ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ. ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ. ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
18.06.2010 | 00:00

Մինչև 1500-ականները, երբ օսմանները ոտք դրեցին Սիրիա և Իրաք, նրանց պետությունը դժվար էր կայսրություն անվանել։ Կոստանդնուպոլսի զավթումն օսմաններին թույլ տվեց մեծ պետություն ստեղծել Եվրոպայում ու Ասիայում, բայց միայն Դամասկոսի, Բաղդադի, Կահիրեի և գլխավորը` Մեքքայի և Մեդինայի նվաճմամբ կայսրություն ստեղծվեց, իսկ սուլթանն սկսեց հավակնել մահմեդականների խալիֆի տիտղոսին։ Օսմանյան կայսրությունն ընկավ արաբական Մերձավոր Արևելքի կորստից հետո միայն։ Թուրքիայի ներկա աշխարհաքաղաքական ձգտումներն ամենևին չեն սահմանափակվում նոր տնտեսական շուկաների ձեռքբերմամբ, թուրքական վերնախավերը ձգտում են տիրապետություն հաստատել նախկին Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքում, որի խթանիչը ոչ միայն տնտեսական ու աշխարհատնտեսական իրատեսությունն է, այլև բացառապես իռացիոնալ ձգտումները։ Թուրքերն ուզում են գերիշխել, նրանք վճռական փորձեր են անում դուրս պրծնելու Քեմալ Աթաթուրքի հանրապետության շրջանակներից և վերստեղծելու կայսրությունը։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը կատարել է թուրքերի բազում քմահաճույքներն ու պահանջները, նրանց հնարավորություն տալով ստեղծելու բավականին ուժեղ պետություն` տպավորիչ տնտեսական ու սոցիալական առաջընթացով։ Անկարայում շատ լավ են հասկանում, որ ինչքան էլ ուժեղ լինեն իրենց դիրքերն այլ տարածաշրջաններում, առանց արաբական Մերձավոր Արևելքում հաստատուն տնտեսական, քաղաքական ու ռազմական ներկայության, խոսք անգամ լինել չի կարող «օսմանյան տարածքում» թուրքական տիրապետության ձևավորման մասին։ Բառափոխելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել, որ արաբական Մերձավոր Արևելքը թուրքական ռազմավարության «փափուկ փորատակն» է, և հենց այդ տարածաշրջանում պետք է հայտնաբերվի Օսմանյան կայսրության ճշմարտության պահը։
Հենց Մերձավոր Արևելքը կարող է դառնալ այն ասպարեզը, որտեղ ներկա Թուրքիայի «կայսերապետական» քաղաքականությունը պարտություն կկրի, ինչը կդառնա նրա չհիմնավորված հավակնությունների վերջը։ Իսկ ի՞նչ սցենար կարող են ընտրել ԱՄՆ-ը, եվրոպական ու արաբական պետությունները Թուրքիայի հանդեպ նոր քաղաքականության ձևավորման գործում։
Առաջին հերթին հարկավոր է ճիշտ գնահատել Իրանի դիրքորոշումը Թուրքիայի նոր հավակնությունների նկատմամբ։ Չնայած Իրանի հետ ավելի վստահելի և պարտավորեցնող հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի տևական նկրտումներին, այդ բանը չի ստացվում։ Իրանը հիանալի է հասկանում Թուրքիայի նպատակը և այն, որ տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը նշանակում է իրանական դիրքերի թուլացում։ Իրանը ցուցադրում է իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, որը ձգտում է նրա ոչ նախընտրելի վիճակի վրա կառուցել իր նոր դիրքերն ու ապահովել նոր դերն աշխարհում և տարածաշրջանում։ Իրանական գործոնը, այսպես թե այնպես, մնում է կարևորներից մեկը տարածաշրջանի իրավիճակի ձևավորման գործում, որով կկողմնորոշվեն ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև Արևմուտքի առաջատար պետություններն ու Ռուսաստանը` Թուրքիայի առնչությամբ եղած խնդիրները լուծելիս։ Իրանն ուղղակի կամ անուղղակի կարգով կպաշտպանի Թուրքիայի ազդեցության սահմանափակման ամեն մի ջանք։
Թուրքիայի գործողությունները Գազայի հատվածի առնչությամբ հանգեցրին իրավիճակի սրմանը տարածաշրջանում և արաբական պետություններին ցույց տվեցին, որ իրենց առաջնորդում են դեպի խորթ գաղափարներ և հարկադրում են խաղալ խորթ կանոններով, որոնք ամենևին էլ արաբների շահերից չեն բխում։ Արաբական պետությունները բնավ շահագրգռված չեն արաբա-իսրայելական հակամարտության ընդլայնմամբ, այնպիսի իրողությունների առաջացմամբ, որոնք հեշտորեն կարող են հանգեցնել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի, ինչն էլ արաբներին ուժեղ կախման մեջ կգցի Թուրքիայից։ Իսկ դա անհեթեթություն է արաբական պետությունների շահերի տեսանկյունից։ Հնարավոր է, որ արաբներին դուր է գալիս թուրք-իսրայելական առճակատումը, ինչպես նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացումը, բայց այդ տրամադրությունները կարող են արդարացված լինել միայն մի ինչ-որ մոտակա հեռանկարի տեսանկյունից։ Սակայն արաբական պետությունների մեծ մասը դժվարությամբ է կայունացրել իրավիճակն իրենց երկրներում և կարողանում է պահպանել այն։ Նրանք խիստ անհանգստացած են արմատական շարժումների ու ճգնաժամային իրավիճակների առաջացման հնարավորությամբ։ Արաբական պետությունների մեծ մասը գտնվում է տնտեսական բարդ վիճակում և բնավ մտադիր չէ մտնելու տարածաշրջանային խոշոր հակամարտությունների մեջ։ Դեռ վերջերս Թուրքիայի և արաբական շատ պետությունների միջև առճակատումային հարաբերություններ էին, լուրջ դժգոհություններ կային ոչ միայն թուրք-իսրայելական համագործակցության, այլև արաբական պետությունների հանդեպ Թուրքիայի անմիջական թշնամական գործունեության առումով։ 1990-ական և 2000-ական թվականների ընթացքում Թուրքիան մշտապես ուժեղացրել է իր հետախուզական գործունեությունն արաբական երկրներում, ձգտելով վերստին ստեղծել գործակալական ցանց, ինչի մասին մանրամասնորեն շարադրված է եգիպտական հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանի` Եգիպտոսի նախագահ Մուբարաքին հասցեագրած հատուկ զեկույցում։
Լիբանանն արաբական ղեկավարների ուշադրությունը բազմիցս հրավիրել է Թուրքիայի թշնամական գործունեության վրա, որի նշանակետը հեռավոր ապագան է։ Դա չի մոռացվել, և արաբական պետությունները, նախ և առաջ Սաուդյան Արաբիան, հակագործողություններ են ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ, այդ թվում` Թուրքիայի տարածքում արմատական կազմակերպությունների ցանցային կառույցների ստեղծման առումով։ Թուրքիայի հակումը, որպես արաբական աշխարհի առաջատարի, ամենևին ընդունելի չէ արաբների համար։ ՈՒստի արաբական Մերձավոր Արևելքն այն տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ-ն ու Եվրոպան կարող էին կառուցել «Օսմանյան կայսրության» ձախողումը։ Հենց այս տարածաշրջանում Թուրքիան պիտի համոզվի, որ ինքն աշխարհում ավելի մեկուսացած ու շրջափակված է, քան իրեն թվում է։ Մինչև 90-ականները Թուրքիան արաբական Մերձավոր Արևելքում քաղաքականություն է վարել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ սերտ հարաբերությունների պայմաններում, և այդ դիրքերը եղել են Մերձավոր Արևելքում նրա ազդեցության ուժեղացման զսպիչ։ Այժմ, երբ Թուրքիան արմատապես փոխել է իր դիրքորոշումը, արդյունքները նույնն են. Մերձավոր Արևելքում նա շարունակում է մնալ որպես ոչ պակաս անցանկալի, որքան Իսրայելն է։ Արաբական փիլիսոփայությունն ու աշխարհայացքը պնդում են, որ միայն արաբներն են իսկական տերերը Մերձավոր Արևելքում, և Իսրայելը, որպես նրանց մոտիկ ազգ ու երկիր, ավելի ընդունելի է տարածաշրջանում, քան այլ պետություններ, և առաջին հերթին` Թուրքիան։ Համենայն դեպս, ի հայտ կբերվեն փոխադարձ շահեր Եգիպտոսի, Հորդանանի և Իսրայելի միջև։
Այժմ միանգամայն ակնհայտ է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան մտադիր չեն խոչընդոտելու Թուրքիային` իր քաղաքական արշավը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև այլ տարածաշրջաններում շարունակելու։ Դա սոսկ «մասնավոր» կամ մեկուսացած քաղաքական հնարք չէ, դա սկզբունքային դիրքորոշում է Թուրքիայի նկատմամբ, որը պետք է, ամերիկացիների ու եվրոպացիների հղացմամբ, հանգեցնի տարբեր տարածաշրջանների պետությունների կողմից Թուրքիայի դեմ ուղղված դիմակայության և հակազդեցության։ Թուրքական դրոշներն արաբական քաղաքների փողոցներում քիչ բան են վկայում։ Տեղի է ունենում տարածաշրջանում թուրքական քաղաքականության աճպարարության առաջին փուլը միայն, կլինեն էլի մի քանի փուլեր, որոնց հետևանքով արաբական պետությունները ջանքեր կգործադրեն Թուրքիային դիմակայելու ուղղությամբ։ Թերևս տարօրինակ հնչի, բայց, ինչ-որ չափով, Իսրայելի և մի շարք արաբական պետությունների շահերը Թուրքիային դիմակայելու առումով կարող են զուգադիպել։ Համենայն դեպս, այն քաղաքական ուժերը, գլխավորապես Եվրոպայում, որոշ չափով նաև ԱՄՆ-ում, որոնք լրջորեն մտադիր են Թուրքիային դիմակայել խնդիրների ու դիրքորոշումների լայն ճակատով, հասել են իրենց նպատակին. Իսրայելն ու Թուրքիան, վերջապես, հակառակորդներ են դարձել։ Համենայն դեպս, եվրոպացիներին շատ էր խանգարում ու մտահոգում Իսրայելի և նրա եվրոպացի բարեկամների ձգտումը` Թուրքիային խցկելու Եվրամիություն։ Այս խնդիրը, կարծես, վերացել է, և Եվրոպայի հրեական կազմակերպությունները դժվար թե այժմ և ապագայում շահագրգռված լինեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությամբ։ Մյուս կողմից, Իսրայելը, որի քաղաքականությունից եվրոպացիները ցուցադրաբար դժգոհ են, լիակատար մեկուսացման մեջ է ընկել տարածաշրջանում, ուստի ստիպված կլինի ավելի շատ ականջալուր լինել Եվրոպայի քաղաքական գործիչների կարծիքին։
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բավականաչափ հնարավորություններ ունեն Մերձավոր Արևելքում թուրքական նվաճողական քաղաքականությունը զսպելու համար։ Բնականաբար, այդ խաղում գլխավոր «խաղաթուղթը» իրաքյան կամ, ավելի ճիշտ` իրաքաքրդական գործոնն է։ Բոլոր հնարավորությունները կան Իրաքը Թուրքիայի համար վերածելու մի երկրորդ Վիետնամի։ Ներկայումս այդ նախագիծը կարող է դառնալ տարածաշրջանի կառավարման ամենաարդյունավետ լծակը։ Համաշխարհային շուկան այդպես էլ չտեսավ իրաքյան «մեծ» նավթը, և միանգամայն հաջողությամբ դիմանում է դրան։ Ավելին, հազիվ թե արևմտյան ընկերությունները, հատկապես ԱՄՆ-ը, շահագրգռված են համաշխարհային շուկայում իրաքյան «մեծ» նավթի հայտնվելով, որը, ինչպես և առաջ, համաշխարհային ռազմավարական պաշար է համարվում։ Հիմա իրաքյան նավթի զգալի մասը դեպի Արևմուտք է գնում Թուրքիայի տարածքով, և ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան շահագրգռված չեն թուրքական երթուղիներով նավթի արտահանումն ընդլայնելով։ Ընդհակառակը, հետաքրքիր կլիներ, եթե Թուրքիան զրկվեր իրաքյան նավթի փոխադրման եկամուտներից և կորցներ տարանցիկ երկրի դերը, գոնե Մերձավոր Արևելքի համար։ Մինչև հիմա չկան այլընտրական նավթամուղներ, և նոր երթուղիների շուրջ միայն բանավիճում են։ Իրաքում քաղաքական ու ռազմական առճակատման խոշոր օջախի առաջացումը, որին ներգրավված լիներ Թուրքիան, կհանգեցներ ռազմական գործողությունների ուղղվածության փոփոխման և Իրաքում անկայունության հետագա սրման։ Դրա հետևանքով Թուրքիան առճակատում կունենար ոչ միայն քրդերի, այլև շիաների հետ, որոնք չեն կարող թույլ տալ, որ Թուրքիայի գերիշխանություն հաստատվի Իրաքում։ Համապատասխանաբար, դա կհանգեցներ առճակատմանը նաև Իրանի մասնակցությանը և դրանով իսկ կմիջազգայնացներ հակամարտությունը, ընդ որում` միանգամայն այլ բովանդակությամբ։ Թուրքիայի այդքան արմատական շեղումը դեպի Իրաք և առհասարակ Մերձավոր Արևելք, ընդ որում ամենաբացասական իմաստով, անկասկած, ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականության արմատական ռեզերվն է։ Բնականաբար, այդ նախագծին կմիանա նաև Իսրայելը, որն էական լծակներ ունի քրդերի նկատմամբ։ Դրա շնորհիվ Թուրքիան զգալի չափով կախման մեջ կլինի Արևմուտքից և կհայտնվի խիստ խոցելի վիճակում, քանի որ քրդական նախագիծը կընդգրկի նաև Թուրքիայի քրդերին։ Սակայն իրաքա-քրդական գործոնը Թուրքիային զսպելու միայն մեկ ուղղությունն է, ընդ որում, այնքան էլ կարևոր չէ կոնկրետ արդյունքը, գլխավորը Մերձավոր Արևելքի վերաբերյալ թուրքական ծրագրի ձախողումն է։ ՈՒստի այդ նախագծին կմասնակցեն նաև արաբական պետությունները։ Արաբական Մերձավոր Արևելքում կստեղծվի թուրքական նվաճողական քաղաքականություն, և, հետևաբար, «Օսմանյան կասրության» վերակերտման դեմ ուղղված հուսալի պատնեշ։
Այն բանից հետո, երբ Թուրքիան կանցնի Մերձավոր Արևելք վերադառնալու փորձերի որոշակի մի փուլ, Անկարան կսկսի դեսուդեն խփվել և այդ տարածաշրջանում կրած ձախողումների փոխհատուցման ուրիշ տարբերակներ փնտրել։ Բայց Մերձավոր Արևելքը քաղաքական այլընտրանք չունի։ Կովկասը «տնօրինում» է Ռուսաստանը, մասամբ էլ Իրանը։ Բալկանները ՆԱՏՕ-ի տիրույթում են, իսկ Մերձավոր Արևելքում ստեղծվելու է պետությունների ինչ-որ մի բլոկ, որը կոչված կլինի դիմակայելու թուրքական նվաճողամտությանը։ Բանը հենց այդ ուղղությամբ է ընթանում։
Հ. Գ.- Իսկ ո՞րն է «հայկական խնդիրը» խաղային այս իրավիճակում։ Այս և շատ այլ իրավիճակներում «հայկական խնդիրն» այն է, որ հայկական մտածողությունը միշտ էլ իրադարձությունների հետևից է «վազում», հետ մնալով ակտիվ գործընթացներից, և նախընտրելով ընթանալ բացառապես հրապարակային քաղաքականության հունով, պատկերացում չունենալով այլ քաղաքականության գոյության մասին։ Հայկական արդի մտածողությունն ունի մեկ արմատական հիմնավորում` գտնվել կենցաղային հարմարավետության մեջ։ Հայ քաղաքական գործիչներին հասկանալի լեզվով սա նշանակում է «կայֆ բռնել»։ Բայց գավառամիտն այդպես էլ չի կարող հասկանալ, որ սեքսը կայֆի վերջին փուլն է։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ