ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱՄԵՆԱԴԺՎԱՐՆ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼՆ ՈՒ ՉՁԱԽՈՂՎԵԼՆ Է»

«ԱՄԵՆԱԴԺՎԱՐՆ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼՆ ՈՒ ՉՁԱԽՈՂՎԵԼՆ Է»
18.11.2011 | 00:00

Բացառիկ բախտավորություն է, երբ համընկնում են օպերայի հայրենիքի հայաստանյան դեսպանների ու Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գործունեության բովանդակությունն ու առանցքային հետաքրքրությունները: ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան և ստուդիականների համագործակցությամբ, փաստորեն, պատշաճ մակարդակով կյանքի են կոչվում երկուստեք կարևորված կրթամշակութային մի շարք ծրագրեր, և բեմ են բարձրանում Ռոսինիի, Պուչինիի, Մասկանյիի, Դոնիցետիի դասական երաժշտակտավները: Իր կազմավորման հոբելյանական տարվա գլխավոր հանդիսությունը օպերայինի մեծ բեմում նշանավորելով վերջինիս հանրահայտ «Լյուչիա դի Լամերմուրի» մասսայական շքեղ ներկայացմամբ` «սարյանականները» ձեռք են մեկնում Դոնիցետիին եվրոպական ճանաչում բերած «Սիրո ըմպելիքին» (1832 թ.):
«Իտալերենի համաշխարհային տասնմեկ շաբաթի» շրջանակներում ներգրավված նոր բեմադրությունը, ստուդիական հարկի ներքո հայ-իտալական նորահաստատ մշակութային կամրջի հուսալիությունն ամրապնդելուց զատ, հանրահռչակում է Իտալիայի միավորման 150-րդ և Հայաստանի նորանկախ երրորդ Հանրապետության 20-րդ տարեդարձերը: «Մեր երկու ժողովուրդների պատմական բարեկամությունը խարսխված է եղել համակողմանի փոխհարգալից շփումների վրա,- տոնական ուղերձը հանրագումարում է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ ու լիազոր դեսպան Բրունո Սկապինին, ով բարեհաջող զարգացնում է իր իրավանախորդի` Մարկո Կլեմենտեի նախաձեռնած համագործակցությունը ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի հետ:- Ազատ ու անկախ ապրելու իտալական դարավոր փորձառության դասերով, հավատացեք, անհամեմատ դյուրին կլինի երիտասարդ հայկական պետության արժանավայել ինտեգրումը ազգերի ներկայիս համաշխարհային ընտանիքին: Հայ երիտասարդներին իտալական օպերային մշակույթի բարձրարժեք նմուշները գործնականում յուրացնելու հնարավորություն ընձեռելով` մենք քանիցս հավաստիացել ենք, թե ինչպես են հղկվում նրանց բնատուր շնորհներն ու ստացած տեսական գիտելիքները բեմադրական եռուզեռում: Կոնկրետ պարտիտուրների վերամարմնավորման գաղտնիքները բացահայտելիս նրանք ինքնադրսևորման իրական լծակներ են ունենում` միաժամանակ ապահովելով «բելկանտոյի» (թարգմ.` «գեղեցիկ երգեցողություն») իտալական դասական օպերաների կենդանի փառքը»:
Մարեցին նախերգանքի քաղցրածոր հնչյունները, և իտալական փոքրիկ քաղաքի առօրյայի շրջապտույտում շուտով ներգրավվեց Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիքի» առաջնախաղի հանդիսասրահը: Անբռնազբոսիկ բեմական վարքագծով, քնարական երգեցողության ու դերամարմնավորման վարպետությամբ ի սկզբանե դերասանախմբի կենտրոնաձիգ ուժը դարձավ քնարական տենոր Պերճ Քարազյանի Նեմորինոն: Իրեն հարազատացած օտար լեզվամտածողությամբ Նեմորինո-Քարազյանը գայթակղեց նույնիսկ իտալացիներին` ոչ մի ակնթարթ չթուլացնելով հանդիսասրահի հետաքրքրությունն իր կերպավորած հասարակ սպասավորի սիրային տվայտանքների, պարզամտության զավեշտախառն դրսևորումների նկատմամբ: (Մշտապես ինքնակամ հղկելով կատարողական ունակությունները տարաբնույթ երաժշտական նախագծերում` օպերայինի և «Տաղարան» համույթի երիտասարդ մեներգիչը ցուցանում էր մասնագիտական հասունության ակնհայտ աճ: Ավաղ, նրա արվեստակիցներից քչերին է հաջողվում լրացնել մեծ բեմում այդպես էլ պատշաճ «իրացում» չգտնող ստեղծագործական էներգիան «այլընտրանքային» բարձրարվեստ ծրագրերի կենսագործմամբ:)
Երբ 19-րդ դարասկզբի իտալական ազատագրական պայքարի «զինադադարային» դրվագներում երևացին նորաստեղծ հայկական բանակի համազգեստով հանդերձավորված իտալացի զինվորները, ոմանք ակնածանքով մտաբերեցին իտալացի պարտիզանների շարքերում արիաբար մարտնչած ու Պոնտե դը Լեոնիի մերձակայքում զոհված Մկրտիչ Դաշտոյանի (1914-1944 թթ.) հերոսական նահատակությունը` հանուն ֆաշիստական հորդաներից Իտալիայի ազատագրման: Արցախյան ազատամարտի թոհուբոհով անցած ԵՊԿ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրական շատ հնարքներ մտահղացված էին հայերի ու իտալացիների ազգային նկարագրերում ու պատմական անցյալում եղած աղերսների իմացությամբ` առանց խաթարելու Դոնիցետիի մելոդրամատիկ երաժշտական երկի կենսախինդ ամբողջականությունն ու գրավչությունը:
Աշխույժ ու տպավորիչ «Սիրո ըմպելիքը» ստեղծագործական կայուն մթնոլորտը հրաշքով պահպանող «սարյանականների» արժանավորության ու ներուժի հերթական պերճախոս վկայությունը եղավ` առաջնախաղի հանդիսասրահի հավաքական կարծիքով: Արդեն հանրային համակրանքի արժանացած ու սկսնակ օպերային երգիչ-երգչուհիների, ստուդիական նվագախմբի համատեղ ջանքերով բեմավորված օպերային ներկայացման արթնացրած հույզերի ու տրամադրությունների լավագույն «թարգմանիչը», անկասկած, մաեստրո Միրզոյանն էր` ընթացիկ երաժշտական կյանքի ամենաակտիվ մասնակիցն ու բարյացակամ առաջնորդը:
ՀՀ երկու նախարարությունների (կրթության և գիտության ու մշակույթի) «կարգավիճակային ջրբաժանում» առայժմ բարեհաջող խուսանավում է ԵՊԿ օպերային ստուդիան: Այս անհերքելի իրողությունը հպարտությամբ է հավաստում արդի հայ երաժշտության կենդանի դասական, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը` ոգեշնչված Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի առաջնախաղից. «Երախտապարտ եմ մտերիմ ընկերոջս` Ղազարոս Սարյանին, մեր երաժշտարվեստի այս հրաշալի դարբնոցի գործարկման համար: Առանց ստուդիական երեսնամյա էնտուզիազմի հիմա առավել, քան երբևէ դժվար կլիներ ապրեցնել մեր միակ ազգային օպերային թատրոնը: Ցավոք, քչերն են գիտակցում ստեղծագործական այս լաբորատորիայի կարևորությունը: Եվ լավ է, որ անկախական վերափոխումների հակամշակութային ժամանակներում նրա մարմրող կրակը վառ պահող երկու Հովհաննեսները` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Միրզոյանն ու գլխավոր ռեժիսոր Հովհաննիսյանը, մեծ նվիրումով կարողանում են կոնսերվատորիայում կրթվող ամեն նոր սերնդի ու պետական բարձրաստիճան չինովնիկների համար նորից ու կրկին հավաստել այս անփոխարինելի կրթամշակութային օջախի անհրաժեշտությունը: «Սիրո ըմպելիքով» մեզ կյանքի էլիքսիր հրամցրին բեմադրական ավանդներ չունեցող մելոդրամատիկ այս զվարթաշունչ պատմությունը գեղեցիկ երգեցողությամբ ու պատկերավոր խաղարկմամբ կենդանացնողները: Ես երջանիկ եմ, որ տաղանդավոր երգիչ-երգչուհիների երիտասարդ սերնդի մեջ կարող եմ գտնել Բելկորե-Գուրգեն Բավեյան, Դուլկամարա-Արշակ Կուզիկյան, Ջանետա-Նադիմա Յոմբաջյան: Վստահ եմ, որ Սոֆյա Սայադյանն ու Հասմիկ Թորոսյանն էլ սքանչելի կլինեն գլխավոր հերոսուհու` Ադինայի դերերգում, ծանոթ եմ նրանց կատարողական ունակություններին: Բայց ամենադժվարն առաջինը լինելն ու չձախողվելն է: Եվ առաջին ներկայացումը, թող որ ապահովագրված չէր պրեմիերային ինչ-ինչ սայթաքումներից, բայց, ընդհանուր առմամբ, իրական հաղթություն էր: Ամբողջ ստեղծագործական խմբի գլխավոր հաղթաթուղթը, անկասկած, Նեմորինո-Պերճ Քարազյանի և Ադինա-Լուսինե Թադևոսյանի սահուն զուգախաղն ու անթերի երգեցողությունն էր»:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ