իրավական հետապնդում հարուցելը, փաստերի, դիմումների մանրազնին ուսումնասիրությունը, մինչև խորքը գնալը պետք է դառնար Շիրակի մարզի Չիչոյան դատախազի աշխատաոճը նաև այն պատճառով, որ տեղացի չէ ու չպետք է ունենար կաշկանդվածություն տեղի հանցագործներին, նրանց հովանավորողներին բացահայտելու հարցում:

Բայց, արի ու տես, որ նիկոլ Փաշինյանի «սև» սրտի, և «խռպոտ թոքերի» հերթական դատախազը սուտը ստով ծածկող, օրենսգրքային քրեական հոդվածների բեռի տակ ծանրացածների տանիքն է:

Մի օր այն հաստատ կծակվի՝ այսպիսի հորդառատ փաստային տեղումներից:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 6686

Մեկնաբանություններ