ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թագավոր բանաստեղծություն` սիրո և խղճմտանքի «մեղրահացերով»

Թագավոր բանաստեղծություն` սիրո և խղճմտանքի «մեղրահացերով»
11.01.2024 | 23:05

Աստըծո նման խաղաղ պահիր քեզ,

Աստըծո նման եղիր բարեսիրտ,

նրա պես եղիր հավասարատես

և ծաղկեցըրու նշխարը լույսիդ:

Հիսուսին տեսիլքով տեսնողները վկայում են, թե. «Նրա ձայնը որոտի և ջրվեժների ձայնի նման է»: Բարձր ու այս աշխարհի համար անսովոր և հայոց բանաստեղծության քիչ թվով վիթխարիներից է ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, և ամենքից էլ առանձնանում է յուրահատուկ իր հովվական ձայնով, որ երբ խոսում է, թվում է, թե` իր մի մասը երկնքում է գտնվում, մյուսն իր մարմնի տաճարում, և իր բանաստեղծությունը խոսելիս ևս` որոտներ են արթնանում ու ջրվեժի ձայներ, այդպես արթնացնելով ճշմարտությունից ու խոստովանությունից հեռացած, կյանքի ճամփան շեղած հոգիներին, որպեսզի նրանք արդեն Աստծո գեղեցիկն ու սքանչելին տեսնելով` ճաշակեն անմահ լինելու մեղրահացի համը և իրենք իրենց այլևս թույլ չտան հանձնվել աշխարհի խաբեություններին: Այսինքն թե` Ռազմիկ Դավոյան բանաստեղծը վերին շնորհ ունի` նմանությամբ իր Աստծո, և խոսում է մեզ հետ Աստծո Բանով, Խոսքով, Բառով, հովվությամբ.

Զգացմունքների խեղդվող ալիքից

Բառն ինքը, ահա,

Խոստովանանքի համար է ծնվում,

ՈՒ թեև նրան մանրում են մարդիկ

Շահատակության շուկաների մեջ,

Սակայն ինչ-որ տեղ՝

Հոգու ծալքերում իմաստունների,

Ապրում է Բառը և անվերջ թրծվում:

Եվ մի առանձնահատկություն էլ ունի Ռազմիկ Դավոյանը. ամենաբարդ ըմբռնումներն իսկ հասկանալի են դարձնում` ակնածանք արթնացնող, մաքուր ու սրբացնող իր արվեստով: Եվ առանց որևէ ճիգի է Դավոյանի բանաստեղծությունը, երկնքի Բան-ից ազատ ու առատ խոսքեր հոսեցնելով խոսքի անձրևի կարոտ հոգիների մեջ ու այդպես` վերածվելով երկինք-երկիր կապող կենսաբեր խողովակի և կամ` երկինք երկիր կապող խաղաղության ու սիրո յոթնագույն` Աստծո կողմից մեզ հետ հաշտեցման, խաղաղության նշան թողած կենդանի ծիածանի` հաստատելով մեր Տիրոջ խոսքը, թե. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5):

Ահա, երկինքը ցողով թաթախված

անուշ բառերի ոսկի է մաղում...

Ժամանակների մեջ շատերի ամոթալի վերաբեմունքներն էլ պիտի հիշվեն, հիշատակվեն. «Չարն էլ է միշտ ապրում անմեռ» (Թումանյան), քանի որ քայլեցին և ապրեցին համաշխարհային մեծության հանճարի, կենդանի դասականի կողքին ու հարկ ու պատշաճին հասու չեղան նրան արժեքավորել, արժանի չափով ընդունել, գնահատել, տեղ տալ, այլ` վերնային, կենսատու պտուղներով ընտիր այս ծառի վրա` նախանձի և տգիտության քարեր էլ նետեցին և, ցավոք, դեռ ախորժում են նույնն անել: Սակայն սուրբ Գիրքը վկայաբանում է, թե. «Ճշմարտությունը արդարացվեց Իր որդիների կողմից»: Եվ թե. «Աստծո Որդու հետ, ինչպես որ` չար վարվեցին, նույնպես և չար են վարվելու Նրա աստվածարյալ հետնորդների հետ էլ»: Սակայն, ի հեճուկս նրանց, հանճարեղ բանաստեղծն իր շքեղ պոեզիայով, ժողովրդի մեջ շատերիս սիրելին դարձավ` և ո՛չ միայն Հայաստանում, այլ` թարգմանությամբ` բազմաթիվ այլ կիրթ աշխարհներում էլ: Իսկ բոլորովին վերջերս, Բրիտանիայում. «Ակնառու բանաստեղծներ» մատենաշարով լույս տեսավ Դավոյանի բանաստեղծությունների ընտրանին: Աստված է Իր զավակներին բարձրացնում. մենք Հայոց մեծերի դասն ունենք, ովքեր իրենց գործերով Հայաստանի խորհրդանիշերն են դարձել, և առանց որոնց` չենք կարող Հայաստանը պատկերացնել. այդ ընտրանի դասի խորհրդանիշերից է և Ռազմիկ Դավոյանը.

Ոմանք բութ քարերով ծռել են իմ երգերը,

Ոմանք բութ հայացքով

Իմ գույները դարձրել են փոշի,

Ոմանք երգս են թաղում,

Ոմանք՝ աճյունները ջարդված իմ տողերի,

Ոմանք թաղածներն են կրկին թաղում:

Իսկ ես.- Սասնա Ծուռ եմ.-

Իմ զորավոր ձայնից դատարկվել է ժայռը,

Ես մտել եմ այնտեղ

Եվ պատմության քարե երկանքների վրա

Համբերության ոսկե հատիկներն եմ աղում:

Մարդկության ամենամեծերը նույնպես պարտքեր ունեն Աստծուն, և ով հանճարով ավելի է մեծ` նրա պարտքն ավելի է մեծ, վկա` մեծ Նարեկացին իր Մատյանով: «ՈՒմ, որ շատ տրվեց` նրանից շատն էլ պահանջվեց»,- ասում է Գիրքը, որովհետև որդի լինելու ի բնե նախանձախնդրությամբ է որդին իր հանճարով մտածում, ապաշխարում, ծրագրում և մշակություն անում իր հոր տան մեջ, տան համար: Եվ սիրով է իր գործն անում և ո՛չ թե պարտադրանքով, ինչպես հրամանի տակ գտնվող տան ծառաները: Եվ ճշմարիտ բանաստեղծներն իրենց նեղությունների մեջ իսկ, բացի Արարչի հետ զրույցով առավել մաքրվելուց ու առավել բոցավառվելով սրբանալուց, ժողովրդի համար դառնում են Աստծո խոսքի դեսպանորդները, ինչպես Հիսուս է ասում. «աղ և լույս», որ` և՛ համ, և՛ իմաստ, և՛ հույս են տալիս մեր կյանքին: Նման բազմաթիվ մաքրող, սրբացնող դեղորայքներով և մարդասիրության ոգեղեն «մեղրահացերով» է հարուստ Ռազմիկ Դավոյանի պոեզիան, որ երկնային թթվածին պարունակելով` բաժանում է բժշկումներ, ամոքումներ, մխիթարություններ, հոգևոր-սքանչելի գեղեցկություններ, երկնատուր հավատ, հույս և սեր: Ինքը երկնքի նվիրակի պես, թեպետև նշանով ընտրյալ որդի, Աստծո դեսպան, սրտակցող եղբայր և բանավոր հովիվ, սակայն չի խորշում ծառայող մշակ լինել` հանուն Հայրենի տան.

Ես անապատում շրջում էի լուռ,

դրանից պարզ բան չկա աշխարհում,

ես նման էի մեկին, որ գիտի

մեղքերն աշխարհի,

որ խոր լռում է և ապաշխարում:

Եվ հանկարծ փափուկ, թույլ մի տրտմություն

իմ ապաշխարող մարմինը ձաղկեց,

և ես պապակած հողի պես մեկից

քանդվեցի հանկարծ,

և սիրտս, սիրտս քնքշորեն ծաղկեց:

Ծաղկեց իմ սիրտը,

և անապատի խորքերից աղի

գետեր հանեցի ես արևերես,

շուրջս փռեցի ծաղկավառ գորգեր,

որ մեռած հողի դեմքը ծիծաղի:

Նաև, երբեմն էլ, բանաստեղծը ստիպված է լինում ամոթանքի սանդղակին կանգնեցնել լկտիացածներին` նրանց առջև բանաստեղծության հայելի պահելով, ի սրտե կամենալով, որ նրանք ժամանակի մեջ խոնարհվեն-ապաշխարեն, և ժողովուրդն Աստծո, չարի խաբեություններից փրկվելով, այդպես` ավելի՛ հզորանա.

... և ոտքն ուղարկիր,

տրորող ոտքը՝

այս մեղկություններն աշխարհ բերողի:

Թող գա՛,

թող մի քիչ տրորի կարգին,

թող մի քիչ սրանց տիղմը տրորի,

և հետո ետ տար ճիշտ ժամանակին,

որ մնացորդներն այս անճարության,

պայքար մղելով դիակների դեմ

իրենց պապերի,

առաջ ընթանան՝ ընդդեմ տխրության

և հանուն... նորի:

Աստծո որդիների համար միայն «գիտենալը» քիչ է, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Եթե ամբողջ գիտությունն ունենամ և սեր չունենամ, ես` ոչի՛նչ կլինեմ»: ՈՒստի և, լավ է արվեստով խոսել, այդպես սիրելով նրան` ում որևէ լավ բան ես ասում, որպեսզի գիտելիքդ շատերի համար կյանքի սնունդ դառնա, սիրո սերմնահատիկով` սկիզբ և ո՛չ թե միայն մնա չոր կամ անհոգի, օտարոտի կամ անսեր, կամ կիսասեր, անմարսելի ու անառողջ մի բան կամ` շփոթ աններդաշնության: Ըստ այդմ, Դավոյանի պոեզիան նաև շքեղ է իր արվեստով և դասական ըմբռնումների հստակությամբ` գեղեցիկ: Իմաստությամբ` վայելելու փափագ արթնացնող: Նրբությամբ մարդուն այն խոնարհությանը իջեցնող, երբ առանց խոնարհվելու «մաքուր ծնված արցունքին», նրա աստվածայինը անարժան կմնաս ընբռնել կամ` թերի կըմբռնես, և ինքդ կզրկվես ու կտուժես` մեծերին չհարգելու անխոնարհությանդ չափ:

Ռազմիկ Դավոյանի պոեզիան աստվածային սիրո հովվական աստիճանակարգերից է իջնում, որ պարգև է ո՛չ միայն հայերիս: Դավոյանի «Ռեքվիեմը» նման է դասական ազնվական ու զորավոր մի երաժշտության և մարդասիրության իր հնչեղությամբ` մեծերին շարունակող նորոգաձայն սրբությամբ, նաև` յուրովի մի սքանչելի պատարագ է` աստվածայինը մեր մեջ տեղափոխող կենդանի խոսքերով, հոսքերով, հանճարի հստակությամբ ու պատկերների կենսապարգև ճառագայթների ամիջականությամբ: Ամենքս էլ մարդ ենք մեղանչական, սակայն ողջ հողագնդին մեծ ապաշխարանք է անհրաժեշտ` քարոզում է բանաստեղծը, և ինքը ևս մարդկության մյուս մեծերի նման, իր սքանչելի բանաստեղծությամբ և «Ռեքվիեմով»` միջնորդ է դառնում մեր ապաշխարություններին.

Տվեք ինձ իմ սիրտը,-

Եվ ես կհավաքեմ ձեր վշտերը բոլոր,

Կքամեմ ձեր թախիծը ձեր աչքերի միջից

Եվ խնդության լույսեր կգտնեք ձեր հոգում:

Տվեք ինձ իմ շուրթերը,-

Ես նրանցով հողից ծաղիկներ կհանեմ,

կհամբուրեմ ժայռը, և նա կդառնա վանք...:

Դավոյանի բանաստեղծությունը դուրս գալով ժամանակների սահմանափակումներից, հանդիպեցնում է մեզ` մեր նախապապերին` մեր վիթխարի, սուրբ հայրերին, որոնց մեծ բանաստեղծը, ինքը մարմնապես երկրում գտնվելով, սակայն հոգևոր աստիճանակարգերում նրանց հանդիպելով` արժանիորեն արդեն դարձել է նրանց ընկերակիցը ու մեզ խրատում է` նույնն անել.

Քայլիր մի տարի, և միլիոն տարի,

մինչև որ հասնես նախապապերիդ,

մի գնահատիր ոչ անցած ճամփադ,

և ոչ էլ չնչին արժեքը բեռիդ:

Եվ եթե հասնես նախապապերիդ,

ուրեմն՝ մոտ ես և ապագային.-

քեզանից առաջ, նրանք շատ առաջ,

բյուր դարեր առաջ ճամփա են ելել,

և նրանք են, որ մոտիկ են արդեն

ապագաներին բոլոր նոր ու հին:

Երկրի մեջ` երկնային մարդ կերտվելու և իր միջոցով աստվածային սրբությանը հաղորդվելու գեղեցիկ առաքելություն է Դավոյանի բանաստեղծությունը, որից ընդամենը մի մասունք, մի նշխար, ընդհանուր կարասից հանված մի բաժակ հաղորդության գինի է այս փոքրիկ գրքույկը, որ սիրով մատուցում ենք մեր ընթերցողներին, այս չափով իսկ հաղորդակից լինելու մեր մեծ ժամանակակցի հրեշտականման շեփորումներին և վստահարան հաղթանակներին, իսկ ոմանց համար էլ այս գրքույկը կանչ կլինի` առավել լիարժեք ծանոթանալու և ճաշակելու հեղինակի բանաստեղծության մյուս ժողովածուներն ևս: Իսկ ես` շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ վիճակվեց, հանճարեղ բանաստեղծի այս գրքույկը կազմել, այդպես վերստին հարաբերվելով Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության բանական, երկնային խաչակրության կնիք դնող խղճմտանքին, հոգիներ բժշկելու և մխիթարելու նորոգող կենսահացին և մեր Տիրոջ նկարագիրն հիշեցնող մարդասիրության առաքելությանը: Խոսքս ավարտեմ այսպես` երանի Դավոյանի պոեզիան ի սրտե ընթերցողներին, պոեզիա, որ դառնում է իր ընթերցողի սրտակիցն ու բարեկամը, ընկերն ու մեծ- ներող եղբայրը, առաջնորդում հոգևոր մաքրման ու սրբացման, ի վերջո` կյանքով ու գործով նմանվելու Աստծուն.

Աստըծո նման եղիր գթառատ,

շուրջդ բարություն ու սեր սերմանիր,

ձեռքդ տար զգույշ, և հոգիներից

չարի, պղծության արմատը հանիր:

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7480

Մեկնաբանություններ