Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մի վառված լուցկի՝ Արաքսի այն ափին

Մի վառված լուցկի՝ Արաքսի այն ափին
04.03.2015 | 12:16

Թալեաթի հուշերը թարգմանող Համբարձում Գասպարյանը իր պատասխանում պատմում է նաև այն իրադարձությունների մասին, որոնց Թալեաթը արդեն չէր մասնակցում, բայց նրա ոգին կենդանի էր. «Ֆաշիստական Գերմանիայի պարտությանը նախորդող ամիսներին, եթե չեմ սխալվում, «Սովետական Հայաստան» թերթի 1945-ի մարտի 5-ի համարում լույս տեսավ Սովետական Հայաստանի կառավարության հայտարարությունը թուրքական կառավարության՝ սովետաթուրքական պայմանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ: Այդ հայտարարության մեջ ասված էր, որ Թուրքիան հավատարիմ չմնալով պայմանագրի մի շարք կետերին՝ ուղղակիորեն օժանդակել է ֆաշիստական Գերմանիային սովետաթուրքական սահմանագլխում իր կեսմիլիոնանոց բանակը մարտական վիճակում պահելով և հարմար առիթի սպասելով Սովետական Միության վրա հարձակվելու համար: Նկատի ունենալով վերոհիշյալ և այլ փաստերը, համաձայն պայմանագրի կետի, որ պայմանագրի ժամկետը չերկարացվելու կամ չեղյալ հայտարարվելու դեպքում կողմերից մեկը պարտավոր է հայտարարություն տալ վեց ամիս առաջ, Սովետական Միության կառավարությունը իր պարտքն է համարում հայտարարել, որ ներկա դրությամբ պայմանագրի ժամկետի երկարացումն անհնար է և պայմանագիրը չեղյալ է հայտարարվում: Այս պայմանագիրը կնքվել և ստորագրվել էր Թուրքիայի քեմալական կառավարության և Խորհրդային Հայաստանի կառավարության միջև և ստորագրվեց 1921 թ. մարտի 21-ին Կարսում ու կոչվեց «Կարսի պայմանագիր» և հաստատվեց Մոսկվայում: Թերթերն այն ժամանակ գրում էին, որ պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով, որը լրանում էր 1936-ի փետրվարին: Պայմանագիրը չեղյալ հայտարարելու կամ երկարացնելու համար դարձյալ կետ է եղել վեց ամիս առաջ հայտնելու մասին: Պայմանագիրը երկարացվեց 1935 թ. օգոստոսի 25-ին, Սարդարապատում, հավանաբար տասը տարով: Այդպիսով, դարձյալ Թուրքիային էին մնալու 1914 թ. ռուսական սահմանի հայկական հողերը: Պայմանագիրը ստորագրել էին Իսմեթ Ին Էոնին՝ Թուրքիայի վարչապետը, և ՀՍԽՀ ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գուլոյանը, պայմանագիրը հաստատվել էր Մոսկվայում: Իսմեթը եկավ Մարգարայի կամրջով: Նրա շքախումբը կանգ առավ կամրջի թուրքական հատվածում, իսկ ինքը երեք պաշտոնյաների հետ անցավ մեր մասը կիսող դարպասով: Կամրջի հայկական մասը գորգապատ էր մինչև խճուղի, ուր սպասում էին ավտոմեքենաները: Իսմեթին դիմավորեցին ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Աբրահամ Գուլոյանը և այլք (ռուսների մասնակցությամբ): Կամրջի երկու կողմում պատվո պահակ էին կանգնել Մարգարայի սահմանային ուղեկալի զինվորները (հրամանատար՝ Ոսկանյան): Իսմեթը և դիմավորողները նստեցին ավտոմեքենաները և սլացան դեպի Ղուրդղուլի (Սարդարապատ): Մի քանի ժամից վերադարձան նույն կազմով ու ճանապարհեցին նույն հանդիսավորությամբ, Սաղըր Իսմեթը (այս անունով էր նա ճանաչվում իթթիհատական ժամանակ, երբ հազարապետ էր, վատ լսողության պատճառով), հայ հողի վրա ոտքը չդրեց՝ գորգապատ տարածքով քայլելով:
Պայմանագրի ժամկետը չերկարացնելով կամ չեղյալ հայտարարելով՝ Թուրքիան հողերը պետք է վերադարձներ Խորհրդային Հայաստանին: Խորհրդային Հայաստանի ողջ ժողովուրդը և ողջ հայությունը խանդավառվել էր: Իրազեկ աղբյուրներից հայտնի էր, որ Մոսկվայում կենտրոնական կառավարությունը պատրաստել էր այն պաշտոնյաների ցուցակները, ովքեր Կարմիր բանակի կողմից տարածքը գրավելուց կամ Թուրքիայի կողմից «հոժարությամբ» հանձնելուց անմիջապես հետո պիտի անցնեին աշխատանքի: Սակայն պայմանագիրը չեղյալ հայտարարելով Թուրքիան հեշտությամբ հողերը կամ մի մասը չէր հանձնի, հարկավոր էր վերագրավել: Կարմիր բանակի զորամասերը, ամենից առաջ Հայկականը, մարտական պատրաստությամբ դասավորվել էին հայ-թուրքական ամբողջ սահմանագծին և րոպեներն էին հաշվում սահմանն անցնելու համար (ժամկետը որոշված էր սովետական Գերագույն գլխավոր հրամանատարության կողմից): Երբ սահմանն անցնելու ժամկետը լրանալուն մնացել էր 7-10 րոպե, նույնիսկ հրետանավոր հայրենադարձ սեբաստացի Սերոբ Թովմասյանը 400-րդ հրաձգային գնդից, այդ պահին մի ական էր արձակել Արաքսի այն ափ (ռազմական տրիբունալով նա մահվան դատապարտվեց, որը փոխարինվեց 25 տարի պատժաժամկետով և նա ազատվեց 1957-ին՝ 12,5 տարի հետո), Գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինը տալիս է «Թողնել» հրամանը: Հակառակ հայ ժողովրդի խանդավառության՝ ես թերահավատ էի, որ պատերազմում մեր կապիտալիստական դաշնակիցները հավատարիմ ու անկեղծ են ՍՍՀՄ-ի հանդեպ, ԱՄՆ-ի ատոմային ռումբ ունենալը հաշվի առնելով՝ ես կարծում էի, որ եթե մինչև 1945-ի նոյեմբերի 7-ը Կարմիր բանակը թուրքական սահմանը չանցնի, հետո մի վառված լուցկի էլ Արաքսի այն ափը նետել չենք կարող:
Թողնելով սահմանն անցնելու մտադրությունը, սկսվել էին սովետաթուրքական բանակցությունները: Սովետական կառավարությունն առաջարկել էր վերսկսել ՍՍՀՄ-ի կողմից Թուրքիայում կառուցվելիք գործարանների շինարարությունը (1935-1940 թթ. ՍՍՀՄ-ը Թուրքիայում կառուցել էր Կեսարիայի տեքստիլ կոմբինատը, շաքարի գործարանը՝ մի քանի միլիարդի հասնող երկարատև վարկով: Կիսակառույցների և նոր կառույցների շինարարությունը դադարեցվել կամ խիստ դանդաղել էր Քեմալ Աթաթուրքի մահից հետո (1938, ապրիլ) և Թուրքիայի Հանրապետության նախագահ էր դարձել Իսմեթ Ին Էոնին, որ 1936-ին հեռացվել էր վարչապետի պաշտոնից (լուրեր էին շրջում, թե Իսմեթը մահափորձի կազմակերպիչներից մեկն է, որի ժամանակ ստացված վերքերից էլ մահացել էր): Իսմեթը հակախորհրդային էր և հայատյաց, այդպիսի կառավարություն էլ կազմվել էր: Նրա կառավարության արտաքին գործերի նախարար Շյուքրի Սարաջօղլին 1939-ին հրավիրվել էր Մոսկվա, եղել էր նոր բացված գյուղատնտեսական ցուցահանդեսի բոլոր տաղավարներում, բացի՝ Հայաստանից), ավելացնելով նաև այլ գործարանների կառուցումն ու Արևելյան Անատոլիայի երկաթգծի շինարարությունը նոր հիմունքներով՝ հողային խնդրի դուրս: Թուրքիան, որ ՍՍՀՄ-ի կողմից պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո սկսել էր Սարիղամիշի անտառները ոչնչացնել, բոլոր առաջարկներին համաձայնել էր, բացի հողային պահանջից: Հարցը ձգձգվել էր մինչև 1946-ի վերջը, երբ Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին, նախագահ Հարրի Տրումենն ասել էր «Ոչ մի թիզ հող ՍՍՀՄ-ին: Առայժմ ստացեք հարյուր միլիոն դոլար, հետո կպայմանավորվենք»: (Սովետաթուրքական 1945-1946 թթ. բանակցությունների և օրակարգի մասին լսեցի 1967-ին ԱՄՆ-ում կիպրոսցի մի հայից, որը ձեռք էր բերել այդ բանակցություններին մասնակցող, ապա Կիպրոս դեսպան ուղարկված թուրք դիվանագետի հուշատետրը)»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ահա այսպես՝ մի վառված լուցկի Արաքսի այն ափը հիմա էլ չենք կարող գցել, քանի դեռ այդ լուցկին ինքներս չենք արտադրում, ինքներս չենք վառում ու այդ լուցկու կրակը մեզ համար չէ: Մնացած ամեն ինչը հեքիաթ է, որ պատմել են մեզ ու պատմում ենք մենք, որին, ցավոք, առաջինը հավատում ենք ինքներս:

Դիտվել է՝ 3486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ