ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եպիսկոպոսների ամուսնական խնդիրների մասին

Եպիսկոպոսների ամուսնական խնդիրների մասին
27.02.2009 | 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
(սկիզբը` թթ. 10, 12-ում)
Աստծուց է, որ եպիսկոպոսը կին ու լավ դաստիարակված զավակներ ունենա, իր տան գործերը, որպես իր ընտանիքի գործերը, լավ կարգավորել կարողանա: Քանի որ թեմը հավաքական ժողովուրդ է, ուր մեծ մասամբ ոչ թե կուսակրոններ են, այլ ընտանիքներ:
Այսինքն թե` առաքելական յուրաքանչյուր խոսք Աստծով նպատակադրված է, և որը խմբագրելը մարդկային արտահայտություն է լինում, որ տարբերվում է Աստծո փրկագործական ծրագրից: Ոչ մի մարդ չի կարող պարծենալ, թե իբր ընդհանրական եկեղեցու համար ավելի լավագույն ճանապարհ է գտել, քան առաքյալները հանձնարարեցին, որովհետև առաքյալներին Աստված հանձնարարեց: Կուսակրոնների թիվը եպիսկոպոսների միջոցով արհեստականորեն, հրամանով ավելացնելով միայն կթվա, թե ավելի մեծ օգուտ ստացանք, բայց, ըստ էության, Աստված և ընդհանրական եկեղեցի կապը թուլացրած կլինենք և ոչ քիչ չափով կվնասվենք: Ընդհանրական եկեղեցու առաքելական հավատը թուլացրած կլինենք: Եվ, ստիպողության պատճառով, բարոյական անկումներն էլ ավելի ու ավելի շատ կլինեն:
Իսկ որ Սեթի կուսակրոն որդիները խառնվեցին Կայենի դուստրերի հետ, որ հոդվածագիրն է խառն մանևրելով հիշատակում, նույնպես սուրբգրային չէ: Խոսքն Աստծո որդիների և մարդկանց դուստրերի խառնակման մասին է և ոչ միայն Կայենի դուստրերի հետ: Պարականոն ավետարաններում, նաև Ենովքի պարականոն գրքում, այս մասին մանրամասնվում է, որ «Աստծո որդիները երկնքից ուղարկվածներն էին, որ մինչ երկիր հասնելը ապստամբեցին Տիրոջ, դեռ մարմնով ծնունդ չստացած Երկնային Քրիստոսի հրամանի դեմ, ապա երկիր հասնելով խառնակվեցին մարդկանց դուստրերի հետ, և մարդկությունն ապականվեց»: Այսինքն, միայն Կայենի մասին չէ խոսքը:
Հոդվածի հեղինակը մեծ մոլորում է առաջացնում անտրամաբանական մի քննարկմամբ ևս` նսեմացնելով հոգևորականներից, որպես առավել Աստծուն մոտ մարդկանցից, նաև Գրիգոր Լուսավորչի շառավիղների, ընտրյալ այրից ընտրյալ ժառանգորդներ ունենալու բանական ու բնական իրականությունը, որ իր միտքը հաստատի և ասես չկամությամբ կամ փաստերից «ստիպված» մի քանի ժառանգներ «հիշելով», գրում է. «Այսքանը, ուրիշ ոչ մի ընտիր ժառանգականության մասին չի խոսում, որոնց համար այդքան ափսոսում են հոդվածագիրները»:
Բնականաբար, առաջնայինը հոգևոր ծնունդներն են, սակայն լավ հոգևորականների ամուսնությունից ծնված զավակները, բարի ծառի պտուղներ լինելով, բնականաբար, ազգի մեջ նաև արժեքավոր մարդիկ են ավելացնում և ոչ թե պակասեցնում: Դա չվիճարկվող ճշմարտություն է:
Բնականաբար, ծովի ջրի մի կաթիլի քննությամբ կարելի է ծովի բաղադրությունն էլ անսխալ որոշել և աղբյուրից մի ումպ խմելով` պատկերացում կազմել աղբյուրի մասին: Երբ Տերն ինքն է բանալին տվել, թե «Բարի ծառն է բարի պտուղ տալիս, չար ծառն էլ չար պտուղ է տալիս»: Բնականաբար և` ընտրյալից էլ ընտրյալներ են ծնվում: Ի՞նչ կա այդտեղ կեղծ փիլիսոփայի կեցվածքով դեմ լինելու: Ասես մարդը բանականությամբ ի վիճակի չլինի մտածել, չարն ու բարին տարբերակել: Ժառանգավորական արժեքը բնական է ու անվիճելի, անգամ միջին ըմբռնման տեր մարդն էլ այդ մասին չի վիճի, բայց հոդվածից, բերած թարս ու շիտակ օրինակներից հասնելով մինչև բազմակնության սպառնալիք, թվում է հեղինակին այնքան էլ հաճելի չէ, որ «բարի ծառն է բարի պտուղ տալիս, չար ծառն էլ չար պտուղ է տալիս»: Գրում է, թե` այնքան էլ մեծ թիվ չեն նշանավորներից ընտրյալ ծնունդները` իր գտած սուտ իրավիճակից ասես ուրախանալով: Մեծ թիվ, թե փոքր, այդ առանձին հոդվածի նյութ է, խոսքն այստեղ բնական ու բանական ժառանգավորության մասին է, որ Աստծո փառքով է լինում և Աստծո փառքի համար: Իսկ առաքելական կարգերով` ոչ ըստ պատահմունքի են արժանավոր ժառանգները:
Պարոն Մեհրուժը, խոսելով կաթոլիկների և այլ եկեղեցիների ծայրահեղություններից ու պղծագործություններից, չգիտես ինչ աճպարարի «հրաշքով» դրանք բերում ագուցում է մեր առաջադրած խնդրին: Երբ մենք խոսում ենք մեր եկեղեցու մասին և ոչ թե օտարների, քանի որ մեր եկեղեցին սկզբից էլ ավելի է հավատարմել առաքելական կանոնադրությանը, քան որևէ մեկ այլ ազգի եկեղեցի: Իսկ պարոնը, անտրամաբանական զուգահեռներ անցկացնելով այլ եկեղեցիների հետ, գրում է. «Երբ Անգլիկան եկեղեցին մի փոքր դռները բացեց աշխարհից եկած պահանջների առաջ ու կին քահանա օծեց, ավարտվեց նրանով, որ այդ եկեղեցու առաջնորդ եպիսկոպոսն ամուսնացավ, բայց ոչ թե կնոջ հետ, այլ իր սեռակից տղամարդու»:
Թե այս օրինակն ինչ կապ ունի խնդրո առարկա հարցի հետ, լրիվ և կատարելապես անհասկանալի է, անտրամաբանական և անբանական, մեծապես անհեթեթ: Ասես ասած լինի` ինչո՞ւ մեր եկեղեցում առաքելական հրահանգ կատարենք, եթե այդպիսի փորձություններ ու փորձիչ կան օտարների մոտ: Կվարակվենք, կընկնենք: Ի՞նչ կապ ունի Անգլիկան եկեղեցին իր պղծությամբ և հոդվածագրի ծայրահեղ կեղծավոր մտահոգությամբ, թե երբ Հայոց եկեղեցին առաքելական հրահանգին դառնա, այդ կլինի, իբր, «աշխարհից եկած պահանջ, և եկեղեցին կպղծվի միասեռականությամբ»: Մենք նույն պղծություններից առավելագույնս պաշտպանվելու համար ենք Պողոս առաքյալի միջոցով տրված իմաստուն ու բժշկարար հրահանգ-դեղատոմսը` եպիսկոպոսի` մեկ կնոջ այր լինելու իրավունքը որպես խնդիր առաջ քաշել մեր եկեղեցու առաջ, ընտանեկան ամրություններով ևս համաշխարհային փոթորիկներին առավել դիմակայելու, ազգովի առավել առաքինի լինել-մնալու համար:
Բայց որպեսզի պատկերն ավելի ողբերգական դարձնի, պարոն Մեհրուժը կրակի վրա ավելի է յուղ լցնում մեկ այլ անհեթեթ փաստարկ, սարքովի «վկայություն» ևս բերելով, որից և այն հետևությանն է հանգեցնում, թե, երբ ըստ Աստծո Ավետարանի եպիսկոպոսներն ամուսնանան, ապա մորմոնների պես կարող են բազմակնությամբ գայթակղվել, քանի որ մորմոնները որակյալ զավակներ բազմացնելու համար բազմաթիվ կանայք են առնում: Ըստ այն խոսքի է այս միտքը եղծասարքում, որովհետև մենք Ավետարանականն ենք ասել, թե բարի ծառն է բարի պտուղ տալիս, նույնը թե` կատարյալ այրերից են կատարյալ ծնունդներ, ժառանգներ լինում:
Հեղինակը նաև «վարպետորեն մոռանում» է, որ մորմոններն ու Հայոց առաքելական սուրբ եկեղեցին լրիվ տարբեր բաներ են, և որ մորմոնների աղանդը պատշաճ չէ Հայոց առաքելական եկեղեցու հետ համեմատել կամ վախենալ, թե երկուհազարամյա Հայոց առաքելական եկեղեցին կարող է մորմոններից ազդվել ու խեղաթյուրվել: Եվ Հայաստանում պիտի առաքելական կարգերը պահելով եկեղեցին հզորանա` համազգային իր կոչվածությամբ, որ աղանդներն իսպառ դուրս մղվեն: Եվ վատ է, երբ տկար, պարտվողական մտքերի ու բամբասանքների են նրանք մարդկանց մղում, որովհետև ոչ մեր սարկավագներն են երբևէ գայթակղվել մորմոնների աղանդի բազմակնության խեղաթյուրմամբ և ոչ էլ քահանաները, բնականաբար, ոչ էլ եպիսկոպոսներն ամուսնանալով երբևէ կգայթակղվեն որևէ աղանդի կամ կրոնի բազմակնությամբ, մանավանդ երբ և՛ պաշտոնով, և՛ գիտությամբ, և՛ իմաստությամբ, և՛ աստվածաբանությամբ, և՛ իրենց հոգևոր պատրաստվածությամբ ավելի ու ավելի բարձր են, քան սարկավագներն ու քահանաները: Չմոռանանք, որ Պողոս առաքյալը նաև մարգարե լինելով է նախապես հրամայել, թե` և՛ եպիսկոպոսը, և՛ քահանան, և՛ սարկավագը` մեկ կնոջ այր լինեն: Այսինքն` առաքելական` մեկ կնոջ այր լինելու կարգ կա մեր եկեղեցում, որ առաքելական խոսքով կայուն է և ոչ փոփոխվելիք: Այսինքն` ոչ մի մարդ իրավունք չունի այդ կարգը ո՛չ անտեսել, ո՛չ արհամարհել և ո՛չ էլ ջնջել: ՈՒրեմն Մեհրուժանի հետևություններն ու ցայտնոտի տանող վախերը Տերունական չեն, այլ սուտ ու սարքովի են, կեղծ առաքելական, որոնց վրա լավ էլ ջանացել է անկեղծության հմայք ցողել։
Հոդվածի վերջում Մեհրուժանը մի դաժան եզրահանգման է գալիս, ասելով այն, որ ինքը հարյուր հնարավորից երեսուն տոկոսանոց է. «Իսկ մենք` աշխարհականներս, ջանանք գոնե երեսնապատիկ պտուղով բեռնավորված կանգնել Տիրոջ առաջ»: Մինչ այդ խոսելով աշխարհիկների երեսուն տոկոսանոց լինելու մասին: Այնքան էլ շռայլ բերքահավաք չէ, կասեինք: Սակայն երեխան էլ գիտե, որ հարյուր լիտրանոց ամանի մեջ, եթե ինչ ասես լցնես և միայն երեսուն լիտրանոց տեղ հատկացնես Տիրոջը, ապա նման ամանի մեջ արդեն անհնար է հարյուր լիտր ջուր կամ գինի լցնել, տեղավորել: Նույնը և վերաբերում է աստվածաշնչյան գիտելիքներին: ՈՒստիև հարյուր տոկոսանոց Աստծո Ավետարանին երեսուն տոկոսով, այն էլ հակասող, խառնակող մեկնություն տալը հավասար չէ՞ արդյոք յոթանասուն տոկոսով նույն Ավետարանը խեղաթյուրելուն, հարյուրը երեսունի հավասարեցնել-խառնակելուն: Այդպես իսկ է: Եվ որ նշանակում է` այդքան իսկ շեղել, մոլորեցնել` ում հնարավոր է: Իսկ ինչ տոկոսաչափի պտուղներ էլ լինեն, եթե իրենց չափանիշի մեջ են խոր նվիրումով, իրենց չափանիշից ցած չեն, որ տգեղն է, կամ բարձր չեն, որ հպարտությունն է, կեղծ մեծությունը, ապա և հաճո են լինում և իրենց տարածաշրջանին ու չափին ամենօրյա օգտակար:
Պարոն Մեհրուժն իր շարադրանքում այն տպավորությունն է ստեղծում, թե երբ նախնիների (պարոնը կրկնում է մեր նախնիների կատարած փոփոխությունը և ոչ թե բուն առաքելական խոսքը- Մ.Ո.) փոխարեն լսեն Պողոս առաքյալի հանձնարարականը, խիստ վիրավորական է այդ իր պարոն անձի համար, որ եպիսկոպոսը կարող է մեկ կնոջ այր լինել, ապա այդ, ըստ պարոնի` «անփորձ մածուն կլինի», երբ կա «փորձված թան եպիսկոպոսների կուսակրոնությունը»: Մի բան, որ, ինչպես տեսանք, այլաքարոզ է Աստծո Ավետարանից և ըստ Մեհրուժի «ավետարանի» է կամ հին շեղը չգիտեմ ում դուր գալու համար պնդելով` սարքել է պիղծ ու փնթի մի ներկայացում:
Մեր նախնիներն ինչ-որ մարդկային հանգամանքներից դրդված, երբ այս առումով փոփոխություն մտցրին, ամենևին էլ չի նշանակում, որ ճիշտ վարվեցին: Եվ չի նշանակում, թե Ավետարանից, առաքելականից այս կամ այն հարցից նրանց հեռացումը (նույնը կարող ենք ասել ջրի մկրտության մասին, երբ ոչ քիչ թվով մարդիկ մեր առաքելականից աղանդներ են գնում, պատճառաբանելով մեր եկեղեցում մարմնով ջրի մեջ մկրտվելու կրճատումը մեծահասակների համար- Մ.Ո.) դոգմա պիտի դիտել: Այնուամենայնիվ, առաքելական պատվերն է ճշմարիտը, քանի որ նպատակադրված խոր ներքին ունի և հենց այնպես չէ, և երբ սխալվել ենք, հարկ է վերադառնալ առաքելական պատվերին և ոչ թե «մեր էշը առաջ քշենք», մինչև որ էշն էլ շուռ գա ու մարդկային ձայնով մեզ հանդիմանի։ Աստծու տվածին հետ դառնալն է պատշաճը, պարկեշտն ու աստվածայինը յուրաքանչյուր հարցում և յուրաքանչյուր հայ եկեղեցականի համար, մանավանդ մեր Մայր առաքելական սուրբ Եկեղեցու: Հակառակ դեպքում եկեղեցին շնորհ կամ շնորհներ կրճատած, պակասեցրած կլինի Աստծո առատ տված-մատուցածից:
Տեսանք, թե ինչ «իրավունքներով» է պարոն Մեհրուժը մերժում եպիսկոպոսներին ամուսնանալ: Իսկ ի՞նչ է մտածում Վեհափառը Ամենայն Հայոց, մի՞թե մեր բերած վկայությունները բավարար չեն հոգևոր գերագույն ժողով հրավիրելու` խնդիրը պատշաճորեն և հօգուտ առաքելականի քննել-լուծելու:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ