ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՅԼԵՎՍ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԷ

ԱՅԼԵՎՍ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ ՉԷ
12.11.2010 | 00:00

Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների առաջ: Հինգերորդ տուրում, ինչպես և նախորդում, մրցակիցները հիմնականում խաղաղասիրաբար էին տրամադրված: Արդյունավետ ելք ունեցավ միայն Էլյանով-Գելֆանդ պարտիան, որտեղ հաղթեց սպիտակներով խաղացող շախմատիստը: Ի դեպ, սա ուկրաինացու առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: Հիշեցնենք, որ առաջին երեք պարտիաներում նա պարտություններ էր կրել, իսկ չորրորդում խաղացել էր ոչ-ոքի: Միանձնյա առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց Սերգեյ Կարյակինի հետ: Հայ գրոսմայստերն ամբողջ պարտիայում ուներ թեթևակի առավելություն, սակայն նավակային վերջնախաղում հնարավոր չէր իրացնել զինվորի առավելությունը, և մրցակիցները կիսեցին միավորը: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Գրիշչուկ-Մամեդյարով, Կրամնիկ-Վան Հաո և Շիրով-Նակամուրա պարտիաները:
Երեկ կայացավ վեցերորդ խաղափուլը, որն անցավ ճիշտ նույն սցենարով, ինչ նախորդը: Լևոն Արոնյանը սևերով մրցեց հետնապահի` Ալեքսեյ Շիրովի հետ: Մրցակիցները կայծակնային արագությամբ խաղարկեցին պարտիան և 32-րդ քայլում քայլերի կրկնությամբ արձանագրեցին ոչ-ոքի: Մյուս պարտիաներն ավարտվեցին այսպես.
Նակամուրա - Վան Հաո 0,5-0,5
Գելֆանդ - Կրամնիկ 0,5-0,5
Կարյակին - Գրիշչուկ 0,5-0,5
Մամեդյարով - Էլյանով 1-0
Այսպիսով, վերջին երեք խաղափուլերից առաջ Լևոն Արոնյանն այլևս միանձնյա առաջատար չէ. նրան հավասարվեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը: Նրանք վաստակել են 4-ական միավոր: 3,5-ական միավորով նրանց հաջորդում են Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն և Ալեքսանդր Գրիշչուկը:
Այսօր Լևոնը սպիտակներով կխաղա «ճապոնաամերիկացի» Հիկարու Նակամուրայի, վաղը, կրկին սպիտակներով, կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ վերջին փուլում սևերով կխաղա Պավել Էլյանովի հետ:
Այս օրերին Մոսկվայում է նախկին խորհրդային շախմատիստ, 1972 թվականին Հոլանդիա «փախած» միջազգային գրոսմայստեր, Միխայիլ Տալի և Վիկտոր Կորչնոյի նախկին մարտավկա Գենադի Սոսոնկոն: Նա մեկնաբանում է մրցաշարի պարտիաները, կարծիք հայտնում մասնակիցների մասին: Ահա թե ինչպես է նա գնահատել մեր գրոսմայստերին. «Արոնյանն իրոք հետաքրքիր կերպար է: Ինչո՞ւ է նա հաղթում մրցակիցներին, ինչի՞ հաշվին: Հավանաբար, այդ հարցին կարելի է պատասխանել այնպես, ինչպես դա արել է Իտալիայի հավաքականի հարձակվող Սանդրո Մացոլան, երբ 11-մետրանոցից չի կարողացել գոլ խփել Յաշինին. «Կարծում եմ, որ Լևն ինձնից լավ է ֆուտբոլ խաղում»: Գուցե Արոնյանի ուղեղն ավելի քիչ է «աղտոտված» համակարգչով, քան մյուսներինը: Գուցե նա գտել է համակարգչով աշխատելու և բուն խաղի միջև ճիշտ հարաբերակցությունը: Ես նրան մշտապես հանդիպում եմ նախաճաշելիս, ընթրելիս, տեսնում եմ փողոցում զբոսնելիս, այսինքն` նա, մյուս գրոսմայստերներին կշտամբելու համար չեմ ասում, մշակել է ինչ-որ օրակարգ»:

ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ
Բելգորոդ քաղաքում ընթանում է շախմատի Ռուսաստանի գավաթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Նրանց թվում է նաև մեր երիտասարդ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Մրցաշարն անցկացվում է օլիմպիական մրցակարգով: Շախմատիստները բաժանվում են զույգերի, որոնք միմյանց հետ խաղում են երկուական պարտիա: Պարտվողը դուրս է մնում պայքարից, հաղթողն անցնում է հաջորդ փուլ: Եթե դասական շախմատի երկու պարտիայից հետո արձանագրվում է ոչ-ոքի, խաղացվում է արագ շախմատի (15-րոպեանոց) երկու պարտիա: Եթե այս դեպքում ևս հաղթողն ի հայտ չի գալիս, նշանակվում է, այսպես կոչված, մահվան պարտիա, որտեղ ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացողը:
Զավենը բավականին հաջող է մեկնարկել այս մրցաշարում և արդեն հաղթահարել է երկու փուլ: 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը ռուսաստանցի Պավել Պոնկրատովն էր, որին Զավենը հաղթեց 2-0 հաշվով: Հաջորդ փուլում մեր գրոսմայստերին դիմակայում էր մրցաշարի ամենաբարձր վարկանիշ (2686) ունեցող մոլդովացի Վիկտոր Բոլոգանը (Զավենը վարկանիշով 16-րդն է` 2585): Առաջին պարտիայում Զավենը սևերով հաղթեց մրցակցին, իսկ երկրորդում ոչ-ոքի խաղաց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Երեկ կայացան ուժեղագույն ութնյակի զույգերի առաջին պարտիաները: Անդրիասյանը սևերով մրցեց Ռուսաստանի հույսերից մեկի` պատանի Սանան Սյուգիրովի (2626) հետ: Թեև վերջնախաղում Զավենը ստացավ զինվորի առավելություն, սակայն, քանի որ փղերը տարագույն էին, արձանագրվեց ոչ-ոքի: Վաղը մրցակիցները կանցկացնեն երկրորդ պարտիան:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 մլն 190 հազար ռուբլի է, որից հաղթողը կստանա 200 հազար, երկրորդ մրցանակակիրը` 150 հազար:

Կառլսենի փոխարեն` Գրիշչուկը
2011-ի գարնանը Կազանում նախատեսված են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերը: ՖԻԴԵ-ն ժամանակին հրապարակել էր ութ մասնակիցների անունները և նրանց բաժանել զույգերի: Ըստ այդմ, Լևոն Արոնյանը պետք է խաղար Բորիս Գելֆանդի, Վեսելին Տոպալովը` Գատա Կամսկու, Վլադիմիր Կրամնիկը` Շահրիար Մամեդյարովի, Մագնուս Կառլսենը` Թեյմուր Ռաջաբովի հետ: Սակայն օրեր առաջ նորվեգացի Մագնուս Կառլսենը հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ` հրաժարվելով այդ մրցամարտերին մասնակցելուց:
Ինչպես հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ըստ կանոնակարգի, նրան կփոխարինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որի հետ էլ կհանդիպի Լևոն Արոնյանը: Փոփոխվել են նաև մյուս զույգերը (բացի Տոպալով-Կամսկի զույգից). Կրամնիկը կխաղա Ռաջաբովի, Գելֆանդը` Մամեդյարովի հետ:
Լուրերը` Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 16777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ