Կառավարության որոշմամբ վերացվել են ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները՝ որոշումը հրապարակված է e-gov.am պաշտոնական կայքէջում: Կառավարության որոշման մեջ ասված է.
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
1. ՀՀ կառավարության 2020-ի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաև 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»:
Կառավարության ֆեյսբուքյան էջում էլ նշված է, որ «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել սեպտեմբերի 27-ից: