ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՄԱՌԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՄԱՌԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏԱԿԱՆ
12.07.2011 | 00:00

«Ես միշտ տեսել եմ այն, ինչ ուրիշները չեն տեսել, իսկ ինչ ուրիշներն են տեսել, ես չեմ տեսել»:
Սալվադոր ԴԱԼԻ
-Սալվադոր Դալի, բեմ դուրս գալու ժամանակն է:
-Սալվադոր Դալին միշտ բեմում է:
Այսպես էր մտածում և ապրում իսպանացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, սյուրռեալիզմի հիմնադիր Սալվադոր Դալին: Վեց տարեկանում նա ցանկանում էր խոհարար դառնալ, յոթում` Նապոլեոն, իսկ հետագայում ձգտումներն աճում են։ Նա պարզապես պետք է լիներ Սալվադոր Դալի, պետք է հասկանար, որ արվեստագետը ոչ թե ոգեշնչվում, այլ ոգեշնչում է, որ ինքը ոչ թե սյուրռեալիստ է, այլ հենց «սյուրռեալիզմը»։
Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ ներկայացվում են Սալվադոր Դալիի 120 աշխատանքները, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի, Վասիլի Կանդինսկու և այլ հռչակավոր արվեստագետների տասնյակ գործեր` Լոս Անջելեսի «Արժիլե» պատկերասրահի հավաքածուից:
Դալիի ընկերոջ ու հրատարակչի` Պիեռ Արժիլեի հիմնադրած հավաքածուն պարունակում է շուրջ 800 աշխատանք: Այսօր հավաքածուն տնօրինում է նրա դուստրը` Քրիստին Արժիլեն, որի ամուսինը լիբանանահայ գեղանկարիչ Ժան Ղազանչյանն է:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են նաև այն հայ նկարիչների ստեղծագործությունները, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել այդ ուղղությանը` Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով, Գառզու և այլք:
Քրիստին Արժիլեն նշեց, որ սյուրռեալիստական շարժումն իր մեկնարկից մի քանի տարի հետո թուլացավ, բայց այս ուղղության տարրերը դեռ առկա են որոշ արվեստագետների գործերում: Նկատեց նաև, որ հայ սյուրռեալիստներից քչերն են հայտնի աշխարհում, օրինակ` Արշիլ Գորկին:
«Սյուրռեալիզմը, երբ նոր էր մուտք գործում արվեստի պատմության աշխարհ, ինչպես դադաիզմը, կուբիզմը, կոլաժը, գրկաբաց ընդունելության չարժանացավ»,- մեզ հետ զրույցում ասաց ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, արվեստաբան Արմեն Գասպարյանը,- այսօր այն հաստատված, արվեստի պատմության մեջ իր տեղն ու նշանակությունն արձանագրած ուղղություն է: Եթե ժամանակին Դալիին խրտնելով էին մոտենում, որովհետև անսովոր էր նման մտածելակերպը կերպարվեստում, այսօր նա համարվում է դասական»:
Սյուրռեալիստները Հայաստանում են, նրանց կողքին ներկայացվում են նաև մեր հայրենակիցները, բայց և այնպես հիշվում է հատկապես Դալիի անունը: ՈՒ հետո երևի շատերի հիշողության մեջ էլի կմնա միայն Դալին:
Այստեղ դեր ունի նաև PR-ը, բախտավորությունը` համոզված է արվեստաբանը:
«Մենք փակված ենք եղել երկար ժամանակ,- ասում է նա։- Ճանաչում ենք Պիկասոյին, Մոդիլիանիին, բայց, օրինակ, Սարո Կալենցին քչերն են ճանաչում, իսկ նա մեր Մոդիլիանին է, մեր Պիկասոն: Մենք պարզապես հետ ենք մնացել հանրահռչակման գործընթացից, չենք կարողացել համաքայլել: Գլոբալիզացիան այսօր տալիս է այդ հնարավորությունը: Այս ցուցահանդեսը դրա օրինակներից մեկն է: Թող Սալվադոր Դալիի անունը հիշատակելով ժողովուրդը գա, բայց ծանոթանա նաև հայ սյուրռեալիստների արվեստին»: Արմեն Գասպարյանը նշում է նաև, որ արվեստի աճուրդի տներում քիչ թվով հայ արվեստագետներ են ներկայացվում (Այվազովսկի, Բաշինջաղյան, Արշիլ Գորկի, Մինաս, Սարյան), այն էլ` որպես ամերիկյան կամ ռուսական արվեստ:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում ամառը խոստանում է լինել սյուրռեալիստական: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբեր, կլինեն նաև սյուրռեալիստական ֆիլմերի շաբաթ, միջոցառում-դասախոսություններ, մանկապատանեկան ծրագրեր և այլն:
Ցուցահանդեսը կազմակերպել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը` Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի, Միացյալ հայկական հիմնադրամի աջակցությամբ:
Տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունն իրականացնում է «Ինգո Արմենիա»-ն: Ապահովագրության այս տեսակն անվանում են «Մեխից` մեխ», որը ենթադրում է կտավը մեխից իջեցնելու, մյուս մեխին փակցնելու ողջ գործընթացը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ