Զորեղ հավատով
Քեզ եմ դիմում ես`
Բարձրյալ, տեր կանգնիր
Հավատացողիդ,
Քեզ հոգու խորքում
Նվաղ «Խիղճ» բառով
Լոկ բնութագրող,
Բայց` ամեն վայրկյան
Տիեզերական
ՈՒժդ զգացող
Հավատարիմիդ...
Նետված է, ահա,
Նա ալեկոծված
Համաշխարհային
Օվկիանոսի մեջ`
Որպես մի նավակ
Ծիրանափայտից
Փորագիր սարքած,
Որի թիերը
Աջից ու ձախից
(և ներքին դավից)
Հոսանքը տարավ...
Սպասում եմ, Բարձրյալ,
Տա՛ր, հասցրու ափ, որը
Հանգրվան-դրախտավայրն է
Ջրհեղեղ տեսած
Եվ հաղթահարած
Նոյ Նահապետի,
Նեռի ժառանգորդ
Բելին խորտակած
Հայկյան սերունդի...
Մի՛ թող խորտակվի
Ծիրանափայտե
Երազանք-նավս.
Նրանով պիտի
Խումբ-խումբ
Էրգիր գան
Բազում ցավերից,
Ստոր դավերից
Ցիրուցան եղած,
Բայց` քեզ չուրացած
Հայ զավակներդ...
Բարձրյալ, չլքե՛ս
Հավատացողիդ,
Դարձյալ տեր կանգնիր
Քեզ չուրացողիդ...
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ