ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճանապարհ դեպի Վարշավա

Ճանապարհ դեպի Վարշավա
07.07.2009 | 00:00

«ԿԼՈՐ ՍԵՂԱՆ»
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրված էր կլոր սեղան «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները և Հայաստանը» թեմայով: Նախաձեռնության հեղինակը «Արարատբանկն» էր:
Կլոր սեղանը մի օղակն էր «Արարատբանկի» ռազմավարության, երբ ներկայացվում են Հայաստանի ներդրումային ընկերությունների, արտահանող ընկերությունների և բանկերի հնարավորություններն արտասահմանյան գործընկերներին` համագործակցության ծավալման նպատակով:
«Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հայաստանյան բանկերի, ներդրումային ընկերությունների, արտահանող կազմակերպությունների և շահագրգիռ այլ հաստատությունների ղեկավարներին ներկայացրեց կլոր սեղանի թեման ու հյուրին` Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ ու գործադիր տնօրեն Լյուդվիգ Սոբոլևսկուն: Կարևորելով ներդրողների հետ հարաբերությունների ինստիտուտի կայացումը` «Արարատբանկը» հնարավորություններ է ստեղծում իր գործընկեր և հաճախորդ կազմակերպություններին, հայաստանյան այլ ընկերությունների` Երևանում ծանոթանալու եվրոպական ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձություններին, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի առևտրային հարթակներին, մշակելու համագործակցության հեռանկարային և ռազմավարական ծրագրեր, մուտք գործելու եվրոպական շուկաներ: Հենց այդ շրջանակում էր Հայաստան հրավիրվել Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ ու գործադիր տնօրեն Լյուդվիգ Սոբոլևսկին: Պարոն Սոբոլևսկին, որն առաջին անգամ էր լինում Երևանում, հանգամանալից պատմեց ֆոնդային բորսայի գործունեության մասին` անցյալի, ներկայի ու հեռանկարների կտրվածքով, ապա պատասխանեց հայ գործընկերների հարցերին, որոնք մանրամասնում էին Վարշավայի բորսայի հետ համագործակցության հնարավորությունները, ցուցակագրման պայմանները, բորսայի գործունեության ձևերն ու մեթոդները:
«ՄԵՆՔ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՎԵԼԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ»
«Արարատբանկի» վարչության նախագահ ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԸ, հավարտ կլոր սեղանի, պատասխանեց մի քանի հարցերի.
-Այսօրվա միջոցառումը և Վարշավայի բորսայի գործադիր տնօրենի հրավիրումը Հայաստան ինչո՞վ են պայմանավորված, և ի՞նչ ակնկալիքներ ունեք բորսայից:
-Ձեռնարկությունները և ընկերությունները ժամանակ առ ժամանակ ֆինանսական միջոցների կարիք են ունենում, և ավանդաբար հայկական շուկայի համար այդ միջոցները ձեռք են բերվում բանկային ֆինանսավորման աղբյուրներից: Մենք ուզում ենք առաջադրել նոր տարբերակ` միջոցներ ներգրավել ֆոնդային բորսայի միջոցով, ֆոնդային ապրանքների միջոցով` բաժնետոմսերի և պարտատոմսերի, նաև ուզում ենք մեր հաճախորդներին և գործընկերներին հնարավորություն ընձեռել այդ գործառույթներն իրականացնելու Վարշավայի ֆոնդային բորսայի միջոցով: Այդ իսկ պատճառով մեր հրավերով Հայաստան է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահը: Այսօրվա տվյալներով Վարշավայի ֆոնդային բորսան Կենտրոնական Եվրոպայի ամենաաշխույժ և զարգացած բորսան է և մեծ հնարավորություններ կարող է ընձեռել հայկական ընկերություններին:
-Ճգնաժամը Ձեր բանկի գործունեության վրա ինչպե՞ս է ազդել:
-Մենք դարձել ենք ավելի պահպանողական: 2009 թ. առաջին կիսամյակն ավարտել ենք շահույթով, աճը բանկում առկա է: Իհարկե, ավելի մեծ աճ կցանկանայինք ունենալ, բայց այս բարդ պայմաններում դա ուղղակի հնարավոր չէր իրականացնել: Գոնե առայժմ: Ընդհանուր առմամբ վիճակը դրական է, մենք լրացուցիչ չորս մասնաճյուղեր բացեցինք, ավելացրինք նաև վարկային ներդրումները, շուտով ամփոփելու ենք վեցամսյա արդյունքները և անպայման կներկայացնենք: Իրականացնելով մեծ կապիտալ ներդրումներ, ապահովելով աճ` «Արարատբանկն» ապահովում է բաժնետերերի շահույթը:
-Նախնական տվյալներով` ինչքա՞ն է շահույթը:
-200000 դոլարից ավելի` զուտ շահույթի հարկումից հետո:
-Կանխատեսումներ կային, որ որոշ բանկեր կարող են մինչև տարեվերջ միավորվել, այդպե՞ս է:
-Մենք պատրաստ ենք այդ միացմանը, ես համարում եմ, որ միավորումը նորմալ գործընթաց է, մեր ծրագրում կա այլ ֆինանսական ընկերության և բանկի ձեռքբերում, մենք աշխատում ենք այդ ծրագրի իրականացման վրա և հույս ունենք շուտով ներկայացնել «Արարատբանկի» նոր ձեռքբերումը:
«ԱՐԵՎԵԼՔԻ ՇՈՒԿԱՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ»
Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ ու գործադիր տնօրեն ԼՅՈՒԴՎԻԳ ՍՈԲՈԼԵՎՍԿԻՆ ևս պատասխանեց մեր հարցերին.

-Ի՞նչ հնարավորություններ ունի Վարշավայի բորսան:
-Մեր բորսան ստեղծվել է 1991 թ. և արդեն 18 տարի հաջողությամբ գործում է: 1991 թ.` ստեղծման պահին, բորսայում կային ընդամենը հինգ ընկերություններ, այժմ` 400-ից ավելի, կարծում եմ խոսուն թիվ է: Այս տարի պատրաստվում ենք նոր սեգմենտներ բացել` պարտատոմսերի: Եթե անցնեմ մասնագիտական լեզվի, պիտի նշեմ, որ կապիտալի շուկան բաղկացած է առաջնային և երկրորդային շուկաներից: Առաջնային շուկան ընկերությունների ֆինանսավորման խիստ կարևոր գործիք է, մեր ռազմավարական նպատակն է ներգրավել ներպետական միջոցները և արտասահմանյան երկրներին` չսահմանափակվելով Կենտրոնական Եվրոպայով:
-Ի՞նչ ակնկալիքներ կան Հայաստան այցից, և ինչքանո՞վ եք ծանոթ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:
-Արևելքի շուկաները մեզ համար շատ կարևոր են, մեր ներդրողներին հիանալի հնարավորություն կընձեռվի, եթե կարողանանք Հայաստանից մեկ կամ մի քանի ընկերություն ունենալ մեր բորսայում: 26 արտասահմանյան ընկերություններ կան մեր բորսայում ցուցակագրված. Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից: ՈՒկրաինայում, Մերձբալթյան երկրներում, Բելառուսում մենք բավականին ակտիվություն արդեն ցուցաբերել ենք, Ղազախստանում լավ կապեր և հնարավորություններ ենք ստեղծել: Տրամաբանական կլիներ Հայաստանի ներգրավումը մեր ուշադրության դաշտում: Անգամ քաղաքական կտրվածքով Լեհաստանը պատասխանատու է Արևելքի երկրների Եվրամիության ինտեգրման գործընթացում: Ի սկզբանե հենց Լեհաստանն է առաջարկել արևելյան գործընկերության ծրագիրը, մենք շատ ենք ուզում մեր տարածաշրջանի և նոր շուկաների միջև կամուրջներ հաստատել: Կապիտալի շուկաները ոչ միայն տնտեսության, այլև հասարակությունների միջև են կամուրջներ կապում և բարեկամության հաստատմանն են նպաստում: Լեհաստանի և Հայաստանի միջև բարեկամություն արդեն կա, մենք դրա խորացմանն ենք ուզում նպաստել: Հույս ունենք, որ առաջին հայկական ընկերությունը վաղ թե ուշ մեր բորսայում կցուցակագրվի:
-Հարավային Կովկասի մյուս երկրնե՞րն էլ են ներգրավվելու:
-Դեռ ոչ, հեռանկարում` գուցե: 2008-ին մենք Եվրոպայում առաջին տեղում էինք: Այս տարվա տվյալներով ևս շարունակում ենք մնալ առաջին տեղում` նոր մուտք գործած ընկերությունների թվով և շուկա մուտք գործած գումարի ծավալով:
-Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպե՞ս է անդրադարձել Լեհաստանի տնտեսության վրա:
-Բարեբախտաբար` շատ քիչ: Համենայն դեպս այսօրվա դրությամբ Լեհաստանը Եվրամիության երկու երկրներից մեկն է, որ տնտեսության դրական արդյունքներ ունի: Կարծում եմ, որ այդպես էլ կշարունակվի:
-Հայաստանում Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացումը կապ ունի՞ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի հետ, թե՞ տեղավորվում է բորսայի զարգացման ծրագրերում:
-Մեկը մյուսի հետ կապ չունի: Ճգնաժամեր միշտ էլ լինում են` մեծ կամ փոքր, լոկալ կամ գլոբալ: Անկախ ճգնաժամից` մենք պետք է զարգանանք, մեր տնտեսությունը դեռևս առողջ ու ամուր է, շատ նոր ընկերություններ են շուկա մտնում, բորսա մտնում, ոչ միայն ներքին, այլև արտասահմանյան: Վարշավայի ֆինանսական բորսան աշխույժ հարթակ է. անդամների քանակն էլ դա է վկայում: Պիտի շեշտեմ, որ շուկայի կապիտալիզացիայի տեսանկյունից էլ մենք առաջ ենք անցել Վիեննայի ու Աթենքի բորսաներից, այսինքն` ոչ միայն Կենտրոնական Եվրոպայի, այլև Հարավային Եվրոպայի: Ուզում եմ նշել նաև, որ գումար հայթայթելու համար հայ գործարարները կարող են այլևս Լոնդոնի բորսա չհասնել և մեզ դիմել: Լոնդոնյան շուկայի դերակատարությունը մենք լիովին իրականացնում ենք, պարզապես մեր պարագայում մուտքի ծախսերն ավելի քիչ են, իսկ մնացած հնարավորությունները նույնն են, այսինքն` մենք ապահովում ենք ավելի մեծ մատչելիություն, որ նորեկների համար իսկապես կարևոր է:
-Ի՞նչ հարցեր եք քննարկել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
-Իրավիճակային: Միմյանց ներկայացրինք մեր տնտեսությունը, ես պատմեցի նաև Լեհաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին, որոնք կարևոր նշանակություն ունեն տնտեսության համար:
Ինչպես «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն ասաց, ձեռնարկությունները և ընկերությունները ժամանակ առ ժամանակ ֆինանսական միջոցների կարիք են զգում` ավանդաբար այդ միջոցները բանկային ֆինանսավորման աղբյուրներից որոնելով, բայց կան նաև այլ տարբերակներ: Գուցե այս շնորհանդեսից հետո հայ գործարարներն իսկապես որոշեն, փորձեն և հաջողություն ունենան Վարշավայի ֆոնդային բորսայում, որը, նախագահ Լյուդվիգ Սոբոլևսկու վկայությամբ, Կենտրոնական Եվրոպայի ամենաաշխույժ և զարգացած բորսան է և մեծ հնարավորություններ կարող է ընձեռել նաև հայկական ընկերություններին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3808

Մեկնաբանություններ