ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կերեք թարմ սնունդ՝ նյութափոխանակության և մարսողության խանգարումներից խուսափելու համար

Կերեք թարմ սնունդ՝ նյութափոխանակության և մարսողության խանգարումներից խուսափելու համար
18.09.2009 | 00:00

ՈՒՏԵ՞Լ, ԹԵ՞ ՉՈՒՏԵԼ ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ
Ի՞նչ ուտել. այս հարցի պատասխանը միանշանակ չէ, սակայն մեծ մասը կարծում է, որ սպառողը պետք է ունենա ընտրության իրավունք, երկրորդ՝ վնասների, այդ թվում՝ բարոյական վնասների փոխհատուցման, սպառողական գիտելիքներ ստանալու և, վերջապես, առողջ էկոլոգիական սնունդ գնելու իրավունք։ Այսօրվա սպառողն այս բոլոր ասպեկտներով դեռևս օրենքով պաշտպանված չէ։
Այսօր շատերը կա՛մ ժամանակի սղության, կա՛մ պարզապես նախաճաշելու սովորություն չունենալու, կա՛մ էլ մեկ ուրիշ պատճառով առավոտյան դատարկ ստամոքսով դուրս են գալիս ուսումնական և աշխատանքային երկար օրվան ընդառաջ: Բայց մինչև օրվա ավարտը քաղցած մնալ չի լինի. աշխատունակությունդ ընկնում է, տրամադրություն չես ունենում, մի խոսքով, անարդյունավետ օր ես անցկացնում, և քանի որ ժամանակի ու հեռավորության պատճառով ոչ բոլորին է հարմար ընդմիջմանը գնալ տուն ու սնվել, նախապատվությունը տրվում է դրսում մի բան ուտելուն և, այսպես ասած, fast food-ից օգտվելուն:
Բուլկի, հոթ-դոգ, ֆրի. ահա թե ինչ է հիմնականում ուտում ուսանողը, երիտասարդը կամ աշխատանքով տարված մարդը: ՈՒտելը` ուտել, սակայն այլ հարց է, թե ինչ կարծիք ունեն սնվելու նման տարբերակի մասին մասնագետները: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով` առողջ ապրելակերպի կարևոր սկզբունքներից մեկն առողջ սնվելն է, իսկ առողջ սնունդը հագեցած է վիտամիններով, սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի քանակը նրանում հավասարակշռված է, քանի որ ենթարկվում է համապատասխան ջերմամշակման և, ամենակարևորը, թարմ է ու ոչ ժամկետանց: Սակայն, բացի այս ամենից, կարևոր է նաև սնվելու ճիշտ ռեժիմին հետևելը` նյութափոխանակության և մարսողության հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Բայց այդ ամենը գրեթե անհնար է դրսում սնվելու և արագ սննդից օգտվելու դեպքում: Հանրային սննդի կետերում, ճիշտ է, հնարավորինս պահպանվում են սննդի մշակման ու պահպանման հիգիենիկ պայմանները, բայց, ամեն դեպքում, արագ սննդի մեջ ներառվում են սննդային խտանյութեր, գունային կոնցենտրատներ, որոնք թեև ավելի ախորժաբեր տեսք են տալիս, բայց օրգանիզմի վրա բացասական ազդեցություն են թողնում: Երիտասարդության ճնշող հատվածն օրվա մեծ մասն անցկացնում է համակարգիչների առջև ու նստակյաց կյանք է վարում, ինչն ավելի է նպաստում սննդի ոչ ճիշտ յուրացմանը, առաջանում են նյութափոխանակության խանգարումներ, մեծանում է ճարպակալման և ավելորդ քաշի կուտակման վտանգը: Բացի այդ, պետք է մեծ ուշադրություն դարձնել կրպակների ու վաճառակետերի հիգիենիկ վիճակին:
Մասնագետները կարծում են, որ պարտադիր է օրական 3-4 անգամ սնվելը, մինչդեռ հայերիս մոտ ընդունված է սոված լինելով միանգամից մեծ քանակությամբ սնունդ ընդունելը, մի բան, որ վնասում է մարսողական համակարգը։ Իհարկե, մեծ նշանակություն ունի, թե ինչ ես ուտում, սակայն առավել կարևոր է ինչպես ուտելը՝ ռեժիմով, ժամանակին սնունդ ընդունելը, որպեսզի ստամոքսը դատարկ չմնա։ Հակառակ դեպքում մի շարք խնդիրներ են ծագում՝ թթվայնության խախտումներ, աղիների և ստամոքսի կծկողականության ֆունկցիայի խանգարում։ Ոչ ճիշտ սնվելը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարումների, գաստրիտի, էրոզիաների, խոցերի։
Այնպես որ, երբ կանգնած եք լինում «ուտե՞լ, թե՞ չուտել արագ սնունդ» երկընտրանքի առջև, մտածեք։ Չէ՞ որ առողջությունն ամենաթանկ բաներից մեկն է, եթե ոչ` ամենաթանկը: Հիշենք, մասնագետների ուսումնասիրությունները վկայում են` մարդկանց առողջությունը պայմանավորված է բացառապես առողջ սննդով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3956

Մեկնաբանություններ