Երախտագիտությամբ ես մտածում մեծագույն հարգանքի արժանի մարդկանց մասին։ Այդ հարգանքը նրանք իրենց ազնիվ աշխատանքով են վաստակել, իրենց համեստությամբ ու բարությամբ։ Իմ կյանքի ճանապարհին հանդիպած այդպիսի մարդկանցից է ՄԱՆՎԵԼ ԱՎԱԳՅԱՆԸ։
Ամեն անգամ նրան հանդիպելիս ուզում եմ ողջագուրվել հետը, զգալ նրա խղճին ու հոգուն հաղորդվելու վայելքը, նրա տաք զրույցների ունկնդիրը դառնալ։
Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում, 1950 թվին։ Ավարտել է միջնակարգը։ Ծառայել է խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո կարմիր դիպլոմով ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը, ապա Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Երկար տարիներ աշխատել է հայրենի գյուղի դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Պարզ ու սովորական կենսագրություն։
Մանվել Ավագյանի կենսագրության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Արցախյան ազատամարտը։ Նրա հիշողությունը շատ բան է պահպանում այդ ծանր օրերի մասին։ Ժամանակն անզոր է ջնջել, մոռացնել այն, ինչ տեսնում են զինվորի աչքերը ազատագրական պայքարի օրերին։ Մանվելի աչքերը շատ բան են տեսել։ Տեսել են սաֆոնովյան հանձնակատարների դաժան դեմքերը, թե ինչպես էին նրանք ազերի օմոնականների հետ խուզարկում, տակնուվրա անում հայերի տները, կազմակերպում շուրջկալներ, ծեծում ու խոշտանգում հայ «ծայրահեղականներին»։ Տեսել են արկի բեկորներից սպանված կանանց, ծերունիների ու մանուկների։ Տեսել են նաև ռազմի մեր հրեղեն ոգին հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատի մարտիկների հայացքներում, թե ինչպես էին նրանք անձնուրացաբար նետվում գրոհի, ջախջախում ու հետ շպրտում ազերի հրոսակներին և զոհվում էին։ Այդպես զոհվեցին Կիմա Ավշարյանն ու Էդվարդ Ամիրջանյանը։ Այդպես զոհվեց Գավրիկ Միրզոյանը` ջոկատի քաջերից մեկը, որի պատրաստած «Գրադի» միակ ինքնաշեն կայանքով պաշտպանվում էր գյուղը։
Մանվելի անձնական արիության, նրա կազմակերպչական տաղանդի մասին մարտական ընկերներն էին պատմում։ Պատերազմի տարիներին, այո, նա շատ բան է արել հայրենի եզերքի համար, արել է այն, ինչ կարող է անել ժողովրդի նվիրյալը։ Շրջափակման մեջ գտնվող Շեխեր գյուղը սննդամթերքով ոչ միայն ռազմաճակատին է օգնել, այլև Արցախի մյուս բնակավայրերին։ Շեխերից Ստեփանակերտ է առաքվել տոննաներով ալյուր։ Ստիպված գիշերներն էին վար ու ցանք անում` արհամարհելով վտանգը։ Եվ այդ ամենի կազմակերպիչն ու մարդկանց սխրանքների ոգեշնչողը այն ժամանակվա Շեխերի կոլտնտեսության նախագահ Մանվել Ավագյանն է եղել։
Մեր ազատամարտի ոգեղեն մատյանում ոսկե տառերով կգրվի 1992 թվականի հունիսին ազերի հրոսակների դեմ շեխերցիների տարած պատմական հաղթանակը, որը բարձր է գնահատել Մոնթեն, փաստելով. «Շեխերցիները ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ»։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց նաև իրենց ղեկավարի շնորհիվ։
Պատերազմից հետո Մանվել Ավագյանը Շեխերի, ապա Ջիվանի գյուղի համայնքի ղեկավարն է եղել։ Ինձ պատմել են, թե որտեղ էլ աշխատել է այդ համեստ մարդը, տներ է կառուցել, բուժկետ ու դպրոց, այգի է հիմնել։ Ես այդ ամենը իմ աչքով տեսա` լինելով Ջիվանիում։
Նախկին ադրբեջանաբնակ գյուղը ազատամարտի տարիներին մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, վերջապես 1993-ին ազատագրվեց ու նորը կառուցվեց։ Տնամերձ այգիներ հիմնվեցին, ակումբ ու բուժկետ, գյուղապետարան ու դպրոց։ Գյուղը գազիֆիկացվեց, ապահովվեց մշտական ջրով։
Արդեն տասնվեց տարեկան է Ջիվանին` մեծանուն գուսանի անունը կրող գյուղը` արևոտ այգիների մեջ։ Այնտեղ ապրողները հիմնականում վերաբնակներ են. եկել են Ջավախքից, Բաքվից, Սումգայիթից ու Մայկոպից` ընտանիքներով։ Եվ առաջին մարդը, որ նրանց օգնության ձեռք մեկնեց, Մանվել Ավագյանն էր, գյուղի այն ժամանակվա համայնքի ղեկավարը։ Նրանց ապահովեց տնամերձով, ալյուրով, սերմացուով, տրամադրեց գյուղտեխնիկա։ Հանդիպումների, զրույցների ժամանակ համոզվեցի, որ նրանք ոչ մի տեղ էլ չեն գնա, տասնամյակներ առաջ խլված հայկական հնամենի բնակավայրը հայրենիք է դարձել նրանց համար, կյանքի ու արյան գնով ազատագրված հայրենի հող։
Մանվելի հետ եղանք նաև գյուղի դպրոցում. շենքը տիպային է, նոր էին շահագործման հանձնել։ Հիացմունք էին պատճառում ընդարձակ, լուսավոր մարզադահլիճն ու համակարգչային սենյակները։ Մոնթե Մելքոնյանին նվիրված մարտական փառքի սրահ կա դպրոցում։
-Մոնթեն հաճախ էր լինում այս վայրերում` մարտավարական պլան մշակելու նպատակով, ու ամեն անգամ նրա այցը տոնի էր վերածվում,- ասաց ազատամարտիկ Արայիկ Սարդարյանը։
Ջիվանիում նաև նախկին ճակատայիններ են ապրում։ Արսեն Խաչատրյանը մեկն է նրանցից։ Նրա աջ ձեռքը չկա, մի ձեռքով է վարում ավտոմեքենան։ Մանվելն ինձ պատմեց, որ մարտի ժամանակ թշնամու ականի պայթյունից շրջվել է զրահամեքենան, և Արսենի ձեռքը մնացել է թրթուրների տակ։ Ազերիներին գերի չհանձնվելու համար նա հանել է դանակը, կտրել ձեռքը։ Նայում էի քաջ ազատամարտիկին և հպարտությամբ էի լցվում. կործանվելու տանջալի պահերին անգամ, երբ թվացել է, թե կյանքի վերջին ակնթարթներն է ապրում, Արսենը չի կորցրել ոգու կորովը, պայքարել է մինչև վերջ ու ողջ մնացել։ Հետդարձի ճանապարհին ես այդ մասին հիշեցրի Մանվելին, նայեց աչքերիս ու ասաց.
-Պապերի հողը պղծել փորձող ոսոխի դեմ կռվել նշանակում է հաղթել, իսկ հաղթելու համար պետք է ոչ թե կործանվել, այլ ողջ մնալ` դիմանալով ամենածանր փորձությանը, ուրիշ ելք պատերազմում, հավանաբար, չկա։
Ինքն էլ է դիմացել դաժան փորձություններին ու հրաշքով ողջ մնացել։ Դեռևս 1988-ից, երբ նոր էր սկսվել Արցախյան շարժումը, ազերիները հետապնդում էին Մանվելին, նրա դեմ դավեր նյութում։ Սակայն չէր երերում, չէր ընկճվում, ազատագրական պայքարի կրակով մկրտված զինվորի ոգին անհնար է ընկճել, այդ ոգին անպարտելի է։ Մանվելը մինչև վերջ հավատարիմ մնաց իր երդմանը։
«Հայրենյաց պաշտպան», «Մարտական ծառայությունների համար» մեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը հայրենիքին մատուցած նրա ծառայությունների արժանի գնահատականն են։
Չորս երեխայի հայր է Մանվելը, տասը թոռան պապ։ Երկհարկանի տուն ունի գյուղում, տնամերձ այգի, ինքն է հիմնել, տան առջևի հողակտորը քարերից մաքրել, ծառեր է բերել տնկել, խնամել, դարձրել այգի։
-Տունը այգու մեջ պիտի լինի, որ զգաս արմատներիդ ուժը,- ասել է զավակներին ու հորդորել,- ուր էլ լինեք, չկտրվեք արմատներից, չմոռանաք ակունքները, նախնիների թողած հիշատակները, դրանք սերունդների հիշողությունն են,- և Մանվելի խոսքը հնչել է որպես պատգամ։
Անցած տարվա աշնանն էր։ Շեխերում էի, նրանց տանը։ Բակի հենասյուներին փաթաթված խաղողենու տակ նստած, զրուցում էինք։ Մանրամասներ պատմեց լեգենդացած իր պապերի կյանքից։ Հնարավոր չէր առանց հուզմունքի լսել նրան։ Պատմեց վերջացրեց, մի փոքր լռելուց հետո, ասաց.
-Դեռ խորհրդային տարիներին նպաստավոր պայմաններ էին ստեղծվել ընտանիքով Ռուսաստան տեղափոխվելու։ Չգնացինք։ Ես ի՞նչ կանեի, ինչպե՞ս կանեի հայրենի գյուղից հեռու, ուր իմ սրբություններն են, իմ նախնիների շիրիմները ինչպե՞ս թողնեի։ Ախր այնտեղ ինձ ո՞վ կպարգևեր հիացումի այն պահերը, որ ամեն անգամ ապրում եմ Ղաշաքար լեռան բարձունքից լուսաբացը դիմավորելիս։
Մանվելը, այո, սիրում է իր գյուղը, բնական հրաշքների լույսով ծխացող պապերից ավանդած հողը։ Իր կորովն ու ուժը, ինչպես ինքն ասաց, նա այդ հողից է ստանում։
Ջիվանի գյուղի դպրոցում է աշխատում Մանվել Ավագյանը` որպես ֆիզկուլտուրայի ու շախմատի ուսուցիչ, այն գյուղի, որտեղից 23 տարի առաջ օր ու գիշեր հրետանային փոթորկալի կրակ էր թափվում Շեխերի վրա, և որն ազատագրվեց նաև իր նվիրումով։
Շեխերից մինչև Ջիվանի ավտոմեքենայով տասը րոպեի ճանապարհ է, որն անցնում է թթենու այգիների միջով։ Այդ վայրերը հարազատ են Մանվելին, այդտեղ կատաղի մարտեր են եղել, այդ հողը տղաների արյամբ է սրբագործված, դրա համար էլ սուրբ է Մանվելի համար։
42 տարվա մանկավարժ է Մանվել Ավագյանը։ Մանկավարժի 42 տարվա վաստակն ուսերին առած, նա շարունակում է իր հոգու լույսը նվիրել մատաղ սերնդին։
Այս տարվա փետրվարի 17-ին լրացավ Մանվելի ծննդյան 65 տարին։ Թոռներն անհամբեր սպասել են այդ օրվան։ Սեղան են բացել, երգ ու երաժշտություն են հնչել և շուրջպար են բռնել նրան շնորհավորելու եկած մարտական ընկերները` իրենց սխրանքի վկաները հանդիսացող հայրենի լեռների հայացքի տակ։
Այդ օրը տոն էր Ավագյանների օջախում։
Շեխերում գարուն է կրկին։ Ծաղկել է Մանվելի աճեցրած այգին։ Ծաղկել է խնձորենին, նրա ամենասիրած ծառը։ Հայրենի մեղմաշունչ հովերից խշշում է այգին, և այդ խշշոցը կյանքի սիրով է լցնում հին զինվորի սիրտը։
Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ