ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լուրեր

Լուրեր
09.09.2008 | 00:00

Հանդիպեցին մեկմեկու և հեռացան մշտապես
Քաղաքական շրջանակներում ակտիվ շրջանառվող «բամբասանքերից» մեկի համաձայն՝ Մոսկվա վերջին այցելությունից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի տանը, որտեղ նախկին և գործող նախագահները քննարկել են ներքաղաքական և տարածաշրջանային հարցերի բավական լայն շրջանակ։ Ռ. Քոչարյանի շրջապատում պնդում են, թե եղել է պայմանավորվածություն՝ հանդիպելու նաև Մոսկվայից Սերժ Սարգսյանի վերադառնալուց հետո, սակայն երբ նախկին նախագահն այդ նպատակով եկել է Ծառուկյանի տուն, փոքր ինչ սպասելուց հետո պարզվել է, որ Սերժ Սարգսյանը չի գալու։
Դրանից անմիջապես հետո քոչարյանամերձ շրջանակները սկսել են լուրեր տարածել, թե Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա խիստ չհաջողված էր, և ռուսները շատ դժգոհ են Հայաստանի նոր նախագահի վերջին շրջանի քաղաքականությունից։ Եվ իբր այդ դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ հենց Հայաստանի նախագահն է տապալել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման կարևորագույն գործընթացը, ու իբր այդ պատճառով էլ նրան նույնիսկ չեն հրավիրել նախագահների հրաժեշտի ճաշկերույթին։ Ռուսական հեռուստատեսությունը, սակայն, ցուցադրեց այդ ճաշկերույթից հպանցիկ կադրեր, բայց դա էլ բավարար էր համոզվելու համար, որ Սերժ Սարգսյանը նստած էր գործընկերների կողքին։

Ամերիկացիները Ստեփանավանո՞ւմ
Չճշտված, սակայն համառորեն շրջանառվող լուրերի համաձայն, ԱՄՆ-ը դիմել է Հայաստանի նախագահին՝ Ստեփանավանի օդանավակայանն իրենց ժամանակավոր օգտագործման հանձնելու առաջարկով։ Ըստ նույն լուրերի, Սերժ Սարգսյանը նախնական համաձայնություն է տվել, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը։ Ռուսները, իբր, ակնարկել են, թե Հայաստանի այդպիսի քայլի դեպքում «միջոցներ կձեռնարկեն», սակայն Վաշինգտոնը վստահեցրել է Հայաստանի ղեկավարությանը, որ Մոսկվան տվյալ դեպքում որևէ գործուն միջոց չունի` իրավիճակի վրա ազդելու համար։

Ղարաբաղացավ
Երեկ Ռուսաստանի որոշ լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, թե Դմիտրի Մեդվեդևն այսուհետ ակտիվ մասնակցություն է ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանում մեր աղբյուրի պնդմամբ, հիշյալ ակտիվությունը կարող է հասնել նրան, որ Ռուսաստանը փորձի դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով իր միջնորդական առաքելությունը։ Այսինքն՝ աշխատի խաղից դուրս թողնել ամերիկացիներին և ֆրանսիացիներին՝ դառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միակ միջնորդը։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ այդ համատեքստում միանգամայն հավանական է, որ Մոսկվան ստիպի Բաքվին, Երևանին և Ստեփանակերտին՝ համաձայնություն տալ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Ըստ որում, չի բացառվում, որ այդ խաղաղապահների տեղակայումը ենթադրվում է միայն ԼՂՀ 1992 թ. սահմանի երկայնքով, ինչը կարող է նշանակել, որ անվտանգության գոտին կազմող տարածքները, բացառությամբ Լաչինի, կվերադարձվեն Ադրբեջանին։ Ռուսական որոշ շրջանակների պատկերացմամբ` դա կարող է դառնալ դեպի ՆԱՏՕ-ն ինտեգրացիան դադարեցնելու և Մոսկվայի գերիշխանությունն ընդունելու՝ Ադրբեջանի գինը։

Լիսկայի գործերը լավ չեն
Ըստ քաղաքական շրջանակներում և Սյունիքի մարզում շրջանառվող լուրերի, առաջիկայում նախապատրաստվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը։ Գորիսում արդեն հայտարարում են, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Հայաստանի բանակի բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ գեներալ Վարդան Ավետիսյանը։ Վերջինս արդեն իսկ ակտիվ աշխատանք է սկսել բնակչության շրջանում. իր միջոցներով վերանորոգում է միջգյուղական ճանապարհները, կատարում ինչ-որ ներդրումներ։ «Չար լեզուները» պնդում են, թե նա ազգակցական կապեր ունի Հայաստանի նախագահի հետ։

Աշոտյանը` հանձնաժողովի նախագահ
Երեկ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ կրթության ու գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանին: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանն էր, որն այժմ նշանակվել է նորաստեղծ սփյուռքի կոմիտեի ղեկավար:
Ռ. Խ.

Հայ-թուրքական «երկխոսության» հետևանքները
«Իմ այցը Երևան Կովկասում առկա հոգեբանական բոլոր պատնեշները վերացրեց»,- ըստ Panorama.am-ի՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Հայաստանից վերադառնալուց հետո։ Նա նշել է, որ եթե հաջողվի առկա խնդիրների կարգավորման համար ջերմ մթնոլորտ ստեղծել, ապա դա կդառնա Կովկասում կայունության և համագործակցության գործում մեծ ձեռքբերում։ Միաժամանակ Թուրքիայի նախագահը նշել է, թե Հայաստանի նախագահի հետ սեպտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ ցեղասպանության և հայ-թուրքական սահմանի բացման հարցեր չեն շոշափվել։ «Հայաստանի նախագահը նույնիսկ ցեղասպանության մեջ մեղադրելու ակնարկներ չարեց։ Սակայն նա քննարկման համար առաջարկեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչին ես չէի սպասում, մտածելով, որ Սարգսյանը ձեռնպահ կմնա այդ թեմայից։ Ես չէի սպասում, որ մենք այդքան երկար կքննարկենք այդ թեման, նաև չէի սպասում, որ Սարգսյանը ցանկություն կհայտնի, որպեսզի Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու գործում միջնորդ դառնա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Այսպիսով, արդարանում են այն կանխատեսումները, թե թուրքական կողմը սեպտեմբերի 6-ի ֆուտբոլային հանդիպումն օգտագործելու է քարոզչական նպատակներով՝ աշխարհին ցույց տալու համար, թե հայերն իրենց հետ խնդիրներ չունեն։ Այդ գործընթացն ակնհայտորեն սկսել է երկրի ղեկավարը։

Ինքնավար Ջավախք՝ դաշնային Վրաստանի կազմում
Վերջին օրերին շատերն էին մտահոգված, թե ռուսները ՀՀ-ին կարող են «անցանկալի» պայմաններ առաջադրել, այն է՝ ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Ըստ այդմ, բավականին տագնապով էին սպասում Մեդվեդև-Սարգսյան հանդիպման արդյունքներին։ Աներկբա փաստ է, որ Հայաստանը, այդ քայլին գնալով, ծայրահեղ վատ դրության մեջ կարող էր հայտնվել, քանի որ արտաքին աշխարհին կապող մեր պետության միակ ճանապարհն անցնում է Վրաստանով։ Այդ հարցով մտահոգվածներին «հոգեկան հանգստություն» պարգևեց Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարը բոլորին հստակ հասկանալ տվեց, որ Հայաստանը չի կարող ճանաչել ինչպես Կոսովոյի, այնպես էլ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, քանի որ ՀՀ-ն նույնիսկ ԼՂՀ-ի անկախությունը չի ճանաչել։ Սակայն նախագահի «զգուշորեն արած» այս քայլը շատ վերլուծաբաններ այլ կերպ են փորձում մեկնաբանել՝ այն համարելով հրաշալիորեն ձևակերպված պատրվակ, միաժամանակ փաստելով, որ այսօրինակ պատճառաբանությունը դժվար թե ռուսներին գոհացներ, եթե չլիներ այլ պայմանավորվածություն։ Ըստ հիշյալ վերլուծաբանների՝ առայժմ որպես այլընտրանք պայմանավորվածության քողի տակ կարող են ծրագրել ՀՀ իշխանությունների որոշակի չեզոք դիրքորոշումն առաջիկայում ՌԴ-ի կողմից Ջավախքում պլանավորված գործողությունների հանդեպ։ Թերևս պատահական չէ, որ վերջին օրերին Ջավախքի թեման սկսեց ակտիվորեն շրջանառվել իշխանական մամուլում և կոալիցիա ներկայացնող ՀՅԴ-ի հանրահավաքում։ Գյուլի հրավերի արդյունքում ծնունդ առած՝ դաշնակցականների սույն հանրահավաքում դոմինանտ թեման դարձավ Ջավախքի ինքնավար կարգավիճակը դաշնային Վրաստանի կազմում։
Վյաչեսլավ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5281

Մեկնաբանություններ