Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Ինչո՞ւ է Ռուսաստանը դրդում Հայաստանին ճանաչել Արցախի Հանրապետությունը

Ինչո՞ւ է Ռուսաստանը դրդում Հայաստանին ճանաչել Արցախի Հանրապետությունը
02.02.2021 | 12:04

Ռուսաստանի իշխանությունները պարզապես դրդում են Հայաստանին ճանաչել Արցախի Հանրապետւթյունը: Առաջինը խոսեց ՌԴ նախագահը՝ մի քանի անգամ, հետո ԱԳ նախարարը, երեկ՝ նախկին նախագահ, վարչապետ, հիմա ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

Տասնամյակներ Հայաստանը չէր ճանաչում Արցախը, որ բանակցությունները շարունակելու հնարավորությունը գործի: Հայաստանը կարող էր Արցախը ճանաչել 2016-ի քառօրյայի ժամանակ, կարող էր ճանաչել 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, երկու դեպքում էլ գերադասեց հեռու մնալ մի քայլից, որ կարող էր որակվել սադրանք: Բայց փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը շարունակում է անվերջ Հայաստանի երեսով տալ Արցախը չճանաչելը, ստիպում է հարցնել՝ ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե հիմա Հայաստանը ճանաչի Արցախը: Եվ ճանաչի՝ 1994-ի սահմաններով, որ ամրագրված են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ: Ինքնին հասկանալի է, որ դա որակվելու է պատերազմի սադրանք ու նոյեմբերի 9-ի, թե 10-ի եռակողմ հայտարարության ոգուն հակասող: Ուրեմն՝ ինչու՞ է Մոսկվան շարունակում սադրանքը: Ո՞րն է նպատակը: Կասեցնե՞լ Արցախի ճանաչումը որևէ այլ երկրի կողմից՝ ասենք, Ֆրանսիայի, կամ՝ ԱՄՆ-ի: Բայց դա պարզունակ խաղ է, եթե Փարիզը կամ Վաշինգտոնը որոշեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, չեն նայի՝ Երևանը ճանաչե՞լ է, թե՞ ոչ: Դմիտրի Մեդվեդևը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Ինչու՞: «Կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ», - ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցում նշել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ «Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են, բայց այդպես է։ Դրա համար ավելի լավ է կարգավիճակի հարցը թողնել ապագային»։

Տրամաբանակա՞ն է, որ հենց Հայաստանը ճանաչի Արցախը, կարգավիճակի հարցը դուրս է գալիս, և արդեն ՀՀ ԱԳՆ-ն պետք է խոսի հայկական օկուպացված տարածքները ազատելու մասին: Համաձա՞յն է Ռուսաստանը այդ ստատուս քվոյին: Թերևս ոչ, որովհետև խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին Մեդվեդևը շեշտել է՝ չլիներ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի «ոսկերչական» աշխատանքը, արյունահեղությունը այս պահին էլ կշարունակվեր: «Վլադիմիր Վադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր այդ հակամարտության մասնակիցների հետ։ Եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե Ադրբեջանը, թե Հայաստանը պետք է անչափ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»՝ հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։ Երախտապարտ ենք, երախտապարտ ենք, երախտապարտ ենք: Բայց ինչի՞ համար: Որ Ռուսաստանն ու Թուրքիան կիսեցին Արցա՞խը: Պատասխանելով Հարավային Կովկասում Թուրքիայի նոր դերակատարության մասին հարցին, Մեդվեդևը ասել է ՝«Ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկել Թուրքիայի հետ։ Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը, շատ մտերիմ երկիր Ադրբեջանի համար։ Այդ փաստը հաշվի չառնել հնարավոր չէ»: Իսկ հնարավո՞ր է հաշվի առնել Հայաստանի շահը, թե՞ դա Ռուսաստանի դեպքում մահացու մեղք է ու հակասում է ռուս-թուրք-ադրբեջանական շահերին: Հնարավո՞ր է հաշվի առնել, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմաններ ունեցող, բայց Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանը կտրականապես դեմ է հակամարտությանը Անկարայի միջամտությանը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անկարայի ապակայունացնող գործոնի շուրջ մտահոգություն է հայտնել ՌԴ Անվտանգության խորհուրդը, որն 2020-ի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ քննարկում էր ղարաբաղյան պատերազմում Էրդողանի վարչակազմի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրելու և հակամարտության գոտի ուղարկելու փաստը՝ հազիվ թե Դմիտրի Մեդվեդևը դա մոռացել է, բայց այսօր նա հայտարարում է՝ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու նախագահները մշտապես շփվում են ղարաբաղյան հարցի շուրջ, որոշել են հատուկ մշտադիտարկման կենտրոն ստեղծել։
Անկարան գտնում է, որ Թուրքիայի հավաքագրած վարձականների, արգելված զենքի կիրառման, անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Բաքվի հաղթանակն առանձին ուսումնասիրության է արժանի։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է. «Վերջակետ է դրվել է մեծ անարդարության։ Ղարաբաղյան պատերազմը և տեղի ունեցած գործընթացներն իրականում ուսումնասիրության լավ թեմա են: Ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ինչ քայլեր են ձեռնարկվել։ Դա իրոք կարևոր ուսումնասիրություն կլինի»։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կհանգեցնի նոր աշխարհքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, այստեղ կհայտնվեն նոր հնարավորություններ։ Մոտ ժամանակներս մենք դա կտեսնենք»,- ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

«Թուրքիան ի սկզբանե կոչ էր անում ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն արտաքին ուժերը չէին համաձայնվում Անկարայի հետ, շարունակելով աջակցել Հայաստանին»՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Անթալիայում ԱԶԿ-ի համագումարի ժամանակ Չավուշօղլուն ասել է, որ խնդրի խաղաղ լուծման ձախողման հետևանքով Ադրբեջանը ստիպված եղավ ակտիվ գործողություններով վերադարձնել այն, ինչ պատկանում էր իրեն: Համաձա՞յն է Մեդվեդևը կամ Ռուսաստանը այս տեսակետին, եթե այո, ուրեմն Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, եթե ոչ, ուրեմն՝ ինչու՞ ՌԴ ԱԳՆ-ն որևէ կերպ չի արձագանքում Անկարայի սադրիչ հայտարարություններին:

Դիտվել է՝ 8472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ