ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իրավիճակն անկանխատեսելիության հարթություն է տեղափոխվում

Իրավիճակն անկանխատեսելիության հարթություն է տեղափոխվում
23.07.2024 | 12:05

Բացարձակ պետք չի շտապել` Թրամփին նախագահ կարգելու հարցում: Բացարձակ: Ասեմ ավելին, նրա առջև ծառացած խնդիրներն առավել լուրջ են Հարիսի թեկնածության պարագայում, քան՝ Բայդենի: Իհարկե, Հարիսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու կուսակցության հորձանուտներում, բայց, կարծում եմ, նրան կհաջողվի դառնալ կուսակցության հիմնական թեկնածու: Իհարկե, եթե Բայդենը հրաժարական ներկայացներ, և Հարիսը փաստացի որպես նախագահ մտներ մրցապայքարի մեջ, կարծում եմ, նրա շանսերն ավելի մեծ կլինեին Թրամփին հաղթելու հարցում, սակայն ունենք այն, ինչ ունենք:

Այստեղ կարևոր դեր են խաղալու կուսակցության «ոժդերը»՝ ի դեմս Քլինթոնների, Օբամայի, Փելոսիի, ինչպես նաև դոնորների՝ ի դեմս Սորոսի, Հոֆմանի և այլ երևելիների: Սակայն, որքան էլ նրանք տարբեր կարծիքներ և էնտուզիազմ ունենան Հարիսի թեկնածության հարցի շուրջ, Թրամփից մեծ հակառակորդ նրանք չունեն, հետևաբար, համախմբումն ինչ-որ փուլում անխուսափելի է:

Վերջին շաբաթները շոկային էին դեմոկրատների համար: Բայդենի թույլ դեբատը, նրա քովիդը, հետո մրցապայքարից դուրս գալը հարված էր կուսակցության դիրքերին և հաստատված ներքին ստատուս քվոյին: Իսկ Թրամփի դեմ անհաջող մահափորձը նրան «չհանձնվող զոհ» դարձրեց՝ նպաստելով նրա շուրջ կոնսոլիդացիային և ռեյտինգի բարձրացմանը:

Եվս մեկ կարևոր դետալ. ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականները միախմբված են Թրամփի շուրջ, այդ թվում՝ նրան չսիրողները: Ի տարբերություն դեմոկրատների, հանրապետականում գերազդեցիկ թևեր չկան: Դրանք Թրամփի կողմից հետևողականորեն «չեզոքաքցվել» և «վնասազերծվել» են: Կուսակցությունում որոշումների կայացման վրա ազդեցություն չունի նույնիսկ միակ կենդանի հանրապետական նախագահ Բուշը, ում գերդաստանը ամենից ազդեցիկներից էր ԱՄՆ-ի քաղաքական օլիմպոսում: Իսկ հիմա ո՛չ նա, ո՛չ նրա փոխնախագահ Չեյնին, ո՛չ էլ նրանց թիմի որևէ առանցքային դեմք հանրապետական ասպարեզում չկա:

Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա նրանք դեռ ունեն կոզրեր, որոնք դաշտ են նետելու քայլ առ քայլ: Օրինակ, Հարիսի փոխնախագահը կարող է լինել ճոճվող նահանգներից մեկը ներկայացնող կին թեկնածու (նահանգապետ կամ սենատոր), և ստրատեգները կարող են ստեղծել երկու կանանց տանդեմ, ովքեր պայքար են մղում երկու տղամարդու դեմ: Գեղեցիկ ստրատեգիա կլինի: Կամ՝ պատկերացրեք Թրամփ-Հարիս բանավեճը՝ «նախկին դատախազ Հարիսն ընդդեմ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Թրամփի». ինչ խոսք, սա նույնպես աշխատող մարտավարություն է: Այսինքն, տեխնոլոգիաների մի լայն տեսականի դեռևս դաշտ չի նետվել:

Իսկ եթե հաշվի առնենք, որ դեմոկրատները քանակապես ԱՄՆ-ում ավելի շատ են, քան հանրապետականները, ապա պատկերն առավել հետաքրքիր է դառնում: Դրան էլ հավելում ենք այն հանգամանքը, որ նախագահներին, այդուհանդերձ, ԱՄՆ-ում ընտրում են ընդամենը 7-8 ճոճվող նահանգներում, ապա իրավիճակն իրոք հետաքրքրության և անկանխատեսելիության հարթություն է տեղափոխվում:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 4053

Մեկնաբանություններ