ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՐԳԸ ԴԱՐՁՐԵԼ ԷՐ ԿԵՆԴԱՆԻ ԶՐՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ

ԵՐԳԸ ԴԱՐՁՐԵԼ ԷՐ ԿԵՆԴԱՆԻ ԶՐՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԵՏ
18.02.2011 | 00:00

Կոմիտասի, Սայաթ-Նովայի և հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարող, ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆԱԿ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ արտիստական գործունեությանը հարևանցի ծանոթ մեկի համար հավանաբար դժվար է մեծահամբավ երգչի անունը համատեղել թատրոնի, առավել ևս կինոյի հետ։ Մինչդեռ երգեցողությանը զուգընթաց Ա. Տեր-Աբրահամյանը որպես երգիչ, իսկ հաճախ էլ որպես դերակատար, հանդես է եկել մեկ տասնյակի հասնող հայկական կինոնկարներում` դառնալով նորաստեղծ բնագավառի առաջնեկներից մեկը, խթանելով երիտասարդ կինոյի զարգացմանը։
Էկրանից դուրս, կինոհանդիսատեսին ոչ տեսանելի երգչի մասնակցությունը կինոնկարի բաղկացուցիչ երաժշտական միջնորդություն է, որը, ձուլվելով կինոնկարի դրամատիկական միասնական զարգացմանը, դառնում է գործողության ակտիվ մասնակից, ստեղծում միասնական ռիթմ, օգնում է գործող անձերի փոխհարաբերության ճիշտ բացահայտմանը և ապահովում նրա գեղարվեստական ամբողջականությունը։
Հայկական կինեմատոգրաֆիայի սկզբնավորման և նրա զարգացման տարբեր շրջաններում նման կարևոր առաքելությանն են նվիրվել Արաքսյա Գյուլզադյանը, Շարա Տալյանը, Պավել Լիսիցյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Օֆելյա Համբարձումյանը, Նար Հովհաննիսյանը, Ավագ Պետրոսյանը, Արթուր Այդինյանը, Ռուբեն Մաթևոսյանը։
Մասնակիցը դառնալով հայ գեղարվեստական կինեմատոգրաֆիայի պատմության ամենասկզբնական շրջանի` Արմենակը նկարահանման հրապարակ իջավ և կինոխցիկի առաջ կանգնեց 1927-ին։ Միքայել Մանվելյանի էկրանավորած «Ղուլը» կինոնկարում Նեկտար-Հասմիկի, Եղսան-Նինա Մանուչարյանի, Օնիկ-Ավետ Ավետիսյանի կողքին նրան վստահված էր խորհրդային ոստիկանի նույնքան պատասխանատու դերը։ Երգչի բարձր ու սլացիկ հասակը, խորաթափանց հայացքը, կիրթ արտաքինն ու երիտասարդական ավյունն օգնել էին ստեղծելու բարի ու հոգատար ոստիկանի կերպարը, որը դեռևս կինոարվեստին անսովոր հանդիսատեսի վրա մեծ տպավորություն էր թողնում։ Սուրեն Քոչարյանը պատմում էր, որ Արմենակը հետաքրքիր է եղել հատկապես կինոնկարի այն դրվագում, երբ անապաստան երեխաների օգնությամբ միլիցիոները գտնում է առևանգված փոքրիկ Գայանեին և ձերբակալում հանցագործներին։ Թեպետ կինոնկարն առանձնապես հաջողություն չունեցավ, սակայն առաջին իսկ դերակատարումով Արմենակ Տեր-Աբրահամյանը մեծ համբավ ձեռք բերեց։ Մինչ այդ նա այնքան էլ ճանաչված չէր Երևանում, իսկ նկարի ցուցադրումից հետո 20-ամյա արտիստը հայտնի դարձավ ամբողջ քաղաքին։
Հայկական առաջին հնչյունային «Պեպո» կինոնկարին մասնակցելու նպատակով, Մոսկվայի երաժիշտ-երգիչների և Երևանի դուդուկահարների եռյակի հետ, Համո Բեկնազարյանն ու Արմեն Գուլակյանը Թբիլիսի են հրավիրում նաև Ա. Տեր-Աբրահամյանին։ Մեծ չէր լինելու նրա դերասանական խնդիրն այս կինոնկարում։ Սակայն հին Թիֆլիսը լավ գիտցող և այն հարազատորեն զգացող արվեստագետներ ներգրավելու պատճառով էր, որ Հ. Բեկնազարյանի ընտրությունը կանգ էր առել երգչի վրա։ Ղարաչուխալիների կյանքն ու կենցաղը բնութագրող երաժշտական պատկերներից մեկում Արմենակը երգելու էր Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը։ Գործողության համար հուզական լրացում դարձած իր չքնաղ կատարումով Արմենակը, փաստորեն, դարձել էր գործող անձ, որի կերպարը բնորոշվում էր երաժշտության միջոցով։ Այդ կերպարը մնում էր «Պեպոյի» հանդիսատես-ունկնդրի հիշողության մեջ այնպես, ինչպես բանտի տեսարանում «Քյոռօղլի» երգի` Մուշեղ Աղայանի առնական, բաղնիքում, հարսնացուի քննման տեսարանում, «Հայոց աղջիկների»` Արաքսյա Գյուլզադյանի չքնաղ, կամ պատարագի` Տեր Նիկոլի հրաշալի կատարումները։ Մեր հիշողության մեջ դրոշմվել է Արմենակ Տեր-Աբրահամյանի պատկերն այդ կինոնկարում և, ինչպես ցույց տվեց ժամանակը, անցնող տասնամյակներն անզոր եղան խամրեցնելու այդ պատկերն ու մոռացնելու այդ ձայնը։
«Քաջ Նազարի» իշխաններից մեկի էպիզոդիկ դերից հետո Արմենակին սպասում էր լիարժեք մի այլ դեր, որը սպասել չտվեց։ Հայրենական պատերազմը սկսվելու առաջին իսկ օրերին երևանյան էկրաններին երևաց «Արյուն արյան համար» կարճամետրաժ կինոնկարը, որը նվիրված էր պաշտպանության թեմատիկային և լայն արձագանք գտավ այդ օրերին։ Արմենակ Տեր-Աբրահամյանը մարմնավորում էր գերմանական սպայի, որի յուրաքանչյուր հայտնվելը էկրանին առաջացնում էր դահլիճի զայրույթը և ուղեկցվում էր սուլոցներով ու բացականչություններով։ Իսկ այն դրվագում, երբ գերմանական սպան ջանում էր գերել խորհրդային տանկիստին, հանդիսատեսի զայրույթը հասնում էր իր գագաթնակետին. երեխաներն ատելությամբ դեպի էկրան էին նետում նույնիսկ գրենական պիտույքներ։ Գլխավոր դերակատարներից մեկը Հրաչյա Ներսիսյանն էր, և ուրախալի էր, որ նրա կողքին, թշնամու դերակատարումով անգամ, Արմենակը չէր նեղվում և ցուցադրում էր դերասանական ակնհայտ տվյալներ։ Ավելին, հայ կինեմատոգրաֆիայում ստեղծած երկրորդ դերակատարումով նա խոստումնալից դերասանի հայտ էր ներկայացրել և հրավիրվել նկարահանվելու «Դուստրը» և «Դավիթ Բեկ» կինոնկարներում, որպես գլխավոր դերակատարներից մեկը։ Սակայն հրապուրվելով Երևանում բացվող օպերետային թատրոնով` Շարա Տալյանի և Արամ Տեր-Հովհաննիսյանի հետ լծվեց նորաստեղծ թատրոնի կազմակերպման գործին։
Մեծ չէր Հայաստանի հեղափոխական անցյալի մի էջը ներկայացնող «Սևանի ձկնորսները» կինոնկարում Ա. Տեր-Աբրահամյանի մասնակցությունը, բայց Աշոտ Սաթյանի գրած վոկալ մի ստեղծագործության տերաբրահամյանական կատարումը կինոնկարի ակնհայտ հաջողություններից մեկն էր դարձել։ Երգիչը, որ պատկերում էր ձկնորսի, նկարահանվել էր Սևանի լճի վրա։ Պահպանելով ժողովրդական երգեցողության մեղեդային գրավչությունը` նա ստեղծում էր չքնաղ Սևանի «զմրուխտ ջրերի» երաժշտական վճիտ ու պարզ կերպարը, հիշեցնելով Սևանի ալիքների պատրանքը։ Փաստորեն, երգի միջոցով արտահայտվում էր կինոնկարի համապատասխան բովանդակությունը, և ամեն ինչ մատչելի էր դառնում բազմահազար կինոհանդիսատեսներին։
Այս իմաստով ուշագրավ է Ա. Տեր-Աբրահամյանը «Անահիտ» կինոնկարի հերոսի երաժշտական մեկնության մեջ։ Մտաբերենք, թե գեղարվեստական ինչպիսի ընդհանուր հյուսվածքի մեջ էր անտառի տեսարանը, ուր Անահիտը (Մետաքսյա Սիմոնյան) ծառի մոտ նստած տենչում է արքայազն Վաչագանին (Ֆրունզե Դովլաթյան) և երազում է հանդիպել սիրեցյալին։ Վերհիշենք, թե կերպարի ինչպիսի զգացողությամբ էր հնչում «Աղբյուրի մոտ» զուգերգը Օֆելյա Համբարձումյանի և Արմենակ Տեր-Աբրահամյանի կատարմամբ` սյուժեի զարգացման մեջ առաջ բերելով բեմադրողի և կոմպոզիտորի ստեղծագործական փոխըմբռնում, միաժամանակ հարստացնելով գործողությունը։ Անհերքելի փաստ է, որ Ֆ. Դովլաթյանի մարմնավորած Վաչագանի առնական ու հմայիչ կերպարը սիրվում և հիշվում է նաև երգի տերաբրահամյանական կատարման շնորհիվ։
«Նկարահանումների ժամանակ ես շատ երգիչների եմ լսել,- հիշում էր Ավետ Ավետիսյանը,- սակայն ոչ մեկի ձայնն այնքան սրտակորով չէր, ոչ ոք այնպես չէր զգում կինոյի յուրահատկությունը և չէր երգում կերպարի մեջ, ինչպես մեր Արմենակը։ «Անահիտում» նա պալատականի դեր էր կատարում և դրանից մեծ հաճույք էր ստանում։ Ընդմիջումներին նա աննման էր` երգում էր, կատակում և մանավանդ սրախոսում»։
1950 թ. Երևանի կինոխրոնիկան հարստացավ «Երկիր հայրենի» փաստագրական կինոնկարի արտադրությամբ։ Այն շահեկան էր նաև Աշոտ Սաթյանի գրած վառվռուն երաժշտությամբ, որի բարձրակետը դարձավ «Մարտիկի երգը»։ Հեղինակի ցանկությամբ երգն էկրանից հնչեցնելու պատիվը տրվեց Ա. Տեր-Աբրահամյանին։ ՈՒսումնասիրելով կինոսցենարը, ըմբռնելով բեմադրողի պահանջը և հարազատ մնալով կինոնկարի հայրենաշունչ ոգուն, Արմենակին հաջողվել էր գտնել երգային ներգործուն միջոցներ, վերարտադրել զինվորի սերն ու կարոտը առ հարազատ մայրը, դեպի չքնաղ հայրենիքը։ Ինչպես վկայել է Ա. Սաթյանը, Արմենակ Տեր-Աբրահամյանին հաջողվել էր հասնել երաժշտության մեջ գտնվող այն մտերմիկ տրամադրությանը, որ դրել էր կոմպոզիտորն իր հերոսի երաժշտական կերպարի մեջ։ Ռեժիսորներից շատերն արդեն չէին պատկերացնում իրենց աշխատանքն առանց Ա. Տեր-Աբրահամյանի երաժշտական միջնորդության։ Այդպես եղավ «Սայաթ-Նովա» փաստագրական կինոնկարի ստեղծման ժամանակ, որի սցենարը գրել էր մեծանուն Պարույր Սևակը։ Գ. Բալասանյանի նկարահանած կինոնկարում Սայաթ-Նովայի երգերը հնչելու էին Շարա Տալյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի, գուսան Աշոտի, Ավագ Պետրոսյանի, Վաղարշակ Սահակյանի, Գլախո Զաքարյանի կատարումներով։ Սակայն Պարույր Սևակը, Շարա Տալյանը և Արամ Մերանգուլյանը չէին պատկերացնում կինոնկարն առանց Արմենակի մասնակցության։ Նրանք կանգնած էին փակուղու առջև։ Արմենակից չէին պահպանվել սայաթնովյան երգերի տեսագրություններ։ Որոշվում է օգտագործել «Պեպոյի» այն դրվագը, ուր Արմենակը երգում էր «Քանի վուր ջան իմ»-ը։ Նա այդ երգը կատարում էր առանց նվագակցության, և դա հենց այն էր, ինչին ձգտում էին նկարահանողները։ Այս դեպքում երգչի մոտ կենդանի խոսակցական-երաժշտական լեզուն զորեղ գեղարվեստական ուժ ստացած` երգը դարձրել էր կենդանի զրույց հանդիսատեսի հետ` հաստատելով Սայաթ-Նովայի հավասարապես բանաստեղծ և երգահան լինելու կարևոր հանգամանքը։
Արմենակ Տեր-Աբրահամյանը նույն հաջողությամբ մասնակցեց նաև «Զանգեզուր» և «Լեռնային հեղեղ» կինոնկարների նկարահանումներին։ Տաղանդավոր երգիչը թեպետ չհասցրեց լիովին բացահայտել դերասանական իր կարողությունը, չդարձավ որևէ կինոնկարի գլխավոր հերոսի մարմնավորող, սակայն ապացուցեց, որ ոչ մեծ դերերում էլ կարելի է հասնել ավարտուն ամբողջական կերպարի։ Նրա մասին, ցավոք, շատ չի գրվել։ Մինչդեռ յուրաքանչյուր նոր խոսք անվանի երգչի մասին նոր էջ է բացում նրա կատարողական-արտիստական կյանքի պատմության մեջ։ Մեր ուսումնասիրությունները, որոնք մենք կհրապարակենք մեկ ուրիշ անգամ, մեզ տանում են դեպի ռուսական կինոնկարներում Արմենակ Տեր-Աբրահամյանի ունեցած մասնակցության արահետները։
Նա արտիստ էր, և կինոն նրա հոգևոր կյանքի էական մասն էր։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 3286

Մեկնաբանություններ