2014-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական լսումները տեղի կունենան ապրիլի 7-ին ՝ Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց մարտի սկզբին՝ գործն ուղարկվեց դատարան։
Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե Բաղդասարյանը դիվերսանտ է, գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, որի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: