ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՅԱԿՈՒԼՈՎՅԱՆ ԵՐՓՆԱՁԱՅՆ ԱՄԱՌ

ՅԱԿՈՒԼՈՎՅԱՆ ԵՐՓՆԱՁԱՅՆ ԱՄԱՌ
26.07.2011 | 00:00

Միանգամայն այլ, անհամեմատ զրնգուն հնչողություն կունենար բազմաշնորհ Յակուլովների հայարմատ տոհմածառի երկու հանրաճանաչ ներկայացուցիչների` նկարիչ Ժորժ Վելիկոլեպնիի և նրա եղբոր` «գնչուական Պագանինի» Ալեքսանդրի որդու` վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր Յակովի (ԱՄՆ) նորարարական արվեստների երևանյան ինքնատիպ համադրությունը, եթե չխաթարվեր «Արվեստների պատկերասրահի» գունագեղ մտահղացման իրականացումը Ազգային պատկերասրահի տնօրենության քմահաճույքով։ Նախապես մանրակրկիտ մշակված տարաբնույթ միջոցառումներով Յակուլովների գերդաստանի լիիրավ հետնորդի այլազան համերգային ելույթները և իմաստուն զրույցները նորովի կենդանացնելու էին Գեորգի Յակուլովի` ՀԱՊ-ի 4 ցուցասրահներում ներկայացված գեղանկարները, գծանկարներն ու թատերաձևավորումները (հավաքածուի 130 ցուցանմուշներից 86-ով)։
Միանգամայն այլ, անհամեմատ զրնգուն հանրաճանաչում կունենար հոգեհարազատության զարմանալիորեն առատ աղերսներով իրար լրացնող ու հարստացնող երկու Յակուլովների ստեղծագործական վաստակը, և հարց չէր առաջանա, թե ինչու բացման հանդիսությունից հետո շատ շուտով մարեց հետաքրքրությունը աշխարհին հիացրած նկարչի ցուցահանդեսի նկատմամբ, որի հայազգի լինելը հայտնի չէր նույնիսկ հայերից շատերին։

ՄՏԱՎՈՐ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺԻ ՎԱՌՎՌՈՒՆ ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն համաշխարհային համբավ ձեռք բերած Գեորգի Յակուլովն իր նամակներից մեկում խոստովանել է, որ ինքը հազիվ թե նշանակալից հետագիծ թողներ մարդկության մշակութային գանձարանում առանց թիֆլիսահայ մոր` Սուսաննա Արտեմովնա Կանանովայի գեղագիտական իմաստուն դաստիարակության։ Հանգամանքների բերումով (ծնողները շարունակ համերգային շրջագայություններում են եղել) ազնվազարմ տատի խնամքին հանձնված Յակովն էլ իր ժամանակների համար բացառիկ կրթություն և լայն մտահորիզոն է ձեռք բերել (լատիներեն ու հունարեն սովորել, համաշխարհային մշակույթին խորապես հաղորդակցվել)։ Վաղ մանկությունից էլ ծլարձակման պարարտ հող են գտել Մոսկվայում մեկի գեղանկարչական, մյուսի երաժշտական ունակությունները։ Խոշոր քաղաքական գործիչ, կադետական կուսակցության հիմնադիր, մեծարգո թիֆլիսահայ իրավագետ Բոգդան Գալուստովիչի 4 որդիներից ու բազում թոռներից ամենահռչակավորները` Գեորգին ու Յակովը, բարձրակարգ մասնագիտացմանը զուգահեռ խորացրել են իրենց ստեղծագործական պրպտուն արտիստական նկարագիրը համառ ինքնակրթությամբ։ Պատահական չէ, որ որպես պահեստի սպա ռուս-ճապոնական պատերազմին (1904-05 թթ.) մասնակցող Գեորգի Յակուլովն ավելի հետաքրքրված է եղել Մանջուրիայում էտյուդներ անելով և չինական գծանկարչության առանձնահատկությունների բացահայտումներով։ Առաջին իսկ` «Ձիարշավ» կտավով նկատվել է մոսկովյան խմբակային ցուցահանդեսում (1906 թ.)։ Այնուհետև մշտապես առանձնակի ուշադրության է արժանացել յուրաքանչյուր նոր աշխատանքով («Ամբոխի մարդը», «Դուքան», «Աքաղաղներ», «Կաֆե-շանտան»...)։
Երաժշտության տեսական հիմքերի «պեղումները» 4 տարեկանում դաշնամուրային նվագին սիրով տիրապետած և 8-ում առաջին վալսը հեղինակած Յակովին տարել են անհատական ձեռագիրը սեփական նկատառումների զարգացմամբ և համակարգմամբ հստակեցնելու ճանապարհով։ Գեորգին իր 40-ից ավելի գիտահետազոտական հոդվածներով հրապարակել է «գույնզգույն արեգակների» (գույների տեղաշարժման, գծերի ու լույսի փոխհարաբերության) և ոճերի ծագման տեսությունը։ Յակովը, 27 տարեկանում տարագրվելով ԽՍՀՄ-ից ու մշտապես մեծ քաղաքների (Մյունխեն, Վենետիկ, Ստոկհոլմ, Երուսաղեմ, Նյու Յորք) բնակիչ լինելով, Բոստոնում «Դաշնամուրային կոնցերտ» դոկտորական թեզն է պաշտպանել։ Բեղուն ստեղծագործության մեջ գերիշխում է սիմֆոնիկ երաժշտությունը։ Նախապատվելին գործիքային կոնցերտի ժանրն է, որը հնարավորություն է ընձեռում առավել դիպուկ արտահայտելու յակուլովյան ուրույն աշխարհընկալման կենտրոնական մտահոգությունը` մեկի ու բոլորի («ես»-ի ու «մենք»-ի) հարաբերությունների դրամատիկ խաչաձևումները։ Ամբոխի և անհատի աներևակայելի դրամատիկ խաչաձևումների իրապատում մի հանրագիտարան է Յակուլովների տոհմածառի ողջ տարեգրությունը, որի սահմռկեցուցիչ կարևոր մանրամասների հայտնություններով լի էին Յակով Յակուլովի հետ ունեցածս երևանյան հանդիպումները ալտի և թավջութակի փառատոնի (գեղ. ղեկավար` Արամ Թալալյան) շրջանակներում։ Կոլորիտային հումորով հյութեղ շարադրանքը` Մեծ հայրենականի առաջին ալիքով Բեսարաբիայի ավերակված հրաշագեղ անկյուններից Քիշնևին մերձակա ռազմական որբանոցում հայտնված 3-ամյա սքանչաձայն մոր, 19 տարեկանում հռչակավոր ուսուցչի` Աբրահամ Յամպոլսկու` գուլագյան ճամբար ուղարկած ջութակով բենդերականների սիրելի` «Гуцулка Ксения» տանգոյի կատարմամբ մարդակերպ այդ գազանների բարեհաճությանը հրաշքով արժանացած Ալեքսանդր հոր, 20-րդ դարասկզբի հեղաբեկումներին տարաչափ ենթակա բոլոր Յակուլովների ու նրանց մեծահամբավ մտերիմ-բարեկամների մասին, պատմագեղարվեստական մի ամբողջ վիպաշարի նյութ էր պարունակում։ Խոսքի պատկերավորությամբ ուրվագծվում էին թե՛ ցարական, թե՛ խորհրդային Ռուսաստանի հասարակական-քաղաքական կեցության ապրված ներթաքույց խոցերը։ Ինչպես շարժանկարում, հստակ տեսնում էիր Վլադիմիր ՈՒլյանովին (ապագայի Լենինին) Յակով Յակուլով Ավագի գրագրի դերում, Մաքսիմ Գորկու բեղերի հետ խաղացող փոքրիկ Ալեքսանդրին, իրենց տանը հաճախ հյուրընկալվող Աննա Ախմատովայի գրկում խաղաղվող Յակովին, Գեորգի Յակուլովի մոսկովյան ստուդիայի բոհեմական առօրյային հանդիպակաց տնից անքթիթ հետևող, դեռևս անհայտ Միխայիլ Բուլգակովին։ Տատի բարձի տակից վախճանվելուց անմիջապես հետո Յակովի զարմացական հայացքում, կարծես, անդրադարձն էիր նկատում սովի տարիներին ճերմակ հացով աղավնիներին կերակրող Գեորգիի ու Եսենինի լուսանկարի գոհունակ տրամադրության։
Հատկանշական է, որ երկու Յակուլովների ստեղծագործական նկարագրերի ձևավորման վրա մեծ ներգործություն է ունեցել թատրոնը։ Գեորգի Յակուլովն իր կարճատև կյանքի (1884-1928 թթ.) վերջին տասը տարիներին 23 բեմանկարչական աշխատանք է արել. Կլոդելի «Փոխանակությունը», Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլան», Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյան», Սոֆոկլեսի «Էդիպ արքան», Վագների «Ռիենցին», Կայզերի «Հուդայի այրին», Պրոկոֆևի «Պողպատե ցատկը», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Սունդուկյանի «Պեպոն» և այլն։ Ճարտարապետական դեկորների ու գեղանկարչության համադրությամբ, լուսագրով բեմական շարժման մեջ գտնվող զգեստների և տեսարանների փոփոխությունների համաժամանակության ապահովմամբ Յակուլովը հեղաշրջում է արել թատերաձևավորման ոլորտում։ Նրա տաղանդավոր եղբորորդին, 18 տարեկանում ոտք դնելով Մոսկվայի գեղարվեստական թատրոն (MXAT), տասնյակ երաժշտակտավներ է ստեղծել 12 տարվա ընթացքում` «Եվգենի Բազարովը» (ըստ Տուրգենևի), «Թամադան» (ըստ Գալինի), «Շան սիրտը» (ըստ Բուլգակովի) և այլն։ Հատկանշական է, որ երկու Յակուլովների գործերն էլ մշտապես իրարամերժ, բուռն քննարկումների տեղիք են տվել, բայց նույնիսկ նորարարական փորձարարությունները մոլեռանդ ժխտողներն անվերապահորեն ընդունել են նրանց բնատուր շնորհն ու վարպետությունը։
Յակով Յակուլովի ժամանակակից երաժշտության երևանյան ու համաշխարհային պրեմիերաներն էլ հակասական գնահատանքի արժանացան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Չստվերելով իրական արժեքավորությունը դժվարընկալ գործերի` արվեստասերները ցնծությամբ ընդունեցին վիրտուոզ դաշնամուրային իմպրովիզները «Մեցցո» ակումբում և «Խլիստովյան պատարագը» (աղանդապիղծ Տերունական աղոթքի հոգեցունց երաժշտակերպարը) «Նարեկացի» արվեստի միությունում։ Ի դեպ, ինչպես Գեորգին, այնպես էլ Յակովը զերծ են փառամոլությունից` ունենալով հաջողության բազմաթիվ հեղինակավոր դափնիներ։ Մեկը` կերպարվեստի, մյուսը` երաժշտության միջոցով համարձակորեն կերտել ու կերտում են մարդկային կեցության որոշակի մոդել` ըստ իրենց աշխարհամտածողության ու անկոտրում փորձարարական ջիղի։ Երկուսի համար էլ գերագույն բերկրանքը ստեղծագործական որոնումների տառապալից ընթացքն է։ «Ես չեմ ծնրադրում իմ երաժշտության առջև,- ասում է Յակովը, ով իր փոքրիկ կամերային նվագախումբն ունի Նյու Յորքում և պատրաստվում է մասնակցելու իր գործերի` Հյուսիսային Կարոլինայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում ծրագրված պրեմիերաներին։- Երաժշտությունն ինձ համար կյանքի երևույթների հանդեպ ունեցածս վերաբերմունքի, ասելիքի լավագույն արտահայտչամիջոցն է։ Կորած եմ համարում օրս, եթե «առավոտյան նախաճաշս» ստեղծագործական տևական աշխատանքով չի հագենում»։
Երևանում տխրելու շատ առիթներ ուներ, անշուշտ, հայտնի դաշնակահարն ու կոմպոզիտորը։ 1984-ին էր վերջին անգամ այցելել, երբ կազմակերպում էր Գեորգի Յակուլովի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը։ Հենրի Էլիբեկյանի ձևավորած կոլորիտային բեմատարածքում Վահագն Պապյանի գլխավորած ֆիլհարմոնիկ նվագախումբն ուրույն հմայքով ներկայացրեց հատուկ այդ առթիվ իր գրած մեծակտավ «Ars Solis»-ը։ Հիմա կյանքից կամ Հայաստանից հեռացել են երբեմնի բարեկամներից շատերը։ Այդուհանդերձ, 21 տարվա անհեթեթ խզումից հետո վերագտած կապը տաղանդավոր թավջութակահար, երաժշտական գործիչ Արամ Թալալյանի հետ աննախադեպ ստեղծագործական դաշինքի ծնունդ տվեց։ Եվ օր օրի նորահայտնություններով իմաստավորվեց յակուլովյան այս երփնաձայն ամառը։ Թալալյանի շուրջը խմբված երաժիշտ կատարողների շնորհաշատ լեգեոնը իր կատարողական վարպետությամբ նոր թռիչքի թևեր տվեց։ Բարդագույն գործերի անթերի մատուցումը, փառատոնային նվագախմբի մոտ 30 տարբեր տարիքի երաժիշտ-կատարողների համադաշնությամբ, հոգևոր վայելքի շարունակականություն պարգևեց։ Հիմա արդեն կամազուրկ մի հրեա ծրագրավորողից առևանգված իր կյանքի 18 տարվա լավագույն ընկերուհու` Լիլիայի (արմատներով արցախցի) հետ Հայաստանի քաղաքացիություն ստանալու շուրջ է լրջորեն մտորում։ Ասենք, երկքաղաքացիության հայտ-դիմումն արդեն հանձնել է։ Ինչպես Յամպոլսկու մոտ ուսանելիս մտերմացած իրենց հայրերը` Ալեքսանդրն ու Գերոնտին (նոր գործերից մեկով` «Sonata brevis»-ով, հավերժացված), ինքն ու Արամն էլ այլևս չեն պատրաստվում անբացատրելի թյուրիմացությամբ նորից իրար կորցնելու։
«Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի ( նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) և բազմաշնորհ Արամ Թալալյանի միաձույլ առաջնորդությամբ, 2 ամսից ավելի 13 բարեկրթող համերգներով համատարած ռաբիսի հասցրած վերքերից զգալիորեն «բժշկվեցին» Գավառի ու Վանաձորի երաժշտասերները ևս։ ՈՒրեմն, դեռ կարելի է առկա խառնափնթոր մշակութային միջավայրին ընդդիմանալ։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ