ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՃԱՐՏԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԻ»

«ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՃԱՐՏԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԻ»
20.11.2009 | 00:00

Երեկ «Իրավունք de facto» ակումբում արդի մշակույթի դառնապղտոր նկարագրով իրապես անհանգստացած ԶԼՄ-ների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչների հետ «Թատերականացված իրականություն. օ՜, ժամանակներ, օ՜, բարքեր» օրախնդիր թեմայի շուրջ իրենց անկեղծ մտահոգություններն էին հստակեցնում ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնի համակարգող խորհրդի նախագահ, հանրապետության վաստակավոր արտիստ ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԸ և Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի փոխռեկտոր, Երևանի մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ։ Վերջինս, ավագի իրավունքով, ստանձնեց զրույցի ղեկը` անդրադառնալով, նախ և առաջ, մասնագիտական կրթության կնճռոտ խնդիրներին։ Բազմամյա մանկավարժական գործունեության հատկապես վերջին շրջանին բնորոշ զավեշտախառն բազում միջադեպերից մի քանիսի պատկերավոր հիշատակմամբ` Ալեքսանդր Քոչարյանն առկա կրթահամակարգի տարբեր օղակների թերարժեքության մետաստազներն ուրվագծում է հանրակրթական դպրոցներից, բուհերից մինչ դրանց ճակատագիրը տնօրինող վերին ատյաններ։ Արվեստի ինստիտուտի դիմորդներից շատերը մոտավոր պատկերացում անգամ չունեն պարտադիր համարվող գրականությունից։ Մեկը, օրինակ, վստահաբար ներկայացնում է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության սյուժեն` զարգացնելով վաղամեռիկ դժբախտ սիրահարների պատմությունն արդիական գործոնների ամոթալի շաղախով։ Ռոմեոն և Ջուլիետը, ըստ նրա, ծանոթացել են հայտարարությամբ, որի մասին գիտեր Ռոմեոյի տատը, իսկ ինքնասպան է եղել Ռոմեոն` Ջուլիետից «մուռը» հանելու համար։ Մենեջմենթի քննություն հանձնող մեկ այլ դիմորդ, ով ապրում է Երևանի կենտրոնում, ապշահար է լինում «Մատենադարան» բառը հարցատոմսում կարդալիս։ Անգրագիտության «գլուխգործոցներ» են հարյուրավոր դիմումները` ընդամենը չորս տողանոց պարզ շարադրանքում` 18 տառասխալ... Չարիքի արմատները վաստակաշատ արվեստագետը տեսնում է այսօրվա մեր «ազգային ջոջերի» գործելակերպի մեջ` բնութագրելով Մոլիերի խոսքերով. «Այսօր մեր կյանքում ճարտարախոսությունը շատ մեծ դեր ունի»։ Դրանով են հագեցած հեռուստառադիոեթերը, Ազգային ժողովի, կառավարության նիստերը։ Քաղաքական ճանաչված գործիչներն էլ դրանով են առավելապես զբաղված։
Մշակութային մեր ներկայի այս գորդյան հանգույցի շուրջ աշխույժ բանավեճ ծավալվեց ակումբում հավաքվածների միջև։ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի ստեղծագործական գծով օգնական Ռազմիկ Խոսրոևը, ընդունելով «վերևների» ձեռնարկած բարեփոխումների անհրաժեշտությունը, դրանց իրականացման անշրջահայացության անդառնալի կորուստներն է մատնանշում։ Ջանալով մեղմել մշակութային կրթության ոլորտում Ալեքսանդր Քոչարյանի ներկայացրած անփառունակ ու անմխիթար իրավիճակի համատարած մռայլը` նա դրական տեղաշարժի սեփական դիտարկումները մանրամասնեց։ Համատեղ աշխատելով երկար տարիներ` նրանք նաև արժանավոր սաներ են ունեցել։ «Պատահական մարդիկ միշտ էլ եղել են ու կան,- ասում է Ռազմիկ Խոսրոևը։- Ճիշտ է, այսօր նրանց քանակը որակ է կազմում, բայց չի կարող վտանգել տաղանդավորների կայացումը։ Առաջին կուրսում ընդգրկված 18-ից 3-4-ն անվերապահորեն շնորհալի են։ Մասնագիտացման ընթացքում, կարծում եմ, ուրիշներն էլ կառաջադիմեն։ Եթե ամեն տարի թեկուզ մի քանի նոր անուններով համալրվեն գործող թատրոնները, կհարատևի արվեստը։ Առանց սոցիալական կուտակված խնդիրների արմատական հանգուցալուծման անհնար է մեր մշակույթի վերընթացը պատկերացնել։ Աշխարհում ամենուր երազում են խաղացանկային թատրոններ ունենալ, իսկ մենք փլուզում ենք տասնամյակներով հաստատվածները։ Պետական մարտավարությունն իրագործելիս, չգիտես ինչու, չեն մտածում կորուստների մասին։ Նույն մոտեցումն էլ, ըստ իս, հանդես են բերում հայ-թուրքական սահմանի բացման հարցում։ Ազգային փոքրամասնությունների էթնիկ արվեստն էլ հայաստանյան արդի մշակույթի մաս չի կազմում։ Այդուհանդերձ մեր հասարակական կեցության բարելավման հեռանկարին ես հավատում եմ»։
Օգտագործելով պատեհ առիթը` Ալեքսանդր Քոչարյանն իր գործընկերոջը ներքաշեց հեռուստասերիալների շուրջ ունեցած իրենց մշտական անհամաձայնության բացահայտման տիրույթ։ «Որևէ մեկն այժմ չի հիշում Հարություն Մովսիսյանի մանրակերտ Խլեստակովին Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ, բայց «Որոգայթ» հանցասերիալի նրա հակահերոսը` Հովիկը, համընդհանուր պաշտամունքի առարկա է դարձել։ Փաստորեն, ցածրարվեստ հեռուստասերիալներով են ներկայիս սերունդները դաստիարակվում»։ Ռազմիկ Խոսրոևը զանգվածային պահանջարկով է հիմնավորում հեռուստասերիալների առատությունը` որակական բարեփոխման օրինակներ բերելով տարբեր ստեղծագործական խմբերում ընդգրկված դերասանների հաջողված դերակատարումներից` Ալիկ Խաչատրյանի և Սամվել Սարգսյանի գունեղ կերպավորումներին («Կյանքի գինը») համարժեք։ Գործող թատրոններում ստեղծագործելու պահանջի գոհացում ու նաև ապրելու բավարար միջոցներ չգտնող դերասանների մասնակցությամբ, նրա համոզմամբ, կձևավորվի կինոդերասանների նոր սերունդ։ Ալեքսանդր Քոչարյանը ոչ մի կերպ չի համակերպվում հեռուստասերիալների նրա մեկնաբանության հետ. «Դուք խառնում եք արվեստը և այն «մարմնավաճառությունը», որ ցուցադրվում է բացասական կերպարներով հեղեղված հեռուստաէկրանին»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3477

Մեկնաբանություններ