Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Հայտնվեց երկուսի միջև ու..

Հայտնվեց երկուսի միջև ու..
24.06.2008 | 00:00

ԱՂԵՏ
Անցած շաբաթ Գյումրիի կենտրոնում նոր կառուցվող շենքի պատը փլվել էր տնակի վրա, ինչի պատճառով երեք մարդ զոհվել էր։ Ըստ լրատվամիջոցների, տնակը հայտնվել էր երկու նոր կառուցվող շենքերի միջև, ինչը չժխտեցին նաև Գյումրիի քաղաքապետարանում։ Այլ կերպ ասած, տնակի բնակիչները` հինգ հոգուց բաղկացած ընտանիք, անկախ իրենց կամքից, հայտնվել են շինհրապարակում։ Համաձայնեք, որ նման աբսուրդի դժվար թե հանդիպենք որևէ այլ երկրում, անգամ խիստ հետամնաց։ Այն, ինչ կատարվել է Գյումրիում, կարելի է ասել, ապօրինություն է։ Եվ կատարվածի մանրամասները, թերևս, պետք է հանձնաժողովը բացահայտի։ Սակայն մինչ այդ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից փորձեցինք ճշտել մի քանի հրատապ հարցեր, որոնք այս պահին արդեն բազմաբնույթ կարծիքների տեղիք են տալիս։ Այդ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական տեսչության պետ ՍԵՎԱԴԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։
-Տնակը շինհրապարակից (կամ անվտանգության գոտուց) չհանելու պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում:
-Շինհրապարակում (կամ անվտանգության գոտում) պետք է բացառվի որևէ տնակի առկայություն: Շինհրապարակում կարող է լինել միայն պահակակետ, սակայն աշխատանքների իրականացման ժամանակ այնտեղ ոչ մեկը չպետք է գտնվի:
Մինչև 20 մ բարձրությամբ շենքերի շինարարության դեպքում անվտանգության գոտին սահմանվում է 7 մ-ի չափով, իսկ 20 մ-ից ավելիի դեպքում` 10 մ-ի (շենքի պարագծով):
Տվյալ դեպքում շինհրապարակից (անվտանգության գոտուց) տնակն ապամոնտաժելու և հեռացնելու պարտականությունները դրված են կապալառուի վրա:
-.ՀՀ քաղաքաշինության նախարարության դերը նշված գործում ո՞րն է:
-Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում անվտանգության տեխնիկայի գործառույթները դրված են կապալառու կազմակերպության վրա, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն այստեղ որևէ հսկողական գործառույթ չունի:
-Այս դեպքի ուսումնասիրության մեջ նախարարությունն ի՞նչ մասնակցություն է ունենալու:
-Քաղաքաշինության նախարարության մասնակցությունը նախատեսված չէ: Սակայն եթե ստեղծվի վթարի պատճառները հետաքննող հանձնաժողով, և մեզ հրավիրեն, ապա անպատճառ կմասնակցենք։
-Ի՞նչ շինարարություններ է իրականացնում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Գյումրիում: Եվ եթե կարելի է, խնդրում եմ, ճշտեք. իմ ունեցած տեղեկության համաձայն նշված վայրում կառուցվող օբյեկտներն ապօրինի՞ են։
-ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, որպես պատվիրատու, Գյումրիում իրականացնում է 10 օբյեկտների շինարարություն, որոնցից 2-ը` նոր սկսվող, իսկ 8-ը` հիմնանորոգվող: Դրանք պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող օբյեկտներ են (մարզադպրոցներ, դպրոցներ, սոցիալական, գիտական նշանակության օբյեկտներ, մշակույթի տուն և այլն) և ապահովված են անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերով:
Ինչ վերաբերվում է առևտրի սպասարկման օբյեկտին, որտեղ տեղի է ունեցել վթարը, ապա այն մասնավոր պատվիրատվությամբ կառուցվող կառույց է:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ.Գ. -Հետաքրքրական է, որ թե´ Գյումրիի և թե´ Երևանի պատկան կառույցների կուլուարներում նշում են, որ սպասարկման կառուցվող օբյեկտն ինքնակամ է։ Սակայն ... դժբախտ պատահարի օրը քաղաքապետարանի համապատասխան վարչության պատասխանատուներն անգամ «Հայլուրով» փորձում էին ոչ միայն կոծկել այդ խնդիրը, այլև ոչ մասնագիտական տերմինաբանությամբ խնդրի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա էր գցում։ Գուցեև վերջիններս բարձրակարգ մասնագետներ են, սակայն նրանց այդ մոտեցումը թույլ է տալիս ենթադրելու երկու բան. կա´մ վերջիններս ուղղակի անփույթ են եղել, կա´մ էլ շինարարությունն իրոք ինքնակամ է, ինչի պատճառով էլ որևէ հստակ բան ասել դժվարանում են։ Անշուշտ, այս հարցազրույցի մեջ տեղին կլիներ ներկայացնել նաև Գյումրիի քաղաքապետի տեսակետը, սակայն նրա հետ հարցազրույց անելու համար մենք պետք է առնվազն հասնեինք Հռոմ, քանի որ վերջինս դեպքից մի քանի օր առաջ գործուղման էր մեկնել։ Չի բացառվում, որ վերադարձին Վարդան Ղուկասյանը ձեռքը դնի Աստվածաշնչի վրա և Աստծո անունից հանդես գալով երդվի, որ ինքը տեղյակ չի եղել այդ շինարարությունից կամ էլ վստահեցնի, որ կառույցն օրինական է։ Եթե անգամ ապացուցվի, որ շինարարությունն օրենքի շրջանակներում է իրականացվել, ապա տնակը շինհրապարակում թողնելը շիննորմերի կոպիտ խախտում է։
Կա մի հարց, որին նույնպես պետք է անդրադառնալ։ Մեր զրուցակցի խոսքից պարզ դարձավ, որ նախարարությունը հսկողական գործառույթ չունի։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ պետությունը նվազեցրել է նախարարության դերն ի հաշիվ կապալառուի։ Իսկ կապալառուն իր հերթին ամեն հնարավոր տարբերակ կգտնի, որպեսզի ոչ միայն էժան և արագ կառուցի, այլև ինչ-որ տեղ ցածրորակ աշխատանքը ներկայացնի որպես չափանիշերին համապատասխան` համոզված լինելով, որ նախարարության կողմից մանրակրկիտ հսկողության չի ենթարկվելու։

Դիտվել է՝ 4582

Մեկնաբանություններ