ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«...Որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական»(Բ Կորնթ. Դ 18)

«...Որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները` հավիտենական»(Բ Կորնթ. Դ 18)
26.06.2009 | 00:00

ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿԻԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ԱՆՏՈՆԻ ՍՈՒՐՈԺՍԿՈՒ ՄԱՍԻՆ
Ավագ սերունդը պիտի որ հիշի այս զարմանալի մարդուն, ում ձայնը հաճախ հնչում էր ԲիԲիՍի ռադիոկայանի հոգևոր հաղորդումներում։ Եպիսկոպոս Բլումի` Ավետարանական սիրո և ազատության քարոզները մեծ նշանակություն ունեին մռայլ խորհրդային աթեիստական ռեժիմի տարիներին։ Նրանք մխիթարում էին, ոգևորում և մեր հոգիները լցնում հույսով։
Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին (աշխարհիկ անունը` Անդրեյ Բլում) ծնվել է 1914 թ. հունիսի 19-ին։
Տերը բացվեց նրան, երբ նա պատանեկան հասակում կարդում էր Ավետարանն ըստ Մարկոսի։ Հաճախ էր պատմում. «Երբ կարդում էի Ավետարանը` առաջին և երրորդ գլուխների արանքում, հանկարծ բացարձակապես, կատարյալ պարզությամբ հասկացա, որ սեղանի այն կողմը կանգնած է Ինքը` Քրիստոսը։ Ես կանգ առա, նայեցի` ոչինչ չտեսա, ոչինչ չլսեցի, ոչնչի հոտ չառա. ոչ մի հալյուցինացիա (զգայախաբություն) չկար։ Դա պարզապես ներքին կատարյալ, հստակ վստահություն էր։ Հիշում եմ, որ այդ պահին թեքվեցի ու մտածեցի. «Եթե կենդանի Քրիստոսը կանգնած է իմ առաջ, ուրեմն այն, ինչ ասված է Նրա խաչելության ու հարության մասին, ճշմարիտ է, ու հետևաբար ճիշտ է և մնացածը...»։ Եվ դա եղավ իմ կյանքի շրջադարձը անհավատությունից դեպի հավատք։ Ահա մի բան, որ կուզեի պատմել։ Աստված, չգիտեմ ինչու, փրկեց իմ կյանքը»։
Դպրոցից հետո նա ավարտում է Սորբոնի համալսարանի կենսաբանական և բժշկական ֆակուլտետները։ 1939 թ. սեպտեմբերի 10-ին ռազմաճակատ մեկնելուց առաջ երիտասարդ բժիշկը գաղտնի ուխտակից է դառնում վանականությանը։ Գերմանական օկուպացիայի տարիներին աբեղա Անտոնին բժիշկ էր հակաֆաշիստական ընդհատակում։ ՈՒնկնդրենք, թե ինչ է ասում ՈՒկրաինայի միտրոպոլիտ Վլադիմիրն իր սիրելի բարեկամի մասին. «Միտրոպոլիտ Անտոնին վկա է, Աստվածային սիրո վկա, որը բացվեց իրեն ի Քրիստոս։ Սրբազան Անտոնին անհատական ինտոնացիայի աննման շնորհքի տեր է։ Նրա խոսքը թափանցում է հոգու մեջ, բացում է մեր էության խորքերը։ Եվ ես կարծում եմ, որ այդ շնորհը Աստված վստահել է սրբազանին իր խոնարհության և կարեկցական սիրո շնորհիվ։ Նրա խոսքը վկայում է մեծ ճգնավորների կենդանի կրակի մասին, առաքյալներից սկսած մինչև մեր դարաշրջանի նահատակները։ Նրանց, ովքեր այսօր ասում են. «Մենք նրանց նման Քրիստոսին չենք հանդիպել»,- վեհապետը պատասխանում է. «Այո, բայց մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր ճանաչում են Քրիստոսին, ովքեր հավատում են Նրան։ Կա մի հին ասույթ. «Ոչ ոք չի կարող հրաժարվել ամեն ինչից և հետևել Աստծուն, եթե գոնե որևէ մեկի երեսին չտեսնի հավիտենական կյանքի ճառագայթումը»։ Երբեմն մենք մարդու մեջ գտնում ենք այնպիսի խորություն, սիրո այնպիսի լայնարձակություն, այնպիսի ինքնամոռացում, որոնք արդեն չեն պատկանում երկրին։ Դա է բացում մեր առաջ երկնայինի սկզբնաղբյուրը։ Սրբազանի ծառայությունն ամբողջովին Քրիստոսի սիրո մարմնավորումն է։ Նրան ոգևորում է սերը, որն ավելի խոր է, գթառատ, կարեկցող և հեզաբարո, քան մարդկային սովորական բառերը։
Դա հենց Քրիստոսի սերն է, և ես հուսով եմ, որ սրբազան Անտոնիի անվեհեր խոսքի շնորհիվ այդ սերը կդառնա շատերի սեփականությունը։ ՈՒրեմն հիշենք, «...Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է»։
(Ա Հովհ. 4,8)
Միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին վախճանվեց 2003 թ. օգոստոսի 4-ին Լոնդոնում։
Հիշեք Ձեր աղոթքներում Քրիստոսի այդ քաջ զինվորին։
ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
Պողոս առաքյալը զգուշացնում է. «Թանկ գնահատիր ժամանակդ, քանզի օրերը խաբուսիկ են»։ Այսինքն, նենգ ժամանակը կարծես ասում է մեզնից յուրաքանչյուրին. «Մի՛ շտապիր։ Կհասցնե՜ս»։ Կհասցնես շտկել կյանքդ, կհասցնես լուրջ խորհել նրա մասին և հասկանալ այն, կհասցնես կատարել այն ամենը, ինչի մասին երազում ես կյանքիդ կիսանիրհի մեջ, թե ինչպիսին կլինեիր այլ հանգամանքներում, ինչ մեծահոգի, արժանավոր, ճշմարիտ, խիզախ, երբեմն` հերոսի պես։ Եվ այդ ամենի մասին մենք միայն երազում ենք ու չենք կենսագործում, որովհետև անուշադիր ենք իսկական, կոնկրետ կյանքի նկատմամբ։
Հովհաննես Ոսկեբերանն իր աղոթքներից մեկում ասում է, որ ստի պատճառը մեր կյանքում մեծ մասամբ այն է, որ մենք անուշադիր ենք ապրում։ Մենք ապրում ենք, եթե կարելի է այդպես ասել, թեթևամիտ զբոսաշրջիկների պես, որոնք անցնում են կյանքի միջով` հայացք գցելով ճանապարհին հանդիպած բաներին, առանց ուշադիր զննելու, առանց կենտրոնանալու դրանց վրա։ Մեծ մասամբ մենք այնպես ենք ապրում, կարծես գրում ենք մեր գիտակցության մեջ կյանքի առաջին ուրվագիրը` ջնջում, վրան խաչ քաշում, կրկին գրում։ Մենք երևակայում ենք, թե կգա մի պահ, որ կարելի կլինի նստել, ամեն ինչ լուրջ կշռադատել ու հետո վերջնականապես գրել այն պատմությունը, որը կոչվում է կյանք։ Եվ դա երբեք չի լինում, որովհետև էլ չես կարող վերադառնալ նրան, ինչն արդեն գրված է մեկ անգամ, արդեն չես կարող հասցնել ավարտել այն, ինչն ասվել կամ կատարվել է կիսատ։ Մենք պետք է ուշադիր լինենք ու լավ զննենք այն ամենը, ինչը կազմում է «կյանք» հասկացությունը` ինքներս մեզ, շրջապատի մարդկանց, կյանքի հանգամանքները, զննենք լրջորեն ու ճշմարտորեն, ոչ թե անդորր ու հարմարավետություն ձեռք բերելու համար, այլ ճշմարտությունը գտնելու համար։ Մեր հիմնական մեղքն այն է, որ մենք սահում ենք իրերի մակերեսով։ Դա երևում է նրանից, թե ինչպես ենք վերաբերվում համաշխարհային կյանքի ամենահասարակ կամ ամենանշանավոր իրադարձություններին։ Մենք դիտում ենք դրանք միայն մի տեսակետից` ինչպե՞ս նրանք կանդրադառնան իմ անձնական կյանքի վրա, ի՞նչ կլինի ինձ հետ։ Դա մակերեսային է։ Աշխարհի պատմության կենտրոնում Քրիստոսն է, աշխարհի ամբողջ պատմությունն Աստծո ճշմարտության պայքարն է մարդկային անիրավության դեմ, դա ժամանակն է, երբ Տերն Իր ճանապարհն է բացում դեպի ամեն մի առանձին հոգի, բացում է Իր ուղին դեպի պատմության կերտումը և ավարտը, դեպի այն ժամանակը, երբ լույսը կհաղթի խավարին, ճշմարտությունը` ստին, կյանքը` մահին, բարին` չարին։ Իսկ մենք ամեն ինչը դիտում ենք, ասես ամեն ինչ հանգեցվում է միայն այն բանին, թե ինչ կլինի ինձ հետ։ Ինչ-որ հայեցողական պահերի մենք վեր ենք ելնում այդ վիճակից, խորհելով ավելի լայն, քան մեր սեփական փոքրիկ հորիզոնը, բայց դա երկար չի տևում։ Մարդկանց մեջ նույն մակերեսայնությունն է. ինչքան սակավադեպ է մեր մեջ արիությունը, որ կարողանանք դիմավորել մարդուն երես առ երես։
Հայր Լև Ժիլլեն իր գրքերից մեկում գրում է. «Ինչքան անվստահ ենք նայում մենք մեկս մյուսի աչքերի մեջ»։ Եվ նա բացատրում է դա նրանով, որ երբ նայում ես որևէ մեկի աչքերի մեջ, ապա քո հայացքի միջոցով բացում ես և նրան քո հոգու խորքերը։ Իսկ դրանից մենք վախենում ենք ամենից շատ` հանկարծ որևէ մեկը չնայի այն խորքերը, որոնց մեջ մենք ինքներս ենք սարսափում նայել, որոնցից մենք երես ենք դարձնում, ոչ թե նրա համար, որ նրանց մեջ այդքան շատ բան կա, այլ որ սարսափում ենք նրանից, ինչը կարող է լինել այնտեղ։ Եվ երբ մենք լսում ենք միմյանց, երբ մեր հայացքը սահում է ուրիշի դեմքի վրայով, ինչքան հազվադեպ ենք մենք անում դա լսելու և տեսնելու ցանկությամբ։ Որովհետև իսկապես լսել նշանակում է ոչ միայն մի պահ, այլ ընդմիշտ հանդիպում այդ մարդու հետ։ Երբ մենք լրջորեն ու խորապես հանդիպում ենք մարդուն, ապա դա իրոք նշանակում է ընդմիշտ, թեկուզ մենք էլ երբեք չենք հանդիպելու։ Մենք կնիք դրեցինք մարդու վրա, իսկ նա դրեց իր դրոշմը մեզ վրա, և դա հնարավոր չէ սրբել։
Եվ դա սարսափ է առաջացնում. սարսափելի է հարց տալ և լսել ամբողջ պատասխանատվությամբ իրական պատասխանը, քանզի այդ պատասխանի մեջ ոչ միայն բառեր են։ Այդ պատասխանի մեջ երբեմն թաքնված է հուսահատված մարդու ճիչը, նրա ձայնի մեջ բացվում է իր ներքին էությունը, և այնտեղ մենք կարող ենք հանդիպել մի բանի, որն անկարող լինենք կրել։ Մեզ համար ահավոր են ոչ միայն ատելությունը, ոչ միայն չափը։ Մեզ սարսափեցնում է հաճախ և սերը. ինչպե՞ս տանել մարդկային սերը։ Ինչպե՞ս դիմանալ այն ամենին, ինչն ապրում, եռում է մարդու մեջ, ինչպե՞ս հանդուրժել մարդուն, որը քաոս է կրում իր մեջ։ Ահավոր է։ Մենք սարսափում ենք քաոսից, մենք միշտ ձգտում ենք արհեստականորեն կարգավորել քաոսը. եթե միայն կարելի լիներ սառեցնել ծովը, որ չլինեին ալիքները։ Այդպես ենք մենք վերաբերվում այն փոթորկին, որը լինում է մարդու մեջ` բարերար փոթորկին, կամ դիվային, կամ պարզապես մարդկային` բազմատանջ, ստեղծագործ փոթորկին։ Ինչքան հազվադեպ ենք կարողանում լսել այնպես, որ իրոք լսենք ու արձագանքենք ամբողջ էությամբ, ինչքան էլ մեծ լինի ռիսկը, ինչ էլ դա արժենա մեզ։ Մեծ մասամբ մենք շատ զգույշ ենք. լսում ենք այնպես, որ ընտրենք այն, ինչին պատրաստ ենք արձագանքելու, մի կողմ թողնելով մնացածը։ Իսկ այդ մնացածը հենց կազմում է ուրիշ մարդու կյանքը։ Եվ հենց այդպես էլ մենք վերաբերվում ենք ինքներս մեզ. ինչ հեշտ է ապրել կյանքի մակերեսի վրա, ինչ հեշտ է ապրել` մի հոգսից անցնելով մյուսին, մի գործից` ուրիշ գործի, մի հանդիպումից` մյուսին, գրքից` թերթին և այլն։ Եվ երբեք մենք չենք հայտնվում երես առ երես ինքներս մեզ հետ, կամ դա լինում է շատ հազվադեպ։ Իսկ երբ դա կատարվում է, լինում է երբեմն շատ սարսափելի. ի՞նչ կլինի, եթե ես բացեմ այդ դուռը, ի՞նչ է թաքնված նրա հետևում։ Մենք բոլորս գիտենք, զգում ենք, որ մակերեսի տակ գաղտնիք կա, որ այդ խորքերում ծածկված է մեր ճակատագիրը, և սարսափում ենք նայել այնտեղ։ Խոստովանությունից առաջ մենք նայում ենք ինչ-որ հարաբերական խորքեր` ջանալով որոշել այլանդակն ու ամոթալին մեր մեջ։ Բայց այդ ամենը` Աստծո կամ մարդկանց հետ մեր հարաբերությունների տեսակետից։ Իսկ մենք պետք է ավելի խոր նայենք, որովհետև մեր խոսքերը, մեր արարքները նման են տերևների, կամ ծաղիկների, կամ պտուղների, բայց ոչ ամբողջ ծառի, ոչ նրա էությանը։ Իհարկե, պտուղներով կարելի է ճանաչել ծառը, բայց ոչ իմանալ ամեն ինչ նրա մասին։ Եվ այդ պատճառով մենք ապրում ենք մակերեսայնորեն, որովհետև մինչև անգամ վախենում ենք նայել մեր մարմնավոր խորքը, մենք այնքան հազվադեպ ենք հասնում այն խորքերը, որտեղ ապրում է Աստված, որտեղ թաքնված է ամբողջ Երկնային Արքայությունը։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, որ երբ Աստված ստեղծում է մարդուն, դնում է նրա ընդերքում ամբողջ Երկնային արքայությունը, և կյանքի խնդիրն այն է, որ հասնի այդ գանձին։ Մենք չենք կարող հանդիպել Աստծուն մակերեսային հարաբերությունների մեջ մարդկանց հետ, իրադարձություններում, ինքներս մեզ հետ, որովհետև Աստված չի ապրում մակերեսայնորեն։
Աստծո սերն այնպիսին է, որ հանուն սիրո Քրիստոս տվեց Իր կյանքը և Իր մահը մեզ` նվիրեց մեզնից յուրաքանչյուրին, միայն թե մենք փրկվենք։ Աստված կարգի, ներդաշնակության, գեղեցկության Աստված է, բայց նաև ապրում է և գործում մեր աշխարհի և փոթորկի ու սարսափների մեջ։ Եվ քանի դեռ մենք մեր կամքով ընտրում ենք ապահով կյանք, որ դեմ առ դեմ չհանդիպենք սարսափի կամ գեղեցկության հետ, հետևաբար շրջանցում ենք Աստծուն։
Քրիստոս մեզ ասում է, որ հարկավոր է կատարել լուսո գործերը, քանի դեռ կա լույսը, որ կգա ժամանակ, երբ լույս չի լինի մեզ համար, և մեր ուղին կհայտնվի մթության մեջ։ Հարկավոր է կատարել լուսո գործերը, քանի դեռ կա կյանք և ժամանակ, և քանի դեռ մեր մեջ խոսում է խիղճը, քանի դեռ կարող ենք լսել Փրկչի խոսքերը, նայել Իր պատկերին, և ինչպես Ինքն ասաց` հետևել այն օրինակին, որ Ինքը տվել է մեզ։
Կա մի մանկական պատմություն, որ գուցե դուք լսել եք արդեն։ Իմաստունին երեք հարց են տալիս` ո՞վ է ամենանշանավոր մարդն աշխարհում, ո՞րն է կյանքի ամենակարևոր պահը, ո՞րն է ամենակարևոր արարքը, որ մարդը կարող է կատարել։ Եվ ինչպես բոլոր մանկական հեքիաթներում, այդ իմաստունն իր առաջ դրված հարցերից շվարած ման է գալիս ու պատասխան փնտրում ուրիշ իմաստուններից, գրքերում և չի գտնում։ Չի գտնում պատասխան ո՛չ իր մեջ, ո՛չ իրենից դուրս։ Վերադարձի ճանապարհին, դեպի քաղաք, որտեղ խնդիրը չլուծելու դեպքում նրան սպասում էին դատարանն ու խայտառակությունը, նա դաշտում հանդիպում է մի փոքրիկ աղջկա, որը սագ էր արածեցնում։ Աղջիկը կանգնեցնում է իմաստունին. «Ինչո՞ւ ես այդքան տխուր, ի՞նչ է պատահել»։ Իմաստունը պատասխանում է. «Դու չես կարող հասկանալ դա»։ «Իսկ դու ասա՛»։ Եվ նա նույնիսկ ոչ թե հուսահատությունից, այլ իր վերջին դատապարտվածության խորքից ասում է նրան, թե ինչ հարցեր են դրված իր առաջ։ Աղջիկը սաստիկ զարմանում է, որովհետև երկրային իմաստությունը դեռ չէր փակել նրա աչքերն իրերի կատարյալ պարզության վրա. «Մի՞թե դրանք դժվար հարցեր են։ Ամենակարևոր ժամանակը հիմիկվա պահն է. չէ՞ որ անցյալն արդեն չկա, իսկ ապագան դեռ չի սկսվել։ Ամենակարևոր մարդը նա է, ում հետ դու հիմա գտնվում ես, ուրիշ որևէ մեկը չկա։ Իսկ ամենակարևոր արարքը` այդ պահին այդ մարդու համար կատարել այն լավագույնը, ինչը կարող ես»։
Սա շատ իմաստուն հեքիաթ է, որովհետև, իրոք, մեզնից ոչ մեկը չգիտի, թե ինչքան կապրի, և ավելի քիչ գիտի, թե ինչ վիճակի մեջ կհայտնվի իր կյանքի մնացած պահերի կամ տարիների ընթացքում։ Մի ակնթարթում ամենավիթխարի խելքը կարող է ցնցվել ուղեղում մի աննշան անոթ պայթելուց։ Ամեն մի ակնթարթում մարդը կարող է դառնալ անկարեկից ուրիշի վշտի, կարիքի նկատմամբ. հանկարծակի, չգիտես ինչու, նրա սիրտը քարանում է և չի կարողանում արձագանքել ուրիշի ցավին, որին նա, գուցե, կուզեր արձագանքել։
Պողոս առաքյալը սարսափով հայտնում է, թե բարին, որն ինքը սիրում է և որին ձգտում է, որի համար ինքը կուզեր ապրել ու մեռնել, ինքը չի կատարում, իսկ չարին, որն ատում է, որը նրան օտար է դարձել Քրիստոսին հանդիպելուց հետո, ինքն անձնատուր է լինում անընդհատ։ ՈՒրեմն մենք չենք կարող մինչև վերջ հույս դնել ո՛չ մեր խելքի վրա, ո՛չ սրտի, ո՛չ վճռականության, ո՛չ էլ մեր ուժերի ու կամքի վրա։ Մենք ոչ մի վայրկյան չենք կարող հետաձգել այն, ինչը հարկավոր է կատարել այս պահին, որովհետև եթե այն չկատարվի, կարող է չդառնալ մեզ համար փրկարար, իսկ ուրիշի համար` կյանքի կերպարանափոխման հնարավորություն։
Հայր Ալեքսանդր Ելչանինովի «Օրագրում» կա մի հատված, որտեղ նա ասում է, թե բարին պետք է կատարել շտապելով։ Այն պահին, երբ բարի միտքը փայլեց մեր գիտակցության մեջ, մենք պետք է առանց հապաղելու իրագործենք այն, որովհետև «եթե մի կողմ դնենք այդ բարի գործը, այն երբեք չի կատարվի, որովհետև մեր սրտի պոռթկումը կհանդարտվի, կամքը կհանգստանա, միտքը կխամրի և գուցե այդ գործն իրագործելու հնարավորությունն անցնի։ Մենք հետաձգում ենք մեր բարի գործը և կարճ ժամանակ անց տեսնում, որ արդեն ուշ է, կամ ուրիշը կատարեց այն։ Դու ցավ ես զգում, կամ մարդը, որին պիտի ծառայեիր, մահացավ, և քո վիշտը դառնում է անելանելի, որովհետև արդեն ուշ է, անուղղելի ուշ»։
«ՈՒշ» բառը սարսափելի է։ Դոստոևսկին դժոխքը սահմանում է «ուշ» բառով։ Կյանքն անցավ, ժամանակը, երբ դու կարող էիր արձագանքել սրտով, ընդգրկել ու ըմբռնել մտքով, կամքը լարել բարի գործ կատարելու համար, անցավ։ Կատարելու ժամանակն անցավ, ու հիմա դու գտնվում ես հավերժության դիմաց, ուր արդեն անկարելի է մտցնել այն, ինչը դու չներկայացրիր քո երկրային կյանքի ընթացքում։ Արդեն ուշ է։ Դա շատ ահավոր բառ է։
Ինչ-որ իմաստով մարդը ոչ մի կերպ չի կարող հույս դնել իր վրա։
Աստծո առաջ կանգնելով դատարկ ձեռքերով, պղծված կյանքով` նա կանգնած է անպաշտպան, հավերժության դատաստանի առջև։ Իսկ ավարտվո՞ւմ է, արդյոք, մեր կյանքն այդ ակնթարթով։ Մեր կյանքը չի ավարտվում մեր երկրային վախճանով։ Մեր կյանքը շարունակում է արձագանքներ թողնել ուրիշ մարդկանց կյանքում և ճակատագրում` սկսած ամենամերձավորներից։ Մեր անձը, մեր ամեն մի բառը, մեր վերաբերմունքը, մեր սրտի բաց կամ փակ լինելը, մեր համոզմունքների ուժը, բարու կամ չարի մեր ստեղծագործ կատարումը նրանց վրա դնում են անջնջելի դրոշմ։ Մեր կյանքի կնիքը կրում են ոչ միայն մեր մտերիմները, այլև նրանք, ովքեր իրենց վրա զգացել են իմ անձի հատկությունները։
Երբեմն մարդիկ շատ խոր են վիրավորվել մեզնից, որովհետև մենք անցել ենք իրենց կյանքի միջով դանակի պես, որ խրվում է մարդկային սրտի մեջ։ Ողբերգության պահին մենք ցուցադրել ենք անտարբերություն, կարիքի պահին շրջանցել նրանց, իսկ երբեմն վերաբերվել նրանց չարությամբ։ Հնում եկեղեցու հայրերն անընդհատ հիշեցնում էին, որ մարդիկ հիշեն մահվան մասին։ Երբ դա ասում ես այսօրվա մարդուն, նա հաճախ պատասխանում է այսպես. «Մի՞թե այդ հիշողությունը պետք է թունավորի իմ կյանքի ամեն մի ակնթարթը»։ Ոչ, դա պետք չէ այդպես հասկանալ։ «Հիշել մահվան մասին» չի նշանակում վախենալ մահից, այլ նշանակում է, որ մեր ամեն միտք, ամեն արարք, մեր սրտի ամեն շարժում պետք է դատվի մեր կողմից հնարավոր ակնթարթի առաջ, երբ արդեն ուշ կլինի։ Եթե մեր կամքը երերում է, ապա դա խանգարում է մեզ ապրել լիաթոք կյանքով, խիզախ ու արիաբար, չվախենալով հետևանքներից։ Որովհետև մենք կոչված ենք արարելու բարին, որովհետև մենք ուղարկված ենք Քրիստոսի կողմից, մենք Նրա աշակերտներն ենք։ Նա մեզ այս աշխարհն ուղարկեց այն բանի համար, որ մեզ հանդիպող յուրաքանչյուր ոք լսի Նրա ձայնը, մեր դեմքին տեսնի հավիտենական կյանքի շողերը, մեր աչքերում` Աստծո ճշմարտությունը, զգաստությունը և կարեկցանքը։ Եվ մենք պետք է հիշենք, որ պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև բոլորի ճակատագրի համար։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ