ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է Հիլարի Քլինթոնի բացառիկ դերը, որ նա ունեցել է պետքարտուղարի պաշտոնում։ Ո′չ Քլինթոնը, ո′չ էլ Օբաման համատեղ հարցազրույցում չեն պատասխանել 2016թ. նախագահական ընտրություններում պետքարտուղարի հնարավոր մասնակցության մասին հարցին։
«Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները եղել և միշտ կլինեն բարեկամական ու եղբայրական: Երկու երկրներն անցյալում արդեն եղել են որպես եղբայրներ, սակայն հավանաբար, դրան ինչ-որ մեկը նախանձեց և արհեստականորեն թշնամություն մտցրեց մեր միջև»` ասել է Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը Մոսկվայում վրաց համայնքի հետ հանդիպման ժամանակ:
CNN-ին տված հարցազրույցում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Նախագահ Ասադը սխալվել է քաղաքական բարեփոխումներ անցկացնելիս: Նա պետք է ամեն ինչ ավելի արագ իրականացներ՝ իր կողմը քաշելով չափավոր ընդդիմության այն հատվածին, որը պատրաստ էր նրա հետ մի սեղանի շուրջ նստել: Դա նրա զգալի սխալն է, հնարավոր է՝ նույնիսկ ճակատագրական»:
Թուրքական «Հուրիեթ դեյլի նյուս»-ը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, 2012-ի նոյեմբերին ստանալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` մտադիր է 2013-ի ապրիլի 24-ին լինել Հայաստանում:
Ավելի քան 245 մարդ է մահացել Բրազիլիայի հարավում գտնվող Սանտա Մարիա քաղաքի գիշերային ակումբում բռնկված հրդեհից։ Այդ մասին հաղորդել են ոստիկանությունն ու տեղի իշխանությունները։
Աֆրիկյան երկրների ղեկավարները հավաքվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, որտեղ այսօր մեկնարկում է Աֆրիկյան միության ասամբլեայի համաժողովը։ Սպասվում է, որ հիմնական ուշադրությունը կսևեռվի Մալիի ճգնաժամի վրա, անդրադարձ կլինի նաև Սուդանի և Հարավային Սուդանի միջև հարաբերությունների սրմանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության խնդիրներին։
Բուլղարիայում այսօր անցկացվում է հանրաքվե՝ երկրում նոր միջուկային հզորություններ կառուցելու նպատակահարմարության հարցով։ Բուլղարացիները պետք է պատասխան տան այն հարցին, թե ընդունելի է արդյոք հանրապետությունում նոր ատոմակայանի կառուցումը։
Չեխիայի նախագահ է ընտրվել Միլոշ Զեմանը։ 96 տոկոս քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը հավաքել է 55,47 տոկոս ձայն, նրա մրցակից Կարել Շվարցենբերգը ստացել է ձայների 44,53 տոկոսը։
Մալիում ընթացող ռազմական գործողությունները, Սիրիայի ներքին վիճակը, Ալժիրում ահաբեկիչների գործողություններն են հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։