Համաճարակի դեմ պայքարը ոչ սկսվում, ոչ էլ ավարտվում է դիմակ բաժանելով, ինչով զբաղված են մեր կառավարության անդամները։ Նրանք պետք է իրենց սենյակներում նստած օրնիբուն աշխատեին, «քիթ սրբելու» ժամանակ չունենային, ոչ թե մեկ օրվա մեջ տասը քաղաքական ստատուս գրեին, հեգնեին, արհեստական ճգնաժամեր ստեղծեին։ Մինչդեռ հարկավոր էր առանց PR-ի, առանց աղմուկ-աղաղակի կշռադատված որոշումներ կայացնել։ Կառավարությունը վիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ավելի քան 20 միջոցառումների մասին է հայտարարել, սակայն ամենաառաջնային օղակի աշխատանքն անգամ չի կարողանում ճիշտ կազմակերպել։ Այս օրերին կորոնավիրուսով հիվանդացած բազմաթիվ քաղաքացիների խնդիրներ ենք լուսաբանել ու հերթական անգամ համոզվել, որ այս իշխանությունը փորձում է խնդրի պոչից բռնել, բայց շատ անգամ պոչին էլ չի հասնում։ Անհասկանալի է նաև, թե վիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարներն ինչպես են ծախսվում, այս առումով դեռ ոչ մի հաշվետվություն չկա։ Ոչ մեկը չգիտի, թե հավաքված գումարի քանի տոկոսն է արդեն ծախսվել, ինչքան դեռ կա ու դա բավարար է, թե ոչ։
Սակայն փաստ է, որ կառավարության հույսին մնացած հիվանդ ընտանիքները, որոնց իբր պետք է սնունդով աջակցություն ցուցաբերվի, օրերով սոված են մնում։ Այդպիսի ընտանիքների թվին են պատկանում Վարդանյանները, որոնց տան չորս անդամները կորոնավիրուսով հիվանդ են (Բագրատունյաց 16 շենք, բնակարան 87)։ Թեստի դրական պատախանից հետո պարետատնից ասել են տնից դուրս չգալ, ոչ մեկի հետ չշփվել, դեղերի համար դիմել պոլիկլինիկա, իսկ սնունդ կմատակարարի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Տանտիկինը՝ Սիրանույշ Մելիքսեթյանը, «Իրատեսին» պատմեց, որ պոլիկլինիկայից փոխանցել են, թե նման ծառայություն չեն մատուցում, ասել են, թող բարեկամները հոգան դեղերի հարցը։ Իսկ սոցապ նախարարությունը պարզվում է, որ լրիվ այլ մոլորակից է, տրված համարները չեն պատասխանել կամ այլ հիմնարկությունների հեռախոսահամարներ են եղել։ Կրկին տիկին Սիրանույշը զանգել է պարետատուն, երկար փորձերից հետո, կարողացել մի կերպ միանալ, ասել են, թե գուցե նախարարությունը ծանրաբեռնված է, իրենք սնունդ կառաքեն, ու արդեն 3 օր է ձեն-ծպտուն չկա։ Ճարահատյալ տանտիկինը դիմակ է դրել ու գնացել խանութ և դեղատուն, որ սովից չհյուծվեն ու հիվանդության դեմ էլ կարողանան պայքարել։ ՈՒ՞ր են գնում այն գումարները, որ կառավարությունն այսպիսի աջակցությունների համար է դուրս գրում, թե նման բան չկա, հիվանդ ես, սոված մնա, մահացիր։ Հիմա ո՞վ կարող է քաղաքացու վրա վիրուսի տարածման մեղքը բարդել, ո՞վ չի կասեցնում վիրուսի տարածումը, ու՞մ ապիկար կառավարման պատճառով են մարդիկ հայտնվում այս վիճակում։
Երբ Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե ինչն են սխալ արել, այս օրինակը լավագույն պատասխանն է, թե ինչպես է աշխատում պետական ապարատը համաճարակի օրերին։ Եթե այն հետևողականությամբ, որը ցուցաբերվում է քաղաքական ինչ-ինչ հարցերում, նաև վիրուսի դեմ պայքարի աշխատանքները տարվեն, հաստատ այսպիսի դեպքերի ականատես չենք լինի։ Այսինքն, ստացվում է, որ այս պետության մեջ մարդը գրոշի արժեք չունի, այլապես այսպիսի անտերություն չէր կարող լինել։ Հիվանդ ընտանիքին սոված, առանց դեղերի ասում եք, թե օրերով մնա տանը, դուրս չգաք, կտուգանենք, բայց պետական ոչ մի օղակ չի բարեհաճում նրանց որևէ կերպ օգնել։ Ի՞նչ պիտի անի չորս հոգուց բաղկացած ընտանիքը, նստի սպասի, թե երբ սովից կամ հիվանդությունից կմահանա՞ն։ Դիմակ բաժանելու փոխարեն համակարգեք պետական հիմնարկների աշխատանքը, հետամուտ եղեք խնդիրներին, ի վերջո, կենտրոնացեք համաճարակի ստեղծած խնդիրների վրա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ